Նշենի Ֆենցլիի
Նշենի Ֆենցլիի | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
լատին․՝ Amygdalus fenzilana (Fritsch) lipsky
|
Նշենի Ֆենցլիի (լատին․՝ Amygdalus fenzilana (Fritsch) lipsky), վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ թուփ է՝ 1,5-3 մ բարձրությամբ (հաճախ ծառանման է լինում), ճյուղերը երկարավուն են, տարածված, ծիրանագույն, ծայրերը՝ փշավոր։ Տերևները էլիպսանշտարաձև են, 6-8 սմ երկարությամբ և 1,5-2 սմ լայնությամբ, կիսակաշվեկերպ, հարթ, վերևի կողմից մուգ կանաչ, փայլուն, ներքևի կողմից՝ անփայլ, ատամնասղոցաեզր, անհավասար ատամիկներով, կլորավուն կամ սեպաձև հիմքով, սրածայր։ Վարդագույն, 1-5-ական ծաղիկները հավաքված են չռված ծաղկաբույլերում, մեծ մասամբ երկամյա տերևազուրկ ճյուղերի վրա, վարդագույն են։ Պտուղը գրեթե գնդաձև է, թավշապատ, փոքր-ինչ սեղմված, 2,5-3,5 սմ տրամագծով։ Ծաղկում է մինչև տերևների բացվելը (Մեղրիում, Զանգեզուրում՝ մարտին, այլ վայրերում՝ ապրիլին)։ Կիևում և Վորոնեժում ցրտահարվում է։ Աչքի է ընկնում մեծ դիմացկունությամբ և դեկորատիվ բարձր հատկանիշներով։ Առանձնապես գեղեցիկ է ծաղկման շրջանում։ Քչապահանջ և չափազանց չորադիմացկուն բույս է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիպիկ հայկական տեսակ է, Հայաստանից դուրս չի հանդիպում։ Տարածված է Իջևանի շրջանի ցածրադիր գոտում (Այգեհովիտ գյուղի շրջակայքում), Արագածի հարավային չոր լանջերում, Ազատ և Միլի գետերի ավազաններում, Գեղարդում, Գառնիում, Խոսրովի անտառում, Երանոսի լեռնաշղթայում, Վայքում, Զանգեզուրում, Մեղրիում (Լիչքվազ)։ Մշակության մեջ քիչ է հանդիպում։ Աճեցվում է միայն բուսաբանական այգիներում[1]։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայրի նշենու պտուղներն ունեն դառը համ։ Նշենու քաղցր սերմերը պարունակում են 40-60 % ճարպային յուղ, սպիտակուցներ և ամիգդալին գլիկոզիդ, որը ֆերմենտների ազդեցության տակ ճեղքվում է՝ առաջացնելով թունավոր կապտաթթու և յուրահատուկ հոտ ունեցող բենզալդեհիդ (դառը նշի հոտով)։ Սերմերը թարմ, չորացած կամ տապակած վիճակում օգտագործվում են սննդի մեջ։ Նշի յուղն օգտագործում են սննդարդյունաբերության, օծանելիքի արտադրության և բժշկության մեջ։ Այն ազդում է մաշկի վրա որպես փափկեցնող և հակաբորբոքային միջոց։ Սերմերից ստացվող քուսպն օգտակար է կենդանիների համար, այն օգտագործվում է որպես անասնակեր[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 414։
- ↑ Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.