Բլրային արծիվ
| Գերեզմանարծիվ | |
Գերեզմանարծիվ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Ճուռականմաններ (Accipitriformes) |
| Ընտանիք | Ճուռակներ (Accipitridae) |
| Ցեղ | Արծիվներ (Aquila) |
| Տեսակ | Գերեզմանարծիվ (A. heliaca) |
| Միջազգային անվանում | |
| Aquila heliaca | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոցելի տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Բլրային արծիվ կամ գերեզմանարծիվ (լատիներեն՝ Aquila heliaca), ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Նստակյաց և հազվագյուտ տեսակ է։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 72-83 սմ է, թևերի բացվածքը՝ 190-210 սմ, իսկ կենդանի զանգվածը մոտ 3 կգ է։ Խոշոր գիշատիչ թռչուն է, մարմինը՝ սև-դարչնագույն, գագաթի հետին մասը և ծոծրակը՝ բաց գույնի, ուսափետուրներին կա սպիտակ փոքր բիծ։
Մարմինը թույլ զոլավոր է, պոչը՝ վերևից բաց մոխրագույն մուգ լայն ծայրաշերտով։ Թռիչքի պահին պոչը փակ է։ Երիտասարդի մարմինը բաց դեղին-դարչնագույն է՝ մուգ խայտերով։ Թռչում է թևերի դանդաղ թափահարումներով։ Թռիչքի ընթացքում բաց գույնի գագաթը, ծոծրակը և պոչավերևի հիմքը ցայտուն են դառնում արևի լույսի տակ։ Սավառնում է երկար, նեղ, հարթ թևերն ուղիղ տարածած, հասունները՝ պոչը փակած, իսկ երիտասարդները՝ բացած։ Սահասավառնում է թեթևակի վեր պարզած բազկաթևով, թևերի խոր ու դանդաղ թափահարումներով։ Սովորաբար հանդիպում է առանձին անհատներով, նույնիսկ՝ չվելիս։ Բնակվում է բարձրաբուն անտառներում, լքված պտղատու այգիներում և նոսր ծառերով լեռնատափաստաններում։

Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է կաթնասուններով, թռչուններով (որսում է գետնին) և լեշերով։
Բնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույնը խոշոր հարթակ է՝ ճյուղերից և կանաչ բույսերից։ Բնադրում է ծառերի վրա կամ թփուտներում։ Դնում է 73 մմ տրամագծով, խամրած սպիտակ 2-3 ձու։
Կենսակերպի և վարքի մանրամասների վերաբերյալ տեղեկությունները սուղ են։
Օգտակար է․ ոչնչացնում է մկնակերպ կրծողներին և բնական սանիտար է։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է նախկին ԽՍՀՄ Եվրոպական մասի հարավային շրջաններում, Ղազախստանում, Ալթայի լեռներում և նախալեռներում, Մինուսինսկի անտառատափաստանում, Անդրբայկալում, Հարավային Կովկասում, Թուրքմենստանում, Տաջիկստանում, Բալկանյան թերակղզում, Իսպանիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Հարավարևմտյան Ասիայում։ Վերջին տարիներին խիստ կրճատվել են արեալի արևմտյան և հյուսիսային մասերը։ Արևելյան պոպուլյացիաները բավականին կայուն են։ Հայաստանում հանդիպում է հիմնականում չուի ժամանակ, հավանաբար, հազվադեպ ձմեռում է հանրապետության տարածքում։ 1955 թվականին առաջին անգամ բնադրում է հայտնաբերվել Տավուշի մարզում և Այրումի մոտակայքում։ Նույն շրջանում գերեզմանաարծիվը բնադրել է 1976 թվականին և գրանցվել՝ 1978-1979 թվականներին։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի ֆաունայի համար անհետացող տեսակ է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն։
Վտանգման հիմնական գործոններն են հավանաբար, կերային պաշարների կրճատումը, բնադրման պայմանների վատթարացումը, չուի շրջանում թռչուններին սպանելը, չուի ժամանակ որսագողությունը` խրտվիլակներ պատրաստելու և իրացնելու նպատակով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների ազդեցությունը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլրային արծիվ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլրային արծիվ» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |