Բվեճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բվեճ
Բվեճ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Bubo bubo
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Բվեճ (լատ.՝ Bubo bubo), բվերի ընտանիքի գիշատիչ թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։ Բվերի ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչն է։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 60-75 սմ է, թևերի բացվածքը՝ 160–188 սմ, կենդանի զանգվածը՝ 4,2կգ։ Էգերը խոշոր են արուներից։ Փետրածածկը միատարր է, խիտ փափուկ, փխրուն, գորշ դարչնագույն, մետաքսափայլ։ Կրծքի մասում կան սև, կաթիլանման նախշեր, ականջին՝ մեծ փետրափնջեր։ Գլուխը մեծ է, վիզը և ոտքերը՝ կարճ, աչքերը՝ նարնջագույն, մագիլները՝ զարգացած, կտուցը՝ ներքև կեռված, եզրերը՝ սուր, ծայրը՝ սրված։ Գիշերային թռչուն է, սակայն լավ տեսնում է նաև ցերեկը։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացած լսողության և տեսողության շնորհիվ գիշերային լռության ու խավարի մեջ կարողանում է անսխալ և անաղմուկ մոտենալ զոհին ու անվրեպ որսալ։ Ցերեկը հիմնականում հանգստանում է ծառերի բների ճյուղերին և ժայռաքիվերին։ Բնակվում է գետաձորերում, անտառեզրերին, փլատակներում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Stamp of Kazakhstan 325.jpg Սնվում է թռչուններով, փոքր և միջին չափերի կաթնասուններով։ Բազմանում է առանձին զույգերով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրում է դժվարամատչելի ժայռերի խորշերում կամ քիվերին, փչակներում, այլ թռչունների հին բներում։ Դնում է 60 մմ տրամագծով, սպիտակ մինչև 4 ձու։ Թխսակալում է միայն էգը՝ 34-35 օր։ Ապրիլի վերջին տասնօրյակին բներում հայտնվում են ձագերը, որոնք հուլիսի 2-րդ կեսից կարողանում են կայուն թռչել։

Օգտակար թռչուն է, ոչնչացնում է գյուղատնտեսությանը վնաս հասցնող մկնակերպ կրծողներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png