Ուռենի եռառէջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուռենի եռառէջ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ուռածաղկավորներ
Ընտանիք Ուռազգիներ
Ցեղ Ուռենի
Տեսակ Ուռենի եռառէջ
Լատիներեն անվանում
Salicaceae triandra
Հատուկ պահպանություն

Ուռենի եռառէջ (լատին․՝ Salicaceae triandra), ուռազգիների ընտանիքի, ուռենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ 3-4 մ բարձրությամբ։ Կեղևը սպիտակ-մոխրավուն է, ծիրանագույն երանգով, երբեմն' կապտավուն խավով, ներսից կիտրոնագույն։ Երիտասարդ ընձյուղները մերկ են։ Բողբոջները գորշակարմրավուն են, մերկ։ Տերևակիցները գծանշտարաձև են, վաղ թափվող (երբեմն՝ լրիվ բացակայում են)։ Տերևները, որոնք հաճախ հակադիր դասավորություն ունեն, բարակ են, հակառակ ձվաձև, 3-13 սմ երկարությամբ և 0,8-1,5 սմ լայնությամբ, 0,3-0,6 սմ երկարության կոթուններով։ Ամենամեծ լայնությունը ունի կենտրոնից վերև, երկու կողմից էլ կապտականաչավուն է կամ կապտավուն, հասունները լրիվ մերկ են, ամբողջաեզր կամ գագաթնային մասում սուր-սղոցաեզր։ Կատվիկները բացվում են տերևներից առաջ կամ միաժամանակ, կողմնային են, նստադիր, հիմքում մի քանի տերևիկներով, մոտ 3 սմ երկարությամբ։ Ծաղկակից թեփուկները ծածկված են մետաքսանման մազմզուկներով։ Առէջները երկուսն են, մազմզուկապատ, ծիրանագույն փոշանոթներով։ Սերմնարանը նստադիր է, պատված մետաքսանման մազմզուկներով։ Սռնակ չունի։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Ղրիմում, Միջին Ասիայում, Արևմտյան Սիբիրում, Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Մոնղոլիայում։ Հայաստանի պայմաններում տարածված է Տաշիրում, Ստեփանավանում, Գուգարքում, Իջևանում, Նոյեմբերյանում, Շամշադինում, Թումանյանում, Սևանի ավազանում, Վայքում, Զանգեզուրում, Մեղրիում, որտեղ հանդիպում է ստորինից մինչև վերին լեռնային գոտում, ծովի մակերևույթից մինչև 2000 մ բարձրության վրա, գետերի և առուների ափերին։ Ավելի բարձր նիշերի վրա տուժում է սառնամանիքներից։ Գերադասում է թեթև ավազային հողերը, լուսասեր է, խոնավասեր։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճյուղերը օգտագործվում են զամբյուղագործության բնագավառում, ինչպես նաև խաղողի վազը կապելու համար։ Պարունակում է 0,6—5,2 % սալիցին։ Էկոլոգիական խումբը՝ IX: Աչքի է ընկնում դեկորատիվ բարձր հատկանիշներով։ Մշակության հավանական շրջանները՝ 3,7-10, 12-14, 17-21: [1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 253։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուռենի եռառէջ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուռենի եռառէջ» հոդվածին։