Սզնի արևելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Crataegus orientalis fruit d PG.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Սզնի
Տեսակ Սզնի արևելյան
Լատիներեն անվանում
Crataegus orientalis Pali


Սզնի արևելյան (լատ.՝ Crataegus orientalis), վարդազգիների ընտանիքի, սզնի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2,5 մ բարձրությամբ և 5-10 սմ բնի տրամագծով, տերևաթափ, փոքր ծառ կամ խոշոր թուփ է։ Ճյուղերը մերկ են, կարմրադարչնագույն (երիտասարդ ճյուղերը թաղիքամազմզուկապատ են)։ Կարճացած ընձյուղների մեծ մասը վերածվել են տերևակալած փշերի։ 1-2,5 սմ երկարությամբ անտերև փշերն ուղիղ են։ 3-5 սմ երկարությամբ և 2-4 սմ լայնությամբ, ամուր, անփայլ, երկու կողմից խիտ մոխրավուն աղվամազով ծածկված և հազվադեպ եռաբլթակ տերևները երկարավուն ձվաձև են կամ հակառակ ձվաձև, սուր կամ բութ գագաթով և նեղ սեպաձև հիմքով, խոր կտրատված, թեքությամբ դեպի վեր ուղղված, նեղ և գագաթնային մասում սեպաատամնավոր կամ բլթականման կտրված մասերով։ Տերևակոթունը ունի 0,5-1,2 սմ երկարություն։ Մանգաղանման և աղեղնասղոցաեզր տերևակիցը վաղ է թափվում։ 4-10 ծաղիկներից կազմված ծաղկաբույլերը խիտ են և կարճ կոթունավոր։ 1,5-2,0 սմ տրամագծով ծաղիկները սպիտակ են։ Սրածայր և ամբողջաեզր բաժակաթերթիկները մնում են պտուղների վրա և ինչպես հիպանթիումը ծածկված են սպիտակ թաղիքանման աղվամազով, սպիտակ փոշանոթներով առէջները 20 հատ են, իսկ սռնակները՝ 5, հազվադեպ 4։ Ուտելի պտուղները գնդաձև են, խիստ տափակած, ինչ-որ չափով հնգանկյուն, կարմրանարնջագույն, թույլ մազմզուկապատ կամ մերկ, ունեն հաճելի և թթվաշ համ։ Կորիզները 5 կամ 4 հատ են։ Ծաղկում է հունիսին, հուլիսին, պտուղները հասունանում են սեպտեմբերին։ Դանդաղ է աճում։ Բավականին ցրտադիմացկուն է, լուսասեր և չորադիմացկուն, լավ է տանում երկարատև երաշտը[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է բոլոր տիպերի հողերում։ Պիտանի է չոր, քարքարոտ հողերի ամրացման համար։ Լավ է դիմանում քաղաքի յուրահատուկ պայմաններին։ Տարածված է Կովկասում, Ղրիմում, Փոքր Ասիայում: Հայաստանի սահմաններում հանդիպում է Աշոցքում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, Վայքում, Մեղրու հյուսիսարևելյան անտառային շրջաններում, ստորինից մինչև միջին լեռնային գոտում, չոր լանջերում և թփուտներում[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնորեն օգտագործվում է նաև կանաչապատման բնագավառում, քանի որ աչքի է ընկնում դեկորատիվ բարձր հատկանիշներով[1]: Բույսի ծաղիկների և պտուղների ոգեթուրմը կամ ջրային էքստրակտը կիրառում են սիրտանոթային հիվանդությունների բուժման նպատակով։ Կոկոնները և ծաղիկներն ունեն թույլ յուրահատուկ հոտ և դառնավուն համ։ Ծաղիկներից և տերևներից պատրաստում են թեյ։ Ծաղիկները պարունակում են ֆլավոնոիդային գլիկոզիդներ (հիպերոզիդ, վիտեքսին, ացետիլվիտեքսին, կվերցիտին և այլն), սապոնիններ, ալկիլամիններ, օրգանական թթուներ (սրճաթթու, քլորոգենաթթու), դաբաղանյութեր, կարոտինոիդներ, խոլին, ացետիլխոլին և այլն։ Ծաղկաբույլերի թուրմն ունի առավելապես սրտախթանիչ և հանգստացնող ազդեցություն։ Չորացրած պտուղներից ստանում են ալյուր, որն օգտագործում են հաց և հրուշակեղենի որոշ տեսակներ պատրաստելիս[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 372։
  2. Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689