Արարատի շրջան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)
Երկիր | ![]() |
---|---|
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | ![]() → ![]() |
Վարչկենտրոն | Արարատ |
Խոշորագույն քաղաք | Արարատ |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն (1987) | 85 100 |
Խտություն | 60.8 |
Ազգային կազմ | Հայեր, ադրբեջանցիներ |
Տարածք | 1399,25 (4,7 %) |
![]() | |
Հիմնադրված է | 1930-1995 թ. |
Պատմական շրջան(ներ) | Այրարատ |
Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Արարատի մարզի հարավում։ Գտնվում էր ՀԽՍՀ կենտրոնական մասում՝ մայրաքաղաք Երևանից 30 կմ հեռավորության վրա։ Սահմանակցում է Թուրքիային՝ արևմուտքից, և Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը՝ հարավից։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Մինչև 1968 թվականը կոչվել է Վեդու շրջան։ Տարածությունը 1399,25 քառ. կմ է, բնակչությունը՝ 85 100 մարդ (1987), խտությունը՝ 60.8 մարդ։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարչական կենտրոնը Արարատ քաղաքն էր։ Ունի 1 քաղաք (Արարատ), 1 քաղաքային, 14 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝
- Այգավան
- Ավշար
- Արալեզ
- Արմաշ
- Գինու գործարանին կից ավան
- Գոռավան
- Դաշտաքար
- Ենգիջա
- Երասխ
- Լանջանիստ
- Լանջառ
- Լուսաշող
- Լուսառատ
- Նոյակերտ
- Կիրովի անվան ավան
- Նոր կյանք
- Նոր ուղի պետական տնկարանին կից ավան
- Շաղափ
- Եղեգնավան
- Ոսկետափ
- Պարույր Սևակ
- Զանգակատուն
- Սուրենավան
- Վանաշեն
- Վարդաշատ
- Վեդի
- Ուրցաձոր
- Ուրցալանջ
- Փոքր Վեդի
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արարատի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Արարատի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառի մեջ։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։
Պարսկական տիրապետության ժամանակ Արարատի շրջանը Երևանի կուսակալության, ապա Երևանի խանության մի մասն էր։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այն մտել է Հայկական մարզի, Երևանի նահանգի, 1920-1930 թվականներին՝ Երևանի գավառի մեջ։
1937-48 թվականներին շրջանի արևելյան հատվածը առանձնացվել է որպես Ղարաբաղլարի շրջան, որը հետագայում վերացվել է։
Պատմական հուշարձաններից նշանավոր են Մեծ Հայքի մայրաքաղաք Արտաշատը (մ․ թ․ ա․ II դար) և Խոր Վիրապը (17-րդ դար)։ Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1930 թվականին։ 1987 թվականին կար 116 սկզբնական կուսակցական, 170 կոմերիտական կազմակերպություն։ Լույս է տեսնում «Արարատ» շրջանային թերթը։
Ռելիեֆ և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Արարատի շրջանը գտնվում էր Արարատյան դաշտի արևելքում և Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերին՝ 900-1500 մ բարձրության վրա։ Տարածքը զբաղեցնում է Արածո դաշտը և Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան նախալեռները, 1000-2445 մ (Ուրծ լեռ) բարձրությունների վրա։ Կենտրոնական մասում ձգվում է Ուրծի լեռնաշղթան։ Կան կրաքարի, մարմարի, քվարցային ավազի պաշարներ, հանքային ջրեր։ Տիրապետում են կիսաանապատային, լեռնատափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։
Կլիման չոր ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝-4 °C-ից մինչև -12 °C, հուլիսինը՝ 8-26 °C, տարեկան տեղումները՝ 250-700 մմէ վեգետացիայի շրջանը՝ 20-210 օր։ Խոշոր գետերն են Արաքսն ու Վեդին։ Գործում են Արարատի ջրանցքը, Արմաշի ջրհան կայանը։ Տարածքում են Վեդու ջրամբարը, Խոսրովի արգելոցի մի մասը։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնտեսության առաջատար ճյուղերն ենշինանյութերի և սննդի արդյունաբերությունը։ Կար 26 արդյունաբերական ձեռնարկություն։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են ցեմենտի-շիֆերի, շինանյութերի ու շինարարական իրերի կոմբինատները, գինու, պահածոների, կաթի-պանրի, «Արարատ» հանքային ջրերի գործարանները, ցածր լարման էլեկտրասարքերի, կահույքի «Կոտայք» միավորման, տրիկոտաժի և կարի ձեռնարկությունները։
Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են այգեգործությունը, պտղաբուծությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը, անասնապահությունը։ Կա 16 կոլեկտիվ, 6 խորհրդային տնտեսություն։ Զբաղվում են նաև ծխախոտի մշակությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և շերամապահությամբ։ Ավտոճանապարհների երկարությունը 100 կմ է, երկաթուղին՝ 32 կմ։ Ունի 1 կապի հանգույց՝ 20 բաժանմունքով։
1986-87 թվականներին շրջանում կար 25 միջնակարգ, 3 ութամյա, 2 հեռակա, 2 մարզական, 1 կերպարվեստի, 1 երաժշտական դպրոց, 1 տեխնիկում, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1987 թվականին գործում էր գրադարանների կենտրոնացած համակարգ՝ 28 մասնաճյուղով, 28 մշակույթի տուն և ակումբ, ժողովրդական թատրոն, 2 կինոթատրոն, 25 կինոկայանք, 5 հիվանդանոց, 15 գյուղական ամբուլատորիա։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ջրվեժ Խոսրովի անտառում
-
Արարատ լեռը
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |