Մարմինն իլիկաձև է, երկարությունը՝ 15-25 (երբեմն՝ մինչև 40) սմ, զանգվածը՝ 1 կգ։ Գլուխը խոշոր է, լայն։ Բերանը մեծ է՝ դնչի ծայրին դեպի վեր ուղղված թեք կտրվածքով։ Պոչի լողակը մկրատաձև է։ Թեփուկները խոշոր են, կողագծում՝ 39-45 հատ։ Մեջքային լողակում կա 10-12 ճառագայթ, հետնալողակում՝ 11-12։ Կլանային ատամները երկշարք են։ Խռիկային առէջները կարճ են, սրածայր, 6-10 հատ։ Մեջքը մոխրագորշ է՝ կանաչավուն նրբերանգով, կողքերը՝ արծաթափայլ կամ ոսկեփայլ։ Փորիկը սպիտակ է։ Կողքերի և մեջքի թեփուկներն արտաքինից երիզված են մուգ, բարակ շերտագծով։ Մեջքային և պոչային լողակները մոխրագույն են, կրծքային, փորային լողակները և հետնալողակը՝ դեղնավուն կամ նարնջագույն։ Լողակների հիմքերը վառ գունավորված են։ Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է կամ դեղնավուն։
Սեռահասուն է դառնում 1-2 տարեկանում։ Արուներն էգերից 1 տարով ավելի շուտ են հասունանում։ Սեռական երկձևությունը թույլ է արտահայտված։ Բազմանում է գարնանը, այդ շրջանում արուների գլխի և մարմնի վրա հայտնվում է մանր ալրագույն ցան։ Բեղունությունը հասնում է մինչև 120 հազար ձկնկիթ (այն դեղին է՝ 1, 2-1, 5 մմ տրամագծով), կպչուն,
Դնում է ստորջրյա առարկաների կամ բույսերի վրա։
Բնական ջրակալներում հաճախ վարակվում է մակաբույծ որդերով (փոկորդ և կարթագլուխ), որոնք մակաբուծում են թեփուղի որովայնի խոռոչում կամ աղիների պատերի վրա։ Արդյունաբերական նշանակություն չունի։ Սիրողական ձկնորսության օբյեկտ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 181)։