Մրգավան
Գյուղ | ||
---|---|---|
Մրգավան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Շրջան | Արտաշատի շրջան | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արտաշատի շրջան | |
Համայնքի ղեկավար | Սամվել Վարդանյան | |
Հիմնադրված է | 1828 թ. | |
Մակերես | 3,5 կմ² | |
ԲԾՄ | 830 մ | |
Կլիմայի տեսակ | Բարեխառն | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1606[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | քրիստոնյաներ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Մրգավան գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից անմիջապես հյուսիս-արևմուտք[2]։ Վերանվանվել է Մրգավան 1945 թվականի օգոստոսի 2-ին[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 830 մ։
Մրգավանը զբաղեցնում է 350 հա տարածություն, որից համայնքային 77 հա, քաղաքացիներին՝ 258 հա, պետական՝ 15 հա, գյուղատնտեսական նշանակության՝ 229 հա։ Հողը սեփականաշնորհվել է 1991 թվականին, մեկ հողաբաժինը՝ 2400 մ2։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրգավանը տեղակայված է մայրաքաղաք Երևանից 25 կմ հարավ-արևմուտք, իսկ մարզկենտրոն Արտաշատից՝ անմիջապես հյուսիս-արևմուտք, Երևան-Արտաշատ ճանապարհի ձախ կողմում։
Գյուղը հարավից սահմանակից է Արտաշատ քաղաքին, հյուսիս-արևելքից` Այգեստանի հողատարածքին, հյուսիս-արևմուտքից՝ Դալար գյուղին, արևմուտքից՝ Երևան-Մեղրի կենտրոնական ճանապարհին։ Մրգավանը Արարատյան դաշտի գյուղերից է։
Գյուղը մոտ է մի շարք պատմամշակութային հուշարձանների և հնավայրերի։ Այնտեղից մինչև Խոր Վիրապ 15 կմ է, Հին Դվին քաղաքի պեղումները և թանգարանը՝ 6 կմ, Ազատավանի ջրամբարը՝ 7 կմ, Ոստանի պատմության թանգարանը՝ 4 կմ, Շահումյան գյուղի Գրիգորի հեքիաթային աշխարհը՝ 7 կմ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման բարեխառն լեռնային է, ամառը՝ տաք, ձմեռը` ցուրտ։ Տարեկան միջին ջերմաստիճանը 20 °C է, առավելագույնը` 35 °C, իսկ նվազագույնը՝ -25 °C։
Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 200-250 մմ, ձնածածկույթի հաստությունը՝ 10-30 սմ։ Վեգետացիայի շրջանը տևում է 200-230 օր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին։ Մրգավան (նախկին Գյոդակլու, որը թարգմանաբար նշանակում է «Կարճահասակների» գյուղ) գյուղը, որը կոչվել է նաև Դալուլար, 1831 թվականին մտնում է Երևանի նահանգի Երևան գավառի մեջ[4]։Գյուղը ունեցել է մեծ բարերար Գրիգոր Բաբաջանյանը (1893-1978) եղել է գյուղի մոտ 90% քավորը գյուղւմ ասել են (Քավոր Գրիգոր):Մինչև այսօր նրա թոռները և ծոռները բնակվում են գյուղում։
100 տարի հետո՝ 1927-1931 թվականներին, վերանվանվում է հեղափոխական գործիչ Ս. Մարտիկյանի անունով։
Գյուղի մեջ կա բազալտից հուշարձան-աղբյուր՝ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) զոհվածների հիշատակին նվիրված։
Գյուղը ունի երկու եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Հակոբ։ Առաջինը կառուցվել է 1833 թվականին Մուխսի Բադալի և Վարդանի կողմից։ Այն գործել է մինչև 1919 թվականը[5]։
Երկրորդը՝ Սուրբ Հակոբ Եկեղեցին, կառուցվել է բարերար վաճառական Անդրեաս Սարգսյանի կողմից մոտավորապես 1901-1908 թվականներին, իսկ շինարարական աշխատանքներին մասնակցել է ողջ գյուղը։
1918 թվականին Հայաստան մտած թուրքերը նահանջելիս իրենց հետ տանում են եկեղեցու զանգերը, թաքցնում Արաքսի ափին գտնվող գյուղերից մեկում, իսկ Անդրեասի որդին, Սարոն, 5 ոսկի տալով մի ադրբեջանցու, գտնում է զանգը և վերադարձնում։
Խորհրդային իշխանության որոշմամբ 1920 թվականին եկեղեցին անջատվում է պետությունից, դպրոցը՝ եկեղեցուց։ 1953 թվականին Խորհրդային կառավարությունը որոշում է քանդել եկեղեցիները։ Գյուղացիները հրաժարվում են քանդելուց, ուրիշ տեղից մարդիկ են բերում, որոնք հանում են խաչերը, քանդում գմբեթները։ Գյուղի կանայք բողոքում են Երևանի կոմիսարին, և եկեղեցին փրկվում է քանդվելուց։ Հետագայում որոշ ժամանակ այն դարձնում են գյուղի պահեստ։ Այնուհետև այն գործել և մինչև այժմ գործում է որպես եկեղեցի։ Գյուղի Հարությունյանների տոհմի ներկայացուցիչ Հովհաննես Ղազարյանը մեծ ներդրումներ է կատարել եկեղեցին ավելի գեղեցիկ դարձենելու համար։ Այդ ամենի համար նա ծախսել է ավելի քան 20 միլիոն դրամ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, բանջար-բոստանային, կերային կուլտուրաների մշայությամբ և անասնապահությամբ։
Մրգավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընտանիք | 33 | ? | ? | ? | ? | ? | ? | ? | ? | 543 | 580 | ? |
Բնակիչ | 134 | 506[7] | 836 | 914 | 887 | 1350 | 1693 | 1799 | 1826[8] | 1872 | 1518 | 1606[1] |
Շինարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ 1920 թվականը գյուղի բնակելի շենքերը կառուցվել են աղյուսից, փայտից, եղեգնից, իսկ խորհրդային իշխանության տարիներին՝ քարից և երկաթբետոնից։
Տարիների ընթացքում Մրգավանում կատարվել են կուլտուր-կենցաղային նշանակություն ունեցող մի շարք շինարարական աշխատանքներ։ Հին մշակույթի շենքը 1941-1948 թվականներին եղել է մանկատուն։ 1960 թվականին կառուցվել է մշակույթի նոր շենքը, որտեղ գտնվել են կինոն, գյուղապետարանը, գրադարանը և բուժկետը։
Հին մանկապարտեզը կառուցվել է 1930 թվականին, իսկ վերկառուցվել՝ 1958 թվականին։ 1996-2008 թվականներին մանկապարտեզը չի գործել։ 2008 թվականի մայիս ամսին այն տեղափոխվել է նոր շենք և սկսել է գործել։ 1926 թվականից այստեղ գործում է ծննդատուն, որը համարվում է խորհրդային իշխանության առաջին գյուղական ծննդատներից մեկը։
Գյուղը էկելտրիֆիկացվել է 1937 թվականին, իսկ գազաֆիկացվել է՝ 1998 թվականին։ 2004 թվականին գյուղը վերահիմնադրվել է և դրա առթիվ Հովհաննես Ղազարյանը և Ստեփան Շահբազյանը տեղադրել են հուշարձան։
Վերջին երեք տասնամյակում կառուցվել են գյուղի նոր թաղամասեր։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1831 թվականից գյուղացիները զբաղվել են ցորենի, գարու, բրնձի, կորեկի, բամբակի, քնջութի, սեխի մշակությամբ։ Գյուղը այդ ժամանակ ունեցել է 16 հա հող և 2 հա խոտհարք։ Անասնապահության զարգացած ճյուղը համարվել է տավարաբուծությունը։
1929 թվականին, Խորհրդային իշխանության տարիներին, երկրում հայտարարվել է համատարած կոլեկտիվացում և դրա արդյունքում Մրգավանում ստեղծվել է առաջին կոլտնտեսությունը։
Հողագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ըստ տվյալների[9].
Բերքի անվանումը | Զբաղեցրած տարածքը (հա) | Ստացված բերքի քանակը (ցենտ) |
---|---|---|
Աշնան ցորեն | 4 | 55 |
Գարնան գարի | 3 | 9 |
Բամբակ | 36 | 510 |
Բանջարեղեն | 3,5 | 287 |
Բոստան | 6 | 67 |
Խաղող | 147 | 4689 |
Պտուղ | 10 | 651 |
Ընկույզ | 0,25 | 4 |
Փշատ | 1 | 165 |
Անասնապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ըստ տվյալների[10].
Անասնատեսակ | Գլխաքանակ |
---|---|
Խոշոր եղջերավոր անասուններ | 90 |
Կովեր | 21 |
Եզներ | 28 |
Ոչխարներ և այծեր | 246 |
Թռչուններ | 173 |
Մեղուներ | 15 |
Ձիեր | 12 |
Էշեր | 1 |
Մշակույթ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից 1905 թվականին հիմնադրվել է մեկամյա դպրոց, որը 1908 թվականին դարձել է երկամյա։ Երկրորդ դպրոցը կառուցվել է 1930 թվականին, որը քառամյա է եղել։ 1938 թվականին կառուցվել է յոթնամյա դպրոց, որը ժամանակի ընթացքում դարձել է ութնամյա և միջնակարգ։ Այդ դպրոցը մինչ օրս գործում է։ 1905 թվականին դպրոցն ունեցել է 56 աշակերտ՝ 55 տղա և 1 աղջիկ։
Կովկասյան ուսումնական օկրուգի թույլտվությամբ 1911 թվականին գյուղում բացվել է մեկամյա դպրոց, որը շարունակել է գործել մինչև 1915 թվականը։ Սկզբնական շրջանում ուսումնարանում սովորել են 44 աշակերտ, իսկ վերջում՝ 100 աշակերտ[11]։
Գյուղի նոր դպրոցը կառուցվել է 1970 թվականին, իսկ մինչ այդ դպրոցները գործել են մասնավոր տներում։
Դպրոցի հայտնի շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անժիկ Ենոքյան (ծնվ. 1930), գրող։
- Բադալյան Ադելա (ծնվ. 1957), մեդալակիր։
- Ղազարյան Ազատուհի (ծնվ. 1970), մեդալակիր։
- Թադևոսյան Վալյա (ծնվ. 1970), մեդալակիր։
Հերոսամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերոսամարտը թուրքերի դեմ սկսվել է 1917-1918 թվականներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել են 150 մրգավանցիներ, որոնցից 63-ը զոհվել են[12]։
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գուրգեն Բադալյան (ծնվ. 1923), բժիշկ, թերապևտ։
- Լևոն Բադալյան (ծնվ. 1929), բժիշկ, նյարդախտաբան։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մրգավանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Արարատի մարզ)
- Սուրբ Հակոբ եկեղեցի (Մրգավան)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Ներսիսյան, Խաչատուր (2008). Մրգավան. Երևան: ԵՊՀ հրատ․. էջ 5.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 876
- ↑ Ներսիսյան, Խաչատուր (2008). Մրգավան. Երևան: ԵՊՀ հրատ․. էջ 10.
- ↑ Ներսիսյան, Խաչատուր (2008). Մրգավան. Երևան: ԵՊՀ հրատ․. էջ 12.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 141» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 774
- ↑ Ներսիսյան, Խաչատուր (2008). Մրգավան. Երևան: ԵՊՀ հրատ․. էջ 17.
- ↑ Ներսիսյան, Խաչատուր (2008). Մրգավան. Երևան: ԵՊՀ հրատ․. էջ 18.
- ↑ Ներսիսյան, Խաչատուր (2008). Մրգավան. Երևան: ԵՊՀ հրատ․. էջ 20.
- ↑ Ներսիսյան, Խաչատուր (2008). Մրգավան. Երևան: ԵՊՀ հրատ․. էջ 28.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
- Մրգավան Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մրգավան» հոդվածին։ |
|