Գեղամա լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղամա լեռնաշղթա
Geghama Mountains.jpg
Տեսակ լեռ
Երկիր Հայաստան
Տեղադրություն Հայաստան Հայաստան
Մասն է Փոքր Կովկաս
Վերջին ժայթքում 1900 մ.թ.ա. ± 1000 տարի[1]
Բարձրություն (ԲԾՄ) 3597 մ
Երկարություն 65 կմ
Լայնություն 35 կմ
Մեծագույն գագաթ Աժդահակ
Սմիթսոնիան կոդ 214070
##Գեղամա լեռնաշղթա (Հայաստան)
RedMountain.svg
Commons-logo.svg Պատկերներ Վիքիպահեստում

Գեղամա լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի կենտրոնական մասում՝ Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում։ Ունի հրաբխային ծագում։ Ձգվում է մոտավորապես միջօրեականի ուղղությամբ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնաշղթան կենտրոնական մասում բարձրացած հիմքով լեռնավահան է, մոտ 65 կմ երկարությամբ և 35 կմ լայնությամբ[1], որի վրա շարված են բազմաթիվ հրաբխային կոներ, այդ թվում ամենաբարձր գագաթ Աժդահակը՝ 3597,3 մ բարձրությամբ ինչպես նաև Սևկատարը 3225,1մ, Սպիտակասարը 3555,7 մ, Նազելին 3312 մ, Վիշապասարը 3157,7 մ, Եռակատարը 2589,6 մ, Գեղասարը (Փոքր Սպիտակասար, Փոքր Աղդաղ) 3443 մ, Ծաղկավետը 3076 մ, Մանկունքը (Մանկուվ) 2932.1 մ։ Հաճախ Գեղամա լեռնաշղթայի մեջ են մտցվում նաև Հատիս 2529,4 մ, Գութանասար 2299,6 մ, Մենակսար 2399,4 մ, Մեծ Լճասար 2393,8 մ, Փոքր Լճասար 2334,2 մ, Արմաղան 2829,1 մ և այլ հրաբխային լեռնագագաթներ, որոնք բավական հեռու են տեղադրված բուն լեռնաշղթայից։ Գեղամա լեռնաշղթայից դեպի արևմուտք է ձգվում Ողջաբերդի լեռնաբազուկը։ Գեղամա լեռնաշղթայում կան մի շարք լեռնային ոչ մեծ լճեր, այդ թվում խառնարանային։ Լճերից մեկը Աժդահակ լեռան խառնարանում է, որը սնուցվում է ձնհալով։

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմքում կավճի ու պալեոգենի տարասեռ, մակերևույթում պլիոցենի ու անթրոպոգենի հրաբխային ապարներ են։ Ունի անհամաչափ կառուցվածք։ Արևելյան լանջերը, մեղմաթեք իջնելով, աստիճանաբար ձուլվում են մերձսևանյան լավային սարավանդներին։ Արևմտյան զառիկող լանջերն իջնում են Հրազդանի հովիտը՝ առաջացնելով նախալեռնային գոտի՝ Հատիս, Գութանասար, Մենակասար և այլ հրաբուխներով։ Ջրբաժան գոտին 2800- 3000 մ բարձր, ալիքավոր սարավանդ է՝ հրաբխային կոներով (Աժդահակ, Մազազ, Սևկատար) և ժայթքման մնացորդային գմբեթներով (Սպիտակասար, Գեղասար, Գնդասար և այլն)։ Հարավ-արևմուտքում անջատվում է Ողջաբերդի սեղանաձև լեռնաճյուղը։ Հարավում բարձրադիր մասը մասնատված է գետահովիտներով ու կիրճերով։ Պահպանվել են անթրոպոգենի թարմ հրաբխային ձևերը։ Լավային հոսքերը 15-20 կմ լեզվակներով տարածվում են Ազատի, Հրազդանի, Արգիճիի գետահովիտներում՝ առաջացնելով բազմանկյուն, սյունաձև առանձնացումներ։ Լանջերին կան աղբյուրների ելքեր (Քառասունակն, Ակունք, Լիճք և այլն)։ Գութանասարի, Սպիտակասարի, Գեղասարի, Հատիսի շրջակայքում կան վանակատի և պեռլիտի պաշարներ։ Որոշ հրաբխային կոների խառնարաններ վերածվել են լճակների։ Անթրոպոգենի սառցապատումների հետքերը կառերի, տրոգների և մորենների ձևերով պահպանվել են գետահովիտների վերին մասերում։ Կլիման բարեխառն և ցուրտ լեռնային է, ամառը՝ կարճատև, զով, ձմեռը՝ ցուրտ (240-250 օր), տարեկան միջին ջերմաստիճանը նախալեռներում՝ 6-4 °C, սարավանդներում՝ 2-0 °C, գագաթին՝ -2 °C, տարեկան տեղումները՝ 500-900 մմ, ձնածածկույթի հզորությունը՝ 30-100 սմ։ Լանջերից սկիզբ են առում Ազատ, Վեդի, Արգիճի, Գավառագետ, Բախտակ և այլ գետեր։ Նշանավոր է Ակնա լիճը. Գեղամա լեռնահավանի հարավ-արևմուտքում լանջերը ներառված են Խոսրովի անտառ արգելոցի մեջ։

Կենդանի բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողաբուսային ծածկույթը ենթակա է վերնթաց գոտիականության։ Մինչև 2800 մ լեռնատափաստաններ են, ավելի բարձր՝ մերձալպյան և ճահճացած մարգագետիններ։ Արևմուտքի լանջերին կան արևելյան կաղնու և գիհու նոսրանտառներ։ Կենդանիներից հանդիպում են ճագարամուկ, նապաստակ, գայլ, աղվես, հազվադեպ՝ արջ, սողունններից՝ մողեսներ, օձեր։ Շատ են թռչունները։ Անվանումը կապվում է Հայկ Նահապետի ծոռ Ամասիայի որդի Գեղամի անվան հետ։

Գեղամա լեռնաշղթայում կարելի է հանդիպել թռչունների մոտ 250 տեսակ, ինչը կազմում է Հայաստանում հանդիպող թռչնատեսակների 70%։ Լեռնաշղթայի հարավային լանջերի որոշ հատվածներ մտնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքի մեջ։

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Geghama Ridge at Global Volcanism Program»։ Վերցված է 2011 փետրվարի 16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]