Դաշտաքար (Արարատի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաշտաքար (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Դաշտաքար | ||
| ռուս.՝ Дашлу ռուս.՝ Даштакар | ||
| 39°55′0″N 44°45′15″E / 39.91667°N 44.75417°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Արարատի | |
| Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արարատի շրջան | |
| Համայնքի ղեկավար | Նորիկ Մալխասյան | |
| Մակերես | 3,87 կմ² | |
| ԲԾՄ | 970 մ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 485[1] մարդ (2011) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Դաշտաքար (մինչև 1948 թ.` Դաշլու), գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Վեդի քաղաքից 3 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից 19 կմ հեռավորության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում ունեցել է Դաշլը, Դաշլի, Դաշլու, Տաշլու անվանումները։ Դաշտաքար է վերանվանվել 1968 թվականին։
Ընկած է Արարատյան դաշտի նախալեռներում, Վեդի գետի աջ ափին՝ ծովի մակարդակից 970 մ բարձրության վրա։ Երեք կողմից շրջապատված է ցածր, բուսականությամբ աղքատ լեռներով։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5°C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26°C, իսկ առավելագույնը՝ 42°C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրավազաններով, որոնք էլ օգտագործվում են որպես խմելու ջուր։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դաշտաքարի մշտական բնակչությունը կազմել է 485, առկա բնակչությունը՝ 458 մարդ[1]։ Մինչև 1918-1920 թթ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[2]։ Ներկայումս բնակվում են հայեր, որոնց նախնիների մի մասը եկել է Արևմտյան Հայաստանից` Վանից, Մուշից և Շատախից, մի մասը` 1940-1950-ական թթ. ՀԽՍՀ Մարտունու, Կամոյի և Սիսիանի շրջաններից[3]։ Դաշտաքարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
| Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 84[2] | 147[2] | 184 | 161 | 273 | 182 | 298 | 409 | 555 | 485[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի առկա 154 տնտեսություն, դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 277 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են։ Գյուղատնտեսական նշանակության հողերի մոտ 70% օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 180 հա։ Պտղատու և խաղողի այգիները զբաղեցնում են համապատասխանաբար 12.5 և 11 հեկտար։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ, ինչպես նաև հացահատիկ։ Արոտավայրերը կազմում են 6 հա։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը նույնպես յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր։
Արդյունաբերություն չունի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- 1 2 3 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 32
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 65» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.
- Դաշտաքար Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշտաքար (Արարատի մարզ)» հոդվածին։ |
|
