Կովկասյան մարեհավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կովկասյան մայրեհավից)
Կովկասյան մայրեհավ
Կովկասյան մայրեհավ
Կովկասյան մայրեհավ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Ինֆրատիպ Gnathostomata
Վերնադաս Չորքոտանիներ (Tetrapoda)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Հավազգիներ (Galliformes)
Ընտանիք Փասիաններ (Phasianidae)
Ցեղ Մարեհավեր (Lyrurus)
Տեսակ Կովկասյան մայրեհավ (L. mlokosiewiczi)
Միջազգային անվանում
Lyrurus mlokosiewiczi
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Կովկասյան մարեհավ (լատին․՝ Tetrao mlokosiewiczi), մարեհավայինների ընտանիքին պատկանող նստակյաց և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 38-52 սմ է, թևերի բացվածքը՝ 58-62 սմ, կենդանի զանգվածը՝ 0,6-1,2 կգ։ Արուի փետրածածկը սև է, փայլուն, աչքերի վերևում կա վառ կարմիր կատար, ուսերին՝ ոչ մեծ սպիտակ բիծ։ Դեպի ներքև ու դուրս կեռված ծայրերով երկար պոչը երկատված է։ Էգի մարմինը վերևից դեղնադարչնագույն է՝ մոխրագույն ու սև խճճված զոլերով, կուրծքը և փորը՝ մոխրագույն՝ սև, դեղնադարչնագույն զոլերով։ Երիտասարդը նման է հասուն էգին։ Կերակրվում է սաղարթավոր անտառների վերին սահմանի մարգագետիններում, արոսենու և կեչու պուրակներում, մրտավարդի մացառներում։ Հաճախ ճանապարհների վրա փոշու լոգանք է ընդունում։

Բնակավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է ՀՀ հյուսիսային մարզերի ենթալպյան մարգագետինների սահմանում (1500-2500 մ բարձրություններում), ձմռանը՝ ավելի ցածրում։ Սնվում է սերմերով, հատապտուղներով, բողբոջներով, կատվիկներով։ ՀՀ-ում համատարած ծառահատման հետևանքով համակեցությունները խիստ վտանգված են։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրատեղիները միմյանցից խիստ մեկուսացած լինելու պատճառով դրանց միջև գենետիկական կապը դժվարանում է կամ ուղղակի անհնար դառնում։ Հարսանեկան խաղերի ընթացքում արուները տեղում հաճախակի վեր վեր են թռչկոտում։ Ձմռանը խիստ սառնամանիքներից պաշտպանվելու և գիշերելու համար ծառից վայր են նետվում և խրվում ձյան մեջ։

Բները ձվերով հայտնվում են մայիսի երկրորդ կեսի կամ հունիսի ընթացքում։ Բույնը ոչ մեծ փոսիկ է, ցամքարը՝ խոտաբույսերից ու փետուրներից պատրաստված։ Բնադրում է գետնին՝ թփուտների տակ կամ խիտ բուսուտներում։ Դնում է 51 մմ տրամագծով, դեղին-սպիտակ՝ կարմրադարչնագույն պտերով 2-10 ձու։ Օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին կազմում են ընտանիքներ (5-8 ձագ), այնուհետև միավորվում խմբերում (20-25 թռչուն)։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում և Հայաստանի հյուսիսային, կենտրոնական և հարավարևելյան շրջաններում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհետացող տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Քանակը հստակ որոշելու համար տվյալները բավարար չեն։

Ապառնացող վտանգներից է գյուղատնտեսական գործունեության արդյունքում բնադրման վայրերի քայքայումը և որսագողությունը։

Տեսակի արեալի մի մասն ընգրկված է «Դիլիջան» և «Արևիկ» ազգային պարկերում և «Շիկահող» արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։