Փռշնի կովկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փռշնի կովկասյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Եղինջածաղկավորներ
Ընտանիք Թեղազգիներ
Ցեղ Փռշնի
Տեսակ Փռշնի կովկասըան
Լատիներեն անվանում
Celitis caucasica


Փռշնի (լատին․՝ Celitis caucasica), թեղազգիներ ընտանիքին պատկանող փռշնի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառ է՝ մինչև 4-8 մ, երբեմն 12 մ բարձրությամբ և 40-50 սմ բնի տրամագծով։ Սաղարթը գմբեթաձև է, նոսր։ Կեղևը հարթ է, մոխրավուն, պատված մակերեսային ճաքերով։ Ընձյուղները կարմրագորշավուն են կամ գորշավուն, սկզբում աղվամազածածկ, հետագայում՝ մերկ։ Տերևները վերևի կողմից մոխրականաչավուն են, ներքևից՝ կապտականաչավուն, ձվաձև-ռոմբաձև, ձվաձև կամ էլիպսանշտարաձև, կաշվեկերպ, 3-8 (13) սմ երկարությամբ և 1,5-9,0 սմ լայնությամբ, անհավասարակողմ, սրածայր, եզրերը՝ ատամնավոր։ Ծաղկում է տերևները բացվելու հետ միաժամանակ։ Պտուղները կլորավուն են, կարմրադեղնավուն կամ մուգ գորշավուն, ծածկված կապտավուն խավով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Արևմտյան Հայաստանում, Իրանում, Միջին Ասիայում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Իջևանի, Շամշադինի, Նոյեմբերյանի, Թումանյանի շրջաններում, Սևանի ավազանում, Զանգեզուրում, Մեղրիի շրջանում։ Աճում է չոր, քարքարոտ թեքությունների վրա, ծովի մակերևույթից մինչև 1000 մ բարձրություններում։ Արտակարգ չորադիմացկուն բույս է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, ջերմասեր և լուսասեր է։ Երբեմն աճում է ուղղակի ժայռերի մեջ, քարերի ճեղքերում՝ բնով ու արմատներով ձուլվելով դրանց։ Դանդաղ է աճում։ Ապրում է մինչև 500 տարի[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակով օգտագործում են տերևներն ու բնի կեղևը, հասուն պտուղները, սերմերը։ Կեղևը պարունակում է մոտ 4% դաբաղանյութեր։ Քաղցր պտուղները թարմ ու չորացած վիճակում օգտագործում են սննդի մեջ։ Մանրացրած պտուղներից պատրաստում են շիլա և բլիթներ։ Օգտագործում են այգիների և պուրակների կանաչապատման համար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (158)։
  2. Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.