Գիհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիհի

Գիհի, նոճազգիների ընտանիքի մշտականաչ թփերի և ծառերի ցեղ։ Տերևները ասեղնաձև են կամ թեփուկաձև։ Պտուղները պարունակում են եթերային յուղեր, շաքար, խեժ, օրգանական թթուներ։

Գիհին ունի տնտեսական նշանակություն, որոշ տեսակների բնափայտն օգտագործվում է մատիտներ պատրաստելու համար և որպես ատաղձագործական հումք։

Հայկական իրականության մեջ ծառը հայտնի է նաև ակռի, արոտակ, արտուճ, գենի, գի, հարար, ձխնի, մատիտածառ, ցրդենի անուններով:

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար փշատերև թուփ է կամ ծառ՝ նոճազգիների ընտանիքից, մինչև 16 մ բարձրության: Տերևներն ասեղնաձև են: Ծաղկում է մայիս ամսին, իսկ կոնապտուղները հասունանում են միայն երկրորդ տարվա աշնանը: Ահա թե ինչու նույն ճյուղի վրա կարելի է տեսնել բոլորովին խակ և հասուն կոնապտուղներ: Բույսը բավական լուսասեր է, բայց ոչ պահանջկոտ հողի նկատմամբ. աճում է նույնիսկ այնպիսի չորուտներում և աղքատ հողերում, ուր այլ բուսատեսակներ կամ բոլորովին չեն աճում կամ աճում են շատ վատ: Աճում է շատ դանդաղ, տարվա ընթացքում հազիվ տալով մի քանի սմ աճ: Գիհի երկարակյաց է, առանձին տեսակներ ապրում են 300 տարուց ավելի: «Յունպերուս» անունը հանդիպում է Պլինիուսի և Վերգիլիոսի մոտ: Կարծում են, որ այն ծագել է կելտական «ենեպրուս» (փշոտ) բառից, կամ լատիներեն «իունիոտ» (կրտսեր) և «պարիո» (ծնում եմ) բառից, ելնելով այն բանից, որ նույն ծառի վրա դեռ հասուն կոնապտուղները չթափված, կարելի է տեսնել նորերին: Գիհու բազմաթիվ տեսակներից մեր հանրապետությունում աճում են միայն 5-ը, որոնք բոլորն էլ այս կամ այն չափով բուժական նշանակություն ունեն:

Քիմիական բաղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի բոլոր մսերը պարունակում են եթերայուղ, որի քանակը կոնապտուղներում հասնում է 2, ճյուղերում՝0,25, տերևներում՝ 0,18, կեղևում՝ 0,5 %-ի: Այն իր մեջ ունի պինեններ, կադինեն, ֆելանդրեն, դիպենտեն, սաբինեն, տերպինեոլ, բորնեոլ, իզոբորնեոլ, ցիդրոլ:Կոնապտուղներում, բացի վերոհիշյալ նյութերից, պարունակվում են նաև 40% ինվերտոզա, 9,5% կուպր, ներկանյութեր, ճարպայուղ, մրջնաթթու, խնձորաթթու, իսկ քիմիական տարրերից՝ մանգան, երկաթ, պղինձ, ալյումին: Կեղևի մեջ հայտնաբերված են մինչև 8% դաբաղանյութեր, փշատերևում՝ մինչև 266% C վիտամին, մոմ, պոկտին:

Բուժական նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են իգական հասուն կոնապտուղները, որոշ չափով՝ փշատերևը և բնափայտից ստացվող կուպրը: Սակայն առանձին տեսակների կոնապտուղները, թունավոր են: Անհրաժեշտ է իմանալ, որ թունավոր գիհու կոնապտղի մեջ կա միայն 2 սերմիկ, այն սև-կապտավուն է, ծածկված մոմանման փառով, իսկ փշատերևը կնճռոտված է, առանց ակոսիկների: Մինչդեռ բուծական լայն կիրառում ունեցող գիհիների իգական կոնապտուղները սև գորշավուն են, պարունակում են 3 սերմիկ, տերևները սուր ասեղանման են, վերևից ակոսավոր: Կոնապտուղները հավաքում են աշնանը հումքը չորացնում են ստվերում, միջանցիկ քամու տակ. պահում թղթով պաստառված ամաններում կամ պարկերի մեջ: Կոնապտուղների մակերեսը հարթ է, փայլուն, անթափանց գնդաձև կամ ձվաձև, գորշ սևավուն, յուրահատուկ դուրեկան հոտով, քաղցր համով: Հումքը պիտանի է օգտագործման 2-3 տարի: Գիհի բժշկության մեջ կիրառվում է շատ վաղուց: Այն օգտագործվել է գեղձախտի, լնդախտի, ջրգողության, մալարիայի և մի շարք կանացի հիվանդությունների, արտաքին՝ քոսի, ռեմատիզմի, պոդագրայի և այլ դեպքում: Ավիցեննան դեղաբույսը հիմնականում խառնուրդների ձևով օգտագործել է ջերմային վիճակի հետ կապված քնկոտության, բերանի վատ հոտի, ատամների ախտահարման, լնդերի վերքերի, բրոնխիալ ասթմայի, ստամոքսի սուր և խրոնիկական բորբոքումների ժամանակ: Ուշագրավ տվյալներ է նշել գիհու մասին Ամիրդովլաթը: Նա գրում է. գիհին «քնքուշ այնող է, յուր հոտը օգտե ըխտավորին և պիղծ պուղարին ի գլխոյն տանի և չի թողուր, որ ականջն ծանրանայ և իր հոտն օգտե կրծոց ցավին և թե ծխես ամենայն գազանահարին օգտես»: Գիտական բժշկությունը վաղուց բացահայտել է գիհու բուժիչ հատկությունները: Օգտագործվում են պտուղները, նրանցից ստացվող յուղը, սպիրտը և ոգեթուրմը: Հասուն, չոր պտուղները, գլխավորապես քացախաթթվական կալիումի հետ, օգտագործվում են միզամուղ նպատակով: Եթերայուղը, որ անգույն կամ դեղնավուն, գիհու բնորոշ հոտով, թափանցիկ հեղուկ է, գրգռելով մարսողական տրակտի լորձաթաղանթը, ուժեղացնում է ստամոքսաաղիքային տրակտի շարժունակությունը, դրդում բրոնխիալ գեղձերի սեկրեցիան, ջրիկացնում խուխը և նպաստում նրա հեշտ արտազատմանը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 68 CC-BY-SA-icon-80x15.png
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «գիհի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։