Jump to content

Սրականջ գիշերաչղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրականջ գիշերաչղջիկ
Սրականջ գիշերաչղջիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Ձեռքաթևավորներ
Ընտանիք Հարթաքիթներ
Ցեղ Գիշերաչղջիկներ
Տեսակ Սրականջ գիշերաչղջիկ
Լատիներեն անվանում
Myotis blythii
Tomes, 1857
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 632003
NCBI 109482

Սրականջ գիշերաչղջիկ (լատին․՝ Myotis blythi), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեալն ընդգրկում է Հարավային Եվրոպան, Արևմտյան Ուկրաինան, Մոլդովան, Ղրիմը, Կովկասը, Հյուսիսային Աֆրիկան, Առաջավոր, Փոքր և Կենտրոնական Ասիան, Իրանը, Աֆղանստանը։

Հայաստանում հանդիպում է կիսաանապատներից մերձալպյան գոտի (2350 մ բարձրություններում)։ Արցախում հայտնի է համարյա բոլոր լանդշաֆտային գոտիներում։ Համեմատաբար մեծ գաղութներ առաջացնում է Ազոխի (Հադրութի շրջան) և Ավանա Կարանի (Շուշիի շրջան) քարանձավներում։

Բնակվում է ժայռաճեղքերում, քարանձավներում, շենքերի (նաև պանելային) տանիքներում, նկուղներում, կամուրջների տակ՝ առանձնյակներով կամ գաղութներով։ Վարում է մթնշաղագիշերային կենսակերպ։ Ունի գիշերային ակտիվության տարբեր տիպեր։

Արտաքին տեսքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորթու մեջքային մասը կողմը մկնամոխրագույն է, մինչև մուգ գորշաշագանակագույն՝ հարդագույն խառնուրդի բծերով։ Ստորինկողմը կեղտոտ կամ մոխրափայլ է։ Մուգ է նաև թևաթաղանթը։ Ականջները գագաթում սրածայր են։ Մարմնի երկարությունը 58,8-73,9 մմ է, պոչինը՝ 45-58,7 մմ, նախաբազկինը՝ 52,5-61,1 մմ, կենդանի զանգվածը՝ 17,2-33,1 գ։ Գանգի կոնդիլոբազալ երկարությունը՝ 19,5-22 մմ։

Թռչում է մեծ բարձրությունների վրա՝ երեկոյից լուսաբաց։ Սնվում է մեծ չափերի բզեզներով (մարմարյա, ռնգեղջյուր), թիթեռներով, ցատկող ուղղաթևներով և այլն։ Մայիսի վերջին ծնում է 1 ձագ։

Սննդային մրցակիցներից է բեխշտեյնի գիշերաչղջիկը, եռագույն գիշերաչղջիկը և հարթաքիթ չղջիկների այլ ներկայացուցիչներ։

Թշնամիներից են կատուները, կզաքիսները, աքիսները, առնետները և գիշերային գիշատիչ թռչունները։

Հիվանդությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակվում է էկտո-, էնդոմակաբույծներով։

Նշանակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևոր նշանակություն ունի կենսացենոզների դինամիկ հավասարակշռության պահպանման գործում և որպես վնասատու միջատների դեմ պայքարի կենսաբանական միջոց[1][2][3][4][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրք, Ե., Էդիթ Պրինտ, 2012, էջ 210։
  2. Յավրույան Է. Գ., Հայրապետյան Վ. Տ., Ղարաբաղի վայրի կաթնասունները, մաս I, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2003։
  3. Հայաստանի բնաշխարհ. հանրագիտարան, Ե., 2006, էջ 518։
  4. Հայրապետյան Վ. Տ. Ղարաբաղի ձեռքաթևավորները, թեկն. ատենախոս., Ե., 2004։
  5. Koopman K. Chiroptera: Sistematics: Hanbd. Der Zoologie, VIII, Mammalia, Part 60, W. de Gruyter, Berlin, N. York, 1994.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրականջ գիշերաչղջիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրականջ գիշերաչղջիկ» հոդվածին։