Հրազդանի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Հրազդանի շրջան
Երկիր Կաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Հայաստան
Կարգավիճակ Շրջան
Մտնում է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
Վարչկենտրոն Հրազդան
Խոշորագույն քաղաք Հրազդան
Հիմնական լեզու Հայերեն
Բնակչություն (1987) 110 300
Ազգային կազմ Հայեր
Տարածք 947 կմ²
(3,2 %)
Hrazdan region (Arm.SSR).png
Պատմական շրջան(ներ) Այրարատ

Հրազդանի շրջան (մինչև 1959 թվականը՝ Ախտայի շրջան), Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Կոտայքի մարզի հարավում։ Գտնվում էր ՀԽՍՀ կենտրոնական մասում՝ մայրաքաղաք Երևանից 50 կմ հեռավորության վրա։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 947 կմ էր, բնակչությունը՝ 110 300 մարդ (1987), խտությունը՝ 116,4 մարդ։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրազդանի շրջանի վարչական կենտրոնն էր Հրազդան քաղաքը։ Ուներ 3 քաղաք (Հրազդան, Չարենցավան, Ծաղկաձոր), 3 քաղաքային և 11 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրազդանի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Հրազդանի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք և Նիգ գավառների մեջ։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ Հրազդանի շրջանը Երևանի կուսակալության, ապա Երևանի խանության մի մասն էր։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այն մտել է Հայկական մարզի, Երևանի նահանգի, Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ մինչև 1930 թվականը՝ Երևանի գավառի Հրագդան գավառամասը։

Հնագիտական և ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են քարեդարյան կայանները, կիկլոպյան ամրոցները, Գյումուշի միանավ (4-5-րդ դարեր), Բջնիի սուրբ Սարգիս (7-րդ դար) սուրբ Աստվածածին (11-րդ դար), Ալաֆարսի (7-րդ դար) եկեղեցիները, Բջնի բերդը (11-րդ դար), Մաքրավանքը (13-րդ դար), Կեչառիսի (11-13-րդ դարեր), Արզականի մոտ՝ Նեղուցի (13-րդ դար) վանքերը։

Շրջանի կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1930 թվականին։ 1987 թվականին կար 135 սկզբնական կուսակցական, 177 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Հրազդան» շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրազդանի շրջանը գտնվում է Հրազդան գետի ավազանում, Փամբակի, Գեղամա և Ծաղկունյաց լեռնաշղթաների միջև, 1500-3101 մ (Թեժ լեռ) բարձրությունների վրա։ Ռելիեֆը լեռնային է։ Ռելիեֆի բնորոշ տարրերից են Գութանասարը, Մենակսարը, Հրազդանի ու Մարմարիկի հովիտները։ Կան նեֆելինային սիենիտների, մարմարի, գրանիտի, երկաթի, ոսկու, պղնձի հանքավայրեր, հանքային ջրեր։

Տարածված են լեռնատափաստանային, լեռնաանտառային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -8 °C-ից մինչև -12 °C է, հուլիսինը՝ 10-20 °C, տարեկան տեղումները՝ 550-700 մմ, ակտիվ վեգետացիայի շրջանը՝ 60-150 օր։ Տարածքով հոսում է Հրազդանը՝ Մարմարիկ, Մեղրաձոր, Դալար, Ծաղկաձոր վտակներով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրազդանի շրջանում գործում են Հրազդանի և Աթարբեկյան հէկի ջրամբարները, ջրհան կայաններ։ Տնտեսության առաջատար ճյուղերն են էներգետիկան (Հրազդանի ՋԷԿ, ավելի հզոր է, քան Մեծամորի ատոմակայանը), հանքարդյունահանությունը, մետաղամշակումը, հաստոցաշինությունը, գործիքաշինությունը, հանքային ջրերի արտադրությունն ու գյուղատնտեսությունը։ Կար 65 արդյունաբերական ու շինարարական ձեռնարկություն։ Արտադրանքի ծավալով առաջատար են ՋԷԿ-ը, ցեմենտի, պանելային տնաշինարարության, «Բջնի» հանքային ջրերի, երկաթբետոնե կոնստրուկցիաների, ներտաշ հաստոցների, գործիքաշինական, «Կենտրոնաձուլ», «Հայլիզին» գործարանները, կարի ֆաբրիկան, Աթարբեկյան ՀԷԿը։

Գյուղատնտեսության առաջատարը անասնապահությունն էր։ Կար 6 կոլեկտիվ, 8 խորհրդային տնտեսություն, 2 միջտնտեսային ձեռնարկություն։ Գործում են կաթնաանասնապահական համալիրներ, ջերմոցային տնտեսություն։ Մշակում են հացահատիկ, ծխախոտ, կերային կուլտուրաներ, կարտոֆիլ։ Զարգանում են պտղաբուծությունը, թռչնաբուծությունն ու մեղվաբուծությունը։ Ուներ կապի հանգույց՝ 10 բաժանմունքով։ Ավտոճանապարհների երկարությունը 180 կմ է, երկաթուղին՝ 85 կմ։

1986-87 ուսումնական տարում կար 31 միջնակարգ, 5 ութամյա, 4 երեկոյան, 8 մարզական, 6 երաժշտական, 2 կերպարվեստի դպրոց, 2 տեխնիկում, 2 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1987 թվականին շրջանում գործում էին 19 գրադարան, 12 մշակույթի տուն, 14 ակումբ, 3 հիվանդանոց, 5 պոլիկլինիկա, բուժման կայաններ, պիոներական ճամբարներ, Չարենցավանի «Բջնի» հանքային ջրերի գործարանի լցման արտադրամասը պանսիոնատներ, հանգստյան տներք մանկ, առողջարան։ Տարածքում էր Ծաղկաձորի նախկին համամիութենական մարզական համալիրը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png