Սզնի հայկական
Սզնի հայկական | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
C. armena A. Pojark.
|
Սզնի հայկական (լատին․՝ C. armena A. Pojark.), վարդազգիներ ընտանիքի, սզնի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ թուփ է 2—2,5 մ բարձրությամբ։ Ընձյուղները մազմզուկապատ են, բազմամյա ճյուղերը՝ մերկ։ Կեղևը սկզբում մուգ բալագույն է, հետագայում ընդունում է մոխրագույն կամ մոխրաշագանակագույն գունավորում։ Փշերը սակավաթիվ են։ Տերևները երկու կողմից ծածկված են կարճ աղվամազով, ձվաձև են, սեպաձև հիմքով, 3—5-աբլթակ, սրածայր։ Ծաղիկները սպիտակ են, հավաքված վահանաձև ծաղկաբույլերում։ Պտուղները գինեկարմիր են, 1—1,2 սմ երկարությամբ, դեղին, հյութալի պտղամսով, սովորաբար մեկ կորիզ են պարունակում։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիպիկ հայկական բույս է, որը հանդիպում է միայն Մեղրիում, միջին և վերին լեռնային գոտիներում, գետերի կիրճերում, արիդային նոսրանտառներում, լեռնալանջերի վրա ծովի մակերևույթից 1300—2500 մ բարձրությունների վրա։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պտուղները պարունակում են գլյուկոզ, ֆրուկտոզ, սախարոզ, խնձորաթթու, լիմոնաթթու, դաբաղանյութեր։ Ունեն յուրահատուկ բուրմունք, օգտագործվում են թարմ և վերամշակված վիճակում, դրանցից պատրաստում են մուրաբա, կոմպոտ, հյութեր։ Բավականին քչապահանջ բույս է, աճում է բոլոր տեսակի հողերում, լուսասեր է, խոնավասեր, սակայն կարող է աճել նաև չոր վայրերում, հեշտությամբ տանելով ժամանակավոր երաշտը։ Բավականին ջերմասեր է, սակայն սառնամանիքներից չի տուժում։ Որպես հայկական էնդեմ, ամենուրեք անհրաժեշտ է պահպանել ու տարածել։ Էկոլոգիական խումբը՝ IX: Մշակության հավանական շրջանները՝ Յա, 7—14, 17—32[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 378։