Օձակեր արծիվ
Օձակեր արծիվ | |
![]() Օձակեր արծիվ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճուռականմաններ (Accipitriformes) |
Ընտանիք | Ճուռակներ (Accipitridae) |
Ցեղ | Իսկական օձակերներ (Circaetus) |
Տեսակ | Օձակեր արծիվ (C. gallicus) |
Միջազգային անվանում | |
Circaetus gallicus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Օձակեր արծիվ (լատ.՝ Circaetus gallicus), ճուռակների ընտանիքին պատկանող, եվրոպական օձակեր, գիշատիչ թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Հայաստանում բնադրող-չվող է և քիչ տարածված։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը 62-67 սմ է, թևերի բացվածքը՝ 185-195 սմ, իսկ կենդանի զանգվածը՝ 1,5-2 կգ։ Էգը խոշոր է արուից։ Լայն գլխով, երկար ու լայն թևերով, 3-4 նկատելի շերտեր ունեցող պոչով խոշոր թռչուն է։ Գունավորումը փոփոխական է. բաց գույնի անհատները վերևից բաց դարչնագույն են, ներքևից՝ սպիտակավուն թույլ նախշերով, իսկ թևերի ծայրերը՝ մուգ։ Մուգ անհատները վերևից մոխրագույն-դարչնագույն են, ներքևից՝ ավելի հստակ զոլերով։ Մուգ գլուխը և կրծքի վերին մասը կնգուղի տպավորություն են ստեղծում։ Առավելապես հանդիպում է առանձին անհատներով։ Անզգույշ է վտանգի պահին։ Հաճախ կանգ է առնում օդում, կերակրվում է միայնակ կամ զույգերով։ Հայաստանում տարածված է Տավուշի մարզի, Գեղամա, Զանգեզուրի կիսաանապատային նախալեռներում, ժայռերի և անտառների հարևանությամբ։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնվում է առավելապես թունավոր օձերով (գյուրզա, հայկական իժ և այլն)։ Օձին ճանկում է գլխից կամ գլխին մոտ հատվածից՝ խուսափելով օձի կծելուց, որը մահաբեր է նրա համար։
Չու[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարնանային վերադարձը սկսվում է ապրիլի սկզբին։ Բույնը փոքր հարթակ է՝ ճյուղերից և կանաչ բույսերից։ Բնադրում է ծառերին։Էգը և արուն թխսակալում են մոտ 40 օր։ Ձագերը 70-80-րդ օրը տիրապետում են թռիչքին։ Աշնանային չուն սկսվում է սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին։
Հատուկ պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սակավաթիվ, կրճատվող թվաքանակով, մասնատված արեալով տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄԿարմիր գրքում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Նախնական տվյալներով Հայաստանում հաշվառվում են 10-30 բնադրող զույգ: 2008 թվականի տվյալներով Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում պահվում է 4 առանձնյակ:
Վտանգման հիմնական գործոններն են սողունների անվերահսկելի որսը, թռչունների ապօրինի որսը, բնադրման համար հարմար տարածքների յուրացումը, անտառի և թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարի ընթացքում։ Ձվադրման ժամանակ օձակեր արծվին մեծ վնաս են հասցնում վայրի բույսեր հավաքողները և զբոսաշրջիկները: Վերջին տարիներին մեծացել է ձվերի և ձագերի ապօրինի հավաքը որսագողերի կողմից:
Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում և «Դիլիջան» ազգային պարկում[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|