Պեռլիտ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պեռլիտ (այլ կիրառումներ)



Պեռլիտ, (ֆր.՝ perlite, perle՝ մարգարիտ), թթվային հրաբխային ապակի՝ կազմված դաշտային սպաթ, սանիդին, բիոտիտ, հոռնբլենդ, մագնետիտ միներալներից։
Կազմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեռլիտի հիմնական բաղադրիչներն են սիլիցիումի երկօքսիդը՝ SiO2 (65-75 %), ալյումինի օքսիդ՝ AI2O3 (10-16 %), կալիի օքսիդ՝ К2О (մինչև 5 %), նատրիումի օքսիդ՝ Na2O (մինչև 4 %), երկաթի (III) օքսիդ՝ Fe2O3, (մինչև 3 %), մագնեզիումի օքսիդ՝ MgO (մինչև 1 %), կալցիումի օքսիդ՝ CaO (մինչև 2 %), ջուր՝ H2O (2-6 %). Կարող են լինել այ քմիական տարրեր ևս։
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեռլիտը մանր է, կեղևավոր (ունի պեռլիտային կառուցվածք), արտաքին տեսքին նման է բնորոշ փայլով մարգարիտների։ Այլ հրաբխային ապարներից պեռլիտը տարբերվում է կոնստիտուցիոն ջրի առկայությամբ (ավելի քան 1%)։ Ծակոտկենությունը կարող է լինել 8-40%։ Պեռլիտ կարող է լինել սև, կանաչ, կարմիր-շագանակագույն, շագանակագույն, սպիտակ և բազմերանգ։
Հրակայուն է. կիրառման ջերմաստիճանը -200-ից մինչև 900° С. Ունի ջերմա-և ձայնամեկուսացնող հատկություններ, բարձր ներծծողականություն. կարող է մինչև սեփական քաշի 400% - ը հեղուկ կլանել։ Էկոլոգիապես մաքուր և ստերիլ նյութ է, ոչ թունավոր, չի պարունակում ծանր մետաղներ։
Առաջացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջացել է Երկրի մակերևույթին կամ երկրակեղևի ոչ մեծ խորություններում։ Կազմված է 1-15 մմ տրամագծով գնդիկներից։ Պարունակում է 3-5% ջուր։ Կառուցվածքը վարդանման է, սոխուկանման՝ համակենտրոն թերթիկավոր և մարգարտափայլ (այստեղից՝ անվանումը)։ Հաճախ կոչվում է նաև լեռնային մարգարիտ։ Ստացվում է նաև արհեստական եղանակով՝ վանակատից կամ լրիվ փքված ապակուց՝ հատուկ վառարաններում՝ որոշակի ճնշման և բարձր ջերմաստիճանի (900-1200 °C) պայմաններում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեռլիտն օգտագործվում է թեթև բետոնների (լցանյութ), ջերմա- և էլեկտրամեկուսիչների, նուրբ քամիչների, բյուրեղապակու, հեղուկ ապակու և այլ նյութերի արտադրության, գյուղատնտեսության (հողի կառուցվածքը բարելավող բաղադրիչ), նավթարդյունաբերության մեջ և այլ բնագավառներում։
- Պեռլիտը կարող է օգտագործվել բնական ձևով (շինարարության մեջ), բայց ավելի հաճախ օգտագործվում է մանրացված տարբերակով։ Շինարարության մեջ պեռլիտի օգտագործումը թույլ է տալիս բարձրացնել կառուցվածքների ջերմա-ձայնամեկուսացման և հրդեհա-անվտանգության հարցերը, ընդ որում՝ զգալիորեն կրճատելով կառուցվածքների զանգվածն ու ծավալները։ մանրացված պեռլիտը կիրառվում է ինքնուրույն (որպես ավազի և մանրախիճի փոխարինում, հատակի, պատերի, տանիքի համար ջերմամեկուսիչ լցանյութ) կամ այլ շինարարական նյութերի հետ խառնուրդներում (որպես ջերմամեկուսիչ արտադրատեսակների, գաջի, թեթև շինարարական լուծումների, լինոլեումի համար լցանյութերի, ներկերի, չոր շինարարական խառնուրդների պատրաստման բաղադրիչ)։
- Պեռլիտը նաև հղկանյութային գործիք է։
- Սպորտային և առողջարարական կազմակերպություններում, սպորտային վայրերում և գոլֆի դաշտերում պեռլիտը լցվում է հողի վրա, որի շնորհիվ անձրևի ժամանակ հողը չոր է մնում, իսկ ամռան տապին, իր բարձր ներծծողականության շնորհիվ, հողը չի ջրազրկում։
- Նավթավերամշակման և գազի արդյունաբերության ոլորտում.
- Պեռլիտն ավելացվում է նավթի և գազի հորատանցքերի ամրացման համար նախատեսված ցեմենտին։
- Բնակարանային կոմունալ տնտեսությունում պեռլիտը օգտագործվում է քիմիական աղտոտումից հետո ջրի մաքրման և այն սպառողին հասցնելուց առաջ, կեղտաջրերի մաքրման համար։
- Սննդի արդյունաբերության մեջ. օրինակ՝ գինու, շաքարի օշարակների, գարեջրի, մրգային հյութերի, բուսական յուղերի մաքրման ֆիլտր։
- Էկոլոգիայի մեջ՝ քիմիական և արդյունաբերական աղտոտումներից ջրի և հողերի մակերեսների մաքրում։
- Դեղանյութերի արդյունաբերության մեջ՝ դեղագործական պատրաստուկների ֆիլտրացման համար
- Ապակու, մետալուրգիայի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության (ագրոբիզնեսի) ոլորտներում։
- Ծխախոտի արդյունաբերության մեջ.
Ագրո-պեռլիտի կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագրոպերլիտը 1-5 մմ մանրացված պեռլիտն է, որն առավել հարմար է գյուղատնտեսության մեջ հետևյալ նպատակներով օգտագործելու համար.
- Սերմերի աճի և սերմերի արմատակալման համար։ Արմատակալման ժամանակ ջրի փոխարինումը պեռլիտով թույլ է տալիս խուսափել դրանց փտումից։ Բույսերի և ծաղկային մշակաբույսերի սածիլների աճեցման ժամանակ հազվադեպ են նկատվում սնկային հիվանդություններ։ Սակայն անհրաժեշտ է իմանալ, որ պեռլիտը չի պարունակում սննդարար նյութեր, և առողջ սածիլ ստանալու համար անհրաժեշտ է պարարտանյութի ջրային լուծույթով ջուր լցնել և հատուկ միկրոֆլորայի ստեղծման համար կիրառել բակտերիալ դեղամիջոցներ։ Այս դեպքում պետք է օգտագործել համալիր պարարտանյութեր։
- Ցանքի խառնուրդի համար։ Պեռլիտի օգտագործումը որպես սուբստրատի բաղադրիչ (մինչեւ 40 %) թույլ է տալիս զգալիորեն բարելավել ցանքի խառնուրդի բնութագրերը։ Արմատները համաչափ են տարածվում հողի մեջ։ Բացի հողի օդափոխությունից, պեռլիտը պաշտպանում է արմատային համակարգը արտաքին ջերմաստիճանի տատանումներից։ Պեռլիտի օգտագործումը նվազեցնում է հողի խառնուրդի ընդհանուր քաշը, որն առավել կարևոր է մեծ չափերով հողերի համար։
- Բույսերի հիդրոպոնիկ աճեցման համար։ Պեռլիտը օգտագործվում է մաքուր ձևով կամ որպես սուբստրատի բաղադրիչ, սնուցող լուծույթների վրա բույսերի հիդրոպոնային աճեցման ժամանակ։
- Օդի խոնավությունը բարձրացնելու համար.
- Հողի վերին շերտի ցանքածածկման՝ մուլչացման համար։
- Պեռլիտը բարենպաստ միջավայր է սոխուկների, պալարների, կոճղարմատների պահպանման համար։ Տնկանյութը տեղադրվում է 2-7 սմ պեռլիտի շերտերի վրա։ Այսպիսով, այն ապահովում է պաշտպանություն փտումից, անբարենպաստ արտաքին ջերմաստիճանային և ջրային ազդեցություններից, վաղաժամ աճից։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանը հարուստ է պեռլիտի պաշարներով (Արտենի, Ջրաբեր, Գութանասար, Գեղասար, Բազենք և այլ հանքավայրեր), ամենաորակյալը Արագածի պեռլիտի հանքավայրն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 234)։ ![]() |