Jump to content

Փանոս Թերլեմեզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերլեմեզյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Փանոս Թերլեմեզյան
Ծնվել էմարտի 11, 1865(1865-03-11)[1][2]
ԾննդավայրՎան[1][2]
Վախճանվել էապրիլի 30, 1941(1941-04-30)[1][2] (76 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՎանի կեդրոնական վարժարան (1886)[1], Գեղարվեստը խրախուսող կայսերական ընկերություն (1897)[1] և Ժյուլիանի ակադեմիա (1904)[1]
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներՍանահինի վանքի գավիթը, Լոռեցի հովիվ և Աշխատավորուհին աղբյուրի մոտ. Բրետան
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ[1]
Փանոս Թերլեմեզյան Վիքիքաղվածքում
Փանոս Թերլեմեզյան Վիքիդարանում
 Panos Terlemezian Վիքիպահեստում

Փանոս Պողոսի Թերլեմեզյան (մարտի 11, 1865(1865-03-11)[1][2], Վան[1][2] - ապրիլի 30, 1941(1941-04-30)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ նկարիչ և հասարակական գործիչ։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1935)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վան քաղաքի Այգեստան արվարձանում 1865 թվականին։ Սովորել է տեղի տարրական դպրոցում (1870), որտեղ էլ առաջին անգամ սեր է արթնանում նրա մեջ նկարչության հանդեպ։ 1881-1886 թվականներին սովորել է Վանի՝ Մկրտիչ Փորթուգալյանի անվան կենտրոնական վարժարանում։ Այդ տարիներին հարել է Արմենական կազմակերպությանը։

1886-1889 թվականներին գծագրություն, գեղագիտություն ու աշխարհագրություն է դասավանդում Վանի դպրոցներում։

1889 թվականին հարում է սուլթանական կառավարության դեմ պայքարող երիտասարդական խմբավորման, որի համար հետապնդվում է և 1890 թվականին ձերբակալվում։ Վեց ամիս հետո ազատ է արձակվում՝ ապացույցների բացակայության պատճառով։

1891 թվականին դատապարտվում է մահապատժի, սակայն 1893 թվականին նրան հաջողվում է բանտից փախչել Իրան, ապա մեկնել Թիֆլիս՝ աշխատանք որոնելու։ Մինչև 1895 թվականը Թիֆլիսում աշխատում է նախ իբրև փայտահատ, ապա տպարանում՝ որպես գրաշար և «Մշակ» թերթի խմբագրատանը՝ իբրև թերթի ցրիչ։ 1895 թ. մեկնում է Սանկտ Պետերբուրգ և ընդունվում գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը, երկրորդ տարում ուսանում ակադեմիկոս Լև Դմիտրի-Կավկազսկու արվեստանոցում։ Սովորում է Խրիմյան Հայրիկի նշանակած թոշակով։

1897 թվականի ամռանը ուսանողական ընկերների հետ ստեղծագործելու նպատակով մեկնում է Էստոնիա։ Այնտեղ էլ թուրքական կառավարության պահանջով ձերբակալվում է և կալանքն անցկացնում Ռևալի, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի, Ռոստովի, Թիֆլիսի, Դիլիջանի ու Երևանի բանտերում։

1898 թ. գաղտնի աքսորվում է Պարսկաստան, որտեղից փախչում է Բաթում և մեկնում Փարիզ։ Ընդունվում է Փարիզի՝ Ժյուլիան ակադեմիա (ուսուցիչներ՝ Բենժամեն Կոնստան, Ժան-Պոլ Լորանս)։ Պարբերաբար մասնակցում է ֆրանսիացի նկարիչների և Արևելագետների ընկերության ցուցահանդեսներին։

1900 թ. Ժյուլիանի ակադեմիայի ուսանողական ցուցահանդեսում «Մերկ տղամարդու ֆիգուր» գծանկարն արժանանում է առաջին մրցանակի։

1901 թ. Խրիմյան Հայրիկի հրավերով մեկնում է Էջմիածին, նկարում բնանկարներ, ընդօրինակում Մուրիլյոյի «Անարատ հղություն» ստեղծագործությունը։ 1904 թ. ավարտում է Ժյուլիանի ակադեմիան և վերադառնում Հայաստան։ Լինում է Էջմիածնում, Սանահինում, ստեղծում է «Թումանյանը որսի ժամանակ», «Լոռեցի հովիվը», «Սանահին վանքի գավիթը» կտավները և այլ էտյուդներ ու բնանկարներ։

1905-1908 թվականներին Թերլեմեզյանն ապրում և ստեղծագործում է Թիֆլիսում, դասավանդում Ներսիսյան և Հովնանյան դպրոցներում, ակտիվորեն մասնակցում մշակութային կյանքին։

1908 թ. Ճանապարհորդության է մեկնում Եգիպտոս, լինում Կահիրեում, Ալեքսանդրիայում, մեկնում է Ալժիր, այնտեղից՝ Ֆրանսիա։

1908-1910 թվականներին ապրում և ստեղծագործում է Փարիզում, նկարում Շիրվանզադեի դիմանկարը։

1910-1915 թ. ապրում է Պոլսում։ Այնտեղ մտերիմ փոխհարաբերություն է հաստատում Կոմիտասի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Երվանդ Օտյանի և ուրիշների հետ։ 1907 թ. Պոլսում նկարիչ Լևոն Քյուրքչյանի հետ բացում է նկարչական դպրոց։

1912 թվականին Փանոս Թերլեմեզյանը Կոմիտասի հետ մեկնում է նրա ծննդավայրը՝ Կուտինա, որտեղ էլ ստեղծում է Կոմիտասի դիմանկարը։

1913 թ. կազմակերպում է առաջին անհատական ցուցահանդեսը։ Նույն թվականին մասնակցում է Մյունխենի միջազգային ցուցահանդեսին։ Նրա «Սանահին վանքի գավիթը» նկարն արժանանում է ոսկե մեդալի։

1914 թվականին նա ստեղծագործական շրջագայություն է կատարում դեպի Վան։ Նկարում է «Սիփան սարը Կտուց կղզուց» և «Վանա լիճը» բնանկարները։

1915 թ. կազմակերպվում է Վանի ինքնապաշտպանությունը, որտեղ բնակվող շուրջ 23.000 հայերին միանում են նաև շրջակա գյուղերից այստեղ ապաստանած հազարավոր հայեր։ Ձևավորված ինքնապաշտպանական մարմինի անդամ էր նաև Փանոս Թերլեմեզյանը։ Նույն թվականին գաղթականների հետ գնում է Էջմիածին, այնտեղից՝ Թիֆլիս։

Եղիշե Թադևոսյան, Վարդգես Սուրենյանց, Մարտիրոս Սարյան, Փանոս Թերլեմեզյան - 1916

1916-1917 թվականներին Հայ արվեստագետների միություն (1916) և նրա ռոստովյան մասնաճյուղի (1917) կազմակերպիչներից և հիմնադիր անդամներից մեկը։

Փանոս Թերլեմեզյանը ու Լևոն Քյուրքչյանը, 1920

1920-1923 թվականներին ստեղծագործական ուղևորություններ է կատարում Իտալիա, Փարիզ, Պոլիս՝ նկարելով ծովային տեսարաններ, այդ թվում երգիչ Արմենակ Շահմուրադյանի դիմանկարը։

1920 թ. Պոլսի Հայ ակումբում կազմակերպվում է Թերլեմեզյանի ու Լևոն Քյուրքչյանի համատեղ ցուցահանդեսը։

1923-1928 թվականներին բնակվում է Ամերիկայում՝ Նյու Յորք, Ֆրեզնո, Սան Ֆրանցիսկո ու Լոս Անջելես քաղաքներում։ Նյու-Յորքում նկարում է դերասաններ Հ. Աբելյանի ու Հովհաննես Զարիֆյանի դիմանկարները։

1924 թ. մասնակցում է Վենետիկի XIV բիեննալեին։ Կազմակերպում է անհատական ցուցահանդեսներ Նյու Յորքում։ Ամերիկայում գրում է կտակ, որի համաձայն իր ստեղծագործություններն ու ողջ ունեցվածքը նվիրաբերում է Հայաստանի պետական թանգարանին։

1925 թ. անհատական ցուցահանդես Ֆրեզնոյում։

1926 թ. անհատական ցուցահանդես Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում և Լոս Անջելեսում։

1928 թ. Հայաստանի կառավարության հրավերով Թերլեմեզյանը վերադառնում է հայրենիք և մշտական բնակություն հաստատում Երևանում։

1929 թ. անհատական ցուցահանդես Երևան պետական թանգարանում։

1928-1930 թվականներին ստեղծագործական շրջագայություն է կատարում Գորիս, Ղափան, Տաթև, Ալավերդի, Ձորագես՝ նկարելով արդյունաբերական թեմաներով պատկերներ, բանվորների դիմանկարներ, բնանկարներ։ Ստեղծում է Ռոմանոս Մելիքյանի, Ավետիք Իսահակյանի, Հրաչյա Աճառյանի, Ակսել Բակունցի և այլոց դիմանկարները։

«Փանոս Թերլեմեզյան» հոբելյանական ցուցահանդես ՀԱՊ-ում

1930 թ. անհատական ցուցահանդես Թիֆլիսում։

1930 թ. Փանոս Թերլեմեզյանին շնորհվում է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

1932 թ. ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ։

Փանոս Թերլեմեզյանը վախճանվել է 1941 թ. Երևանում։

Հայաստանի կառավարությունը Թերլեմեզյանի անունով է կոչել Երևանի գեղարվեստի ուսումնարանը։

2015 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես[3][4]։

Մեջբերումներ Թերլեմեզյանի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թերլեմեզյանի գեղարվեստական կտավներով, որոնք արտացոլում են մեր լեռնային հրաշալի հայրենիքը, միշտ մեր նկարասրահների զարդը կլինեն։
Թերլեմեզյան նկարիչը այն անհատներից է, որոնք իրենց ժամանակի և մայր ժողովրդի կյանքի հետ են ընթացել, ոչ միայն ստեղծագործական իմաստով, այլ իրենց կյանքով։

Գրականություն Թերլեմեզյանի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թորգոմյան Ծ. Փանոս Թերլեմեզյան։ Հուշեր գրքում.- Եր.։ Հայաստան, 1960, էջ 64-86;
  • Մարտիկյան Ե. Փանոս Թերլեմեզյան.- Եր.։ Հայաստան, 1974. -105 էջ։
  • Բաշինջաղյան Զ. Նրա անունը երբեք չի մոռացվի.- Սովետ. Հայաստան, 1975, 19 դեկտեմբեր։
  • Խաչատրյան Շ. Մարդը, քաղաքացին, արվեստագետը.Սովետ. Հայաստան, 1975, թիվ 10, էջ 16-18։
  • Մահարի Գ. Ճանապարհորդություն դեպի անցյալ.Սովետ. արվեստ, 1974, N 7, էջ 40-52։
  • Մարտիկյան Ե. Վաղեմի մտերիմները.- Հայրենիքի ձայն, 1969, 12 նոյեմբեր։
  • Սարգսյան Մ. Հայ մեծ նկարիչը.- Սովետ. Հայաստան, 1975, 19 դեկտեմբեր։
  • Թերլեմեզյան տոհմ։ Զավակներ Վասպուրական երկրի։ Կազմող և խմբ. Կ. Լ. Թերլեմեզյան, Երևան, 2010, 44 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փանոս Թերլեմեզյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փանոս Թերլեմեզյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փանոս Թերլեմեզյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 178