Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՀՀից)
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Հայաստան (այլ կիրառումներ)
Հայաստանի Հանրապետություն
դրոշ
Դրոշ
զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝

Մեր Հայրենիք


դիրքը
Մայրաքաղաք Երևան
40°11′N, 44°31′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
պետական լեզու Հայերեն
Էթնիկ խմբեր (Հունիս 2015)
Կառավարում Կիսանախագահական
 -  նախագահ Սերժ Սարգսյան
 -  վարչապետ Հովիկ Աբրահամյան
հիմնադրում և անկախացում
 -  ավանդական տարեթիվ մ.թ.ա. 2492 
 -  Վանի թագավորություն մ.թ.ա. 859-585 
 -  Երվանդունիների թագավորություն մ.թ.ա. 570-201 
 -  Արտաշեսյանների թագավորություն մ.թ.ա. 189-1 
 -  Արշակունիների թագավորություն 54-428 
 -  Բագրատունիների թագավորություն 885-1045 
 -  Կիլիկյան Հայաստան 1080-1375 
 -  Զաքարյան իշխանապետություն 1199-1261 
 -  Հայաստանի Հանրապետություն 1918-1920 
Տարածք
 -  Ընդհանուր 29,743 կմ²  (141-րդ)
 -  Ջրային (%) 4.71
Բնակչություն
 -  2015 մարդահամարը Green Arrow Up Darker.svg 2,974,693[1][2] (134-րդ)
 -  Խտություն 101.5 /կմ² (99-րդ)
262.9 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2013 գնահատում
 -  Ընդհանուր $20.831 միլիարդ[3] 
 -  Մեկ շնչի հաշվով $6,128[3] 
ՀՆԱ (անվանական) 2013 գնահատում
 -  Ընդհանուր $10.325 միլիարդ[3] 
 -  Մեկ շնչի հաշվով $3,037[3] 
Ջինի (2008) 30.9 
ՄԶՀ (2013) 0.730 (87-րդ)
Դրամական միավոր Դրամ (AMD)
Ժամային գոտի UTC (UTC+4)
Վերին մակարդակի ազգային դոմենն .am
Հեռախոսային կոդ +374

Հայաստան, պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն, պետություն Մերձավոր Արևելքում։

Գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիսային մասում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, արևմուտքում՝ Թուրքիային։ Հարավարևելյան կողմում ազատագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է (Արցախ)[Ն 1], իսկ հարավարևմտյան կողմում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։

Մինչև 20-րդ դարի սկիզբը «Հայաստան» անվանումը վերաբերում էր ողջ Հայկական լեռնաշխարհին, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։ Հայ ժողովրդի պատմության սկիզբն ընդունված է համարել մ.թ.ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի հիմնադիր նախահայրը՝ Հայկ Նահապետը, Հայոց ձորում հաղթում է Ասորեստանի թագավոր Բելին և անկախություն նվաճում[4]։

Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 29 743 կմ2 տարածք (138-րդն աշխարհում) և 2015 թվականի դրությամբ ունի 2 974 693 բնակիչ (136-րդն աշխարհում)։ Մայրաքաղաքը Երևանն է, պետական լեզուն՝ հայերենը, բնակչության 98.7 տոկոսը դավանում է քրիստոնեություն։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ժամանակակից Հայաստանի Հանրապետության հիմնական կրոնական հաստատությունն է[5]։

Հայաստանը ունիտար կառուցվածքով, բազմակուսակցական համակարգով ժողովրդավարական ազգային պետություն է։ ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին համապետական հանրաքվեի արդյունքում։

Լինելով միջազգային սուբյեկտ, Հայաստանը ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, Եվրախորհրդի, ԱՀԿ-ի և 40-ից ավել այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։ 2015 թվականի հունվարի 2-ին Հայաստանն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը[6][7]։

Բովանդակություն

Անվան ստուգաբանություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի անվանում

Հայոց անվանադիր նախնին Հայկն է։ Սերունդները հետագայում նրա անունով էլ կոչվել են՝ հայկազունք, հայք, հայեր, երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ։ Միջին դարերում «Հայ» արմատին ավելացավ «-ստան»՝ տեղանք նշանակող վերջածանցը, և երկրի անունը դարձավ Հայաստան։

Համաձայն Մովսես Խորենացու և Միքայել Չամչյանի՝ «Արմենիա» անունն սկիզբ է առել Արամ անունից, ով Հայկ Նահապետի ուղիղ ժառանգորդն էր, իսկ ըստ Լեոյի, կոչվել է հայոց ծագման մասին հունական առասպելի հերոս Արմենիոսի անունից, որը գալով Թեսալիայից՝ բնակվում է Հայկական լեռնաշխարհում և ձուլվում այնտեղ ապրող ցեղերի հետ[8]։

Պատմություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայոց պատմություն

Նախնադար[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Նախնադարյան Հայաստան
Հայկ նահապետի արձանը

Հայ ժողովուրդը կազմավորվել ու իր պատմական ուղին է անցել Հայկական լեռնաշխարհում։ Դա հնագույն մարդու նախնական բնակեցման այն տարածքներից է, որը հարուստ է նախնադարի բոլոր փուլերին վերաբերող հուշարձաններով։

Քարի դարն ընդունված է բաժանել 3 փուլերի՝ հին քարի դար (պալեոլիթ, մինչև մ.թ.ա. 12-րդ հազարամյակ), միջին քարի դար (մեզոլիթ, մ.թ.ա. 12-րդ հազարամյակ - մ.թ.ա. 7-րդ հազարամյակի կեսեր) և նոր քարի դար (նեոլիթ մ.թ.ա. 7-րդ հազարամյակի կեսեր - մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսեր), որոնցից յուրաքանչյուրն իրենց հերթին բաժանվում են առանձին փուլերի։

Նախնադարյան հասարակության հին քարի դարի առաջին ենթափուլը՝ ստորին պալեոլիթը, Հայաստանի տարածքում սկսվել է մոտ 2 միլիոն տարի առաջ և ավարտվել է մոտ 100 000 տարի առաջ։ Հայկական լեռնաշխարհում հայտնի են այս ժամանակաշրջանի մի քանի բացօթյա հնավայրեր, կայանններ և քարայրային տիպի հուշարձաններ։ Դրանցից հայտնի է Գուգարքում հայտնաբերված հին քարեդարյան կայանը, որի տարիքը մոտ 1.8 միլիոն տարի է։ Այն Հարավարևմտյան Ասիայի՝ մարդու մինչև այժմ հայտնի հնագույն կայանն է։ Հնագույն ժամանակների մասին հարուստ տեղեկություններ են պարունակում նաև Ազոխի քարայրն Արցախում, Արտին լեռան շրջակայքը և մի քանի հուշարձաններ Արևմտյան Հայաստանում։ Միջին պալեոլիթի ժամանակաշրջանը Հայկական լեռնաշխարհում ավարտվել է մոտ 40 հազար տարի առաջ։ Վերին պալեոլիթն ընդգրկում է մոտ 40000-14000 թվականներն ընկած ժամանակաշրջանը։ Հայաստանի տարածքում հայտնի են վերին հինքարիդարյան շուրջ 60 հուշարձան։ Դրանց հիմնական մասը գտնվում է լեռնաշխարհի հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան մասերում՝ Եփրատի ավազանում, Կորդվաց աշխարհում, Տիգրիսի ավազանում և այլուր։

Միջին քարի դարի հուշարձանների թիվը լեռնաշխարհի սահմաններում դեռևս չի անցնում 35-ից, որոնք ինչպես բացօթյա կայաններ ու հնավայրեր են, այնպես էլ քարայր կացարաններ ու ժայռածածկեր։ Այժմյան Հայաստանի տարածքում այս փուլի հուշարձաններ կան Ապարանի գոգավորությունում։

Նոր քարի դարի ընթացքում՝ մ.թ.ա. 8 հազարամյակի վերջերից, արդեն գոյություն ունեին կայացած երկրագործական հասարակություններ։ 1990-ական թվականների առաջին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափին պեղված հնավայրի տվյալները եկան փաստելու, որ այստեղ կայուն բնակատեղիներ հիմնող առաջին համայնքները հանդես են գալիս արդեն մ.թ.ա. 10-րդ հազարամյակից։ Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ դարձավ, որ Հայկական Տավրոսից հյուսիս ընկած շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական արմատներ ունի։ Եդեսիայի մոտ գտնվող Պորտաբլուր հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտերում բացվել է 1000 քառ. մետր տարածք զբաղեցնող մի հրապարակ, որի հարևանությամբ պեղվել են այսպես կոչված «սալե կոթողների տունը» և «գանգերի տունը»։ Այս հասարակության կյանքում մեծ տեղ են զբաղեցրել հավատալիքներն ու ծեսերը, որոնք գերազանցապես կապված էին նախնիների պաշտամունքի և ցլի պաշտամունքի հետ։ Պորտաբլուրում բացվել են Երկիր մոլորակի վրա մինչ օրս հայտնի ամենահին տաճարները։ Այստեղ հայտնաբերվել են մոտ 700 քարե արձանիկներ։

Մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսերին և 4-րդ հազարամյակի ընթացքում Հայկական լեռնաշխարհի ցեղերը թևակոխել են պղնձի-քարի դար (էնեոլիթ), որին հաջորդում է բրոնզի դարը (մ.թ.ա. 3-2 հազարամյակներ)։ Լեռնաշխարհը ներկայանում է զարգացման նույն մակարդակի վրա գտնվող և համասեռ մշակույթով հասարակությամբ, որը շուրջ հազար տարի պահպանում է մշակութային միասնությունը։ Տարածում է գտնում Կուր-Արաքսյան մշակույթը. հայտնի է Շենգավիթյան մշակութային համալիրը Երևանի հարավարևմտյան մասում։ Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջին երկու հարյուրամյակներում արմատավորվում են, այսպես կոչված, Թռեխք-Վանաձորյան մշակութային համալիրները։ Դրանք ներկայացված են բացառապես դամբարաններով, իսկ մեծաքանակ բնակատեղիներ չեն փաստագրվում։ Լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում մ.թ.ա. 2 հազարամյակի սկզբներից հանդես է գալիս տեղական Ծոփք-Մալաթիայի միջին բրոնզիդարյան մշակույթը։

Մ.թ.ա. 16-րդ դարի վերջից մ.թ.ա. 13-րդ դարի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում հստակ ընդգծվում է վերոհիշյալ մշակույթների խաչասերման և «ժողովրդագրական պայթյունի» հետ զուգորդվող Լճաշեն-Մեծամորյան մշակույթի ծավալման համապատկերը։ Այդ ժամանակաշրջանի գտածոներից կարելի է առանձնացնել ծիսական անոթները, սպիտակ և կարմիր գույներով հարդարված խեցեղենը, բրոնզե դաշույնները, նետասլաքները, մեծաքանակ ուլունքները և այլ նյութեր։

Հայաստանում երկաթի դարը սկսվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։ Երկաթի պաշարներով հարուստ Հայկական լեռնաշխարհը՝ Սյունիք, Մուշ, Խնուս և այլն, Առաջավոր Ասիայում դարձավ հումքի գլխավոր մատակարար և գերիշխող դիրք գրավեց։

Հին շրջան[խմբագրել]

Վանի թագավորություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Վանի թագավորություն
Էրեբունի ամրոցի որմնանկար

Պատմական Հայաստանի տարածքում առաջացած հնագույն պետությունը Վանի թագավորությունն էր (Ուրարտու)՝ Վան մայրաքաղաքով (մ.թ.ա. 9-6-րդ դարեր)։ Այն հզորության գագաթնակետին է հասել Մենուա (մ.թ.ա. 810-786), Արգիշտի Ա (մ.թ.ա. 786-764) և Սարդուրի Բ (մ.թ.ա. 764-735) թագավորների օրոք՝ զբաղեցնելով Հայկական լեռնաշխարհի տարածքը, Արևմտյան Իրանը, Հարավային Միջագետքը, Միջերկրական ծովի ափամերձ տարածքները։ Արարատյան դաշտի տարածքում հիմնադրվել են Թեյշեբաինի, Արգիշտիխինիլի և Էրեբունի քաղաք-ամրոցները. վերջինիս անվան հետ է ընդունված կապել Հայաստանի ներկայիս մայրաքաղաք Երևանի անունը։

Վանի թագավորությունից մեզ են հասել բազմաթիվ քարե արձանագրություններ, բերդերի ու տաճարների մնացորդներ, որոնք վկայում են պետության հարուստ մշակույթի ու զարգացած պետական համակարգի մասին։ Մ.թ.ա. 8-րդ դարի կեսերից սկսած Վանի թագավորությունը թուլանում և անկում է ապրում Ասորեստանի և Հյուսիսային Կովկասի ցեղերի՝ սկյութների ու կիմմերների դեմ պատերազմների արդյունքում։ Ուրարտուի վերջին թագավոր Ռուսա Դ-ն իշխել է մ.թ.ա. 609 - 590 (կամ 585) թվականներին, որից հետո Վանի թագավորությունը դադարել է գոյություն ունենալ։ Հայերը կամ նրանց անմիջական նախնիները բնակվել են Վանի թագավորության տարածքում, և նրան հաջորդած Երվանդունյաց թագավորությունը եղել է զուտ հայկական։

Համաշխարհային պատմագիտության մեջ չկա միարժեք կարծիք Վանի թագավորության և հայ ժողովրդի կապի մասին։ Գիտնականնների զգալի մասը առանձնացնում է ուրարտական լեզուն և մշակույթը հայկականից՝ համարելով, որ հայկական ցեղերը գերիշխանության են հասել Հայկական լեռնաշխարհի տարածքում միայն Վանի թագավորության կործանումից հետո։ Ըստ մեկ այլ վարկածի, որն ընդունվում է մի քանի հայ պատմաբանների կողմից, Վանի կամ Արարատյան թագավորությունը ի սկզբանե եղել է զուտ հայկական կազմավորում, և մ.թ.ա. 6-րդ դարի սկզբում տեղի է ունեցել ընդամենը իշխող դինաստիայի փոփոխություն։

Երվանդունիների թագավորություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Երվանդունիների թագավորություն
Երզնկայում գտնված արծաթյա պտյակ

Մ.թ.ա. 570-ական թվականներին Մերձավոր Արևելքի քաղաքական ասպարեզում է հայտնվում Երվանդունիների թագավորությունը։ Հայաստանի պետական -սահմանները համընկել են ճիշտ Արարատյան տերության և հայ ժողովրդի էթնիկական սահմաններին։ Դրա մասին են վկայում հույն պատմիչ Հերոդոտոսի, ասորի ճանապարհորդ Մար Աբաս Կատինայի և այլոց աշխատությունները։ Երվանդ Ա Հայկազյանի որդին՝ Տիգրան Ա-ն (մ.թ.ա. մոտ 560-535), պարսից Աքեմենյան արքա Կյուրոս Բ Մեծի հետ մ.թ.ա. 550 թվականին մասնակցել է Մարաստանի, իսկ 538/537 թվականին Բաբելոնիայի թագավորությունների կործանմանը։ Հայկազյան-Երվանդունիները շարունակաբար գահակալել են մինչև մ.թ.ա. 3-րդ դարի վերջը։

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից և մ.թ.ա. 331 թվականին Աքեմենյան տիրակալության անկումից հետո, Հայաստանում գահակալող Երվանդ Գ-ն իրեն հռչակել է անկախ թագավոր (մ.թ.ա. 331 - մոտ 300) և պայքարել հունա-մակեդոնական նվաճողների դեմ։ Նրա աջակցությամբ մ.թ.ա. 331 թվականին Փոքր Հայքի թագավոր է հռչակվել զորավար և նրա թերևս մերձավոր ազգական Միթրաուստեսը (Միհրվահիշտ)։ Երվանդ Գ արքան, հակահարված հասցնելով Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Մեմնոնի և Սելևկոս Նիկատորի ոտնձգություններին, հաջողությամբ պաշտպանել է Մեծ Հայքի թագավորության անկախությունը։ Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանել են նաև փոքրասիական մի քանի պետություններ՝ Փոքր Հայքի, Պոնտոսի և Կապադովկիայի թագավորությունները։

Մ.թ.ա. 3-րդ դարի ընթացքում Մեծ Հայքից անջատվում են Ծոփքի և Կոմմագենեի թագավորությունները, որտեղ նույնպես իշխում էին Երվանդունիները։ Նրանք հատում են սեփական դրամները, կառուցում քաղաքներ ու բերդեր։ Հայաստանը կորցնում է միասնականությունը, ինչը վտանգ է հանդիսանում իր անկախության համար։ Ծայրագավառներից շատերը անցնում են հարևան պետությունների ազդեցության և գերիշխանության տակ։

Երվանդ Դ Վերջինը (մ.թ.ա. 220-201) Ախուրյանի և Երասխի գետախառնման մոտ հիմնադրել է Երվանդաշատ նոր մայրաքաղաքը, որից քիչ հյուսիս՝ Երվանդակերտը և Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին՝ Բագարան ավանը։ Մ.թ.ա. 200 թվականին սելևկյան զորքերի աջակցությամբ հայ զորավար Արտաշեսը տապալել է Երվանդ Դ-ին և կարգվել Մեծ Հայքի կուսակալ։

Արտաշեսյանների թագավորություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արտաշեսյանների թագավորություն
Անահիտ աստվածուհու արձան, Արտաշատ

Ալեքսանդր Մեծի մահից հետո նրա կայսրությունը բաժանվեց մի քանի մասերի և նրա զորավարներից մեկը՝ Սելևկոս Նիկատորը, մ.թ.ա. 3-րդ դարում ստեղծեց մի պետություն, որն իրեն ենթարկեց նաև Մեծ Հայքը։ Մ.թ.ա. 190 թվականին սելևկյան արքա Անտիոքոս III Մեծի բանակը հռոմեացիների կողմից ջախջախվեց Մագնեսիայի ճակատամարտում։ Առիթից օգտվելով Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում իրենց հայտարարեցին անկախ թագավորներ։

Արտաշես Ա-ն (մ.թ.ա. 189-160) իրականացրել է բազմաթիվ բարենորոգումներ, որոնք նպաստել են պետության տնտեսության զարգացմանը։ Ռազմական բարեփոխումների շնորհիվ նա ընդարձակեց երկրի սահմանները և միավորեց երկրից անջատած ծայրագավառները։ Արարատյան դաշտի Խոր վիրապ կոչվող վայրում հիմնվեց Արտաշատ քաղաքը, որը ժամանակակիցների կողմից երբեմն անվանվում էր «Հայկական Կարթագեն», քանի որ քաղաքի կառուցման վայրն ընտրել էր Հանիբալը։

Հայաստանը Արտաշեսյանների օրոք հզորության գագաթնակետին հասավ Արտաշես Ա-ի թոռան՝ Տիգրան Մեծի օրոք (մ.թ.ա. 95-55)։ Նա գրավեց Ծոփքը, որտեղ իշխում էր Զարեհի հետնորդ Արտաշեսը և ազատագրեց պարթևականների տիրապետության տակ գտնվող հայկական հողերը, իսկ մ.թ.ա. 83 թվականին՝ Սելևկյանների պետությունը և մայրաքաղաք Անտիոքը, որն ուներ ավելի քան կես միլիոն բնակչություն։ Տիգրան Մեծի տերությունը ավանդաբար ընդունված է անվանել «Ծովից ծով Հայաստան»։ Ի նշան հզորության և աշխարհակալ պետության՝ մ.թ.ա 80 թվականին Հայկական Տավրոսի մատույցներում հիմնվեց նոր մայրաքաղաք՝ Տիգրանակերտը, որը շրջափակված էր բարձր բերդապարիսպներով։ Տիգրանակերտն ու Արտաշատը միմյանց հետ կապված էին «Արքունի ճանապարհ»-ով։ Մ.թ.ա. 69 թվականին մայրաքաղաքը գրավվեց հռոմեացի Լուկուլլոսի կողմից՝ հայ-հռոմեական պատերազմի ընթացքում (մ.թ.ա. 69-66)։ Մ.թ.ա. 66 թվականին Հայաստանը ծանր հաշտության պայմանագիր կնքեց, որի արդյունքում Տիգրան Մեծը հրաժարվեց իր նվաճած հողերից, և պարտավորվեց տարեկան 600 տաղանդ ռազմատուգանք վճարել և հարկ եղած դեպքում Հռոմեական կայսրությանը օգնել զորքով։

Տիգրան Մեծի որդու՝ Արտավազդ Բ-ի օրոք (մ.թ.ա. 55-34) Հայաստանը դարձավ հռոմեա-պարթևական պատերազմի թատերաբեմ։ Մարկոս Կրասսոսի և Մարկոս Անտոնիոսի արշավանքների արդյունքում Հայաստանը զգալիորեն կորցրեց իր ինքնուրույնությունը. հայոց արքան ընտանիքի հետ գերվեց, իսկ նրան հաջորդած մի քանի թագավորները չկարողացան վերականգնել նախկին հզորությունը։ Մ.թ. 1 թվականին Արտաշեսյան հարստությունը վերացվեց [9]։

Արշակունիների թագավորություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արշակունիների թագավորություն

Արտաշեսյան թագավորության անկումից հետո կես դար Արտաշատում գահ էին բարձրանում Հռոմի և Պարթևստանի դրածոները։ Իրավիճակը կայունացավ, երբ 52 թվականին գահ բարձրացավ պարթևների արքա Վաղարշ Արշակունու եղբայրը՝ Տրդատը։ 54 թվականին, չհաշտվելով դրա հետ, Հռոմի կայսր Ներոնը պատերազմ սկսեց հայ-պարթևական դաշինքի դեմ։ 59 թվականին հռոմեական զորքերը Կորբուլոնի գլխավորությամբ արշավեցին Հայաստանի վրա և գրավեցին ու ավերեցին Տիգրանակերտն ու Արտաշատը։ 62 թվականին Հռանդեայում հայ-պարթևական զորքերը հակահարված տվեցին հռոմեացիներին, և 63 թվականին Հռոմի կայսր Ներոնը ճանաչում է Տրդատի գահակալությունը։ 66 թվականին Տրդատը Հռոմից վերադառնում է Հայաստան՝ որպես հայոց թագավոր և հիմք է դնում Արշակունիների հարստությանը (66-428)։

2-3-րդ դարերում՝ մինչև 226 թվականի հեղաշրջումն Իրանում, Հայաստանը շարունակում էր լինել համեմատաբար խաղաղ վիճակում՝ հովանավոր Հռոմի և դաշնակից Պարթևստանի հարևանությամբ։ Հայաստանում Արտաշատից ոչ հեռու հիմնադրվում է նոր մայրաքաղաք Վաղարշապատը։ Իրանում իշխանության գալուց հետո Սասանյանները ցանկանում են գահընկեց անել նաև հայ Արշակունիներին և Պարսկաստանին միացնել Մեծ Հայքի թագավորությունը։ 4-րդ դարի սկզբին՝ 301 թվականին, հայոց արքա Տրդատ Գ Մեծը (287-330) քրիստոնեությունն ընդունում է որպես հայոց պետության պաշտոնական կրոն՝ Գրիգոր Լուսավորչին կաթողիկոսական գլխավորությամբ։ Երկրորդ դարակազմիկ իրադարձությունը ավատատիրական կարգերի հաստատումն էր։ Տրդատի որդու՝ Խոսրով Գ Կոտակի օրոք (331-338) կառուցվում է ևս մեկ մայրաքաղաք՝ Դվինը։

Արշակ Բ Արշակունու օրոք (350-368) սրվում են հարաբերությունները պարսից արքա Շապուհ Բ Երկարակյացի (309-379) հետ։ Երկրում սկսվում է ներքին լարվածություն, ապա այն ներքաշվում է պատերազմի մեջ։ Արդյունքում հայոց թագավորը փակվում է Անհուշ բերդում, իսկ իր որդին՝ Պապը, գահ է բարձրանում հռոմեացիների օգնությամբ։ Որոշ ժամանակ անց՝ 387 թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվում է երկու մասի։ Հռոմեական (Արևմտյան) Հայաստանում թագավոր է կարգվում Պապի որդի Արշակ Գ-ն (378-389), իսկ մնացած երկրում՝ Խոսրով Դ-ն (384-389)։ Վերջինիս որդի Վռամշապուհի (389-415) օրոք՝ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայերենի այբուբենը [10]։ 428 թվականին ներքին երկպառակությունների արդյունքում հայոց պետականությունը կործանվում է։

Միջնադար[խմբագրել]

Վաղ միջնադար[խմբագրել]

Վռամշապուհ արքայի օրոք (389-415) Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայերենի այբուբենը։ Հայ գրերի գյուտը Արշակունիների դարաշրջանի երրորդ խոշոր իրադարձությունն էր։ Վռամշապուհի որդու՝ Արտաշես Գ-ի (423-428) գահընկեց արվելուց հետո՝ 428 թվականին, Հայաստանի արևելյան մասը հռչակվեց որպես պարսից տերության առանձնահատուկ վարչատարածքային միավոր՝ մարզպանություն։ Արևմտյան Հայաստանի որոշ գավառներ՝ Մեծ Հայքի Ծոփք, Աղձնիք ու Բարձր Հայք նահանգներն ու Փոքր Հայքը, շարունակեցին մնալ Հռոմեական (395 թվականից՝ Բյուզանդական) կայսրության տարածքում։

Մեսրոպ Մաշտոց. Հայ գրերի գյուտը, ըստ իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Մաջոտտոյի

Մարզպանական Հայաստանն արտոնյալ կարգավիճակով ինքնավար պետություն էր, որտեղ պահպանվում էին հայ նախարարների և բարձրադաս հոգևորականների ավանդական իրավունքներն ու արտոնություները, պաշտոնակալությունները, հայկական զորաբանակը, հարկային համակարգը և այլն։ Հայ նախարարների քաղաքական միասնությունն արտահայտվում էր ընդհանուր զորաբանակով, որը գլխավորում էր Հայոց սպարապետը, կառավարման միասնական համակարգով, ըստ անհրաժեշտության Հայոց կաթողիկոսի նախագահությամբ գումարվող համազգային ժողովով։ Հայաստանում մարզպան են նշանակվել նաև ազգությամբ հայ մեծատոհմիկ նախարարներ, որոնցից առաջինն էր Վասակ Սյունին (443-451)։

440-ական թվականներին պարսից արքունիքը որդեգրեց մարզպանական Հայաստանի պետական ինքնավարությունը վերացնելու և այն պարսկական սովորական նահանգի վերածելու քաղաքականություն։ Դրան հաջորդեց 447 թվականին անցկացված աշխարհագիրը (մարդահամար և եկամուտների հաշվառում), մեհյանների ու ատրուշանների կառուցումը։ Պարսից շահ Հազկերտ Բ-ն 449 թվականին հատուկ հրովարտակով հայոց նախարարներից պահանջեց ուրանալ քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականությունը, որով հայերը կզատվեին հարևան բյուզանդացիներից և աստիճանաբար կձուլվեին պարսիկներին։ Հայերը մերժում են այս պահանջը, և ընդվզում պարսիկների դեմ՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ։ 450 թվականին սկսվում է Վարդանանց պատերազմը, որն ավարտվում է Ավարայրի ճակատամարտով (մայիսի 26, 451 թվական)։ Հայերը հետագայում ևս ստիպված են եղել պայքարել ինքնուրույնությունը պահպանելու համար (Վահանանց պատերազմ, 481-484, Կարմիր Վարդանի ապստամբություն, 571-572), որոնց արդյունքում տեղի է ունեցել Հայաստանի երկրորդ բաժանումը (591) և երկրի հիմնական մասն անցել է Բյուզանդական կայսրությանը։

Հայաստանի բյուզանդական հատվածում ևս կայսրերը վարում էին ձուլման քաղաքականություն։ Հուստինիանոս Ա կայսրը (527-565), ով ձգտում էր վերականգնել նախկին Հռոմեական կայսրության հզորությունը, իրեն էր ենթարկել Հյուսիսային Աֆրիկան, Իսպանիան ու Իտալիայի որոշ գավառներ։ Նա վերացնում է հորից ավագ որդի ժառանգության իրավունքը, ինչի արդյունքում հայ նախարարական տների հզորությունը վերանում է և նրանք վերածվում են շարքային բերդատերերի։ Հայ նախարարներին ստիպում էին մեկնել կայսրության սահմաններ՝ պայքարելու թշնամիների դեմ։ Հիշարժան է Սմբատ Բագրատունու ըմբոստացումը Մորիկ կայսեր դեմ։ Դրա արդյունքում կայսրը նրան նետել տվեց Կոստանդնուպոլսի կրկեսի գազանների առջև՝ հոշոտման։ Հայ նախարարը կարողացավ հաղթել ցուլին, առյուծին ու արջին, ապա ազատ արձակվեց։

Արմինիա կուսակալություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արմինիա կուսակալություն

7-րդ դարի 30-ական թվականներին Արաբական թերակղզում տեղի ունեցած քաղաքական ու կրոնական տեղաշարժերի արդյունքում ձևավորվեց Արաբական խալիֆայությունը։ 640-650 թվականներին Արաբական երեք անգամ արշավել են Հայաստան, որից հետո հայ նախարարները Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ որոշեցին հաշտության և դաշնային պայմանագիր կնքել արաբների հետ։ 652 թվականին հայերը Ասորիքի արաբ կառավարիչ Մուավիայի հետ Դամասկոսում կնքում են հայ-արաբական պայմանագիրը, որով Հայաստանը կես դար ժամանակահատվածով արտոնյալ դիրք ու ինքնիշխանություն է ստանում։ 698-700 թվականներին արաբների հերթական արշավանքի արդյունքում Հայաստանը գրավվեց, և Վրաստանի ու Աղվանքի հետ մտցվեց մեկ վարչաքաղաքական միավորի՝ Արմինիա կուսակալության մեջ։ Երկիրը սկսեց կառավարել արաբ ոստիկանը, ով նստում էր Դվին քաղաքում։ Նրան զուգահեռ բարձր դիրք ունեին կրոնական առաջնորդ հայոց կաթողիկոսը և քաղաքական առաջնորդ հայոց իշխանը։ Արաբ հարկահավաքի պաշտոնի կողքին կար հայկական համարժեքը՝ իշխանաց իշխանը։ Հայոց այրուձիի հրամանատարությունը շարունակում էր գտնվել սպարապետի ձեռքում։ Միաժամանակ, Վասպուրականում, Սյունիքում և Վրաստանում 9-րդ դարից նշանակվում է գահերեց իշխանի պաշտոնը։ Նա վերադասի իրավունք էր ստանում մյուս բերդատեր նախարարների հանդեպ։

Արաբական տիրապետությունը երկպառակություն է մտցնում հայ ավագանու շարքերում. Արշակունի թագավորների թագադիր ասպետները՝ Սպերի տեր Բագրատունիները կարողանում են իրենց շուրջ համախմբել բազմաթիվ նախարարական տներ, ովքեր սատարում են արաբական քաղաքականությունը, և սեփական ուժերով պետությունը վերականգնելու գաղափարը։ Դրան հակառակ Տայքի տերերը՝ հայոց սպարապետի պաշտոն զբաղեցնող Մամիկոնյանները, ունեին բյուզանդական կողմնորոշում և փորձում էին կայսրության զորքերով դուրս վտարել արաբներին Հայաստանից և վերականգնել բյուզանդական գերիշխանությունը։ 8-րդ դարում հայերը մի քանի անգամ ապստամբեցին Արաբական խալիֆայության դեմ, սակայն էական արդյունքի չկարողացան հասնել՝ այս անջատվածության պատճառով։ Մեկդարյա պայքարն ավարտվեց Բագրատունիների հաղթանակով, ովքեր գլխավորեցին հայոց պետականության վերականգնման պայքարը։

8-րդ դարի վերջից Բագրատունիները գլխավորում էին երկրի բոլոր կարևոր պաշտոնները, և գահերեց իշխաններ նշանակում իրենց հավատարիմ զինակիցներին՝ Արծրունիներին, Սյունիներին ու վրաց Բագրատունիներին։ Աշոտ Մսակեր Բագրատունին դարձավ հայոց իշխան և իր տիրույթներին միացրեց Մամիկոնյանների հայրենիք Տարոնը և Տայքը, Կամսարական իշխանների կալվածք Շիրակը և Արագածոտնը։ 9-րդ դարի կեսին՝ 850-855 թվականներին, հայերը կրկին ապստամբության դրոշ բարձրացրին արաբական տիրապետության դեմ։ 850 թվականին հայերը Հայաստանից հեռացնում են ոստիկան Աբուսեթին, իսկ 851 թվականին արաբական բանակի գլուխ է անցնում նրա որդի Յուսուֆը։ Հայոց մարզպան և իշխանաց իշխան Բագրատ Բագրատունու որդիները՝ Աշոտն ու Դավիթը, կարողանում են արժանի հակահարված տալ թշնամու զորքերին, իսկ Յուսուֆը սպանվում է։ Այս դեպքերն արտացոլված են Սասունցի Դավիթ էպոսի հիմքում։

853-855 թվականներին պայքարը ղեկավարում էր Բագրատի եղբոր՝ Սմբատ Խոստովանողի որդի Աշոտը։ Նա պայքարում է թուրք զորավար Բուղայի բանակի դեմ և 855 թվականին հաղթանակով ավարտում ապստամբությունը[11]։ Աշոտը 855 թվականին դառնում է հայոց իշխան, ապա նաև՝ սպարապետ ու իշխանաց իշխան։ Շատերի վկայությամբ՝ Աշոտին պակասում էր միայն թագավորական թագը։ Դրան նպաստում է նաև 876 թվականին հայազգի Բարսեղ Ա Մակեդոնացի կայսեր գահակալումը և Հայկական (Մակեդոնական) հարստության հիմնադրումը Բյուզանդիայում։ 885 թվականին կաթողիկոս Գևորգ Գառնեցին Բագարան քաղաքում Աշոտին օծում է հայոց թագավոր։ Թագ և թագավորական զգեստներ են ուղարկում Բաղդադի խալիֆն ու Բյուզանդիայի կայսրը. հայոց պետականությունը վերականգնվում է Բագրատունիների դրոշի ներքո։

Բագրատունիների թագավորություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բագրատունիների թագավորություն
Գագիկ Ա շահնշահի արձանը Անիում. ձեռքին պահում էր Անիի Զվարթնոցատիպ եկեղեցու մանրակերտը

885 թվականին Աշոտ Բագրատունին դարձավ նոր արքայատոհմի հիմնադիր, որը Հայաստանում իշխեց մինչև 1045 թվականը։ Նա ստեղծեց 40 000-անոց որի սպարապետ դարձավ իր եղբայր Աբասը։ Հայոց թագավորությունը վերականգնվեց, և Աշոտի որդի Սմբատի թագավորությամբ (890-914) դարձավ շառանգական ավատաիրական միապետություն։ Հայոց թագավորի աջակցությամբ Տայքի Բագրատունյաց տոհմի Ատրներսեհ իշխանը կարգվեց Վրաստանի թագավոր։

Սմբատ թագավորի օրոք երկրում հաստատվեց անկայուն իրավիճակ, որից օգտվեց հարևան Ատրպատականի ամիրայությունը։ 908 թվականին Գագիկ Արծրունուն ճանաչելով հայոց թագավոր՝ նա ցանկացավ խալիֆայության հսկողության տակ վերցնել Հայաստանը։ Միաշամանակ թշնամու կողմն անցավ Սմբատի եղբայր Աշոտ սպարապետը։ 914-922 թվականներին տևած պատերազմը Սմբատի որդի Աշոտ Երկաթը (914-928)ավարտեց հաղթանակով։ Անժառանգ Աշոտին փոխարինեց եղբայր Աբասը (928-953), ով հիմնադրեց Կարս մայրաքաղաքը և Կարսի առաքելոց եկեղեցին։ 961 թվականին Աբասի որդի Աշոտ Գ Ողորմածը (953-977) Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք է դարձնում Անին։ Քաղաքի զարգացման համար մեծ ջանք ու միջոցներ են ծախսել Սմբատ Բ Տիեզերակալ (977-990) և Գագիկ Ա (990-1020) շահնշահը։ Վերջինիս կինը՝ Կատրանիդե թագուհին, ավարտին է հասցնում Անիի մայր տաճարի կառուցումը (1001)։

Զարգացած միջնադարում բոլոր միապետություններն անցել են ավատատիրական մասնատվածության փուլը։ Դեռ Սմբատ Ա թագավորի օրոք սկսվել էր Բագրատունյաց թագավորության մասնատումը. 908 թվականին որպես ինքնուրույն, թեև ենթակա միավոր առաջացել էր Վասպուրականի թագավորությունը (908-1021)՝ Արծրունիների գլխավորությամբ, իսկ Տարոնի ու Տայքի իշխանությունները դարձել էին Բագրատունիների կողմից կառավարվող ինքնուրույն միավորներ։ Մայրաքաղաքի՝ Կարսից Անի փոխադրելուց հետո առաջանում է Կարսի (Վանանդի) (963-1065), ավելի ուշ՝ Տաշիր-Ձորագետի թագավորությունը (978-1113)։ 987 թվականին ինքնուրուն թագավորություն է ստեղծվում Սյունիքում (987-1170)՝ Սյունիների գլխավորությամբ, իսկ 1008 թվականին Անիի Բագրատունիների վերահսկողությունից վերջնականապես ազատվում և որպես ինքնուրույն պետություն է դառնում Վրաց թագավորությունը՝ Բագրատիոնիների գլխավորությամբ։ Հետագայում՝ Գագիկ Ա-ի որդիների միջև ծավալված գահակալական պայքարի արդյունքում արևելյան ու արևմտյան հատվածների է բաժանվում բուն արքունի տիրույթը՝ Հովհաննես-Սմբատի ու Աշոտ Քաջի միջև։ Վերջինիս որդին 1045 թվականին գահընկեց է արվում, և բուն Հայաստանում հայ ժողովուրդը մոտ մեկ հազարամյակ զրկվում է սեփական պետություն ունենալուց։

Բագրատունիների թագավորության օրոք Հայաստանը բարգավաճում է. զարգանում են արհեստները ու միջազգային առևտուրը, նոր փուլ են մտնում երկրագործությունը և անասնապահությունը, որոնց արտադրանքը ուներ արդեն միջազգային պահանջարկ։ Տնտեսության զարգացման հետ մեկտեղ զարգանում են հին քաղաքները, առաջանում են նորերը։ Որպես միջնադարյան քաղաքներ հայտնի էին Դվինը, Կարսը, Անին, Արծնը (հետագայում՝ Արզրում), Վանը, Երևանը։ Կառուցվում են նոր բերդեր ու ամրոցներ, վանքեր ու եկեղեցիներ, ավելի է կատարելագործվում հայկական ճարտարապետությունը։ Այդ դարաշրջանից մեզ հասած բազմաթիվ եկեղեցիներ ունեն համաշխարհային հռչակ, իսկ Հաղպատի ու Սանահինի վանքերը գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Կիլիկյան Հայաստան[խմբագրել]

Լևոն Ե թագավորի (1320-1342) մանրանկարը, հեղինակ՝ Սարգիս Պիծակ (1331)

Հայկական լեռնաշխարհի հարավային սահմանների մոտ գտնվում է Կիլիկիա երկրամասը (հունարեն՝ «կալիս», «կալիկա», թարգմանաբար՝ նշանակում են «քարքարոտ»)։ Ունեցել է երեք հիմնական շրջան՝ լեռնային, դաշտային և բլորոտ կամ քարքարոտ։ Բնակեցված է եղել տարբեր ազգերով ու ժողովուրդներով, որոնցից առավել մեծաքանակ էին հույներն ու ասորիները։ Հայերը հաստատվել են մ․թ․ա․ 1-ին դարից սկսած, երբ Կիլիկիան գրավվել է Տիգրան Մեծի կողմից։ Հայերի խմբերը ավելի են շատացել Պավլիկյան և թոնդրակյան շարժումներից հետո։ Զարգացած միջնադարում Անիի թագավորության անկումից հետո (1045) հայերի հոսքը ստվարացել է։

11-րդ դարում Կիլիկիայի հարևան տարածքներում ստեղծվում են Սեբաստիայի, Մալաթիայի և Քեսունի իշխանությունները։ Դրանք չեն կարողանում իրենց ազդեցությունը տարածել Կիլիկիայում. փոխարենը դա հաջողեցնում է Անիի վերջին թագավոր Գագիկ Բ-ի (1042-1045) թիկնապահ Ռուբենը։ Ռուբինյանների կամ Կիլիկիայի հայկական իշխանությունը գոյություն է ունենում ավելի քան մեկ դար՝ 1080-1198 թվականները, ապա վերածվում է թագավորության (1198-1375)։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ Բացի այդ, այն սահմանակցում էր իսլամադավան պետությունների հետ, ուստի հայտնի էր որպես «քրիստոնյա կղզի մուսուլմանական ծովում»։

11-րդ դարի վերջից Միջերկրական ծովի արևելյան ափին սկսվում են պատերազմներ կաթոլիկ եվրոպացիների և մուսուլմանների միջև՝ Երուսաղեմի գրավման համար։ Պատմության մեջ դրանք հայտնի են որպես խաչակրաց արշավանքներ, որոնց արդյունքում ձևավորվել են Անտիոքի դքսությունը, Տրիպոլիի և Եդեսիայի կոմսությունները, Երուսաղեմի թագավորությունը։ Խաչակրաց պետությունների տարեգրքերում Կիլիկյան Հայաստանը հայտնի է որպես «Փոքր Հայք»։ Կիլիկյան Հայաստանի և արևմտյան Եվրոպայի երկրների միջև հաստատվեցին ռազմական և տնտեսական կապեր, ինչի շնորհիվ Կիլիկիա ներմուծվեցին ասպետությունը, հագուստների նոր ոճեր, ֆրանսերեն բառեր և տիտղոսներ։ Խաչակիրները ևս շատ բաներ վերցրեցին հայերից, ինչպես օրինակ աշտարակների կառուցումը և եկեղեցաշինության որոշ տարրեր։ Կիլիկյան Հայաստանն ուներ զարգացած տնտեսություն, վաճառաշահ քաղաքներ։ Կիլիկյան Հայաստանի հարուստ մշակույթի մեջ իր ուրույն տեղն ունի մանրանկարչությունը։

Զաքարյան իշխանապետություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Զաքարյան իշխանապետություն

11-րդ դարի առաջին կեսին սելջուկ-թյուրքերի արշավանքներից հետո Մերձավոր Արևելքում առաջացավ նոր քաղաքական միավոր՝ Սելջուկյան սուլթանությունը։ Այդ ժամանակ Լոռու թագավորությունում իշխում էին Կյուրիկյանները, իսկ Սյունիքում՝ Սյունիները։ Հայկական իշխանություններից Արծրունիների տոհմի մի ճյուղը տիրում էր Աղթամար կղզուն։ Սասունի Թոռնիկյանների իշխանությունը միակն էր Հարավային Հայաստանում, որ Մանազկերտի ճակատամարտից հետո (1071) պահպանեց իր անկախությունը։ Սասունից բացի, Թոռնիկյանները տիրում էին Արածանիի միջին հոսանքում ընկած գավառներին։ Սյունիքի թագավորության հարևանությամբ հայկական իշխանությունների խիտ ցանց էր հաստատված Արցախում (Ներքին Խաչեն, Հաթերք և Ծար)։

12-րդ դարի երկրորդ կեսին քայքայվող սելջուկյան տիրակալության դեմ Վրաստանում և Հայաստանում ծավալված ազատագրական պայքարը գլխավորել են վրաց Բագրատունիների շուրջ համախմբված Մամիկոնյանների շառավիղները՝ Օրբեթցիները (Օրբեթ բերդի անվանումով) կամ Օրբելյանները, ապա և Զաքարյանները։ Հայաստանը ազատագրելու նախաձեռնությամբ հանդես են գալիս Սարգիս ամիրսպասալար Զաքարյանի որդիները՝ Զաքարե ամիրսպասալարը և Իվանե աթաբեկը (թագաժառանգի խնամակալը)։ 1198-1203 թվականներին ազատագրվեց ժամանակակից Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) տարածքը, շրջակա գավառները՝ Կարսը, Սուրմալուն, Նախիջևանը։ Զաքարյան իշխանապետությունը մտնում էր Վրացական թագավորության մեջ՝ որպես նրա ինքնուրույն միավոր։ Այն գոյատևեց մինչև 1261 թվականը՝ ընկնելով մոնղոլական տիրապետության հարվածներից։ Փաստացի մոնղոլները 1236 թվականին գրավել էին Արևելյան Հայաստանը, իսկ 1244 թվականի արշավանքի ժամանակ նվաճեցին Հայաստանը ամբողջությամբ։

14-17-րդ դարերում՝ ուշ միջնադարում, Հայաստանը ասպատակել են զանազան միջինասիական ցեղեր ու ժողովուրդներ՝ Լենկթեմուրի զորքերը (1386-1405), Կարակոյունլուները (1405-1468), Ակկոյունլուները (1468-1502)։ Այնուհետև Հայաստանը դարձավ թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ, ինչ արդյունքում այն երկու անգամ (1555 և 1639 թվականներին) բաժանվեց Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի միջև։ Արևելյան Հայաստանը բաժանված էր 3 կուսակալությունների կամ բեկլարբեկությունների (Երևանի, Ղարաբաղի և Թավրիզի), իսկ Արևմտյան Հայաստանը՝ փաշայությունների միջև (Էրզրումի կամ Էրմենիստանի և Վանի՝ Մեծ Հայքի թուրքական հատվածը, Սվազի կամ Սեբաստիայի՝ Փոքր Հայք, Դիարբեքիրի կամ Խարբերդի՝ Հայկական Միջագետք)։

Նոր շրջան[խմբագրել]

Թուրք-պարսկական տիրապետություն[խմբագրել]

18-րդ դարում Հայաստանը շարունակվում էր բաժանված մնալ Մերձավոր Արևելքի երկու տերությունների՝ Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի միջև։ Թուրք-պարսկական հերթական պատերազմը ընթանում է Հայաստանում՝ 18-րդ դարի առաջին քառորդում։ Հայ ժողովուրդը դիմադրում է թուրքական տիրապետության դեմ, և ազատագրական-ինքնապաշտպանական պայքար է կազմակերպվում Երևանում (1724), Սյունիքում (1722-1730), Արցախում (1724-1731)։ Իրանում տեղի է ունենում դինաստիական փոփոխություն, և գահին է հաստատվում Նադիր շահը (1736-1747)։ Ավելի ուշ Արևելյան Հայաստանում կուսակալությունները բաժանվում են խանությունների՝ Երևանի, Նախիջևանի, Գանձակի, Ղարաբաղի, Խոյի, Մակուի և Ուրմիայի։ Այդ իրավիճակը տևում է մինչև 19-րդ դարի սկիզբը, երբ Արևելյան Հայաստանը միանում է Ռուսական կայսրությանը։

Կապույտ մզկիթը Երևանում կառուցվել է 1766 թվականին՝ պարսկական տիրապետության շրջանում

Արևմտյան Հայաստանը շարունակում էր մնալ Օսմանյան կայսրության կազմում։ Այնտեղ ևս տեղի ունեցան վարչատարածքային փոփոխություններ. փաշայությունները բաշանվեցին վիլայեթ-նահանգների (Կարսի, Էրզրումի, Ախալցխայի, Վանի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի, Խարբերդի

Հայաստանը գտնվում էր քաղաքական և տնտեսական ծանր վիճակում։ Արդեն գոյություն չունեին միջնադարյան հայկական հզոր իշխանական տները, նախկին հզորությունը չուներ հայ առաքելական եկեղեցին։ Ժաղովրդի ազատագրությունը կապվում էր Արևմտյան Եվրոպայի գերտերությունների հետ, սակայն 14-րդ դարից ի վեր գործնական քայլեր չէին արվում։ Էջմիածնի (1547), Սեբաստիայի (1562) ժողովներն ավարտվում են Եվրոպա պատվիրակություն ուղարկելու որոշումներով, սակայն նրանք վերադառնում են ձեռնունայն։ 1677 թվականին Էջմիածնում գումարվում է նոր եկեղեցական ժողով, և Եվրոպա է ուղարկվում Իսրայել Օրին։ Նա 20 տարի դեգերում է Եվրոպայում, և վերջնականապես կողմնորոշվում է դեպի հզորացող Ռուսական կայսրություն, որի շահերը Մերձավոր Արևելքում համընկնում էին հայ ժողովրդի շահերին։ Նման դիրքորոշում են ունենում նաև 18-րդ դարի հայ ազատագրական այլ գործիչներ՝ Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը, Մովսես Սարաֆյանը, Հովսեփ Արղությանը և ուրիշներ։ 18-րդ դարի վերջին հայերի տոկոսը, առավելապես Արևելյան Հայաստանում, խիստ նվազել էր։ Հայերին սպառնում էր ֆիզիկական բնաջնջման վտանգը։ Գյուղերի էին վերածվել միջնադարյան ծաղկուն քաղաքները, քիչ թե շատ քաղաքի կարգավիճակ ունեին վարչական կենտրոններ Երևանը և Շուշին։

Ռուսական տիրապետություն[խմբագրել]

19-րդ դարի սկզբին Ռուսական կայսրությունն ընդարձակվում է հարավ։ 1801 թվականին, վրաց վերջին թագավոր Գեորգի XII-ը Ռուսաստանին է կտակում Քարթլի-Կախեթի թագավորությունը (Արևելյան Վրաստանը)։ Դրա հետ միասին Ռուսաստանին են անցնում Ջավախքի մի մասը, Լոռի-Փամբակը և Ղազախ-Շամշադինը։ Մինչ այդ երկիրը գտնվում էր Իրանի կազմում, ուստի շահը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին։

Գյումրի (Ալեքսանդրապոլ) քաղաքը ռուսական շրջանում

Ռուս-պարսկական առաջին պատերազմի արդյունքում 1813 թվականին Ռուսաստանին է անցնում գրեթե ամբողջ Հարավային Կովկասը, այդ թվում՝ նաև Շիրակը (Շորագյալ), Սյունիքը (Զանգեզուր) և Արցախը (Ղարաբաղ)։ Գոհ չմնալով այդ պատերազմի արդյունքից՝ գահաժառանգ Աբբաս-Միրզան 1826 թվականին առանց պատերազմ հայտարարելու ներխուժում է Արցախ և պաշարում Շուշիի բերդը։ Ռուսները հայերի օգնությամբ կարողանում են դուրս գալ պաշարումից, և 1827 թվականի հոկտեմբերի 1-ին ազատագրում են Երևանը։ 1828 թվականին Թուրքմենչայում կնքվում է ռուս-պարսկական պայմանագիր, որով հաստատվում է ներկայիս Իրանի սահմանը։ Այնտեղի հայաբնակ գավառներից Արևելյան Հայաստան են տեղափոխվում 42 000 հայեր։ Ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռուսաստանին միանում են Ախալցխան ու Ախալքալաքը, և Արևելյան Հայաստան են հայրենադարձվում 75-80 հազար հոգի։ Ձևավորվում են Երևանի և Ելիզավետպոլի նահանգները։

Ռուսական կայսրության կազմում Արևելյան Հայաստանը մնում է մինչև 1918 թվականը։ 1878 թվականին Ռուսաստանին է միանում նաև Կարսի մարզը։ 19-րդ դարի ընթացքում զգալի նվաճումների է հասնում հայկական մշակույթը, զարթոնք ապրում գիտությունը։ Որպես քաղաքներ բարգավաճում են Երևանը (32 000), Ալեքսանդրապոլը (Գյումրի, 35 000), Շուշին (42 000), Ելիզավետպոլը (Գանձակ, 59 000), Կարսը (21 000), հազարավոր հայեր են հաստատվում Անդրկովկասի մշակութային մայրաքաղաք Թիֆլիսում և արդյունաբերական կենտրոն Բաքվում։ Հայ ժողովուրդը հնարավորություն է ստանում սեփական հողում վերականգնելու դարեր առաջ կորցրած պետականությունը։

Նորագույն շրջան[խմբագրել]

Հայաստանի Առաջին Հանրապետություն[խմբագրել]

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը աստիճանաբար լքում են Անդրկովկասը։ Այնտեղ ձևավորվող տեղական ինքնակառավարման մարմինները աստիճանաբար ձեռք են բերում ինքնուրույնություն։ Առաջին աշխարհամարտի ընթացքում անկարող լինելով դիմակայել թուրքական հարձակմանը, անդրկովկասյան միությունը փլուզվում է. մայիսի 26-ին Կայզերական Գերմանիայի հովանավորությամբ իր անկախության մասին է հայտարարում Վրաստանի ազգային խորհուրդը՝ Թիֆլիսի և Քութայիսի նահանգների տարածքում։ Մայիսի 27-ին Օսմանյան կայսրության օգնությամբ Ելիզավետպոլի ու Բաքվի նահանգներում «Ադրբեջան» անունով պետություն ստեղծելու հռչակագրով հանդես է գալիս թյուրքական Մուսավաթական կուսակցությունը։ Մայրաքաղաքը հռչակվում է Ելիզավետպոլը, քանի որ Բաքուն գրավված էր կոմունիստների կողմից։ Մայիսի 28-ին Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը՝ հայոց գավառների վրա։

Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիր Հայաստանի Արմավիր քաղաքից ոչ հեռու

Մինչ այդ, Հայոց մեծ եղեռնից հետո նպատակ ունենալով վերջնականապես բնաջնջել հայ ժողովրդին, 1917 թվականի դեկտեմբեր ամսից թուրքական զորամասերը կարողացել էին գրավել ռուսների ազատագրած տարածքները՝ Երզնկան, Էրզրումը, Վանը, Բիթլիսը, Բայազետը, և գարնանը ներխուժել էին Արևելյան Հայաստան։ Կարսի և Գյումրու անկումից հետո թուրքերը ներխուժում են Արարատյան դաշտ։ Մայիսյան հերոսամարտերի (Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա) արդյունքում հայ ժողովուրդը վերականգնեց իր պետականությունը։ Իր գոյության ընթացքում՝ 1918-1920 թվականներին, Հայաստանում կային բազմահազար գաղթականներ, երկիրը գտնվում էր պատերազմական վիճակում, տարածված էին սովն ու համաճարակները։

Չնայած ծանր պայմաններին, Հայաստանում եղել են նաև դրական տեղաշարժեր։ Բացվել է առաջին հայկական ժամանակակից բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Երևանի պետական համալսարանը (1919), հայերենը երկար դարեր անց առաջին անգամ ճանաչվել է պետական լեզու, կազմավորվել է հայկական բանակը։ Հայաստանը ստացել է միջացգային ճանաչում, դիվանագիտական ու առևտրային հարաբերություններ են հաստատվել հարևան ու հեռավոր բազմաթիվ երկրների հետ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը փաստացի տարածվում էր նախկին Երևանի նահանգի ու Կարսի մարզի, ինչպես նաև Ելիզավետպոլի նահանգի հայաբնակ մի քանի գավառների վրա։ Զանգեզուրը, Ղարաբաղն ու Նախիջևանը եղել են վիճելի տարածքներ՝ Ադրբեջանի հետ, իսկ Լոռին ու Ջավախքը՝ Վրաստանի։ 1920 թվականի օգոստոսի 20-ին կնքված Սևրի պայմանագրով Հայաստանին էին անցնելու այն տարածքները, որոնք ռուսներն ազատագրել էին Օսմանյան կայսրությունից։ Սակայն Թուրքիան չճանաչեց այդ պայմանագիրը և հարձակվեց Հայատանի վրա։ Պատերազմի արդյունքում կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով Դաշնակցության կառավարությունը հրաժարվեց ոչ միայն Արևմտյան Հայաստանից, այլև Կարսից, Սուրմալուից ու Շիրակից, իսկ Նախիջևանում պետք է հաստատվեր «մի երրորդ պետության» գերիշխանություն։

Նման պայմաններում Զանգեզուրում կազմակերպվեց ինքնապաշտպանություն, որի գլուխ անցավ Գարեգին Նժդեհը։ Դաշնակցությունը վերջնականապես հանձնվեց Կարմիր բանակին, և Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր։

Հայկական ԽՍՀ[խմբագրել]

Հայկական ԽՍՀ-ն հռչակվել է 1920 թվականի նոյեմբերի 29-ին՝ Իջևանում, պաշտոնապես հիմնադրվել 3 օր անց՝ դեկտեմբերի 2-ին՝ Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև ստորագրված համաձայնագրով։ Հայկական ԽՍՀ-ն սկզբում եղել է անկախ միավոր, ապա մտել ԽՍՀՄ կազմը՝ նախ որպես Անդրկովկասյան Դաշնային ԽՍՀ հանրապետություն (1922-1936), ապա՝ որպես ինքնուրույն միավոր (1936-1991)։

Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանի տնտեսությունը զարգանում էր նախօրոք մշակված հնգամյա պլաններով։ Այդ ընթացքում Հայաստանում բացվել են տասնյակ գործարաններ ու ֆաբրիկաներ, Հայաստանը գյուղատնտեսական երկրից վերածվել է արդյունաբերական զարգացած երկրի։ Այն կարողանում էր էլեկտրաէներգիա մատակարարել հարևան պետություններին, քանի որ արտադրում էր ավելի շատ, քան կարող էր սպառել. երկրում գործում էին մեկ ատոմակայան (Մեծամոր), երեք ջերմային (Հրազդան, Վանաձոր, Երևան) և տասնյակ ջրային էլեկտրակայաններ։ Կառուցվել էին Նաիրիտ արհեստական կաուչուկի գործարանը, Վանաձորի քիմիական գործարանը, մետաղաձուլական կոմբինատներ Կապանում, Քաջարանում ու Ալավերդիում, տեքստիլ ֆաբրիկաներ Գյումրիում։ Մայրաքաղաք Երևանը ամբողջովին կառուցապատվեց նոր թաղամասերով, գյուղերը վերածվեցին քաղաքների, կառուցվեցին նորերը։

Զգալի փոփոխություններ կրեց կրթական համակարգը։ Տարրական ու միջնակարգ դպրոցներ բացվեցին գրեթե բոլոր գյուղերում, իսկ խոշոր բնակավայրերում հիմնվեցին թերի բարձրագույն ու բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Երևանի պետական համալսարանից առանձնացան լեզվաբանական, բժշկական, պոլիտեխնիկական, մանկավարժական և այլ ինստիտուտներ, որոնք իրենց մասնաճյուղերն ունեցան Վանաձոր, Գյումրի, Գորիս քաղաքներում։ Կրթական համակարգի զարգացման հետ զուգընթաց զարգացավ առողջապահությունը. բացվեցին բազմաթիվ հիվանդանոցներ, ամբուլատորիաներ, կլինիկաներ։

Խորհրդային Հայաստանի ռազմական ուժը հանդիսանում էր ԽՍՀՄ բանակի մասը։ Հայերը մեծ ներդրում են ունեցել խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմում (1941-1945)։ 1,3 միլիոն բնակչությունից 250 000-ը զորակոչվել են բանակ, որոնց մի մասը չի վերադարձել տուն։ Պատերազմից հետո կազմակերպվել է մեծ հայրենադարձություն, և Հայաստան են ժամանել 86 000 հայեր։ Հայաստանի բնակչությունը 1989 թվականի վերջին մարդահամարով կազմել էր 3,3 միլիոն բնակիչ, որոնց բացարձակ մեծամասնությունը հայեր էին։ 70 տարի առաջ, երբ Հայաստանում նոր էին հաստատվում խորհրդային կարգեր, բնակչությունը հասնում էր 700 000 մարդու, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում մուսուլմանները։

Ժամանակակից պատմություն[խմբագրել]

Հայաստանի երրորդ հանրապետությունը ծնվել է բարդ պայմաններում. 1988 թվականին սկսվել էր Արցախյան շարժումը, դեկտեմբերի 7-ին Սպիտակում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում արբեջանաբնակ 500 000 հայեր լքեցին երկիրը, որոնցից 350 000-ը փախստականի կարգավիճակով տեղափոխվեցին Հայաստան։ Սպիտակի երկրաշարժից հետո զոհվեցին 25 000 բնակիչ, անօթևան մնացին 530 000-ը։ Հայաստանից Հյուսիսային Կովկաս են էվակուացվում տասնյակ հազարավոր քաղաքացիներ, մյուս կողմից՝ 1990 թվականին հակամարտությունը վերաճում է պատերազմի։ Արցախյան գոյամարտը տևում է 4 տարի՝ 1990-1994 թվականները։ Պատերազմի պատճառով քայքայվեց երկրի տնտեսությունը. այն կանգնեց էներգետիկ ճգնաժամի առջև, երբ փակվեցին արևելյան և արևմտյան սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Բնակչությունը զրկվեց ջեռուցումից, ընդհատվեց երկաթուղային կապը, տնտեսությունը կանգնեց կազմալուծման լուրջ վտանգի առաջ։

Անկախության գործընթացը սկսվել էր 1990 թվականից։ Օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, որի համաձայն Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։ Խորհրդարանը որոշեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 միլիոն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «այո» ասաց անկախությանը։ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Հոկտեմբերի 16-ի նախագահական ընտրությունների արդյունքում՝ ձայների ճնշող մեծամասնությամբ (83 տոկոս) հանրապետության նախագահ ընտրվեց արցախյան շարժման առաջնորդներից Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ փոխնախագահ՝ Գագիկ Հարությունյանը։

ԽՍՀՄ փլուզումը (1991 թվականի դեկտեմբերի 8) և Անկախ Պետությությունների Համագործակցության (ԱՊՀ) ստեղծումը (1991 թվականի դեկտեմբերի 21) տեղի ունեցավ միաժամանակ։ Հայաստանն առաջիններից էր, որ անդամագրվեց ԱՊՀ-ին՝ 11 պետությունների շարքում։ Երկրորդ միջազգային կազմակերպությունը, որին անդամակցեց Հայաստանը, Միավորված Ազգերի Կազմակերպությունն էր (ՄԱԿ, մարտի 2, 1992)։

1994 թվականին Արցախ-Ադրբեջան գոտում կնքվեց զինադադար. Հայաստանն ու Արցախը հաղթանակով ավարտեցին իրենց պարտադրած պատերազմը։ 1995 թվականի հուլիսի 5-ին, խաղաղ պայմաններում, Հայաստանն ընդունեց իր գլխավոր օրենքը՝ սահմանադրությունը։ Այն հիմնված է Ֆրանսիայի սահմանադրության, ինչպես նաև՝ Մխիթար Գոշի Դատաստանագրքի, Սմբատ Գունդստաբլի Դատաստանագրքի, Շահամիր Շահամիրյանի Նոր տետրակի և Որոգայթ փառացի վրա։ 2005 թվականին տեղի ունեցան սահմանադրական բարեփոխումներ։

1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվում է նախագահի պաշտոնից, և նոր նախագահ է դառնում Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ թեկնածուն՝ Կարեն Դեմիրճյանը, ով նախկինում ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարն էր (1974-1988), ընտրվում է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ, իսկ սպարապետ Վազգեն Սարգսյանը՝ ՀՀ Վարչապետ։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի է ունենում ողբերգություն. սպանվում են Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, 6 պատգամավորներ։ Այդ ժամանակ Ազգային Անվտանգության ղեկավարի պաշտոնում էր Սերժ Սարգսյանը, ով 2008 թվականին դառնում է ՀՀ երրորդ նախագահը՝ փոխարինելով Ռոբերտ Քոչարյանին։

Հայաստանի անկախությունյն օգնել է երկրի միջազգային ճանաչմանը։ Այստեղ են տեղի ունեցել շախմատի միջազգային օլիմպիադան (1996), Համահայկական խաղերը (1999 թվականից սկսած), Ոսկե ծիրան կինոփառատոնը (2004 թվականից սկսած), Մանկական Եվրատեսիլը (2012) և շատ այլ փառատոներ, հանդեսներ և մրցույթներ։ Հայոց պետականության վերականգնումը կարևոր քայլ էր Հայ Առաքելական եկեղեցու պահպանման, Հայոց լեզվի զարգացման և ազգային ինքնագիտակցության ամրապնդման համար։

2018 թվականին կնշվի հայոց պետականության 100-ամյակը և Երևանի 2800-ամյակը։

Աշխարհագրություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի աշխարհագրություն

Հայաստանը գտնվում է Մերձավոր Արևելքում՝ Հարավային Կովկասում։ Այստեղ կան միջազգայնորեն ճանաչված երեք (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) և փաստացի գոյություն ունեցող երեք (Աբխազիա, Հարավային Օսիա, Արցախ) հանրապետություններ։ Նախկին ինքնավար հանրապետություններից Նախիջևանը պահպանել է իր կարգավիճակը, իսկ Աջարիան դարձել է Վրաստանի մարզերից մեկը։

ՀՀ ֆիզիկական քարտեզը

Հայաստանի Հանրապետությունը հյուսիսից սահմանակից է Վրաստանի, հարավից՝ Իրանի, արևելքից՝ Ադրբեջանի, արևմուտքից՝ Թուրքիայի հետ։ Հանրապետության հարավային մարզերը՝ Սյունիքն ու Վայոց ձորը արևելքից սահմանակցում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, իսկ արևմուտքում հայկական երկրորդ հանրապետությունն է՝ Արցախը։

Հայաստանի սահմանների երկարությունը հասնում է 1 570 կմ է։ Արևելյան սահմանի երկարությունը հասնում է 566 կմ֊ի․ սահմանից այն կողմ Ադրբեջանն է ու Արցախը։ Արևմուտքում անցնում է թուրքական սահմանը (311 կմ), ապա՝ Ադրբեջանի անկլավային տարածք Նախիջևանի սահմանը (221 կմ)։ Հայաստանի հյուսիսային սահմանը Վրաստանի հետ ունի 219 կմ, իսկ հարավային սահմանն Իրանի հետ՝ 44 կմ։

Հայաստանի ծայրակետերն են՝

  • հյուսիս՝ Տավուշ ( 41°17′N 45°0′E / 41.283°N 45°E)
  • հարավ՝ Սյունիք ( 38°49′N 46°10′E / 38.817°N 46.167°E)
  • արևելք՝ Սյունիք ( 41°5′N 43°27′E / 41.083°N 43.45°E)
  • արևմուտք. Շիրակ ( 39°13′N 46°37′E / 39.217°N 46.617°E)

Հայաստանի ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք է՝ 360 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 200 կմ։

Լեռնագրություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի լեռնագրություն

Հայաստանը լեռնային երկիր է։ Տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1.000-2.500 մ բարձրության վրա։ Լեռնաշղթաները գրավում են մոտ 14 000 կմ2 կամ երկրի ընդհանուր մակերեսի 47%, բարձրավանդակները կազմում են երկրի մակերեսի ավելի քան մեկ երրորդը կամ շուրջ 11 000 կմ2։

Ամենաբարձր կետը Արագած լեռն է՝ 4.090 մետր, և ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը՝ 375 մ։ Մյուս բարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3 906 մ) և Աժդահակը (3 598 մ)։

Երկրի տարածքը կազմում է 29․743 կմ2, որի 71.3% կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը, 12.4%՝ անտառային, 7.7%՝ հատուկ պահպանվող տարածքներ և 8.6%՝ այլ հողեր։

Լեռներ ու լեռնաշղթաներ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի լեռների ցանկ

Հայաստանի Հանրապետության լեռները հիմնականում մտնում են Փոքր Կովկասի ծալքաբեկորավոր լեռնաշղթաների համակարգում։

Փոքր Կովկաս լեռնահամակարգը

Փոքր Կովկասը Վրաստանի հարավային սահմանին զուգահեռ ձգվում է դեպի արևելք։ Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի մարզերի սահմանագլխին գտնվում է Ջավախքի լեռնաշղթան։ Երկարությունը մոտավորապես 50 կմ է և ձգվում է Թրիալեթից մինչև Բազումի լեռնաշղթա։ Այստեղ են Աշոցքի և Լոռվա սարահարթերը։ Ամենաբարձր գագաթը Աչքասարն է (3196 մ)։ Ջավախքի լեռնաշղթան հայտնի է նաև իր ջրվեժներով։ Լեռնաշղթան հիմնականում ծածկված է ալպյան մարգագետիններով և կանաչ արոտավայրերով։

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում են գտնվում Բազումի, Փամբակի և Վիրահայոց լեռնաշղթաները։ Հարավ-արևելքում Ծաղկունյաց լեռնաշղթան է։ Գուգարաց լեռները բնական սահման են Լոռու և Տավուշի մարզերի միջև։ Տավուշում են գտնվում Միափորի, Հախում, Տավուշ, Խնձորուտ և այլ լեռնաշղթաներ։ Հյուսիսային Հայաստանի այս լեռնաշղթաներից ամենաբարձրը Թեժլեռն է (3101 մ)։

Սևանի լեռնաշղթան սահմանաբաժան է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ավելի հարավ ճյուղավորվում են երկու լեռնաշղթաներ՝ Զանգեզուրի և Արցախի լեռները։ Զանգեզուրի լեռնաշղթան Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի, ապա՝ Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բնական սահմանն է։ Բարձր կետը Կապուտջուղն է (3906 մ)։

Արագած լեռ

Փոքր Կովկասի լեռնային համակարգից արևմուտք հրաբխային լեռներ են՝ Գեղամա լեռնաշղթան և Արագածի լեռնազանգվածը (4090.1 մ)։ Գեղամա լեռնավահանի երկարությունը մոտ 65 կմ է, լայնությունը՝ 35 կմ[12]։ Հրաբխային կոներից ամենաբարձրը Աժդահակն է՝ (3597,3 մ)։ Գեղամա լեռնաշղթայից դեպի արևմուտք է ձգվում Ողջաբերդի լեռնաբազուկը։ Գեղամա լեռնաշղթայում կան մի շարք լեռնային ոչ մեծ լճեր, այդ թվում խառնարանային։ Լճերից մեկը Աժդահակ լեռան խառնարանում է, որը սնուցվում է ձնհալով։ Գեղամա լեռնաշղթայում կարելի է հանդիպել թռչունների մոտ 250 տեսակ, ինչը կազմում է Հայաստանում հանդիպող թռչնատեսակների 70%-ը։ Լեռնաշղթայի հարավային լանջերի որոշ հատվածներ մտնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքի մեջ։

Հանրապետության կենտրոնական հատվածում տարածվում է Արագածի լեռնազանգվածը։ Այն ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Կատարները կիսաշրջանաձև են, կազմում են 270 աստիճանի աղեղ։ Արագածի լանջերը մեղմ թեքություն ունեն, որոնք փռված են գագաթների շուրջը հսկայական տարածությունների վրա՝ տեղ-տեղ կազմելով ընդարձակ բարձրավանդակներ, սարավանդներ, հարթություններ (Ապարանի դաշտը, Կարմրաշենի, Շամիրամի սարահարթերը, Օհանավանի, Մարալիկի սարավանդները և այլն), մասնատված են ճառագայթաձև տարածվող խոր հովիտներով, կիրճերով, հեղեղատներով։ Արագածի գագաթներին մշտական ձյուն է նստած, իսկ փեշերին արտահայտվում են տարվա բոլոր եղանակները՝ իրենց նրբերանգներով․ լեռնային շրջաններում կլիման փոփոխվում է ըստ բարձրությունների։

Հովիտներ ու գոգավորություններ[խմբագրել]

Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 80 %-ը լեռներ են։ Երկրի ամենամեծ գոգահովիտներից են Արարատյան, Շիրակի, Սևանի և Փամբակի գոգավորությունները։ Արարատյան գոգավորությունը գտնվում է Արաքսի ավազանի միջին մասում։ Հատակը՝ Արարատյան դաշտը (բարձր. 800 - 1000 մ), թույլ թեքությամբ իջնում է դեպի հարավ-արևելք։ Այն ամենախիտ բնակեցված հատվածն է, որտեղ ապրում է ազգաբնակչության կեսը։

Սևանի գոգավորությունը շրջապատված է Գեղամա և Սևանի լեռնաշղթաներով. այստեղ է գտնվում Կովկասի ամենամեծ լիճը՝ Սևանը։ Նրա ջրահավաք ավազանը ներառում է երեք տասնյակ գետեր ու գետակներ, որոնք գտնվում են գոգավորության սահմաններում։ Միաժամանակ հանդիսանում է Սևան ազգային պարկի հիմնական տարածքը։

Հանրապետության հյուսիս-արևմուտքում է գտնվում Շիրակի գոգավորությունը։ Շրջանակված է Շիրակի, Փամբակի լեռնաշղթաներով և Արագած լեռնազանգվածով։ Արևմուտքում միանում է Կարսի սարահարթին։ Հատակը՝ Շիրակի դաշտը, գտնվում է 1550 - 1600 մ բարձրության վրա։ Ունի 25-30 կմ երկարություն և 18-20 կմ լայնություն։ Այն ևս տեկտոնական իջվածք է, լցված լճային, հրաբխային և նորագույն ալյուվիալ, պրոլյուվիալ և այլ նստվածքներով։ Նրան հարակից Փամբակի գոգավորությունը գտնվում է Փամբակի ու Բազումի լեռնաշղթաների միջև։ Ջաջուռի լեռնանցքից մինչև Գայլաձորի կիրճը այն ձգվում է 1300-1600 մ բարձրության վրա։ Այս իջվածքը ևս լցված է նստվածքներով, ունի շինանյութերի հանքավայրեր, տորֆի ու լիգնիտի պաշարներ։

Լեռնային պայմաններ ունեցող երկրի համար այս գոգավորություններն ունեն կենսական նշանակություն, հանդիսանում են գյուղատնտեսության, մասնավորապես՝ երկրագործության հիմնական օջախները, այստեղ է կենտրոնացած բնակչության բացարձակ մեծամասնությունը։ Այստեղ ոչ միայն գյուղական բնակավայրերն են, այլև հանրապետության խոշորագույն քաղաքները՝ Երևանը, Գյումրին, Վանաձորը, Վաղարշապատը, Արմավիրը և այլն։

Օգտակար հանածոներ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ ՀՀ օգտակար հանածոներ

Լինելով լեռնային երկիր՝ Հայկական լեռնաշխարհը հարուստ է զանազան օգտակար հանածոներով։ Հին ժամանակներից շահագործվել են պղնձի (Cu), կապարի (Pb), արծաթի (Ag), ոսկու (Au), երկաթի (Fe) և այլ հանքեր։ Պղինձը հանդիպում է նաև մոլիբդենի հետ (Mo)՝ պղնձամոլիբդենային հանքավայրերում Քաջարանի, Ագարակի և վերջերս շահագործման հանձնված Թեղուտի հանքավայրերը։ Սև մետաղներից երկաթի համեմատաբար խոշոր հանքավայրեր կան Սվարանցի, Հրազդանում և Աբովյանում (Կապուտան) հանքավայրերը։

Հայաստանի Հանրապետությունում հսկայական են շինանյութերի պաշարները։ Բազալտի շերտերը հազարավոր քառակուսի կիլոմետր տարածք են զբաղեցնում։ Պեռլիտը հանդես է գալիս ավազի ու խճի տեսքով։ Հանդիպում են տուֆի, բազալտի (որձաքար), հրաբխային կավերի, գրանիտի, մարմարի և այլ հանքավայրեր։ Հայաստանի Հանրապետությունում հայտնի են Ջաջուռի և Ջերմանիսի ածխահանքերը։

Հայկական լեռնաշխարհը հռչակված է իր բազմաթիվ սառը և տաք հանքային ջրերով, որոնցից վերջինները մեծ մասամբ հայտնի էին ջերմուկ անունով։ Հնում նշանավոր էին Վարշակի, Վայոց ձորի ջերմուկները, այժմ՝ Ջերմուկի, Դիլիջանի, Արզնիի, Բջնիի և այլ հանքային աղբյուրները։

Ջրագրություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի ջրագրություն

Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով։ Երկրում կան մոտ 9480 գետեր, որոնցից 379-ը ունեն 10 կմ-ից ավել երկարություն, և 100-ից ավել լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։ Դարեր շարունակ Հայաստանը կոչվել է «գետերի և լճերի երկիր»՝ «Նաիրի»։ Երկրի տարածքի 4,7%-ը (7,7 միլիարդ կմ2) կազմում է ջուրը։

Գետեր[խմբագրել]

ՀՀ գետերը իրենց ավազաններով

Հայաստանի Հանրապետության ամենաերկար գետերն են՝ Արաքսը, Ախուրյանը, Դեբեդը, Որոտանը, Հրազդանը, Աղստևը, Արփան, Քասախը և այլն[13]։ Գետերի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 23 հազար կմ։

Հայաստանի գլխավոր գետը Արաքսն է՝ Հրազդան վտակով։ Այն ունի 1072 կմ երկարություն, որից 158 կմ-ը անցնում է Հայաստանի տարածքով. այն ՀՀ բնական սահմանն է Թուրքիայի և Իրանի հետ։ Գետերի մեծ մասը Արաքսի վտակներն են։ Ամենաերկարը Ախուրյանն է (186 կմ)։ Այն սկիզբ է առնում Արփի լճից և թափվում Արաքս գետը՝ կազմելով Հայաստանի արևմտյան սահմանը Թուրքիայի հետ։ Այն հանրապետության երրորդ գետն է՝ միջին ծախսը 26,9խմ/վ (տարեկան 900 միլիոն խոր մ)։

Երկրի ներսում՝ Որոտան (179 կմ, Հայաստանում՝ 119 կմ), Հրազդան (141 կմ) և Արփա (126 կմ, Հայաստանում՝ 90 կմ) գետերի վրա, կառուցված են մեկ տասնյակից ավելի ջրաէլեկտրակայաններ, ինչպես նաև՝ ջրամբարներ ու լճակներ։ Այդ խոշոր գետերի հովիտներում է կենտրոնացած հանրապետության հիմնական բնակչությունը, խոշոր գյուղերն ու քաղաքները։

Հյուսիս-արևելյան շրջանում՝ Լոռու և Տավուշի մարզերում, գետերը պատկանում են Կուր գետի ավազանին։ Առավել խոշորներն են՝ Դեբեդը՝ Փամբակ ու Ձորագետ վտակներով, Աղստևը, Գետիկը և այլն։

Լճեր և ջրամբարներ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի լճերի ցանկ

Հայաստանում կան բազմաթիվ լճեր, որոնցից ամենամեծը՝ Սևանա լիճը, գտնվում է ծովի մակարդակից 1897 մ բարձրության վրա։ Այն հանրապետության խոշորագույն ձկնաբուծական կենտրոնն է ու քաղցրահամ ջրի ամենամեծ աղբյուրը Մերձավոր Արևելքում։ Աշխարհի քաղցրահամ ջրով լճերի շարքում՝ գտնվելու վայրի բարձրությամբ, այն զիջում է միայն Տիտիկակա լճին (3812 մ, Անդեր)։ Սևանը Հայկական լեռնաշխարհում մեծությամբ երրորդ լիճն է (Վանա լճից և Ուրմիայից հետո)։ Հնում հայտնի է եղել «Գեղամա ծով», «Գեղարքունյաց ծով» և այլ անուններով։ Լճի մակերեսը 1240 կմ2 է, խորությունը հասնում է 83 մետրի։ Սևանա լճի շրջապատում են 4 լեռնաշղթաներ՝ Փամբակի (հյուսիս-արևմուտք), Արեգունի (հյուսիս-արևելք), Վարդենիսի (հարավ), Գեղամա (արևմուտք)։ Լճի մեջ լցվում է 28 գետ ու գետակ, որոնց տարեկան գումարային հոսքը շուրջ 0.8 կմ3 է, իսկ լճից սկիզբ առնող միակ գետի՝ Հրազդանի միջոցով իրականացվող ջրերի տարեկան արտահոսքը 0.7 կմ3։ 1936 թվականին առավելագույն խորությունը եղել է 98.7 մ, ապա լճի ջրերի օգտագործման հետևանքով իջել է մինչև 79.7 մետրի (2000 թ.)։ Հայելու մակերեսը պակասել է 12.5 տոկոսով՝ հասնելով 1238.8 կմ2։ Այժմ, Արփա-Սևան և Որոտան-Արփա ջրատար թունելների շնորհիվ լճի մակարդակը բարձրացել է 2 մետրով. դրանով փորձ է արվում պահպանել լճի բուսական ու կենդանական աշխարհը։ Ստեղծվել է Սևան ազգային պարկը՝ էկոլոգիական խնդիրը լուծելու համար։

Հայաստանում հայտնի են Արփի, Այղր, Պարզ, և բազմաթիվ այլ լճեր, որոնք չեն կարող լուծել ոռոգման կամ էլեկտրաէներգիայի ապահովման հարցերը։ Դրա համար կառուցվել են 74 ջրամբարներ՝ 988 միլիոն մ2 ընդհանուր մակերեսով։ Ամենամեծը Ախուրյանի ջրամբարն է՝ 525 միլիոն մ2 մակերեսով։

Ստորգետնյա ջրեր և աղբյուրներ[խմբագրել]

Հայաստանի Հանրապետության տարածքում ստորգետնյա ջրերի դերը մեծ է գետերի հոսքի ձևավորման գործում։ Դա վերաբերում է խոշոր գետերի վտակներին. առավելապես ստորգետնյա սնում ունեն Մեծամոր (93 %), Աշոցք (85 %), Գավառագետ (83 %), Մասրիկ (78 %), Գորիս (73 %), Ազատ (69 %), Ախուրյան (59 %) և այլ գետեր։ Այդպիսով, Հայաստանի ստորգետնյա ջրերի պաշարները գնահատվում են 4,017 միլիարդ մ3։ Մոտ 70%-ը հոսում է դեպի Արարատյան դաշտ, որի ջրային պաշարները գտնվում են 40-300 մ խորության վրա։

Խմելու ջրի 96%-ը օգտագործվում է ստորգետնյա ջրերից։ Տարեկան օգտագործվում են մոտ 3 միլիարդ մ2 ստորգետնյա ջուր, որից 1,6 միլիարդ մ2-ը աղբյուրների, 1,4 միլիարդ մ2-ը՝ գետերի և լճերի կողմից։

Հայաստանի տարածքում կան մոտ 8000 աղբյուրներ[14]։ ՀՀ դաշտային ու հովտային հատվածներում բավական շատ են արտեզյան (Արարատյան, Մասրիկի, Շիրակի, Վերին Ախուրյանի ավազաններ) և քիմիական տարբեր բաղադրությամբ հանքային աղբյուրներով («Արարատ», «Արզնի», «Բջնի», «Դիլիջան», «Լիճք», «Լոռի», «Հանքավան», «Ջերմուկ», «Սևան» և այլ հանքային ջրեր)։

20-րդ դարի վերջից բնապահպանական լուրջ խնդիր է ստորգետնյա ջրերի մաքրության պահպանումը[15]։

Կլիմա[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի կլիմա

ՀՀ տարածքը գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային լայնություններում: Այն բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով ու տարվա 4 եղանակների առկայությամբ։

Հայաստանի Հանրապետության տարածքում կլիմայաստեղծ գործոնները բազմազան են: Կլիման հիմնականում լեռնային է՝ կապված ռելիեֆի հետ: Զգալի ազդեցություն ունեն հարևան զոնաները՝ Արաբական թերակղզու անապատները, Սև և Կասպից ծովերին մոտ լինելը, ինչպես նաև Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների հարևանությունը։

Բնակավայր Բարձր.
(մ)
Տեղումներ
(մմ)
Օրական ջերմ.
(°C)
Ձյան միջին
խորություն
Ձյան նվազագույն
խորություն
Ձյան առավելագույն
խորություն
Ձյունառատ
օրեր
Խոնավ.
 %
Բագրատաշեն 453 444 11.7 72
Մեղրի 627 259 13.8 5 27 0 21 61
Կապան 705 544 11.5 10 32 2 34 71
Իջևան 732 563 10.6 10 28 1 38 73
Արտաշատ 829 235 11.1 10 44 0 39 65
Արմավիր 861 244 11.3 10 42 0 45 60
Երևան 942 316 11.4 12 46 0 44 60
Արենի 1009 357 11.8 14 40 56
Եղեգնաձոր 1267 398 10.8 18 50 66
Ապարան 1291 651 4.3 56 92 10 125 69
Եղվարդ 1317 407 9.8 28 68 0 74 62
Վանաձոր 1350 586 7.4 17 38 3 72 71
Ստեփանավան 1397 683 6.6 19 53 4 73 73
Տաշիր 1507 713 5.8 17 37 2 72 75
Սպիտակ 1552 439 7.1 12 56 2 63 69
Գյումրի 1556 477 5.8 26 61 4 96 70
Սիսիան 1580 365 6.6 12 34 3 73 68
Թալին 1582 435 7.9 24 64 2 82 59
Արթիկ 1750 516 5.8 22 51 5 95 66
Ֆանտան 1798 640 6.0 50 79 13 124 66
Ճամբարակ 1861 557 4.8 16 37 5 102 74
Սևան 1936 556 4.0 36 83 3 136 74
Մեծ Մազրա 1940 390 4.2 21 35 7 109 69
Մարտունի 1995 457 5.6 26 75 2 98 67
Պաղակն 2004 574 1.8 53 81 17 138 74
Արագած 3329 1065 -2.7 166 235 66 252 73[16]

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել]

Կենդանական աշխարհ[խմբագրել]

Հայկական մուֆլոնը Հայաստանի ամենաբնորոշ կենդանատեսակներից է՝ ընտանի ոչխարների նախնին, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի կենդանական աշխարհ

Հայաստանի կենդանական աշխարհը ձևավորվել է նրա բարենպաստ աշխարհագրական դիրքի և երկրբանական ու լեռնագրական բարդ կառուցվածքի հիմքի վրա։ ՀՀ-ն՝ որպես Հայկական լեռնաշխարհի մի մաս, տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհների ձևավորման կարևոր մարզերի միջև է։

ՀՀ ֆաունան ընդգրկում է ավելի քան 17 հազար կենդանատեսակ։ Ողնաշարավորների ֆաունան լավ է ուսումնասիրված և ներկայացված է 536 տեսակներով. 83-ը կաթնասուններ են, 353-ը՝ թռչուններ, 53-ը՝ սողուններ, 8-ը՝ երկկենցաղներ, 39-ը՝ ձկներ։ Անողնաշարներն անհամեմատ վատ և անհավասարաչափ են ուսումնասիրված (միայն 30 %-ը), որը բացատրվում է նրանց խիստ առատությամբ և բազմազանությամբ։ Հայաստանում տարածված անողնաշարների 90 %-ը կազմում են միջատները։ Անողնաշարների ֆաունայի շուրջ 2 %-ը (ավելի քան 300 տեսակ) էնդեմիկ է, 100-ից ավելին՝ հազվագյուտ և անհետացող։ ՀՀ էնդեմիկ կենդանատեսակները պատկանում են Կովկասի (Շելկովնիկովի ծառագորտ, կովկասյան մարեհավ և այլն), Փոքր Կովկասի (Դարևսկու իժ, ժայռային մողեսների մեծամասնությունը և այլն), Արևելյան Կովկասի (անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկ, զոլավոր մողես և այլն), Ատրպատականաարևելահայկական (հայկական լեռնատափաստանային իժ, հայկական էյրենիս, Ռադդեի իժ, Դալի ավազամուկ և այլն) և Հայկական լեռնաշխարհի (Չեռնովի մերկաչք մողես, սևավիզ քարաթռչնակ, վայրի հնդկահավ, հայկական որոր և այլն) էնդեմիկ խմբերին։

«Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում» (2010) գրանցված է 308 կենդանատեսակ, որոնցից 153-ը ողնաշարավոր են (ոսկրային ձկներ՝ 7, երկկենցաղներ՝ 2, սողուններ՝ 19, թռչուններ՝ 96, կաթնասուններ՝ 29), 155-ը՝ անողնաշար (փափկամարմիններ՝ 16, միջատներ՝ 139)։

Բուսական աշխարհ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի բուսական աշխարհ

Հայաստանի բուսական աշխարհը ներկայացնում են մոտ 3600 տեսակի անոթավոր բույսեր (Կովկասի ֆլորայի մոտ 60 %-ը), որոնք ընդգրկված են ավելի քան 800 ցեղերում և 160 ընտանիքներում։ Հայաստանի տարածքով են անցնում շատ բուսատեսակների տարածման արեալների սահմանները։ 156 ընտանիքի 879 ցեղի պատկանող 3260 բուսատեսակ ներառված է «Հայաստանի ֆլորա» ժողովածուի 11 հատորում։ 4 նոր ընտանիքներ, 33 ցեղ, 445 տեսակ և 16 ենթատեսակ հայտնաբերվել են ավելի ուշ[17]։

Հայաստանի ֆլորայի էնդեմիկների թիվը կազմում է 124 տեսակ, որը նրա բուսական աշխարհի տեսակային ընդհանուր բազմազանության մոտ 3%-ն է, իսկ Կովկասի ֆլորայի՝ 1,5%-ը։ ՀՀ-ի ֆլորայի էնդեմիկ տաքսոնները ներկայացնում են 26 ընտանիք, 56 ցեղ և 124 տեսակ։ Էնդեմիկ են նաիրյան նշենին, հայաստանյան արոսենին, Թախտաջյանի կաթնուկը, Թամամշյանի օշանը, Մաղաքյանի ստելերոպսիսը, Տիգրանի թանթրվենին, Արարատի իշամառոլը, Բարսեղյանի վուշը և այլն։ Առանձնահատուկ տեղ են գրավում վայրի էնդեմիկ հացազգիները (ցորեն, գարի, աշորա, վարսակ)։ Ըստ ռուս բուսաբան Նիկոլայ Վավիլովի՝ Հայաստանն Առաջավոր Ասիայում հասկավոր հացաբույսերի առաջացման բնօրրաններից է։

ՀՀ-ի ֆլորայի կազմում զգալի են նաև մնացորդային (ռելիկտային) տեսակները, որոնց մեծ մասը ծառեր ու թփեր են, կան նաև մնացորդային խոտաբույսերի որոշ տեսակներ։ 2010-ին ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտում պատրաստվել և տպագրվել է «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի» 2-րդ՝ լրամշակված հրատարակությունը, որտեղ գրանցված են 452 տեսակի բարձրակարգ բույսեր, որոնցից ԲՀՊՏ-ներում ներկայացված են 166-ը կամ 36,7 %-ը։

Հայաստանի հանրապետության 12%-ը անտառապատ է, որից 5%-ը գտնվում է Լոռիի, 4%-ը Տավուշի, 1%-ը Սյունիքի, 0.5%-ը Կոտայքի, 0.5%-ը Վայոց Ձորի, իսկ մյուս 1%-ը տեղաբաշփված են մյուս մարզերով։ Անտառները հիմնականում՝ լայնատերև, սաղարթավոր և ասեղնատերևավոր են։

Բնապահպանություն[խմբագրել]

Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների հիմնադրումն սկսվել է 1986 թվականից, երբ հիմնադրվել են առաջին հատուկ պահպանվող տարածքները՝ 3 արգելոց և 6 արգելավայր[18]։

Ըստ՝ ՀՀ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի (1991)՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածքներ երաշխավորված են ազգային պարկերը, արգելոցները, արգելավայրերը և բնության հուշարձանները[19]։ Բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր տարածքը (ներառյալ Սևանա լիճը) 380 հազար հա է՝ ՀՀ տարածքի 12,5%-ը։ Ցամաքային լանդշաֆտների պահպանվող տարածքները կազմում են ՀՀ տարածքի մոտ 6%-ը[20]։ ՀՀ-ում գործում են 4 ազգային պարկ (Սևան, Դիլիջան)՝ 178102 հա, Արփի լճի ազգային պարկ, Արևիկ ազգային պարկ, 26 արգելավայր՝ 89442 հա, 3 արգելոց (Խոսրովի անտառ, Շիկահողի, Էրեբունի)՝ 39615 հա ընդհանուր տարածքով[18], 230 բնության հուշարձան[21]։

Բնության հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով ՀՀ Կառավարությունը սահմանել է պահպանական գոտիներ։ Բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանվում են ՀՀ բուսական և կենդանական աշխարհների տեսակային կազմի 60%-ը, այդ թվում՝ հազվագյուտ, անհետացման եզրին հայտնված և բնաշխարհիկ տեսակների գերակշռող մասը, ինչպես նաև վայրի գենետիկական պաշարները։

Տնտեսություն[խմբագրել]

ՀՀ տնտեսության ճյուղերը
Հայկական ատոմակայանը

Հայաստանի անկախացումից (1991) հետո հանրապետությունում սկսվել է ազատ շուկայական հարաբերություններին, սեփականության պետական միասնական ձևից սեփականության բազմաբնույթ ձևերին անցնելու գործընթացը։

1999-ին սեփականաշնորհվել է 1492 փոքր, միջին և խոշոր ձեռնարկություն, պետ․ գույքը, առևտրի, հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման, անավարտ շինարարության օբյեկտների գերակշռող մասը։ Գյուղատնտեսության մեջ (սկսած 1991-ից) սեփականաշնորհվել են հողը, գյուղատնտեսական կենդանիները, մեքենաների և արտադրական այլ միջոցների 85-90%-ը։ 1993-ի նոյեմբերին արմատավորվել է ՀՀ ազգային արժույթը՝ դրամը, որով հնարավոր է դարձել վարել անկախ և ինքնուրույն դրամավարկային ու գանձարանային քաղաքականություն։ 1992-ից ազատականացվել են գները և արտաքին տնտեսական կապերը։ Արմատավորվել են հարկային և բյուջետային նոր համակարգեր, գործողության մեջ են դրվել հարկերի տարբեր տեսակներ, կրճատվել բյուջեի հաշվին կապիտալ ներդրումները, բացառվել լրավճարները, ստեղծվել արտաբյուջետային հիմնադրամներ։

Երկրաշարժի, ապա ԽՍՀՄ փլուզման, արցախյան հակամարտության, տրանսպորտատնտեսական շրջափակման, տնտեսության համակարգային փոփոխությունների, անցումային փուլում թույլ տված սխալների հետևանքով 1991-93-ին թողարկվող արտադրանքի ծավալը կրճատվել է 60%-ով, աշխատավարձի աճը հետ է մնացել գերսղաճի տեմպից, պետական բյուջեի եկամուտների անկումը հանգեցրել է սոցիալական բնույթի ծախսերի և կենսական նշանակության սպասարկման ծառայությունների կտրուկ կրճատման, աճել է գործազրկությունը։ Չեն ձևավորվել արտադրական ներուժի լիարժեք օգտագործման և արտադրության արդյունավետ վարելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, չեն լուծվել հումքի մատակարարման և արտաքին շուկա դուրս գալու խնդիրները։ Տնտեսության համակարգային փոփոխությունները, երկրաշարժը, ավանդական շուկաների կորուստը ևն հանգեցրել են շատ ձեռնարկությունների չաշխատելուն, մյուսները գործում են արտադրական հզորությունների նվազագույն կարողությամբ։ Արտադրանքի ծավալի նվազում հատկապես նկատելի էր մեքենաշինության և մետաղամշակման, թղթի-թաղանթանյութի, փայտամշակման, շինանյութերի, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերում։ Անցման փուլում տնտեսության քանակական ցուցանիշների բացասական միտումները հանգեցրել են որակական ձևախեղումների։ Եթե 1987-ին համախառն ներքին արդյունքում արդյունաբերության բաժինը 45% էր, գյուղատնտեսությանը՝ 14%, ապա 1994-ին դրանք համապատասխանաբար եղել են 25, 9% և 48%։ 1998-ին արդյունաբերության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում նվազել է մինչև 24%, գյուղատնտեսության բաժինը կազմել է 34, 2, ծառայությունների ոլորտինը՝ 32, 3%։

Գյուղատնտեսություն[խմբագրել]

Երկրագործություն[խմբագրել]

Անասնապահություն[խմբագրել]

Արդյունաբերություն[խմբագրել]

1994-ից արդյունաբերության առանձին ճյուղերում (էներգետիկա, տրանսպորտ, սննդի ու վերամշակող ևն) նկատվում են արտադրության անկումային գործընթացների կասեցում և մասնակի աճի միտումներ։ Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին գործարկվել են 12715, 1 միլիոն դրամի հիմնական ֆոնդեր (1999)։ Կապիտալ ներդրումների ֆինանսավորման աղբյուրների մեջ զգալի է օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների բաժինը (46, 4%)։ ՀՀ առևտրատնտեսական կապեր ունի 33 պետությունների (այդ թվում՝ ԱՊՀ 9 երկիր) հետ։ 1999-ին ԱՊՀ երկրների բաժինն ապրանքների արտահանման ծավալի մեջ կազմել է 24, 3%, ներմուծման մեջ՝ 23, 9%, այլ երկրներինը համապատասխանաբար՝ 75, 7% և 76, 1%։

Հայաստանի Հանրապետությունը ունի բավականին զարգացած էներգահամակարգ, որն ընդգրկում է արտադրող կայաններ, էլեկտրոցանցային ընկերություններ, գազի ընկերություններ, ինստիտուտներ[22]։

Մինչև ԽՍՀՄ փլուզումը քիմիական արդյունաբերության տեսական կշիռն արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում կազմել է 6-7% (1990)։ Արտադրվել են կալցիումի կարբիդ, կաուչուկ, արհեստական խեժեր, ազոտական պարարտանյութ, արհեստական մանրաթել, վիտամիններ, ավտոդողեր, լայն սպառման առարկաներ ևն։ Պատկերը խիստ փոխվել է ՀՀ անկախացումից հետո։

ՀՀ-ում մեքենաշինությունը ձևավորվել է 1929-40-ին, իսկ հետպատերազմյան տարիներին զարգացումն ուղեկցվել է որակական տեղաշարժերով։ Ճյուղը ներառում է էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը, հաստոցաշինությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը ևն։

Գունավոր մետաղաձուլության զարգացման հիմքը պղնձի, պղինձ-մոլիբդենի, բազմամետաղային, ոսկի-բազմամետաղային ու ոսկու արդյունահանումն է։ Դրանց հանքանյութերը պարունակում են նաև հազվագյուտ և ազնիվ մետաղներ։ Ճյուղը ներառում է պղնձամոլիբդենային, բազմամետաղային ու ոսկու արդյունաբերությունները։ 1999-ին մասնակիորեն գործել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային, Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատները, Կապանի հանքահարստացուցիչ ֆաբրիկան, «Հայոսկի» ՓԲԸ։ Ճյուղը թողարկում է մոլիբդենի, պղնձի խտանյութ, պղնձի գլանվածք, փայլաթիթեղ ևն։ ՀՀ մոլիբդենի պաշարներով հայտնի է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը, որի բազայի վրա գործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Շինանյութերի արդյունաբերության զարգացման հիմքը հրաբխային ապարների՝ տուֆի (արդյունահանումը՝ հիմնականում Շիրակի ու Արագածոտնի մարզերում), պեռլիտի (Արագածի պեռլիտի գործարան), բազալտի (գրեթե բոլոր մարզերում), մարմարի (Արզականի, Խոր վիրապի հանքավայրեր), գրանիտի (Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայքի մարզերի հանքավայրեր) արդյունահանումն է։ Ճյուղը ձևավորվել է 1920-ական թթ․, երբ հիմնադրվել են «Անիպեմզա», «Արթիկտուֆ», Ջաջուռի կրի կոմբինատները, 1936-41-ին՝ Արարատի ցեմենտի գործարանը։ Ճյուղը ներառել է հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների ու տարրերի, ցեմենտի, ոչ հանքային շինանյութերի, երեսպատման նյութերի ու տարրերի, խեցեգործական արդյունաբերությունները։

Անտառանյութի, փայտամշակման եվ թղթի-թաղանթանյութի արդյունաբերության առաջին արդյունաբերական կենտրոններ են եղել Իջևանը, Տավուշը, Ալավերդին։ 1945-90-ին կահույքի ֆաբրիկաներ են կառուցվել Երևանում, Վանաձորում, Արմավիրում, Գյումրիում և այլուր։ Թողարկվում է կահույք, նրբատախտակ, մանրատախտակ, սղոցանյութ ևն։ 1999-ին արտադրվել է սղոցանյութ, մանրատախտակ, շինափայտ ևն։

Թեթև արդյունաբերությունը մինչև ԽՍՀՄ փլուզումը ներառել է 7 ճյուղ (բամբակազտիչ, բրդի, մետաքսի, տրիկոտաժի, կարի, կաշվի և կոշիկի), կազմելով սպառման առարկաների թողարկման ընդհանուր ծավալի մոտ 60%-ը։ Համախառն արտադրանքի ծավալով մեքենաշինությունից հետո գրավել է 2-րդ տեղը (1990)։ 1988-ի դեկտեմբերի երկրաշարժի, ԽՍՀՄ փլուզման և տնտեսական շրջափակման հետևանքով ճյուղի ձեռնարկությունների գերակշռող մասը դադարեց գործելուց, անկում ապրեցին արտադրանքի թողարկման ծավալները։ 1994-ից սկսած ճյուղի 160 ձեռնարկություններից 85-ը սեփականաշնորհվել է։ 1999-ի հունվար-հունիսին թողարկվել է 1894, 3 միլիոն դրամի տեքստիլ և կարի արտադրանք։ 1999-ին գործել են Երևանի «Գարուն», «Տոսպ», «Էրեբունի», «Հայք», Գյումրու «Տավրոս», Վանաձորի «Բազում» ԲԲԸ-ները, Երևանի «Հայգորգ», «Մահուդ» ՓԲԸ-ները ևն։

Սննդի արդյունաբերությունն անցյալում միավորել է 200-ից ավելի ձեռնարկություններ, 18 տարբեր ճյուղեր և տվել ՀՀ արդյունաբերության համախառն արտադրանքի ընդհանուր ծավալի 18, 8%-ը։ Թողարկել է կոնյակ, գինի, սննդամթերք, ծխախոտ, ոչ ալկոհոլային խմիչքներ, հաց, ձուկ, պահածո ևն։

Շինարարության ոլորտը ներառում է արդյունաբերական շինարարությունը, գյուղական շինարարությունը և բնակարանային շինարարությունը։

Առևտուր[խմբագրել]

Տրանսպորտ և կապ[խմբագրել]

Պետական կառուցվածք[խմբագրել]

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի հիման վրա։

Կառավարում[խմբագրել]

Օրենսդիր իշխանություն[խմբագրել]

Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է։ Ազգային Ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից։ Ազգային Ժողովն ընտրվում է համապետական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով։ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր՝ 90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 2007թ. մայիսի 25-ին։ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեց պատգամավորական 5 խմբակցություն՝ «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն» (63 պատգամավոր), «Բարգավաճ Հայաստան» (26 պատգամավոր), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» (16 պատգամավոր), «Օրինաց երկիր» (8 պատգամավոր), «Ժառանգություն» (7 պատգամավոր)։ Այս խմբակցությունները ստեղծվել են 2007թ. հունիսի 7-ին։ Դրանցում ընդգրկված չէ 11 պատգամավոր[23]։

Գործադիր իշխանություն[խմբագրել]

Հանրապետության Նախագահը պետության գլուխն է։ Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Նախագահը Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է։ Հանրապետության նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով[24]։

Գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը։ Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից։ Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա Նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին։ Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին։

Այսօր ՀՀ-ում գործում են հետևյալ նախարարությունները՝[25]

Կառավարությանն առընթեր մարմիններն են՝[26]

Դատական իշխանություն[խմբագրել]

Հայաստանում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Հայաստանում ընդհանուր իրավասության դատարաններն են՝ առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը։ Գործում է նաև վարչական դատարանը, օրենքով կարող են նախատեսվել այլ մասնագիտացված դատարաններ։ Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը։

Զինված ուժեր[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի Զինված Ուժեր
ՀՀ Զինված Ուժերի զինանշանը

1992 թ.-ի հունվարի 28-ին ՀՀ Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարեց Հայոց Ազգային բանակի ստեղծումը։ Հայաստանի Հանրապետության բանակի թվաքանակը կազմում է 44.800 զինվոր (ժամկետային զինծառայողներ), գումարած ևս 210.000 պահեստային զինվորներ[27]։ Բանակի բյուջեն կազմում է $447 միլիոն (2013 թ.)[27]։ Բանակը բաժանված է երեք հիմնական ճյուղի՝ ցամաքային զորքեր, հակաօդային պաշտպանության զորքեր և ռազմաօդային ուժեր։ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահն է՝ Սերժ Սարգսյանը։ Պաշտպանության նախարարը՝ Սեյրան Օհանյանը։ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետը՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

Խորհրդանիշներ[խմբագրել]

Դրոշ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի դրոշ
ՀՀ պետական դրոշը

Հայաստանի Հանրապետության դրոշը կարմիր, կապույտ, ծիրանագույն (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է՝ լայնքի և երկայնքի 1 ։ 2 հարաբերակցությամբ։ Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ) դրոշի կրկնությունն է։ Կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի թափած արյունը, կապույտ գույնը՝ Հայաստանի երկինքը, ծիրանագույնը՝ ժողովրդի ստեղծարար աշխատանքը։

Զինանշան[խմբագրել]

ՀՀ զինանշանը։

Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։

Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։

Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին։ 2006 թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը Ազգային ժողովից։ Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը[28]։

Օրհներգ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Մեր Հայրենիք

Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգը ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխությունենրով։ Հիմնի տեքստը մշակվել է Միքայել Նալբանդյանի կողմից գրված «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը։

Վարչատարածքային բաժանում[խմբագրել]


Հայաստանի Հանրապետությունը բաժանվում է 10 մարզերի և մայրաքաղաքի, որոնք են՝

Մարզ

Մարզկենտրոն

Տարածք

Բնակչություն

1.Արագածոտն ք.Աշտարակ 2, 753 կմ² 126, 278
2.Արարատ ք.Արտաշատ 2, 096 կմ² 252, 665
3.Արմավիր ք.Արմավիր 1, 242 կմ² 255, 861
4.Գեղարքունիք ք.Գավառ 5, 348 կմ² 215, 371
5.Կոտայք ք.Հրազդան 2, 089 կմ² 241, 337
6.Լոռի ք.Վանաձոր 3, 789 կմ² 253, 351
7.Շիրակ ք.Գյումրի 2, 681 կմ² 257, 242
8.Սյունիք ք.Կապան 4, 506 կմ² 134, 061
9.Տավուշ ք.Իջևան 2, 704 կմ² 121, 963
10.Վայոց Ձոր ք.Եղեգնաձոր 2, 308 կմ² 53, 230
11.Երևան - 227 կմ² 1, 091, 235

Մարզերը իրենց հերթին կազմված են քաղաքային և գյուղական համայնքներից, որոնցում իրականացվում է տեղական ինքնակառավարում։ Մարզպետներին նշանակում և ազատում է Հայաստանի կառավարությունը, որի տվյալ որոշումները վավերացնում է Հանրապետության Նախագահը։ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում է 926 համայնք, որոնցից 48 քաղաքային համայնքներ, 866 գյուղական համայնքներ և 12 վարչական շրջաններ՝ Երևան քաղաքում։ ՀՀ-ում կա 949 գյուղ[29]։

Ժողովրդագրություն[խմբագրել]

Էթնիկ կազմ[խմբագրել]

1rightarrow.png  Տե՛ս նաև Հայաստանի ազգային փոքրամասնությունների ցանկ 

Հայաստանը համարվում է մոնոէթնիկ պետություն։

2011 թվականի մարդահամարի տվյալներով Հայաստանի Հանրապետության մշտական բնակչությունը կազմել է 3.018.854 մարդ, որից՝ 2.961.801-ը հայեր են[30]։ Ազգային փոքրամասնությունների թիվը կազմում է մոտ 60 հազար, որոնցից առավել մեծաքանակ են՝ եզդիները (35,3 հազար) և ռուսները (11,9 հազար)։

Կրոնական կազմ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայ Առաքելական Եկեղեցի


Բնակչության մոտ 94%-ը տոկոսը իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է համարում։ Կրոնական փոքրամասնությունների թվում են. կաթոլիկներ, մոլոկաններ, ռուս ուղղափառներ, ավետարանականներ, բապտիստներ, հոգեգալստականներ, խարիզմատական քրիստոնյաներ, Եհովայի վկաներ, մորմոններ, եզդիներ, հուդայականներ, սուննի մուսուլմաններ (հիմնականում՝ քրդեր) և Շիա մուսուլմաններ։ Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 66 կրոնական համայնք[31]։

Էջմիածնի Մայր տաճարը

Այսօր Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, սակայն սահմանադրությունը ճանաչում է Հայ Առաքելական Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում՝ միևնույն ժամանակ երաշխավորելով կրոնական փոքրամասնությունների ազատությունը։

Հայաստանյայց առաքելական եկեղեցին հայ ժողովրդի ազգային եկեղեցին է։ Կենտրոնը Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն է։ Եկեղեցու գլուխ կանգնած է Ամենայն հայոց կաթողիկոսը։ «Առաքելական» է կոչվում, որովհետև նրա հիմնադիրներն են Հիսուս Քրիստոսի առաքյալներ Սուրբ Թադեոսը և Սուրբ Բարդուղիմեոսը, ովքեր Հայաստանում առաջինն են քարոզել Քրիստոնեությունը և այստեղ էլ նահատակվել (մ. թ. I դար)։ Այդ ժամանակ էլ Քրիստոնեությունը Ասորիքից ու Կապադովկիայից մուտք է գործել Հայաստան և սկզբում տարածվել Մեծ Հայքի թագավորության հարավային ու արևմտյան երկրամասերում ու գավառներում։ 301-ին, Հայոց Տրդատ Գ թագավորի օրոք, Հայոց առաջին հայրապետ Գրիգոր Ա Լուսավորիչի ջանքերով Քրիստոնեությունը պաշտոնապես հռչակվել է Մեծ Հայքի թագավորության պետական կրոն։

Հայաստանյայց առաքելական եկեղեցի են կազմում՝ Կաթողիկոսություն ամենայն հայոց, Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո, Երուսաղեմի հայոց պատրիարքություն, Պատրիարքություն հայոց Թուրքիո։ ՀՀ և Արցախի տարածքում գործում են հետևյալ թեմերը․ Այրարատյան հայրապետական, Շիրակի, Գուգարաց, Սյունյաց, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունյաց, Կոտայքի, Արցախի։ ՀՀ տարածքից դուրս գործում են Վրաստանի, Ռուսաստանի, Նոր Նախիջևանի, Ուկրաինայի, Ատրպատականի (Թավրիզ), Սպահանի (Նոր Ջուղա), Թեհրանի (Թեհրան), Եգիպտոսի թեմերը, Փարիզի (հայրապետական պատվիրակ), Մարսելի շրջան, Լիոնի շրջան, Անգլիա-Լոնդոն (հայրապետական պատվիրակ), Ռումինիայի, Բուլղարիայի թեմերը, Իտալիայի հոգևոր հովվությունը, Հունաստանի թեմը, Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ (Ավստրիա և Շվեդիա), Շվեդիայի հոգևոր հովվությունը, Գերմանիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի Արևելյան (Նյու Յորք), ԱՄՆ-ի Արևմտյան (Լոս Անջելես), Կանադայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի թեմերը, Իրաքի թեմը, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ, Կալկաթայի հոգևոր հովիվ, Սուդանի հոգևոր հովվությունը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմը։

Հայ եկեղեցին ունի իր ներկայացուցիչները Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքության, Քենթրբերիի և Համայն Անգլիո արքեպիսկոպոսության մոտ։

Կա հինգ վանահայրություն՝ Սուրբ Հռիփսիմեի, Սուրբ Գայանեի, Սուրբ Շողակաթի, Սուրբ Գեղարդի, Խոր վիրապի։

Քաղաքներ[խմբագրել]


Երևան
Երևան
Գյումրի
Գյումրի

Քաղաք Մարզ Բնակչություն[32] Քաղաք Մարզ Բնակչություն[32]

Վանաձոր
Վանաձոր
Վաղարշապատ
Վաղարշապատ

1 Երևան Երևան 1,071,800 10 Արտաշատ Արարատ 21,300
2 Գյումրի Շիրակ 118,600 11 Իջևան Տավուշ 20,800
3 Վանաձոր Լոռի 82,800 12 Սևան Գեղարքունիք 20,600
4 Վաղարշապատ Արմավիր 46,800 13 Չարենցավան Կոտայք 20,500
5 Աբովյան Կոտայք 44,400 14 Մասիս Արարատ 20,500
6 Կապան Սյունիք 42,700 15 Արարատ Արարատ 20,400
7 Հրազդան Կոտայք 41,600 16 Գորիս Սյունիք 20,300
8 Արմավիր Արմավիր 29,000 17 Գավառ Գեղարքունիք 19,900
9 Դիլիջան Տավուշ 23,700 18 Աշտարակ Արագածոտն 19,100


Իրենց աշխարհագրական նշանակությամբ, այսինքն՝ աշխատանքի աշխարհագրական բաժանմանն իրենց մասնակցության աստիճանով, ՀՀ քաղաքները բաժանվում են երեք խմբի.

  • 1. Համապետական կենտրոն։ Դա ՀՀ տարաբնակեցման մասնական համապետական համակարգի կենտրոնն է՝ Երևան մայրաքաղաքը։ Երևանում կենտրոնացած են ՀՀ իշխանության բարձրագույն մարանները, այստեղ հանգուցվում են ներհայաստանյան և միջազգային տրանսպորտային ուղիները։
  • 2. Մարզային (տարածաշրջանային) կենտրոններ, որոնցից յուրաքանչյուրը կենտրոն է երկրի ա մասի՝ համեմատաբար ընդարձակ տարածաշրջանի համար։ Լրիվ ձևավորված կամ ձևավորվող այդպիսի կենտրոններ են մարզերի վարչական կենտրոնները։ Դրանց շարքում առավել հասուն և բարձր կարգի կենտրոններ են Գյումրին, Վանաձորը, Կապանը, Գավառը և Իջևանը։
  • 3. Տեղական նշանակության կենտրոններ։ Այդպիսիք են ՀՀ մնացած քաղաքները, այդ թվում նախկին վարչական շրջանների կենտրոնները։ Դրանց ազդեցության ոլորտում են գտնվում շրջակա գյուղական բնակավայրերը։

Եթե Երևանն իրեն է ձգում երկրի տարածքն ամբողջությամբ, ապա տարածաշրջանային (մարզային) կենտրոնն՝ այդ տարածքի միային մի մասը։

Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքներն են (բնակչությունները տրված են 2015 թ. հուլիսի 1-ի դրությամբ)՝[32]

Կրթություն և գիտություն[խմբագրել]

ՀՀ-ում ուսումնական հաստատությունների վերաբերյալ ցուցանիշների դինամիկան ցույց է տրված հետևյալ աղյուսակում.

Ցուցանիշներ 2004-05 2005-06 2006-07 2007-08 2008-09
Հանրակրթական դպրոցների ընդհանուր թիվը 1434 1467 1467 1452 1475
Քաղաքներում 575 598 601 598 601
Գյուղերում 859 869 866 861 867
Հանրակրթական դպրոցներում սովորողների թվաքանակը 488.1 հզ. 477.9 հզ. 465.4 հզ. 431.3 հզ. 414.8 հզ.
Քաղաքներում 290.1 հզ. 283.7 հզ. 277.8 հզ. 234.3 հզ. 252.9 հզ.
Գյուղերում 198.0 հզ. 194.2 հզ. 187.6 հզ. 197 հզ. 161.9 հզ.
Ուսուցիչների թվաքանակը 43.3 հզ. 42.7 հզ. 43.1 հզ. 41.7 հզ. 42.6 հզ.
Երեկոյան հանրակրթական դպրոցների թվաքանակը 2 2 2 2 2
Վարժարանների քանակը 37 42 42 37 43
Ճեմարանների քանակը 1 1 1 1 1
Միջին մասնագիտական ուս. հաստ.-ի քանակը 108 111 108 106 104
ՄՄՈՒՀ-երում սովորող ուսանողների թվաքանակը 30.5հզ. 30.8հզ. 30.8հզ. 31.1հզ. 31.8հզ.
ԲՈՒՀ-երի քանակը 88 89 87 85 90
ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների թվաքանակը 85.1հզ. 97.8հզ. 105.8հզ. 112.2հզ. 114.4հզ.[33]

Հայաստանը զարգացած է գիտության ոլորտով։ Երևանում է գտնվում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան գիտական համագործակցության պայմանագրեր ունի Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Թուրքմենստանի, Հունգարիայի, Չինաստանի գիտությունների ակադեմիաների, Մեծ Բրիտանիայի թագավորական ընկերության հետ։

Լեզու[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայերեն

Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որի գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։

Գրականություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայ գրականություն
Մովսես Խորենացի

Մեզ հասած հայերեն լեզվով ամենահին գրական ստեղծագործությունները պատկանում են 5-6-րդ դարերին։ Նախ և առաջ դրանք Մովսես Խորենացու («Պատմություն Հայոց»), Կորյունի («Վարք Մաշտոցի») պատմական ստեղծագործություններն են, ինչպես նաև աստվածաբանական գրքերի հայերեն թարգմանությունները։ Վաղ միջնադարում (11-րդ դար) է ստեղծագործել Գրիգոր Մագիստրոս Պահլավունին՝ «Թղթեր» աշխատության հեղինակը, որտեղ շոշափվում են փիլիսոփայական, քաղաքական, աստվածաբանական և գիտական հարցեր։ Նա հայերեն է թարգմանել նաև Էվկլիդեսի «Սկզբունքներ» աշխատությունը։

Պատմական հայտնի աշխատություններ են գրել նաև Հովհաննես Դրասխանակերտցին («Հայոց պատմություն» և «Շարից հայրապետացն Հայոց», 9-րդ դարի վերջ և 10-րդ դարի սկիզբ), Թովմա Արծրունին (960-1030), Ստեփանոս Օրբելյանը (13-րդ դար) և այլք։ «Սասունցի Դավիթ» էպոսը, որտեղ պատկերվում է հայ ժողովրդի պայքարը ազատության համար, ստեղծվել է 7-10-րդ դարերի ընթացքում։ Հայկական պոեզիայի ավելի հին քնարական, բարոյախրատական և փիլիսոփայական արտացոլումը կարելի է գտնել Գրիգոր Նարեկացու (951-1003), Ներսես Շնորհալու (1112-1173), Հովհաննես Թլկուրանցու (14–15 դարեր), Ֆրիկի (13–14 դարեր) և այլոց ստեղծագործություններում։ 12-13-րդ դարերում են ստեղծագործել առակագիրներ Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին։

19-րդ դարում հայ գրականությունն ու արվեստը զարգանում էին ռուսական և արևմտաեվրոպական մշակույթի ազդեցության ներքո։ Այս ժամանակաշրջանում են ստեղծվել Ղևոնդ Ալիշանի պատմությունները, Խաչատուր Աբովյանի, Րաֆֆու, Մուրացանի (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան), Ալեքսանդր Շիրվանզադեի վեպերը, Պետրոս Դուրյանի, Սիամանթոյի (Ատոմ Յարճանյան), Դանիել Վարուժանի, Վահան Տերյանի, Հովհաննես Թումանյանի պոեմներն ու բանաստեղծությունները, Գաբրիել Սունդուկյանի, Հակոբ Պարոնյանի դրամաները։ Հայ երգահաններ Կոմիտասը և Գրիգոր Սյունին հավաքում էին ժողովրդական երգեր և օգտագործում համերգային ելույթների ժամանակ։ Հայտնի երգահաններից են նաև Տիգրան Չուխաջյանը (1837-1898թթ, հայ առաջին օպերաների, օպերետաների, սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների հեղինակ), Ալեքսանդր Սպենդիարյանը (1871-1928) և Արմեն Տիգրանյանը (1879-1950)։ Հայաստանում են ստեղծագործել նաև այնպիսի պոետները, ինչպիսին են Վահան Միրաքյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Նաիրի Զարյանը։

Մշակույթ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկական մշակույթ

Հայ ժողովրդի կազմավորմանը համընթաց ձևավորվում է նաև հայկական մշակույթը, որի հիմքում ընկան հայկական ցեղերի և ցեղախմբերի լոկալ մշակույթները, որոնք դարերի ընթացքում նկատելի ընդհանրություններ ձեռք բերեցին և միավորվելով ստացան համահայկական մշակույթի բնույթ։ Առանձին տեղ է գրավում ուրարտական մշակութային ժառանգությունը հայկական մշակույթի մեջ։ Կատարված հնագիտական պեղումները վկայում են, որ ուրարտական մշակույթի շատ տարրեր կազմել են ձևավորվող համահայկական մշակույթի բաղկացուցիչ մասը։[34]

Հայկական մշակույթի ձևավորման գործում զգալի դեր են խաղացել նաև Հայաստանի և նրա բնիկների կապերն ու շփումները հարևան երկրների ու նրանց մշակույթի, մասնավորապես Մերձավոր Արևելքի հին արևելյան մեծ քաղաքակրթության հետ։ Հայերը դեռևս հնում որոշ չափով հաղորդակից են եղել հինարևելյան քաղաքակրթությանը, իսկ Հայկական լեռնաշխարհում գոյացած Ուրարտուն Հին Արևելքի առավել նշանակալից պետություններից մեկն էր, միանգամայն բնորոշ հին արևելյան մշակույթով։[34]

Միաժամանակ հայ ժողովուրդը, ապրելով Ասիայի ու Եվրոպայի սահմանագլխին, շուտով ներգրավվում է հունահելլենիստական հին կամ անտիկ աշխարհի ոլորտը։ Այսպիսով, ավելի քան երկու հազար տարի առաջ հայկական մշակույթի մեջ ձևավորվում է հելլենիստական ուղղությունը կամ երկրորդ հիմնական գիծը, որով հայկական մշակույթը կապվում Է արևմտյան մշակույթի հետ։[35]

Միջին դարերում հայկական մշակույթը տևական և սերտ կապերի մեջ է եղել ինչպես բյուզանդական, այնպես էլ արաբական քաղաքակրթությունների հետ։ Հայտնի են Միջերկրական ծովի ափին առաջացած Կիլիկյան հայկական պետության բազմակողմանի կապերը Բյուզանդիայի, ապա նաև խաչակիրների ու եվրոպական երկրների հետ 11-14-րդ դարերում։[34]

Հետագայում պարսկական ու թուրքական լծի տակ գտնվող, ազատագրական պայքարի ելած հայ ժողովրդի մշակութային կապերն Արևմուտքի հետ վերսկսվում են՝ մանավանդ հայ գաղթականության, գաղթավայրերի և առևտրականների միջոցով։[34]

Նոր ժամանակներում հայ ժողովուրդը, արևելյան ժողովուրդների թվում առաջիններից մեկն էր, որը լայնորեն հաղորդակից դարձավ եվրոպական նոր քաղաքակրթությանը՝ Արևմտյան Եվրոպայի երկրների հետ ունեցած կապերի, մանավանդ Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միավորվելուց հետո ռուսական նոր մշակույթին անմիջապես հաղորդակից լինելու շնորհիվ։[34]

Ճարտարապետություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկական ճարտարապետություն

Հայկական ճարտարապետության մեջ մեծ դեր է խաղում տուֆը, որը ամենատարածված շինանյութն է Հայաստանում, որտեղ և գտնվում է աշխարհում տուֆի երկու ամենախոշոր հանքավայրերից մեկը (մյուսը գտնվում է Իտալիայում)։ Տուֆը շինարարության մեջ օգտագործվում է վաղնջական ժամանակներից[36]։

Նախնադար[խմբագրել]

Հայկական լեռնաշխարհում ճարտարապետության զարգացման համար կարևոր է նորքարեդարի ժամանակաշրջանը, երբ հայտնագործվել են կավաշաղախի կապակցող հատկությունները, ստեղծվել է առաջին արհեստական շինանյութը՝ հում աղյուսը, կառուցվել են առաջին վերգետնյա բնակարանները։ Քարայրը՝ որպես հիմնական կացարան, տեղը զիջել է բնակարանին։ Արղանա բնակավայրի (այժմ՝ Թուրքիայում) մերձակա Չայոնու-Թեփեսի հնավայրի (մ. թ. ա. VIII հազարամյակ) պեղումներով բացվել են շինարարական տարբեր միջոցներով կառուցված կանոնավոր հատակաձևերով (ուղղանկյուն և կլոր) բնակելի և տնտեսական շինություններ[37]։

Մ. թ. ա. III հազարամյակի սկզբին Հայկական լեռնաշխարհում զարգացել է Շենգավիթյան մշակույթը, կառուցվել են մեկ կամ մի քանի շարք պարիսպներով ամրոց-բնակատեղիներ՝ բերդշեներ, կիկլոպյան կառույցներ, մետաղագործ, կենտրոններ (Մեծամոր)։[38] Բրոնզի դարում բարձր զարգացման են հասել մեգալիթյան կառույցները, մասնավորապես՝ միայն Հայկական լեռնաշխարհում հանդիպող ջրի պաշտամունքին նվիրված մենհիր վիշապաքարերը։ Մեգալիթյան կառույցների եզակի համալիր է Ձորաց քարերը՝ Սիսիանի մերձակայքում։

Առաջացել են հայկական ժողովրդական բնակարանի՝ գլխատան ծածկի նախատիպերը, բազմասյուն կառուցվածքներ, երկհարկանի տներ։ Երևան են եկել մոնումենտալ ճարտարապետության (Մոխրաբլուր) և ամրաշինական (Յանիքթեփե, Շրեշ բլուր) կառույցներ։ Լեռնային գոտում տարածվել են անմշակ քարերից և ժայռաբեկորներից «կիկլոպյան» տեխնիկայով կառուցված շինությունները (Գառնի, Ձյանբերդ և այլն)։

Հին շրջան[խմբագրել]

Նախորդ դարաշրջանի ամրոց-բնակատեղիների փոխարեն կառուցվել են ավելի հուսալի ամրոցներ և քաղաքներ, նաև ջրանցքներ, որոնցից հայտնի է հատկապես Մենուայի (Շամիրամի) ջրանցքը։ Ամրոցներով շրջափակվել են Տուշպա, Մենուախինիլի, Սարդուրիխուրդա և այլ քաղաքներ։ Բնակելի թաղամասերը, որպես կանոն, կառուցվել են բարձունքների ստորոտներում, պարսպապատ միջնաբերդը՝ գագաթներին։ Մեկից ավելի բարձունքների դեպքում հաճախ ստեղծվել է բազմամիջուկ քաղաքաշինական համակարգ՝ մի քանի միջնաբերդերով (Արգիշտիխինիլի, Անզաֆ, Հայկաբերդ, Տուշպա-Ռուսախինիլի)։ Հատակաձևերը եղել են ազատ, կանոնավոր ցանցի, խառը, նաև դարավանդաձև համակարգային սկզբունքներով։ Քաղաքաշինությանը բնորոշ էր սոցիալական տարբեր խավերին պատկանող թաղամասերի առանձնացումը։ Միջնաբերդերը բաղկացած էին պալատական, պաշտամունքային, տնտեսական, զորանոցային բաժանմունքներից, 2-3 շարք պարիսպներից՝ կրկնվող աշտարակներով և որմնահեցերով։ Հաճախ պարսպի՝ բնականից չպաշտպանված մասերում ստեղծվել են արգելակներ՝ խրամներ։

Թեյշեբաինիի միջնաբերդն զբաղեցնում էր երկհարկանի պալատը, որի ստորին հարկում տնտեսական և արտադրական բաժիններն էին, իսկ վերին հարկում՝ բնակելի, հանդիսությունների և պաշտոնական արարողությունների սենյակները։ Հայտնի են տաճարի 3 հորինվածքային տիպեր՝ քառակուսի եզրագծով, անկյունային աշտարակներով (Թոփրակկալե, Ազնավուրթեփե, Կայալիդերե, Չաուշթեփե, Ալթընթեփե), պարզ ուղղանկյուն հատակաձևով, երկայնական առանցքով տեղադրված մուտքով (Էրեբունի, Մուսասիր) և ուղղանկյուն, լայնական ձգված հատակաձևով (Խալդի աստծու տաճարը)։ Ներսը սվաղվել է, հարդարվել որմնանկարներով, սալապատվել մարմարով և ընդելուզվել գունավոր քարերով։

Կոթողներն ունեցել են պաշտամունքային նշանակություն, կանգնեցվել են զոհարանների մոտ։ Արհեստական քարայրերը ծառայել են պաշտամունքի, թաղման, բնակության և այլ նպատակների։

Վանա ժայռի քարայրերը (Խորխոռյան մեծ և փոքր, Իչկալա, Նավթկույու) ուղղանկյուն հատակաձևերով, հարթ կամ թաղանման առաստաղներով, միմյանց հետ հաղորդակցվող դահլիճ-սենյակներ են։ Կառուցվել են ջրանցքներ (աքվեդուկ), փորվել են թունելներ։ Ջրանցքներից մի քանիսը՝ Շամիրամի, Դալմայի, Կարմիր բլուրի, գործում են ցայսօր։ Կառույցների որմերի և մույթերի ստորին շարքերը շարվել են անմշակ կամ կոպտատաշ քարերով, սրբատաշ են եղել սյունախարիսխները, որոշ պաշտամունքային կառույցների որմեր, արձանագրություններով և քանդակապատ քարերը։ Հիմնական շինանյութը հարդաշաղախ հում աղյուսն էր։ Սյուները, բարավորները, հեծանային կառուցվածքները եղել են փայտից։

Հելլենիստական շրջան[խմբագրել]

Հայկական ժողովրդական բնակելի տան հիմնական տիպի՝ գլխատան նախօրինակները նկարագրել է Քսենոփոնն իր «Անաբասիս» երկում (մ.թ.ա. 5-րդ դար)։ Մ.թ.ա. 3-մ.թ. 1-ին դարերում են հիմնադրվել Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Վաղարշապատ, Զարեհավան, Տիգրանակերտ քաղաքները՝ որպես վարչական և արհեստավորական կենտրոններ։ Դրանք, ինչպես և նույն ժամանակաշրջանի ամրոցները (Գառնի, Արտագերս, Անի-Կամախ, Օշական, Դարույնք) ու հեթանոսական սրբավայրերը (Բագավան, Բագրևանդ, Աշտիշատ, Երիզա) եղել են քաղաքաշինության և ճարտարապետության կազմավորման հիմնական օղակները։ Ըստ գրավոր աղբյուրների՝ մասամբ նաև Գառնիի, Արմավիրի, Արտաշատի և անտիկ այլ հնավայրերի պեղածո նյութերի՝ Հայաստանի քաղաքաշինությունը, ճարտարապետությունը և շինարարական տեխնիկան մ.թ.ա. 4-րդ դարից զարգացել են հունա-հռոմեական, իսկ մ.թ.ա. 1-ին դարից՝ նաև հռոմեական մշակույթների փոխազդեցությամբ՝ դառնալով «հայկական հելլենիզմի» մշակույթի բաղկացուցիչ մասը։ Քաղաքների բնական պաշտպանվածությունը լրացվել է արհեստական շինություններով (պարիսպներ, հողապատնեշներ, ջրլեցուն խանդակներ), որոնցով առանձին-առանձին շրջապատվել են քաղաքի 2 բաղադրիչները՝ միջնաբերդն ու բուն քաղաքը։ Առանձնապես հզոր և հուսալի էին Տիգրանակերտի ավելի քան 25 մ բարձրության պարիսպները։ Տեղանքի նպատակահարմարությամբ և պաշտպանական շինությունների հզորությամբ աչքի է ընկել նաև թագավորական Գառնի (մ.թ.ա. 3-րդ-2-րդ դարեր) ամառանոցը, որի բնականից անպաշտպան հատվածները (հատկապես՝ հյուսիսում) ողջ երկայնքով պատված էին ամրակուռ բրգավոր պարիսպներով։ Կառուցողական տեխնիկան (տձև և կանոնավոր քարերից անշաղախ շարվածք, արճճով մածուցված երկաթե կապեր, սյունահեծանային համակարգ) նույնպես վկայում է տեղականի և անտիկ հունա-հռոմեականի զուգակցման մասին։

Վաղ միջնադար[խմբագրել]

Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունելուց հետո կառուցվել են նորատիպ պաշտամունքային շենքեր, որոնք սկզբնապես կրել են անտիկ ճարտարապետության ազդեցությունը։ Քանդվում են բոլոր հեթանոսական տաճարները, բացառությամբ Գառնիի հեթանոսական տաճարի, որը կառուցված է եղել ի պատիվ Միհր աստծո[39]։

4-5-րդ դարերի եկեղեցական շենքերը հիմնականում բազիլիկատիպ են՝ միանավ կամ եռանավ։ Անհամեմատ շատ են պահպանվել միանավ ոչ մեծ չափերով դահլիճները, որոնց աղոթասրահները ծածկվել են միասնական թաղով և ամփոփվել երկլանջ կտուրի տակ (Գառնիի, Թանահատի և այլ եկեղեցիներ)։ Եռանավ բազիլիկի «արևելյան տիպին» են պատկանում Աղցի (4-րդ դար), Քասաղի (4-5-րդ դարեր) և այլ եկեղեցիները, որոնք առնվել են երկլանջ ընդհանուր կտուրի տակ, իսկ «արևմտյան տիպին»՝ Երերույքի (4-5-րդ դարեր), Ծիծեռնավանքի (4-5-րդ դարեր, Սյունիք) և այլ եկեղեցիները, որոնց միջին նավը բարձր է եզրայիններից, և յուրաքանչյուր նավն առնվել է առանձին կտուրի տակ։

Եկեղեցիների մեծ մասում խորանը ներգծվել է արտաքին պատերի ուղղանկյուն եզրագծի մեջ, որոշ միանավ և եռանավ եկեղեցիներ ունեցել են արտաքին սյունասրահներ։

Հայաստանում 6-7-րդ դարերում լայնորեն տարածվել է խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների տարբեր տիպերի շինությունները։ Դրանց հիմնական ճարտարապետական գաղափարը ներքին ծավալների միավորումն է ենթագմբեթային տարածության շուրջ։ Գմբեթավոր դահլիճները (Պտղնիի (6-7-րդ դարեր), Արուճի (661-666), Դդմաշենի (7-րդ դար)), գմբեթավոր բազիլիկները (Տեկորի (5-րդ դար), Օձունի (6-րդ դարի վերջ)), ինչպես նաև եռախորան գմբեթավոր բազիլիկները (Դվինի Սբ․ Գրիգոր (608-615), Թալինի Կաթողիկե (7-րդ դար) սերել են եռանավ բազիլիկ հորինվածքից։ Խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների հորինվածքային գաղափարը զարգացել է Մոխրենեսի (570-ական թվականներ), Ավանի (588-597) եկեղեցիների օրինակով, դասական կատարելության հասել նույնատիպ մյուս կառույցներում (Հռիփսիմե (618), Գառնահովիտ (6-7-րդ դարեր)։ Հայտնի է, որ Վրաստանում հայ քարգործ վարպետների մասնակցությամբ 7-րդ դարում կառուցվել են Մցխեթի Սբ․ Խաչ (Ջվարի), Աթենի Սբ․ Սիոն (ճարտարապետ՝ Թոդոսակ) եկեղեցիները։

Խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների նոր հորինվածքներ ստեղծելու ձգտումը 7-րդ դարի կեսին պսակվել է Ներսես Գ Շինարար կաթողիկոսի կառուցած, դարաշրջանի գլուխգործոց Զվարթնոցի եկեղեցով (641-652), որտեղ խաչաձև քառախորան միջուկը ներգծվել է բազմանիստ շրջանաձև պարագծի մեջ և ամփոփվել եռաստիճան ծավալում։

Խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքից են սերում բազմախորան եկեղեցիները (Եղվարդի Զորավար (661-685), Արագած (6-րդ դար))։ 6-7-րդ դարերում զուգահեռաբար մշակվել են խաչաձև հատակագծով գմբեթավոր փոքր եկեղեցիների բազմազան տարբերակներ՝ Աշտարակի Կարմրավոր (6-րդ դար), Լմբատավանքի Սբ․ Ստեփանոս (6-րդ դար) և այլն։

Աշխարհիկ շենքերի ճարտարապետությունը զարգացել է միանգամայն ինքնուրույն ուղիով՝ ժողովրդական բնակելի տան ճարտարապետությանը բնորոշ հորինվածքային և կառուցվածքային լուծումներով։ Դվինի 2 (5 և 7-րդ դարեր), Արուճի 2 (7-րդ դար) պալատների հորինվածքներում կենտրոնական տեղ են գրավել սյունազարդ դահլիճները՝ քարե սյուներին հենվող հազարաշեն տիպի փայտե ծածկերի համակարգով։

Հուշակոթողային արվեստ[խմբագրել]

Պաշտամունքային ճարտարապետությունից վաղ և նրան զուգահեռ վերելք է ապրել հուշակոթողային արվեստը (քարակոթողներ, հուշասյուներ, խաչարձաններ, դամբարաններ

Քարակոթողները՝ ուղղաձիգ, քառանիստ, բազմանիստ կամ կլոր հատվածքով, հիմնականում հուշասյուներ են, որոնք հայտնաբերվել են Հայաստանի շատ վայրերում (Ագարակ, Երերույք, Խոշավանք և այլուր)։ Մի մասը (Դվին, Ջրվեժ, Զովունի) պսակված էր «թևավոր» խաչով։ Այդ կառույցներում հիմնականում պահպանված է աստիճանաձև որմնախարիսխ + խորանարդաձև պատվանդան + սյունանման կոթող դասական հորինվածքը։ Սովորաբար կերտվել են տուֆի տարատեսակների ամբողջական զանգվածից, մակերեսները հիմնականում մշակվել են խորհրդանշական, բուսական կամ երկրաչափական քանդակներով և զարդամոտիվներով։ Դրանք դարձել են սկզբունքորեն նոր տիպի կոթողների՝ խաչքարերի ձևավորման հիմքը՝ դրսևորվելով մի շարք սյունակոթողների (Ագարակ, Թալին, Կողբ) և խաչքարերի (Թալին, Գառնի) հորինվածքային նմանությամբ։

Հուշասյուները (Ջրվեժ, Ավան, Դվին) կանգնեցվել են կարևոր իրադարձությունների առիթով։ Դրանք ունեն կոթողների ընդհանուր հորինվածք և պսակված են արտահայտիչ խոյակով։ Կոթողների կառուցման ավանդույթը հարատևել է մինչև ուշ միջնադար (Տաթև, Հովհաննավանք, Հաղպատ)։

Վաղմիջնադարյան դամբարանները բաժանվում են 2 խմբի, առաջինը վկայարաններ են, որտեղ թաղվել են հանուն քրիստոնեական հավատքի նահատակված սրբերն ու սրբացած անձինք (Հռիփսիմե, Գայանե, Գրիգորիս և ուրիշներ), երկրորդը՝ աշխարհիկ և հոգևոր մարդկանց դամբարաններ (Արշակունիներինը՝ Աղցում (4-րդ դար), Մեսրոպ Մաշտոցինը՝ Օշականում (5-րդ դար) և այլն)։ Դամբարանները մեծ մասամբ երկհարկ են, որոնց գետնափոր կամ կիսագետնափոր ստորին հարկի տապանատան վրա կառուցվել է աղոթասրահը։ 6-7-րդ դարերի մահարձանների ճարտարապետությունը ներկայացվում է Օձունի և Աղուդիի բարձրարվեստ հուշարձաններով։

Քարի մշակման արվեստն իր բազմազան դրսևորումներով հասել է կատարելության։ Քանդակազարդմանը զուգահեռ կարևորվել են խճանկարչությունը և որմնանկարչությունը։ Խճանկարների մնացորդներ են հայտնաբերվել Էջմիածնի Մայր տաճարի, Դվինի Սբ․ Գրիգոր եկեղեցու և Զվարթնոցի պեղումներից։ Վաղ միջնադարի որմնանկարներ կան Աղցի դամբարանում, Քասաղի, Երերույքի, Աշտարակի Ծիրանավոր բազիլիկներում, Էջմիածնի Մայր տաճարում, Տեկորի, Զվարթնոցի և այլ եկեղեցիներում։

Շինարարական արվեստում տեղի է ունեցել արմատական հեղաշրջում, չոր շարվածքը փոխարինվել է կրաշաղախով և կրաբետոնով։

7-րդ դարում ավարտվել է բազմերանգ, որոշակի և յուրահատուկ դիմագծով հայկական ազգային ճարտարապետության կազմավորումը։

Զարգացած միջնադար[խմբագրել]

Բագրատունյաց թագավորություն[խմբագրել]

8-րդ դարից՝ արաբական խալիֆության տիրապետության շրջանում, Հայաստանի մեծ մասում գրեթե կանգ է առել շինարարությունը։ Այդուհանդերձ, առանձին իշխան, տիրույթներում և երկրի ծայրամասային շրջաններում կառուցվել են դամբարաններ, պալատներ և այլն (Նախճավանի Արտավազդ Կամսարականի դամբարանը, Դվինի միջնաբերդի պալատ և այլն)։ Ըստ մատենագրական տվյալների՝ շինարարություն են ծավալել նաև կաթողիկոսները. Հովհան Օձնեցի Իմաստասերը 8-րդ դարի 1-ին տասնամյակներում կառուցել է եկեղեցիներ, այդ թվում նաև հայրենի Օձուն գյուղում, Դավիթ Ա Արամոնեցին իր ծննդավայր Արամոնքում (Արամուս) 8-րդ դարի 1-ին կեսին՝ եկեղեցի և պալատ։

8-9-րդ դարերում ձևավորվել և հետագայում կատարելության է հասել խաչքարի արվեստը։ 885 թվականին Բագրատունիների գլխավորությամբ հայկական պետականության վերականգնումից հետո քաղաքային կյանքի զարգացումը, աշխարհիկ մտածողության վերելքը, միջազգային առևտրի աշխուժացումն ու ընդլայնումը նպաստել են աշխարհիկ ճարտարապետության և քաղաքաշինության զարգացմանը։

Քաղաքացիական ճարտարապետության արժեքավոր հուշարձաններ են Անիի պաշտպանական կառույցները, կամուրջները, հյուրատները, բնակելի տները և այլն։ Անիում արգասաբեր գործունեություն է ծավալել Տրդատ ճարտարապետը, որի ստեղծագործությունները՝ Անիի Մայր տաճարը, Գագկաշենը, Արգինայի կաթողիկոսարանը և եկեղեցին, հայկական ճարտարապետության նշանավոր ստեղծագործություններից են։ Ինքնատիպ հորինվածքով աչքի է ընկել Անիի Սբ Առաքելոց 5-գմբեթանի եկեղեցին (1004-1031)։ Անիի օրինակով զարգացել են մեծ թվով քաղաքներ և խոշոր ավատատիրական կենտրոններ (Աղթամար, Ամբերդ, Լոռիբերդ):

Անի-Շիրակի ճարտարապետական դպրոցի կարևոր հուշարձաններից են Մարմաշենի (10-րդ դար) և Խծկոնքի Սբ Սարգիս (1027) կենտրոնագմբեթ եկեղեցիները, որոնք ունեն բազմանիստին ներգծված 4 անկյունային ավանդատներով քառախորան հորինվածք։ Վասպուրականում՝ Աղթամար կղզում, կառուցվել է Արծրունիների նստավայրը՝ նավահանգստով, պալատով, Սբ Խաչ եկեղեցով։

8-11-րդ դարերում Հայաստանի հուշակառույցներն աչքի են ընկել ձևերի բազմազանությամբ։ Վաղմիջնադարյան հուշասյուների հորինվածքը դարձել է ինքնատիպ կոթողների՝ Տաթևի վանքի (906) և Որոտնավանքի (10-րդ դար) ճոճվող սյուների ստեղծման հիմքը։

Քաղաքներից զատ՝ ճարտարապետությունը զարգացել է առանձին իշխանական տիրույթներում, ամրոցներում, հատկապես վանական համալիրներում, որոնք, արագորեն աճելով, վերածվել են ժամանակի կարևոր մշակութային կենտրոնների։

9-11-րդ դարերումում Հայաստանում ավատատիրության զարգացումը հանգեցրել է որոշակի նկարագրով և տեղական առանձնահատկություններով ճարտարապետական դպրոցների (Արարատյան, Անի-Շիրակի, Սյունիքի, Վասպուրականի, Լոռու, Արցախի) ձևավորմանը։

9-10-րդ դարերից կիրառվել են նախկինում մշակված հատակագծային և ծավալատարածական հորինվածքների բազմաթիվ ձևեր՝ միանավ դահլիճներում (Նորավանք, Բյուրականի Սբ Հովհաննես և այլն), գմբեթավոր դահլիճներում (Շիրակավանի Սբ Փրկիչ, Հաղպատի Սբ Նշան), գմբեթավոր բազիլիկներում (Անիի Մայր եկեղեցի), բազմախորան կենտրոնագմբեթ (Աբուղամրենց Սբ Գրիգոր, Փրկչի, Հովվի), քառախորան, 3/4 հենախորշերով (Աղթամարի Սբ Խաչ), փոքր խաչագմբեթ (Սևանի եկեղեցիները) և այլ կառույցներում։

Զաքարյան իշխանապետություն[խմբագրել]

12-13-րդ դարերում զարգացման բարձր մակարդակի են հասել քաղաքները (Անի, Դվին, Կարին, Կարս, Երզնկա), կարևորվել աշխարհիկ շինությունները։ Հատկանշական են Անիի Պարոնի և Սարգսի, Մրենի Սարգսի և Սահմադինի (1276-86) պալատները, երկհարկանի իջևան-հյուրատները։

12-14-րդ դարերում հայ ճարտարապետության մեջ կարևոր տեղ ունեն վանական համալիրները, որոնցից շատերը համակառուցային ճարտարապետության գլուխգործոցներ են։ Նոր թափ է առել ու տարածվել գավիթ-ժամատների, դպրոցների, սեղանատների, գրատուն-մատենադարանների, աղբյուրների, կոմունալ և տնտեսական կառույցների շինարարությունը, որով ամբողջացվել են վանական համալիրները։ Որոշակի տեղ են ունեցել նաև հուշակառույցները (խաչքար-մոնումենտներ, տոհմային դամբարաններ և այլն)։ 12-14-րդ դարերում եկեղեցիների հիմնական տիպերն էին գմբեթավոր դահլիճը (Անիի Սբ Գրիգոր, Տիգրան Հոնենցի) և 4 անկյուններում երկհարկ ավանդատներով, ներքուստ խաչաձև գմբեթավոր տիպը (Գեղարքունիքի Կարմիր եղցի, Տեղեր և այլն)։ Նորություն էին երկհարկ, եռաստիճան եկեղեցիները (Գոշավանքի գրատուն-եկեղեցին, Եղվարդի Սբ Աստվածածին):

10-11-րդ դարերում Հայաստանում կազմավորվել է շինության նոր տիպ՝ գավիթը, կառուցվել է եկեղեցուն կից՝ արևմտյան կողմում։ Դրանք ունեցել են հիմնականում կրոնական, նաև աշխարհիկ նշանակություն, միաժամանակ եղել են տապանատներ։ Վանական համալիրներում տարածված էր 4 սյուներով քառակուսի դահլիճի դասական տիպը՝ բաժանված 9 հատվածի, կենտրոնում՝ վրանաձև ծածկով (Թեղենյաց վանք, Սանահին, Գոշավանք)։ Մշակվել են նաև անսյուն՝ փոխհատվող կամարների վրա հենվող ծածկով (Առաքելոց, Խորակերտի), զույգ խաչաձևվող կամարներով՝ դեպի արևմուտք երկարացված մասով (Հաղպատ, Մշկավանք

12-13-րդ դարերի հայկական ճարտարապետության գլուխգործոցներից են Հաղպատի վանական համալիրի Սբ Նշան եկեղեցու գավիթը, Համազասպի ժամատունը, զանգակատունը, սեղանատունը։ Դարաշրջանի ճարտարապետության նշանավոր նմուշներից է Գեղարդի վանական ժայռափոր համալիրը (13-րդ դար)։

13-րդ դարի 1-ին կեսից մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով Հայաստանն ապրել է տնտեսական խոր անկում։ 14-րդ դարի կեսերից շինարարական գործընթացը խիստ դանդաղել է, իսկ 15-16-րդ դարերում գրեթե դադարել է, և միայն 17-րդ դարում ստեղծված բարենպաստ պայմանների շնորհիվ շարունակվել է շինարարությանյան և ճարտարապետության զարգացումը։

Ուշ միջնադար[խմբագրել]

13-14-րդ դարերում՝ մոնղոլ-թաթարական ցեղերի ասպատակություններից, 15-16-րդ դարերում թուրք-պարսկական պատերազմներից հետո Հայաստանում միայն 17-րդ դարի սկզբից համեմատաբար նպաստավոր պայմաններ են ստեղծվել երկրի վերականգնման և շինարարական գործունեության վերսկսման համար։ Կարճ ժամանակում կառուցվել են բազմաթիվ պաշտամունքային, քաղաքացիական շինություններ և ճարտարապետական համալիրներ։ Հիմնականում ուղղանկյուն հատակագծով համալիրները շրջափակված էին պարիսպներով, որոնց պարագծով տեղաբաշխվել են բնակելի և տնտեսական շինությունները (Սյունիքում՝ Տաթևի Մեծ անապատ, Կնեվանք, Շատիվանք և այլն)։ Որոշ դեպքերում վանքի եկեղեցուն արևմուտքից կցվել է գավիթ (Սբ Թովմա, Էրեմերի Սբ Աստվածածին, Կտուց անապատ և այլն)։

12-րդ դարի վանական համալիրներին բնորոշ է հորինվածքներում պաշտամունքային և պաշտպանական խնդիրների զուգակցումը։ 17-18-րդ դարերում պաշտպանական նպատակներով ամրացվել և հարմարեցվել են Գնդեվանքը, Նորավանքը և այլն։ 17-րդ դարի նորակառույց համալիրներում է ձևավորվել վանք-ամրոցի հորինվածքը, որի բնորոշ նմուշներից են Տաթևի Մեծ անապատի, Շատիվանքի, Խոր վիրապի և այլ համալիրներ։

Ճարտարապետական համակառույցների կազմավորման ընթացքում մեծ դեր են ունեցել աշխարհիկ շինությունները՝ բնակելի շենքերը, սեղանատները, գավիթներն ու աստիճանաձև զանգակատները։

Նոր շրջան[խմբագրել]

Թուրք-պարսկական տիրապետություն[խմբագրել]

17-18-րդ դարերում Սյունիքում կառուցվել են հիմնականում միանավ և եռանավ բազիլիկ, Նախիջևանում՝ 4 հենարաններով գմբեթավոր բազիլիկ եկեղեցիներ, Այրարատում և Վասպուրականում, բազիլիկ կառույցներից բացի, նաև այլ տիպեր՝ գմբեթավոր դահլիճներ, խաչագմբեթ եկեղեցիներ։ Եթե վաղմիջնադարյան բազիլիկներում ներքին տարածությունը բաժանվել է 3-4 զույգ մույթերով 3 նավի, ապա 17-րդ դարի բազիլիկներում մույթերը հիմնականում 2 զույգ են, կան նաև 1 զույգ մույթերով (Հորթատեր, Կնեվանք, Ռինդ և այլն)։ Դրանք չունեն վաղմիջնադարյան կառույցների գետնախարիսխները, սյունասրահները, ճակտոնները։ 17-րդ դարի գմբեթավոր բազիլիկները (Մուղնու, Ագուլիսի, Մեսրոպավանի և այլն) իրենց հատակագծային և ծավալային լուծումներով մոտ են 7-րդ դարի նույնատիպ հուշարձաններին։

Եթե Արևմտյան Հայաստանում դեռևս կիրառվել է քառասյուն գավիթների կենտրոնակազմ հորինվածքը, ապա Արևելյան Հայաստանում 17-րդ դարում գավիթները վերածվել են եռակամար բաց սրահի՝ կցվելով եկեղեցիների արևմտյան ճակատներին։ Որոշ դեպքերում այդ սրահները համատեղվել են զանգակատների հետ (Մուղնի, Շողակաթ, Երևանի Զորավոր)։

17-րդ դարում նախադրյալներ են ստեղծվել երկրում ճանապարհների բարեկարգման, կարավանատների ու կամուրջների վերանորոգման և նորերի կառուցման համար։ Բազմաթիվ խոշոր կամուրջներ են կառուցվել Հրազդան, Քասաղ, Որոտան, Մեղրի, Փամբակ և այլ գետերի վրա։ Ուշ միջնադարի կառույցներից հատկապես ուշագրավ են Աշտարակի (1664), Երևանի (1679), Օշականի (1706) բազմաթռիչք կամուրջները՝ տեղանքի հարմար ընտրությամբ և ինքնատիպ հորինվածքներով։

Զգալիորեն զարգացել են Վան, Կարս, Բաղեշ, Մուշ, Կարին, Երզնկա, Գյումրի, Էջմիածին քաղաքները, հատկապես Երևանը՝ Արևելյան Հայաստանի վարչական կենտրոն դառնալուց հետո։ 16-18-րդ դարերում Երևանի տարածքային կառուցվածքը եռաստիճան էր՝ բերդ, համատարած այգիներով բնակելի թաղամասեր և քաղաքը շրջապատող բազմաթիվ բնակավայրեր։

17-18-րդ դարերի ճարտարապետությունը կարևոր դեր է խաղացել Հայաստանի միջնադարյան ճարտարապետության ավանդույթների պահպանման և հետագա զարգացման մեջ։

Ռուսական տիրապետություն[խմբագրել]

19-րդ դարի սկզբին պարսկական լծից Արևելյան Հայաստանի ազատագրումը պայմանավորել է տնտեսության, ինչպես նաև քաղաքաշինության և ճարտարապետության որոշակի առաջընթաց։ Կառուցվել են Հայաստանի համար նորաբնույթ շենքեր՝ բանկեր, եվրոպական տիպի հյուրանոցներ, թատրոններ և այլն, միևնույն ժամանակ պահպանվել են ժողովրդական բնակելի տան և եկեղեցական կառույցների ազգային ավանդական ձևն ու ոճը։ Քաղաքները մասամբ (Երևան, Վաղարշապատ) կամ ամբողջովին (Ալեքսանդրապոլ, Կարս, Գորիս) վերակառուցվել են կանոնավոր հատակագծման սկզբունքով։

Վերակառուցման և հատակագծման աշխատանքներն առավել ծավալվել են 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին, երբ քաղաքները Հայաստանում վերածվել են կապիտալիստական հարաբերությունների զարգացման կենտրոնների։ Արդյունաբերության և առևտրի զարգացմանն էապես նպաստել են երկաթուղու կառուցումը մինչև Ալեքսանդրապոլ և Կարս (1899), Երևան (1902), ինչպես և խճուղային կապի ստեղծումը (Գորիս՝ 1877, Նոր Բայազետ և Շուշի՝ 1881)։ Կարևորվել են բնակարանների ջրամատակարարումը և կոմունալ սպասարկումը, բարեփոխվել սանիտարահիգիենային պայմանները։

Սկզբունքորեն արդիականը և ժամանակի համար առաջադիմականը եղել է քաղաքների ու քաղաքատիպ բնակավայրերի վերակառուցումը՝ նոր հատակագծերի հիման վրա, որի շնորհիվ խառնիճաղանջ ու տարերայնորեն կառուցապատված մի քանի քաղաքներում արմատավորվել են փողոցների ուղղահայաց, կանոնավոր ցանցեր։ Նոր ոճերի (գլխավորապես՝ ռուսական կլասիցիզմի, մասամբ՝ մոդեռնի) ազդեցությամբ ձևավորվել է Երևանի, Գյումրիի, Կարսի, մասամբ նաև Վաղարշապատի, Շուշիի ճարտարապետական նոր դիմագիծը։

Այսրկովկասի կենտրոնական քաղաքների՝ Թիֆլիսի և Բաքվի, ինչպես նաև Վրաստանի (Ախալքալաք, Ախալցխա, Գորի, Թելավ, Սղնախ, Անանուխ, Ադրբեջանի (Գյանջա (Գանձակ), Շամախի) հայ բնակչությունն իր անմիջական մասնակցությամբ նպաստել է բնակավայրերի միայն տնտեսական, մշակութային, այլև ճարտարապետության ու քաղաքաշինության զարգացմանը։ Թիֆլիսում ու Բաքվում են ստեղծագործել Սանկտ Պետերբուրգի կայսերական գեղարվեստի ակադեմիայի և քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտի սաներ Հովհաննես Քաջազնունին (1868-1937), Գաբրիել Տեր-Միքելյանը (1874-1949), Ղազարոս Սարգսյանը և այլոք։

Հայ ճարտարապետները մասնագիտական գործունեություն են ծավալել Ռուսական կայսրության Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Դոնի Ռոստով, Կամենեց-Պոդոլսկ, Վլադիկավկազ, Գրոզնի, Դզլար, Աստրախան, Արմավիր, Կրասնոդար, Պյատիգորսկ, Կիսլովոդսկ, Լվով քաղաքներում, Ղրիմում, Մոլդովայում և այլուր։

20-րդ դարի սկզբին Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Կրատովոյում (Մոսկվայի մարզ) և Յարոսլավլում բեղմնավոր գործունեություն է ծավալել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, ում նախագծերով կառուցվել են Շչերբատովների տունը (Մոսկվա), հիվանդանոցային մասնաշենքերի ու բնակելի ավանի ընդարձակ համալիր (Կրատովո)։

Բազմաթիվ են հայկական ճարտարապետության կառույցները նաև գաղթավայրերում, գրեթե ամենուր կառուցվել են եկեղեցական շենքեր, հաճախ՝ օժանդակ շինություններով։ Մասնավորապես Հելիոպոլսի եկեղեցին իր ընդհանուր ձևերով և համաչափություններով հիշեցնում է Մարմաշենի Կաթողիկեն, Լոնդոնի Սբ Սարգիս եկեղեցին կրկնել է Հաղպատի զանգակատան ձևերը, Ալեքսանդրիայի Պողոս-Պետրոս եկեղեցին հարազատ է Հայաստանում տարածված բազիլիկ կառույցներին։ Ինքնատիպ են Սան Ֆրանցիսկոյի Սբ Հռիփսիմե, Դաքայի հայկական եկեղեցիների հորինվածքները։

Նորագույն շրջան[խմբագրել]

1920-1960 թվականներ[խմբագրել]

20-րդ դարի 2-րդ տասնամյակից սկսվել է հայկական ճարտարապետության նոր փուլը, որը կարևորվել է քաղաքաշինական նշանակալի աշխատանքներով, քաղաքների և գյուղերի վերակառուցումներով և բարեփոխումներով։ 1924 թվականին Ալեքսանդր Թամանյանն իր կազմած Երևանի գլխավոր հատակագծում առաջին անգամ կիրառել է քաղաքաշինական նոր սկզբունքներ (բնակավայրի բոլոր մասերի միասնություն, կենտրոնի և ծայրամասերի հակադրության վերացում, օրգանական ներդաշնակություն միջավայրի հետ և այլն), որոնք հետագայում դրվել են Հայաստանի բնակավայրերի գլխավոր հատակագծերի հիմքում։ 1924-1925 թվականներին Երևանում կառուցվել են 1-3-հարկանի երկսեկցիոն բնակելի տներ՝ 2-3-հարկանի բնակելի տներ կառուցվել են նաև Գյումրիում, Վանաձորում։ 1920-30-ական թվականներին արվել են շենքերի տիպայնացման առաջին փորձերը։ 1920-ական թվականներին միաժամանակ ծավալվել է հասարակական շենքերի շինարարությունը (Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքը, Կառավարական տունը):

1920-30-ական թվականների 1-ին կեսին Հայաստանում ճարտարապետությունը զարգացել է 2 ուղղությամբ՝ առաջինը Ա. Թամանյանի և նրա դպրոցի դավանած ազգային ճարտարապետական ժառանգության ստեղծագործական վերամշակումն էր, երկրորդը՝ կոնստրուկտիվիստական ուղղությունը, որի հետևորդներն էին ճարտարապետներ Կ. Հալաբյանը, Մ. Մազմանյանը, Գևորգ Քոչարը, նրանց գործերում կառույցի ձևը ճշտորեն համապատասխանում էր նրա գործառնական նշանակությանը։ Իրագործվել են արդյունաբերական կառույցների, ջրէկների շինարարության, բարեկարգման աշխատանքներ Երևանում, Գյումրիում և այլուր։

Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) տարիներին արդյունաբերական կարևոր օբյեկտների շինարարությանը զուգընթաց գյուղերում և շրջկենտրոններում կառուցվել են նաև բնակելի տներ, ակումբներ և հասարակական շենքեր։ Տարածվել է պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշարձանների կառուցումը։ Հետպատերազմական շրջանում կառուցվել են հասարակական շենքերի համալիրներ, ինչպիսին Երևանի Հանրապետության հրապարակինն է, որտեղ Կառավարական տան ճարտարապետությունը պայմանավորել է մյուս շենքերի տեղադրությունը և հորինվածքները։ 1950-ական թվականներին հասարակական կենտրոններ են ստեղծվել նաև Գյումրիում և Վանաձորում։

1955 թվականից շինարարության ինդուստրացումը և տիպային նախագծերը չեն նպաստել բնակելի զանգվածների ուշագրավ և բազմազան կառուցապատմանը։

1960-2015 թվականներ[խմբագրել]

1970-ական թվականների կեսերից նկատելի են զանգվածային կառուցապատման գեղարվեստական նկարագրի հարստացման որոնումները, որոնք դրսևորվել են անհատական նախագծերով կառուցված բազմաթիվ բնակելի տներում և թաղամասերում։ Երկաթբետոնի արտահայտչական հնարավորությունների օգտագործման, ճարտարապետության ազգային ինքնատիպության նորովի ընկալման օրինակներ են 1960-ական թվականներին նախագծված մի շարք կառույցներ՝ Երևանում՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնը, Կամերային երաժշտության տունը, «Ռոսիա» կինոթատրոնը։

Բնակելի և հասարակական շենքերի շինարարությանը զուգընթաց հանրապետության քաղաքներում իրագործվել են բարեկարգման ծավալուն աշխատանքներ (Երևանում՝ Օղակաձև զբոսայգին, Կասկադի համալիրը): Լուծվել են քաղաքային երթևեկության և հետիոտն շարժման շատ խնդիրներ։ Կառուցվել են պատմական նշանավոր դեպքերն ու դեմքերը հավերժացնող հուշարձաններ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրը Ծիծեռնակաբերդում, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը և այլն։

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքները, 1990-ական թվականների սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանները բացասաբար են անդրադարձել երկրում ճարտարապետաշինական գործընթացի վրա։ Այդուհանդերձ, շարունակվում են երկրաշարժի հետևանքների վերացման, աղետի գոտու անօթևան բնակիչներին բնակարաններով ապահովելու, բնակավայրերի քաղաքաշինական բարեփոխման, բնակելի ֆոնդի արդիականացման աշխատանքները։ Սպիտակում տարբեր երկրների (Իտալիա, Չեխոսլովակիա, Նորվեգիա և այլն), ինչպես նաև ԽՍՀՄ մի շարք հանրապետությունների շինարարական կազմակերպություններ կառուցել են բնակելի թաղամասեր, դպրոցներ, առողջապահական օբյեկտներ։ 2007 թվականին հիմնականում վերականգնվել է քաղաքի կենտրոնը, մայրուղիները կառուցապատվել են ուշագրավ ճակատային լուծումներով բնակելի շենքերով։

Հանրապետության խոշոր քաղաքները կառուցապատվել են առավելապես բնակելի զանգվածներով։ Երկրի անկախացումից հետո (1991 թվականից) իրագործվել են կարևոր քաղաքաշինական աշխատանքներ։ 2000 թվականին ավարտվել է Գյումրիի Անի թաղամասի կառուցապատումը, 2007 թվականին Երևանում ավարտվել է Հանրապետության և Ազատության հրապարակներն իրար կապող Հյուսիսային պողոտայի շինարարությունը։ Կատարվում են ծավալուն աշխատանքներ տարանցիկ ճանապարհների, ստորգետնյա անցումների և անցուղիների կառուցման, քաղաքի կենտրոնի երթևեկությունը թեթևացնելու, խցանումները վերացնելու համար և այլն։

Անկախության տարիների 1-ին տասնամյակի ճարտարապետությունը բնորոշվում է եկեղեցական շենքերի աննախընթաց շինարարությամբ։ Նոր եկեղեցիներ են կառուցվել ՀՀ գրեթե բոլոր մարզերում և Երևանի համայնքներում, սակայն մեծ մասում հիմնականում կրկնվում են միջնադարյան ծավալատարածական հորինվածքները, պակասում նորարարությունը և արդիականի զգացողությունը։ Արդի քաղաքաշինությանը բնորոշ են որակական նոր փոփոխությունները, տիպային և նորմատիվային պահանջների մեղմացումը, նոր շինանյութերի, կոնստրուկցիաների և տեխնոլոգիաների կիրառումը, ճարտարապետական ազգային ավանդույթների և համաշխարհային փորձի զուգադրումը և այլն։ Վերջին տարիներին Երևանում կառուցվել են ավանդականն արդիականի հետ զուգակցող մի շարք շենքեր՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին (2001, ՀՀ Պետական մրցանակ՝ 2001), Երևանի քաղաքապետարանի վարչական շենքը (ՀՀ պետական մրցանակ՝ 2008), Երևանի Կասկադի համալիրը (1975-2005) և Տերյան փողոցի (2007) բնակելի-հասարակական համալիրները, Հյուսիսային պողոտայի բազմագործառնական համալիրը (2007), Ռուսաստանի հրապարակի Մոսկվայի տունը (2007) և այլն։

Կերպարվեստ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկական կերպարվեստ

Հայկական կերպարվեստը ներկայացվում է որմնանկարչության, գեղանկարչության, մանրանկարչության, քանդակագործության, գորգագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի տարբեր տարատեսակներով։


    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Որմնանկարչությունը Հայաստանում
Որմնանկար Դադիվանքում, XIII դարի սկիզբ

Հայկական որմնանկարչության առավել հայտնի նմուշները պատկանում են 5-րդ դարի կեսերին։ Դրանք Երևանի Պողոս-Պետրոս եկեղեցու որմնանկարներն են։ Ավելի վաղ նմուշները պատկանում են 7-րդ դարին (Լմբատավանք, Սուրբ Գրիգոր եկեղեցի և այլն) և վկայում են ինտերիերի նկարազարդման մնայուն ավանդույթի մասին[40]։ Մինչ օրերս պահպանված Տաթևի վանքի որմնանկարի մի հատվածը մոտավորապես 930 թվականի աշխատանք է[41], իսկ Գնդեվանքի որմնանկարները՝ 914 թվականի[41]։


    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Քանդակագործությունը Հայաստանում
1rightarrow.png  Տե՛ս նաև Խաչքար 

Հայկական վաղ միջնադարյան քանդակները ներկայացված են 4-5-րդ դարերի քարակոթողներով, զարդաքանդակավոր և սյուժետային ռելիեֆներով։ Առավել վաղ նմուշները՝ Աղձքի Արշակունիների գերեզմանաքարերի ռելիեֆները, պատկանում են 364 թվականին[40] Պահպանվել է հուշակոթողների խոյակ Քասախում (մոտ 4-րդ դար) և Էջմիածնի Մայր Տաճարի ճակատին քանդակած 2 ռելիեֆ (4-րդ դարի վերջ)[40]։ Ընդհանուր առմամբ հայկական քանդակագործությունը ներկայացված է 3 հիմնական դպրոցներով՝ Այրարատյան, Տաշիրյան և Սյունիքյան։ 6-7-րդ դարերում սկսվում է քանդակագործական արվեստի զարգացման նոր շրջան (կլոր քանդակ և ռելիեֆներ), որը տարբերվում էր դեկորատիվ տարրերի հարստությամբ․ առանձնանում են ոճական ուղղություններ[40]։ Այդ ժամանակաշրջանի ճարտարապետության և կերպարվեստի գլուխգործոցն է դառնում Զվարթնոցի տաճարը, որը կառուցվել է 640-650-ական թվականներին։ Հայտնվում են սյուժետային պատկերավոր ռելիեֆներ (Պտղնիի, Մրենի եկեղեցիներում), երեցփոխների բարձրաքանդակային պատկերներ (Սիսիան)։

5-7-րդ դարերում ձևավորվում է խաչքարերի արվեստը՝ հուշակոթողներ, որոնք իրենցից ներկայացնում են քարակոթողներ՝ խաչի փորագրված պատկերով։ Խաչքարային արվեստը հասնում է իր զարգացման գագաթնակետին 12-13-րդ դարերում։ Հայաստանի տարածքում հաշվվում է մոտ մի քանի հազար խաչքար, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր անկրկնելի նախշով, թեև բոլոր նախշերը սովորաբար արվում են նույն ոճով։


    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկական մանրանկարչություն
13-րդ դարի մանրանկար

Միջնադարյան Հայաստանի կերպարվեստի պատմության մեջ առաջատար տեղ է զբաղեցրել գրքային մանրանկարչությունը։ Ամենավաղ նմուշները պատկանում են 6-7-րդ դարերին[42]։ Հայկական մանրանկարչության յուրահատկությունն է հանդիսանում տեղական տարբեր դպրոցների՝ Կիլիկիայի, Գլաձորի, Տաթևի, Վասպուրականի և այլն դպրոցների բազմազան ոճերը։ Հայկական մանրանկարչական արվեստի վաղ նմուշներից են «Մլքե թագուհու Ավետարանը» (862թ), Ավետարանը (986թ), «Էջմիածնի Ավետարանը» (989թ), «Մուղնիի Ավետարանը» (11-րդ դար) և այլն։ Ոճաձևային բազմազանությամբ է առանձնանում 13-14-րդ դարերի մանրանկարչությունը, երբ զարգանում են հայկական մանրանկարչության մի շարք տեղային ինքնաբավ դպրոցներ։

Միջնադարյան Հայաստանի կիրառական արվեստը ներկայացված է հարուստ և բազմաբնույթ կերամիկայով՝ նկարազարդված և փորագրված ջնարակած կերամիկայով, ոչ ջնարակված, խորացված և ռելիեֆային զարդանկարով կերամիկայով։ Խեցեգործական արտադրության հիմնական կենտրոնները տեղակայված էին Անի և Դվին քաղաքներում, որոնք ծաղկում էին ապրում մինչև 12-13-րդ դարերը։ Պահպանվել են 14-րդ դարի գործվածքներ, մետաղական գեղարվեստական պատրաստվածքներ՝ այդ թվում 13-14-րդ դարերի դրվագակերտ արծաթե և ոսկեզօծ կերտվածքներ, եկեղեցական նշանակության պարագաներ, ձեռագիր գրքերի արծաթե և ոսկե շրջանակներ (օրինակ Կիլիկիայում պատրաստված Ավետարանի շրջանակը, 1255թ)։ Անիում՝ Գագիկաշեն եկեղեցու պեղումների ժամանակ, հայտնաբերվել է 11-րդ դարի ջահ։ Հայտնի են նաև փայտի վրա փորագրված բարձրակարգ գեղարվեստական նմուշներ, որոնց ամենավաղ օրինակները պատկանում են 10-րդ դարին։ Այս արվեստում իրենց ուրույն տեղն են զբաղեցնում տաճարների փայտե դռները (դուռ Մուշից, 1134թ, Սևանա լճի մոտ գտնվող Առաքելոց եկեղեցու դռները, 1176թ և այլն)։

Միջնադարում եկեղեցիները և տաճարները զարդարվել են նաև խճանկարներով։ Վաղ քրիստոնեական շրջանի խճանկարների հատվածներ են հայտնաբերվել Էջմիածնի Մայր տաճարում, Զվարթնոցի և Դվինի տաճարներում[40]։

Կիրառական արվեստ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկական գորգ


Հայկական գորգը տերմին է, որը բնութագրում է խավավոր և ոչ խավավոր գորգերը, որոնք գործվել են Հայկական լեռնաշխարհի տարածքում և նրա սահմաններից դուրս ապրող հայերը՝ սկսած նախաքրիստոնեական շրջանից (մինչև մ․թ․ա․ 4-րդ դար) մինչև մեր օրերը[43][44][45][46][47][48][49][50][51][52]։

Գորգագործությունը հանդիսանում է հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի տարատեսակներից մեկը[53]։ Այն անքակտելիորեն կապված է հայերի դեկորատիվ-կիրառական արվեստի այլ տարատեսակների հետ՝ շարունակելով ազգային կերպարվեստի մյուս տեսակների ավանդույթները։ Հայկական գորգերը պարսկական, ադրբեջանական և այլ գորգերից հիմնականում տարբերվում են նրանով, որ հայկական զարդանախշերում կիրառվում են մարդկանց և կենդանիների ոճավորված պատկերներ[54]։ Սովորաբար Հայաստանում գորգերը փռում են հատակին, տան ներքին պատերին, բազմոցներին, սնդուկներին և մահճակալներին[55][56]։ Մինչ այժմ հաճախ գորգեր են կախվում դռան մուտքի մոտ, տաճարների և եկեղեցիների խորաններում։ Զարգանալով հինավուրց ժամանակներից՝ գորգագործությունը Հայաստանում հանդիսանում էր կենցաղի անբաժանելի մասը, քանի որ գորգագործությամբ զբաղվում էին գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքում։ Ընդ որում գորգագործությունը ամենուրեք հայ կանանց զբաղմունքն էր[57]։

Թանգարաններ և գրադարաններ[խմբագրել]

Երաժշտություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկական երաժշտություն
1rightarrow.png  Տե՛ս նաև Հայկական ժողովրդական երաժշտություն 
Երգերի ժողովածու, 1322թ

Հայկական երաժշտությունը հազարամյակների պատմություն ունի։ Այն առաջացել է հայերեն լեզվի ձևավորման հետ մեկտեղ։ Մ․թ․ա․ 3-րդ դարում ձևավորվեցին հայկական երաժշտության սկզբնական ճյուղերը՝ գյուղացիական, պաշտամունքային (հեթանոսական) և գուսանների ժողովրդական արվեստը։ Քրիստոնեությունը 301թ ընդունելուց հետո առաջ է գալիս նաև նոր ճյուղ՝ քրիստոնեական եկեղեցու երաժշտությունը։

Գուսանները՝ հայ ժողովրդական երգիչներն են[58]։ Նրանց գործունեությունը բացառապես աշխարհիկ է։ Նախաքրիստոնեական Հայաստանում հելլենիզմի դարաշրջանում գուսաններն ի սկզբանե ծառայում էին Գիսանե աստվածուհուն նվիրված տաճարում[58]։ Գուսանական երաժշտությունն սկիզբ է առնում ստրկատիրական դարաշրջանի Հայաստանի «վիպասանների» արվեստից։ Զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանից ի հայտ եկան գուսանները և վարձակները։ Գուսանների մասին վկայություն են տվել 5-րդ դարի պատմիչներ Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Մովսես Խորենացին, Եղիշեն և այլն[58]։ Գուսանները հանդես էին գալիս խնջույքներում, հարսանիքներում և ժողովրդական գործիքների ուղեկցությամբ կատարում էին իրենց երգերը[58]։ 301 թվականից հետո հայկական եկեղեցին հետապնդում էր գուսաններին[58]։

Շարականները հոգևոր երգերն են[59]։ Ամենաշատը պահպանվել են V-XV դարերի շարականներից։ Հին հայկական հոգևոր երաժշտությունը կազմված է 4 հիմնական ժանրից՝ կցուրդ, կացուրդ, կանոն և տաղ[59]։ Շարականներն իրենցից ներկայացնում են հին հայկական մշակույթի՝ մասնավորապես պոեզիայի, երաժշտության և պրոֆեսիոնալ երգարվեստի սինթեզից։ Արդեն 17-րդ դարում Բարսեղ Տչոն կաթողիկոս Ներսեսի կարգադրությամբ կազմեց «Շարակնոց» ժողովածուն։ Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ ․ «Այդ ժամանակ Հայաստանում այնքան շատ էին կանոնական եկեղեցական երգերը, որ մի թեմի երգիչները չգիտեին մյուս թեմի երգերը»։

Տաղերը շարականների պես երաժշտական և բանաստեղծական արվեստի սինթեզ են։ Նրանք համեմատաբար ծավալուն մոնոդիաներ էին, որոնք իրենց բովանդակությամբ և մեղեդայնությամբ հիշեցնում էին հետագա ժամանակաշրջանների վոկալ և գործիքային արիաները։ Տարբերակվում են հոգևոր և աշխարհիկ տաղեր։ Առաջինները ավելի ծավալուն են, քան աշխարհիկները։ Տաղը, որպես երաժշտական ժանր, գլխավորապես զարգացել է 10-րդ դարում՝ հիմնականում Գրիգոր Նարեկացու շնորհիվ։ Հոգևոր տաղերը, ի տարբերություն շարականների, կանոնական երգեր չէին և տոնակատարությունների ժամանակ կատարվում էին տվյալ իրադարձությանն ավելի մեծ հանդիսավորություն հաղորդելու համար։ Աշխարհիկ տաղը զարգանում է Ֆրիկի ստեղծագործությունների մեջ (13-րդ դար)։ Ամենահին աշխարհիկ տաղերից մեկը՝ «Կռունկ»-ը, ստեղծվել է միջնադարում և պահպանվել է 17-րդ դարի տեքստերում։

    1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ Դուդուկ և Դհոլ
Հայկական դուդուկ

Հայկական դուդուկը պատրաստվում է բացառապես ծիրանենուց։ Ծիրանենին ձայնն անդրադարձնելու յուրահատուկ հատկություն ունի։ Դուդուկանման գործիքներն այլ երկրներում պատրաստում են այլ նյութերից (սալորենի, ընկուզենի), սակայն ըստ որոշ մասնագետների պնդման՝ նման դուդուկին բնորոշ է բավականին սուր, ռնգային ձայնը, մինչդեռ հայկական դուդուկը տարբերվում է մեղմ հնչողությամբ, որն ավելի շատ մարդկային ձայնի է նման։ Լեզվակը պատրաստվում է 2 կտոր եղեգից, որն աճում է Արաքս գետի ափին։ Ի տարբերություն երկակի լեզվակ ունեցող այլ գործիքների՝ դուդուկի աղեղաձողը բավականին լայն է, որն էլ գործիքին հաղորդում է իր տխուր հնչողությունը։ 1920-1930-ական թվականներին հայկական դուդուկը բարելավվեց Վ․ Բունիի կողմից, ով, պահպանելով ժողովրդական գործիքի հիմնական ձևը, ստեղծեց տարբեր ռեգիստրերի 3 տիպի դուդուկ։ Նրանցից վերջինը, որն ամենացածր, բարիտոնային ռեգիստր ուներ, իրեն ստեղծողի պատվին անվանվեց «բունիֆոն»[60][61]։

Դհոլ

Դհոլը (թմբուկ՝ drum) հայկական [62][63] հարվածային երաժշտական գործիք է։ Պատկանում է երկկողմանի թմբուկի ընտանիքին, որն ունի գլանի ձև և ծածկված է մեկ կամ երկու թաղանթներով։ Նախկինում հայերը դհոլն օգտագործել են ռազմական արշավներից առաջ, իսկ ներկայումս կիրառվում է անսամբլներում՝ զուռնաների հետ և ուղեկցվում է պարերով։

Դհոլի առաջացումը կապված է Հայաստանի պատմության հեթանոսական շրջանին։ Սակայն այս երաժշտական գործիքը դեռևս կիրառվում է Հայկական եկեղեցում։

Դհոլ նվագելու համար անհրաժեշտ է 2 փայտե ձողեր (հաստ՝ կոպալ, բարակ՝ ճիպոտ)՝ պատրաստված բամբուկից կամ եղեգից։ Ձայնը դուրս է գալիս դհոլին այդ ձողերի հարվածից կամ էլ դհոլին ձեռքի ափերի, մատերի հարվածներից (վերջինս առավել հայտնի է)։

Պարարվեստ[խմբագրել]

Թատրոն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկական թատրոն
Պետրոս Ադամյանը Համլետի դերում

Հայկական թատրոնն առաջացել է մ.թ.ա. I հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից։ Հայկական պրոֆեսիոնալ թատրոնն առաջացել է հելլենիստական դարաշրջանի հայկական միապետություններում ողբերգությունից և ժողովրդական կատակերգությունից։

Հույն պատմաբան Պլուտարքոսի վկայությամբ մ.թ.ա. 69թՏիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) արքան պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում[64][65][66] կառուցել է Սիրիայի հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում։ Հայտնի է նաև, որ Տիգրանի որդի Արտավազդ Բ-ն (մ․թ․ա․ 56-34 թթ, ով ողբերգություններ էր գրում Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Արտաշատում (որին հռոմեացիները Հայաստանի Կարթագեն էին անվանում), ստեղծել է հելլենիստական ոճի թատրոն[64]։

Մեզ հասած առաջին դրամատուրգիական ստեղծագործություններն են Հովհաննես Երզնկացու դրամատիկական պոեմը և Առաքել Սյունեցու «Ադամգիրքը»։ 17-19-րդ դարերում թատրոնը զարգացավ նաև Լվովի, Մոսկվայի, Վենետիկի, Վիեննայի, Չենայի (Մադրաս), Կալկուտայի հայկական գաղթօջախներում։ 1810 թվականին Կոստանդնուպոլսում Մ․ Բժիշկյանի ղեկավարությամբ բեմադրվում են առաջին հայկական ներկայացումները։ 1846-1866թթ այստեղ աշխատում է «Արամյան թատրոն»-ը (ղեկավար՝ Հովհաննես Գասպարյան), որը հյուրախաղերով հանդես էր գալիս Թբիլիսիում, Երևանում, Թավրիզում։ 1836թ Գ․ Շերմազանյանը Թիֆլիսում ստեղծում է «Շերմազանյան դարպաս» թատրոնը։ 19-րդ դարի 1850-ական թվականներին Կոստանդնուպոլսում գործում էին մի քանի սիրողական թատրոններ, որտեղ բեմադրվում էին Մ․ Պեշիկթաշլյանի, Ս․ Հեքիմյանի, Թ․ Թերզյանի և այլոց պիեսները։ 1860-ական թվականների սկզբին սիրողական թատերախմբերից ձևավորվում են հայկական պրոֆեսիոնալ թատրոններից «Արևելյան թատրոնը»՝ Հեքիմյանի գլխավորությամբ Կոստանդնուպոլսում (1861) և Գ․ Չմշկյանի ղեկավարությամբ Թիֆլիսում (1863)։ Թբիլիսյան թատերախմբի գործունեությունը, հայկական ռեալիստական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանի ստեղծագործությունները («Պեպո», «Խաթաբալա», «Էլի մեկ զոհ» և այլն) հաստատեցին ռեալիզմը հայկական բեմի վրա։ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին ազգային դրամատուրգիայի ռեալիստական ավանդույթներն արտահայտվեցին Հակոբ Պարոնյանի («Պաղտասար աղբար»), Ալեքսանդր Շիրվանզադեի («Պատվի համար», «Եվգինե», «Արմենուհի» և այլն), Լևոն Շանթի («Հին Աստվածներ») ստեղծագործություններում։ Այդ ժամանակ սկսեցին ստեղծագործել դրամատուրգներ Վրթանես Փափազյանը («Ժայռ»), Ս․ Տարայանը («Սոկրատես»), Է․ Տեր-Գրիգորյանը, Նար-Դոսը, Լ․ Մանվելյանը, Դերենիկ Դեմիրճյանը և այլն։

Կինո[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկական կինո

Հայկական կինեմատոգրաֆը սկիզբ կարելի է համար 1923թ ապրիլի 16-ը, երբ կառավարության որոշմամբ ստեղծվեց Հայաստանի Կինոյի Պետական Կոմիտեն։

1924 թվականի մարտին Երևանում ստեղծվեց առաջին հայկական կինոստուդիան՝ Հայֆիլմը՝ նույն թվականին նկարահանելով Խորհրդային Հայաստանի առաջին փաստագրական ֆիլմը։

«Նամուս»-ը առաջին հայկական սև-սպիտակ համր ֆիլմն է (1925), որը նկարահանվել է Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն վեպի հիման վրա, որը պատմում է 2 սիրահարների դաժան ճակատագրի մասին։ Ֆիլմի ռեժիսորն է Համո Բեկնազարյանը, ով նկարահանել է նաև առաջին ձայնային ֆիլմը՝ «Պեպո»1935թ։

Հայտնի ռեժիսորներից են նաև Սերգեյ Փարաջանովը («Նռան գույնը»), Հենրիկ Մալյանը («Նահապետ»), Արտավազդ Փելեշյանը («Տարվա եղանակները»), Էդմոնդ Քեոսայանը, Ֆրունզե Դովլաթյանը, Միքայել Վարդանովը («Փարաջանով։Վերջին գարուն»), Լևոն Մկրտչյանը («Հովհաննես Շիրազ»), Ատոմ Էգոյանը («Արարատ»), Մայքլ Հակոբ Հակոբյանը, ով հայտնի է հայկական ցեղասպանության, ժամանակակից հայկական պատմության և պատմական Հայաստանի մասին փաստագրական ֆիլմերով։

Ժամանակակից հայկական կինեմատոգրաֆն ամեն տարի նկարահանում է 2 կամ 3 խաղարկային ֆիլմ, 8 կարճամետրաժ և 15 վավերագրական ֆիլմեր[67]։

Կրկես[խմբագրել]

Խոհանոց[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկական խոհանոց

Հայկական խոհանոցը համարվում է Անդրկովկասի ամենահին, իսկ Ասիայի ամենահին խոհանոցներից մեկը[68]։ Հայտնի է, որ հայերը գիտեին խմորման և թխման գործընթացների մասին դեռևս 2500 տարի առաջ։ Շատ հայկական կերակրատեսակների պատրաստման ավանդույթները մինչ այսօր անփոփոխ են մնացել։

Հայկական խոհանոցն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են տարբեր պատմական, աշխարհագրական, կլիմայական և նույնիսկ պատմա-քաղաքական գործոններով։ Հայկական լեռնաշխարհում մի ժամանակ գտնվում էր Ուրարտու պետությունը։ Եվ Հայաստանում պահպանվել են այդ հնագույն պետության նյութական մշակույթի հուշարձանները։ Իսկ հայկական խոհանոցը իր վրա կրել է դեռևս այն ժամանակների աշխարհագրա-կլիմայական և հասարակարգային գործոնների ազդեցությունը։

Սպորտ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Սպորտը Հայաստանում
1rightarrow.png  Տե՛ս նաև Հայաստանը օլիմպիական խաղերում 
Յուրի Վարդանյանը 1980 թվականի Մոսկվայի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր
Լևոն Արոնյան. 19.08.2007
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Դուբլինում, Իռլանդիա

Հայաստանում շատ սպորտաձևեր են հայտնի, որոնցից են ըմբշամարտը, ծանրամարտը, ձյուդոն, ֆուտբոլը, շախմատը և բռնցքամարտը։ Հայաստանի լեռնային ռելիեֆը հնարավորություն է տալիս զբաղվել այնպիսի սպորտաձևերով, ինչպիսին են դահուկասահքը, լեռնագնացությունը։ Լինելով լեռնային երկիր՝ ջրային սպորտաձևերով կարելի է զբաղվել լճերում՝ հիմնականում Սևանա լճում։ Հայաստանը հաջողությամբ հանդես է գալիս շախմատի, ծանրամարտի և ըմբշամարտի միջազգային մրցաշարերում։ Հայաստանը նաև միջազգային սպորտային համայնքի ակտիվ անդամն է․ հանդիսանում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) և Հոկեյի միջազգային ֆեդերացիայի անդամ։ Պարբերաբար անց են կացվում նաև Համահայկական խաղեր։

Մինչ 1992 թվականը հայերը մասնակցում էին Օլիմպիական խաղերին՝ ներկայացնելով ԽՍՀՄ-ն։ Հանդիսանալով ԽՍՀՄ-ի մի մասը՝ Հայաստանը հաջողությամբ էր հանդես գալիս մրցաշարերում՝ արժանանալով բազմաթիվ մեդալների։ Ժամանակակից Օլիմպիական խաղերում առաջին հայ մարզիկը, ով մեդալի է արժանացել մարմնամարզիկ Հրանտ Շահինյանն էր, ով 1952 թվականին Հելսինկիում կայացած Օլիմպիական խաղերին ստացել է 2 ոսկե և 2 արծաթե մեդալներ։

Հայաստանը ԱՊՀ միասնական թիմի կազմում մասնակցել է 1992 թվականի Ամառային Օլիմպիական խաղերին, որը տեղի է ունեցել Բարսելոնայում։ Ունենալով ընդամենը 5 մարզիկ՝ այս խաղերին ստացել է 3 ոսկե և 1 արծաթե մեդալ ծանրամարտում և ըմբշամարտում։ 1994 թվականի Լիլեհամերի Ձմեռային Օլիմպիական խաղերին Հայաստանը մասնակցել է որպես անկախ պետություն։

Հայաստանը մասնակցում է Ամառային Օլիմպիական խաղերի բոքսի, ըմբշամարտի, ծանրամարտի, ձյուդոյի, մարմնամարզության, վազքի, ջրասուզման, լողի մրցաշարերին։ Երկիրը մասնակցում է նաև Ձմեռային Օլիմպիական խաղերի լեռնադահուկային, դահուկավազքի և գեղասահքի մրցաշարերին։

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ֆուտբոլը Հայաստանում

Ֆուտբոլը նույնպես հայտնի է Հայաստանում։ Ամենահայտնի ֆուտբոլային թիմը 1970-ական թվականների Երևանի Արարատն է, որը 1973թ դարձավ Խորհրդային Միության գավաթակիր և 1975թ Խորհրդային Միության Բարձրագույն լիգայի հաղթող։ Արարատ ՖԱ-ի վերջին հաջողությունը 1974-1975թթ Եվրոպայի Գավաթի առաջնությունն էր, որտեղ չնայած տանը տարած հաղթանակին՝ քառորդ եզրափակիչում պարտվեց Մյունխենի Բավարիային։ Հայաստանը մասնակցում էր միջազգային մրցաշարերին ԽՍՀՄ-ի ֆուտբոլային թիմի կազմի մեջ մինչև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 1992թ Հայաստանի Ֆուտբոլի Ազգային հավաքականի ձևավորվելը։ Հայաստանի հավաքականը մեծ մրցաշարերում լուրջ հաջողությունների չի հասել թեև վերջին բարելավումների շնորհիվ հավաքականը 2011թ սեպտեմբերի տվյալներով ՈՒԵՖԱ-ի համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 44-րդ տեղը։ Ազգային հավաքականը ղեկավարում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խումբը երկրի ֆուտբոլային մրցաշարի բարձրագույն մրցաշարն է, վերջին տարիներին երկրի չեմպիոն մեծամասամբ դարձել է Փյունիկ ՖԱ-ը։

Հայազգի հայտնի շատ ֆուտբոլիստներ կան՝ Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Յուրի Ջորկաեֆ, Ալեն Բողոսյան, Անդրանիկ Իսքանտարեան, Անդրանիկ Թեյմուրյան, Էդգար Մանուչարյան, անցյալի ֆուտբոլիստներից Սարգիս Հովիվյան, Նիկիտա Սիմոնյան, Խորեն Հովհաննիսյան և այլն։ Ջորկաեֆը և Բողոսյանը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում դարձել 1998թ Ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն։ Անդրանիկ Թեյմուրյանը Իրանի ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 2006թ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, Էդգար Մանուչարյանը հանդես է եկել Այաքս ՖԱ-ում, իսկ Հենրիխ Մխիթարյանը ներկա պահին հանդես է գալիս Գերմանիայի Բունդեսլիգայի Բորուսիա Դորտմունդ ակումբում և շատ մասնագետների կարծիքով համարվում է Եվրոպայի լավագույն կիսապաշտպաներից մեկը։

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Շախմատը Հայաստանում

Հայաստանի շախմատի ֆեդերացիան (սկզբնական շրջանում՝ սեկցիա) ստեղծվել է 1927 թվականին[69]։ Հայաստանը ՖԻԴԵ-ի անդամ է 1992 թվականից։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2006[70], 2008[71] և 2012[72] թթ. դարձել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, երեք անգամ՝ (1992[73], 2002[74], 2004[75] թթ.) օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, 2011[76] թ. դարձել է աշխարհի թիմային առաջնության հաղթող, չորս անգամ երրորդ տեղն է գրավել աշխարհի թիմային առաջնություններում (1997[77], 2001[78], 2005[79], 2015[80] թթ.), Եվրոպայի չեմպիոն (1999[81] թ.)։ Երևան թիմը հաղթել է եվրոպական ակումբների գավաթի խաղարկությունում (1995թ.)։ Հայաստանի կանանց հավաքականը 2003թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն, Երևանի Միկա կանանց ակումբը՝ 2006 թ. Եվրագավաթի հաղթող։ Լևոն Արոնյանը, ով պատմության մեջ ամենբարձր Էլո վարկանիշ ունեցող շախմատիստների ցուցակում չորրորդն է[82][83][84][85][86] 2005-ին դարձել է աշխարհի գավաթակիր, Վլադիմիր Հակոբյանը 1999-ին՝ աշխարհի փոխչեմպիոն։ Հայաստանն այժմ ունի 36 գրոսմայստեր, 25 միջազգային վարպետ, 17 ՖԻԴԵ-ի վարպետ[87]։ Միջազգային վարկանիշներ ունեն 285, ազգային՝ ավելի քանի 3000 շախմատիստներ։ Հայաստանում անցկացվել են բազմաթիվ խոշորագույն միջազգային մրցաշարեր, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններ[88]։ 1996-ին Երևանում անցկացվել է շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադան[89], 2001-ին՝ աշխարհի 5-րդ թիմային առաջնությունը[90], 2015-ին աշխարհի թիմային առանությունը[91]։[92]

2011 թվականին Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը շախմատը դարձրեց հանրակրթական առարկա[93][94]։ Շախմատ անցնում են երկրորդ, երրորդ և չորորրդ դասարաններում[95]։

Մամուլ[խմբագրել]

Ուրբաթագիրք՝ հայկական առաջին տպագիր գիրքը, Վենետիկ, 1512թ

Հայաստանում գործում են ԶԼՄ-ի բոլոր տեսակները՝ թերթեր, ամսագրեր, ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ։ Գրաքննությունն արգելված է 2004թ. ընդունված ԶԼՄ-ի վերաբերյալ օրենքով։ Հայաստանում առավել հայտնի են հեռարձակվող ԶԼՄ-ները։ Ընդհանուր առմամբ գործում են 40 մասնավոր հեռուստաալիք և 2 հասարակական հեռուստատեսային ցանցեր, ինչպես նաև ռուսախոս հեռուստաալիքներ[96] և բազմաթիվ ռադիոկայաններ[97]։

1926թ. Երևանում հեռարձակվում են առաջին ռադիոհաղորդումները։ 1956թ սկսում է աշխատել երևանյան հեռուստակենտրոնը։ 1968թ. 2 հանրապետական ռադիոծրագրով և 1 հեռուստածրագրով սկսեցին հաղորդումներ հեռարձակվել հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, քրդերեն լեզուներով։ Հեռուստածրագրեր էին հեռարձակվում նաև հայերեն և արաբերեն լեզուներով արտասահմանյան հանդիսատեսի համար։ Փոխանցումալող սարքերը թույլ էին տալիս հեռուստահաղորդումներ դիտել գրեթե ամբողջ հանրապետության տարածքում։

1512-1513 թվականներին Վենետիկում տպագրվեցին առաջին հայերեն գրքերը՝ «Պարզատումար», «Աղթարք», «Պատարագատետր», «Պարզատումար», «Տաղարան»։ Այնուհետև հայերեն լեզվով տպագիր գրքեր հայտնվեցին նաև Կոստանդնուպոլսում (1567), Հռոմում (1584), Փարիզում (1633), Լայպցիգում (1680), Ամստերդամում, Նոր Ջուլֆայում (Իրան), Լվովում, Էջմիածնում (1771), Պետերբուրգում (1780), Աստրախանում, Մոսկվայում, Թիֆլիս, Բաքվում։

1794թ. Մադրասում (Հնդկաստան) լույս տեսավ հայերեն առաջին շաբաթաթերթը՝ «Ազդարար»-ը, իսկ ավելի ուշ Կալկուտայում՝ «Ազգասեր» ամսագիրը։ 19-րդ դարի առաջին կեսին աշխարհի տարբեր երկրներում հայերեն լեզվով լույս էր տեսնում մոտ 30 ամսագիր և թերթ, որոնցից 6-ը՝ Կոստանդնուպոլսում, 5-ը՝ Վենետիկում, 3-ը՝ (այդ թվում «Կովկաս» և «Արարատ» թերթերը) Թիֆլիսում։ Մոսկվայում լույս էր տեսնում «Հյուսիսափայլ» ամսագիրը, որը մեծ դեր խաղաց հայկական սփյուռքի հոգևոր կյանքում։

Տոներ և հիշատակի օրեր[խմբագրել]

  • Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը - Ամանոր և Ծննդյան տոներ. Դեկտեմբերի 31-ին, Հունվարի 1-ին և 2-ին՝ Ամանոր, Հունվարի 3-ին, 4-ին և 5-ին՝ նախածննդյան տոներ, Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդ և Հայտնություն (ոչ աշխատանքային օրեր)
  • Հունվարի 7 - Մեռելոց հիշատակի օր (ոչ աշխատանքային օր)
  • Հունվարի 28 - Բանակի օր (ոչ աշխատանքային օր)
  • Փետրվարի 21 - Մայրենի լեզվի օր
  • Փետրվարի 28 - Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր
  • Մարտի 8 - Կանանց տոն (ոչ աշխատանքային օր)
  • Ապրիլի 1 - Երգիծանքի և հումորի օր
  • Ապրիլի 7 - Մայրության, գեղեցկության և սիրո տոն
  • Ապրիլի 24 - Ցեղասպանության զոհերի հիշատակի օր (ոչ աշխատանքային օր)
  • Մայիսի 1 - Աշխատանքի օր (ոչ աշխատանքային օր)
  • Մայիսի 8 - Երկրապահի օր
  • Մայիսի 9 - Հաղթանակի և խաղաղության տոն (ոչ աշխատանքային օր)
  • Մայիսի 28 - Հանրապետության տոն (ոչ աշխատանքային օր)
  • Հունիսի 1 - Երեխաների իրավունքների պաշտպանության օր
  • Հունիսի 14 - Բռնադատվածների հիշատակի օր
  • Հուլիսի 5 - Սահմանադրության օր (ոչ աշխատանքային օր)
  • Սեպտեմբերի 1 - Գիտելիքի, գրի և դպրության օր
  • Սեպտեմբերի 21 - Անկախության տոն (ոչ աշխատանքային օր)
  • Հոկտեմբերի առաջին կիրակի օրը - Ուսուցչի օր
  • Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը - Թարգմանչաց տոն
  • Դեկտեմբերի 7 - Երկրաշարժի զոհերի հիշատակի օր
  • Սուրբ Զատկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը - Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր
  • Սուրբ Զատկից 64 օր հետո՝ կիրակի օրը - Սուրբ Էջմիածնի տոն[98]

Տես նաև[խմբագրել]

Նշումներ[խմբագրել]

  1. Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրության (1.2)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Statistical Service of Armenia»։ Armstat։ http://www.armstat.am/file/doc/99475033.pdf։ Վերցված է 20 February 2014։ 
  2. «Armenia Population»։ http://countrymeters.info/en/Armenia։ 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Armenia»։ International Monetary Fund։ http://www.imf.org/external/pubs/ft/weo/2013/01/weodata/weorept.aspx?pr.x=49&pr.y=4&sy=2011&ey=2014&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=911&s=NGDPD%2CNGDPDPC%2CPPPGDP%2CPPPPC%2CLP&grp=0&a=։ Վերցված է 2013-07-19։ 
  4. Մովսես Խորենացի, Հայոց պատմություն
  5. «ՀՀ Սահմանադրություն» (Հայերեն)։ 05.07.1995։ http://www.parliament.am/parliament.php?id=constitution։ Վերցված է 24.03.1015։ «Հոդված 8.1. ... Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։» 
  6. Հունվարի 2-ից Հայաստանը ԵՏՄ-ի անդամ է
  7. Այսօրվանից Հայաստանը ԵՏՄ անդամ է
  8. Լեո // Երկերի ժողովածու // Երևան Հ. 1.
  9. Ծ. Պ. Աղայան. «Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ» էջ 15-21։
  10. Ծ. Պ. Աղայան. «Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ» էջ 21-24։
  11. Ծ. Պ. Աղայան. «Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ» էջ 31-37։
  12. «Geghama Ridge at Global Volcanism Program»։ http://www.volcano.si.edu/world/volcano.cfm?vnum=0104-07-։ Վերցված է 2011 փետրվարի 16։ 
  13. http://www.armstat.am/file/article/marz_09_1.pdf
  14. Armenian Soviet Socialist Republic
  15. Հայկական հանրագիտարան, ստորգետնյա ջրեր
  16. http://www.unccd.int/actionprogrammes/centraleu/national/2002/armenia-eng.pdf
  17. «Կենսաբազմազանության և լանդշաֆտների պահպանության միավորում» ՀԿ (04.09.2014). Հայաստանի Հանրապետության Կենսաբազմազանության ազգային զեկույց (2014 տպ.). Երևան. p. 32. http://aarhus.am/publications/5_kensab_zekujc-ARM.pdf. 
  18. 18,0 18,1 Սիրանուշ Գալստյան, Գեռա Ոսկանյան, WWF-Հայաստան // Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները և անտառները // Երևան: Արտ Սայթ ՍՊԸ, 2012 — էջ 4-16 — 52 էջ. — ISBN 978-99941-2-701-6.
  19. «Հայաստանի Հանրապետության օրենքը բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» (հայերեն)։ ընդունվել է 1991։ http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1777&lang=arm։ «Բնության հատուկ պահպանվող տարածքներին տրվում է պետական արգելանոցների, ազգային պարկերի, պետական արգելավայրերի, բնության հուշարձանների կարգավիճակ:» 
  20. Գևորգյան Ա․, Աղասյան Ա․ // Հայաստանի հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի ներկա վիճակը // Երևան, 2008 — 52 էջ.
  21. «Հայաստանի բնության հուշարձանների ցանկ» (հայերեն)։ 25․08․2014։ http://www.mnp.am/?p=196։ Վերցված է 01.08.2015։ 
  22. ՀՀ էներգահամակարգը
  23. http://parliament.am/parliament.php?id=parliament&lang=arm
  24. 2 ՀՀ նախագահի կայք։
  25. «ՀՀ Կառավարության ցանկ» վերցված 5 Դեկտեմբերի 2014(հայերեն)
  26. «ՀՀ Կառավարության առընթեր մարմիներ» Վերցված 07 Դեկտեմբերի 2014 (հայերեն)
  27. 27,0 27,1 The International Institute of Strategic Studies (IISS) // Ռազմական հաշվեկշիռ (The Military Balanc) // : Routledge; Pap/Chrt edition (հունվար 24, 2014), 2014 — 170 — 170 — 510 էջ. — ISBN 978-1857437225. (անգլերեն)
  28. Հայաստանի Հանրապետության կառավարություն։
  29. http://armstat.am/file/doc/99459668.pdf
  30. ԱՎԾ, Մարդահամարի տվյալներ, ըստ ազգության, սեռի և տարիքի
  31. ՀՀ կառավարություն, Ցանկ ՀՀ-ում գրանցված կրոնական կազմակերպությունների։
  32. 32,0 32,1 32,2 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ 2015թ. ՀՈՒԼԻՍԻ 1-ի ԴՐՈՒԹՅԱՄԲ,»։ http://armstat.am/file/article/bnakch_01.07.2015.pdf։ Վերցված է 2015 Օգոստոսի 9։ 
  33. http://armstat.am/file/doc/99458073.pdf
  34. 34,0 34,1 34,2 34,3 34,4 Բ․ Ն․ Առաքելյան Երկու հիմնական ուղղությունների ձևավորումը հին հայկական մշակույթի մեջ // Պատմա-բանասիրական հանդես : հանդես. — Երևան — № № 2. — Էջ  45-53.
  35. Բ․ Ն․ Առաքելյան Հելլենիստական ուղղության ձևավորումը հին հայկական մշակույթում // Պատմա-բանասիրական հանդես : հանդես. — Երևան — № № 2. — Էջ  177-182. — ISSN 0135-0536.
  36. «Տուֆը, որով կառուցված է ողջ Հայաստանը» Հայկական ինտերնետ պորտալ
  37. «Pre-Pottery Neolithic Cayonu Tepesi» (անգլերեն)։ http://ancientneareast.tripod.com/Cayonu_Tepesi.html։ 
  38. Արտակ Գնունի Շենգավթյան մշակույթի բնակավայրերում տեղադրված սրբավայրերը և պաշտամունքային կառույցները (հայերեն) // Պատմա-բանասիրական հանդես : հանդես. — Երևան — № № 1. — Էջ  236-253. — ISSN 0135-0536.
  39. Հրայր Իսաբեկյան «Հայկական ռենեսանսի ճարտարապետությունը» էջ 9-21
  40. 40,0 40,1 40,2 40,3 40,4 ։ Ուղղափառ հանրագիտարան, հատոր 3, էջ 286-322, ք․ Մոսկվա, 2001թ
  41. 41,0 41,1 [http://www.icon-art.info/book_contents.php?lng=ru&book_id=29&chap=7&ch_l2=10 Վիկտոր Լազարև «Արվեստը Հայաստանում», ք․ Մոսկվա, 1986թ}}
  42. Մ․ Չահին «Հայաստանի Թագավորություն», էջ 269, 2001թ
  43. Բ․ Թեմուրջյան «Գորգագործությունը Հայաստանում», ք․ Երևան, 1955թ
  44. Ս․ Դավթյան «Հայկական կարպետ», ք․ Երևան, 1975թ
  45. Տիգրան Կույումջյան «"Les tapis à inscriptions arméniennes", in "Tapis et textiles arméniens"», էջ 247-253 ք․ Մարսել, 1991թ
  46. Վ․ Ազատյան, Ա․ Մարգարյան «Հայկական գորգեր», էջ 286, ք․ Երևան, 1986թ
  47. Լյուսի Տեր-Մանուելյան «Ջուլհակներ, վաճառականներ և թագավորներ․ Հայկական մակագրված գորգեր», 1984թ
  48. Էմեթ Իլանդ «Կովկասի ներգաղթած հայկական գորգերը», էջ 8, ք․ Բերքլի, Կալիֆորնիա, ԱՄՆ, 1990թ
  49. Մյուրեյ Իլանդ «Celebrating Rites of Passage in Inscribed Armenian Rugs», էջ 155, ք․ Սան Ֆրանցիսկո, 2002թ
  50. Մանյա Ղազարյան «Հայկական կարպետ», էջ 288, ք․ Լոս Անջելես, 1988թ
  51. Մանիա Ղազարյան «Հայկական կարպետներ», էջ 111, ք․ Մոսկվա, 1985թ
  52. Ա․ Պողոսյան «Կարպետները հայկական ժողովրդական արվեստի, մշակույթի և ինքնության մեջ», էջ 150-165, ք․ Բլումինգտոն և Ինդիանապոլիս, 2001թ
  53. Տիգրան Կույմջյան «Հայկական տեքստիլ․ ամփոփում», 2007թ
  54. Սերգեյ Տոկարև «ԽՍՀՄ ժողովուրդների ազգագրություն․ կենցաղի և մշակույթի պատմական հիմքեր», էջ 295, 1958թ
  55. Ն․ Մառ «Արմգիզ», էջ 197, ք․ Երևան, 1939թ
  56. Ա․ Գադլո «Անդրկովկասի և Միջին Ասիայի ժողովուրդների ազգագրություն․ ավանդական մշակույթ»
  57. «Հայեր․ 19-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկիզբ»
  58. 58,0 58,1 58,2 58,3 58,4 Գուսաններ
  59. 59,0 59,1 Ն․ Տագմիզյան «Շարականներ։ Սուրեն Զոլյանի թարգմանությունները», 1990թ
  60. Երաժշտական հանրագիտարան։ Դուդուկ։ Խմբ․՝ Յու․ Կելդիշ
  61. Duduk.com (անգլերեն)
  62. Դհոլ
  63. Հայկական դհոլի պատմությունը
  64. 64,0 64,1 Театральная Энциклопедия, М., издательство Советская энциклопедия, 1961, том I
  65. История Древнего мира, издание 2-е, Под ред. И. М. Дьяконова, В. Д. Нероновой, И. С. Свенцицкой, М., 1983, том 2 стр. 399-414
  66. Плутарх, Сравнительные жизнеописания, Лукулл, 29
  67. Յան Հայդեն Սմիթ «Ֆիլմերի միջազգային ուղեցույց», 2012թ
  68. Վ․ Պոխլեբկին «Աշխարհի ժողովուրդների ազգային խոհանոցները», ք․ Մոսկվա, 1990թ
  69. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ»։ Հայաստանի շախմատային ֆեդերացիա։ Արխիվացված օրիգինալից 30-07-2015-ին։ https://web.archive.org/web/20150730072901/http://chessfed.am/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B7%D5%A1%D5%AD%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB-%D6%86%D5%A5%D5%A4%D5%A5%D6%80%D5%A1%D6%81%D5%AB%D5%A1/։ Վերցված է 30-07-2015։ 
  70. «37-րդ Շախմատային օլիմպիադա: Turin 2006»։ OlimpBase։ http://www.olimpbase.org/2006/2006arm.html։ Վերցված է 9 September 2012։ 
  71. «38-րդ Շախմատային օլիմպիադա: Dresden 2008»։ OlimpBase։ http://www.olimpbase.org/2008/2008arm.html։ Վերցված է 9 September 2012։ 
  72. «40th Olympiad Istanbul 2012 Open tournament»։ Turkish Chess Federation։ http://results.chessolympiadistanbul.com/tnr77681.aspx?art=20&lan=1&flag=30&snr=3։ Վերցված է 9 September 2012։ 
  73. «30-րդ Շախմատային օլիմպիադա: Manila 1992»։ OlimpBase։ http://www.olimpbase.org/1992/1992arm.html։ Վերցված է 9 September 2012։ 
  74. «35-րդ Շախմատային օլիմպիադա: Bled 2002»։ OlimpBase։ http://www.olimpbase.org/2002/2002arm.html։ Վերցված է 9 September 2012։ 
  75. «36-րդ Շախմատային օլիմպիադա: Calvia 2004»։ OlimpBase։ http://www.olimpbase.org/2004/2004arm.html։ Վերցված է 9 September 2012։ 
  76. «8th World Team Chess Championship: Ningbo 2011»։ OlimpBase։ http://www.olimpbase.org/2011t/2011arm.html։ Վերցված է 9 September 2012։ 
  77. «4th World Team Chess Championship: Lucerne 1997»։ OlimpBase։ http://www.olimpbase.org/1997t/1997arm.html։ Վերցված է 9 September 2012։ 
  78. «5th World Team Chess Championship: Yerevan 2001»։ OlimpBase։ http://www.olimpbase.org/2001t/2001arm.html։ Վերցված է 9 September 2012։ 
  79. «6th World Team Chess Championship: Beer Sheva 2005»։ OlimpBase։ http://www.olimpbase.org/2005t/2005arm.html։ Վերցված է September 9, 2012։ 
  80. «World Team Championship 2015»։ FIDE World Team Championship 2015։ http://tsaghkadzor2015.fide.com/static/article/26?lang=am։ Վերցված է 30-07-2015։ 
  81. «12th European Team Chess Championship: Batumi 1999»։ OlimpBase։ http://www.olimpbase.org/1999e/1999arm.html։ Վերցված է 9 September 2012։ 
  82. Administrator։ «Highest-Rated Chess Players of All Time»։ http://pogonina.com/index.php?option=com_content&task=view&id=810։ 
  83. «All time Top 100 by Highest Elo Rating»։ http://chess-db.com/public/top100alltime.jsp։ 
  84. Highest "Live ratings" of All Time
  85. «Live Chess Ratings – 2700chess.com»։ http://www.2700chess.com։ 
  86. "Live Elo" covers rating achieved after every single chess game played, what constitutes live performance of players in between of FIDE's regular monthly rating lists.
  87. «FIDE Country Top vhess players»։ ՖԻԴԵ։ https://ratings.fide.com/topfed.phtml?tops=0&ina=2&country=ARM։ Վերցված է 1 Օգոստոս 2015։ 
  88. «Մարտի 3-ին Երեւանում տեղի կունենա Եվրոպայի շախմատի անհատական առաջնության առաջին փուլը». Armenpress. 3 March 2014. http://armenpress.am/arm/news/752204/european-individual-chess-championship-launches-in-yerevan.html։ Վերցված է 30-07-2015. 
  89. «32nd Chess Olympiad: Yerevan 1996» (անգլերեն)։ OlimpBase։ http://www.olimpbase.org/1996/1996in.html։ Վերցված է 12 September 2012։ 
  90. «5th World Team Chess Championship: Yerevan 2001» (անգլերեն)։ OlimpBase։ http://www.olimpbase.org/2001t/2001in.html։ Վերցված է 12 September 2012։ 
  91. «World Team Championship 2015»։ FIDE World Team Championship 2015։ http://tsaghkadzor2015.fide.com/news/list/?lang=am։ Վերցված է 30-07-2015։ 
  92. http://www.chessfed.am/index.php?Page=Federation&Lang= 1
  93. «Armenia Introduces Chess As Mandatory School Subject» (անգլերեն). Radio Free Europe/Radio Liberty. 19 September 2011. http://www.rferl.org/content/armenia_introduces_chess_as_mandatory_school_subject/24333249.html։ Վերցված է 12 September 2012. 
  94. «Armenia makes chess compulsory in schools» (անգլերեն). The Guardian. 15 November 2011. http://www.guardian.co.uk/world/2011/nov/15/armenia-chess-compulsory-schools։ Վերցված է 12 September 2012. 
  95. Parameswaran; Gaedtke, Gayatri; Felix (24 March 2013). «Chess mania captures Armenia's attention» (անգլերեն). Al Jazeera. http://www.aljazeera.com/indepth/features/2013/03/201331792224757326.html։ Վերցված է 25 March 2013. 
  96. ԶԼՄ-ները Հայաստանում
  97. Հայաստանի ռադիոկայանները http://radiomap.eu կայքում
  98. http://www.spyur.am/am/armenia/

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Կառավարություն

Քարտեզներ

Wiktfavicon en.svg Ընթերցեք «Հայաստան» բառի բացատրությունը հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png