Ինտերիեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ինտերիեր (այլ կիրառումներ)

Ինտերիեր (ֆրանս.՝ interieur- ներս, ներքին մաս),

  • ճարտարապետության մեջ, շենքի կամ նրա մի մասի ներքին տարածությունը, ներքնաձևը, որ օրգանապես կապված է կառույցի բովանդակության, ծավալա-տարածական լուծման և կոնստրուկտիվ հենքի հետ։ Ինտերիերի ֆունկցիոնալ նշանակությանը համապատասխան ճարտարապետական միջավայրի ստեղծման պրոցեսում կարևոր են նրա ձևը, չափերը, համաչափությունները, կոնստրուկտիվ տարրերի ու ճարտարապետական մասնատումների ռիթմը, մասշտաբը, բնական և արհեստական լուսավորության բնույթը, դեկորատիվ հարդարման ձևերը, կահույքը և այլ տարրեր, որոնք հանդես են գալիս կուռ և միասնական գեղարվեստական կերպարում։ Ինտերիերի լուծման սկզբունքները տարբեր են բնակելի կամ հանդիսատեսային, հանգստի կամ մարզական, արտադրական կամ վարչական այլ շենքերում, Որոնցում հետապնդվում են մարդու տրամադրության և հոգեվիճակի վրա ազդելու տարբեր նպատակներ։ Շենքի ինտերիերի միասնական մեկնաբանման ու լուծման խնդիրները բացահայտվում են աստիճանաբար, մարդու շարժմանը համընթաց՝ հետզհետե տանելով դեպի այն գլխավորը կամ հանգուցայինը, որը տվյալ շենքի հիմնական բովանդակությունն է ամփոփում։ Ինտերիերի կերպարը լրացնող կարևոր բաղկացուցիչ է շենքը շրջապատող միջավայրը, որի և ինտերիերի փոխադարձ կապը իրագործվում է արտաքին պատերի մեծ բացվածքներով։ Արդի ճարտարապետական կառույցի ինտերիերի լուծման նոր և բազմապիսի հնարավորություններ են ստեղծվել նորագույն շինանյութերի և կոնստրուկցիաների, հարդարման միջոցների ու կահույքի զանազան ձևերի կիրառման շնորհիվ, որոնք ապահովում են ժամանակակից մարդու կյանքի հարմարավետուությնն ու գեղագիտական պահանջները։ ժամանակակից ինտերիերում նախատեսվում է նաև պարբերական ձևափոխման և ֆունկցիոնալ առանձին գոտիների ստեղծման հնարավորություն։
  • Ինտերիերի գեղանկարչության մեջ, ժանր, որը ծաղկման է հասել 17-րդ դարում հոլանդական, ֆլամանդական նկարիչների մոտ։ Հայ նկարիչներից ինտերիեր պատկերել են Վ. Սուրենյանցը, Հ. Կոջոյանը, Գ. Խանջյանը և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 353