Զանգակատուն (Արարատի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տես՝ Զանգակատուն (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Զանգակատուն | ||
![]() Գյուղի տեսքը ավտոճանապարհից | ||
Կոորդինատներ: 39°48′34″ հս․ լ. 45°03′04″ ավ. ե. / 39.80944° հս․. լ. 45.05111° ավ. ե. | ||
Երկիր |
![]() | |
Մարզ | Արարատի | |
ԲԾՄ | 1650 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1218 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Զանգակատուն, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում, Արարատի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 55 կմ հեռավորության վրա, մայրաքաղաքից՝ 90 կմ հեռավորության վրա։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկած է Երևան-Եղեգնաձոր ավտոմայրուղու վրա։ Նախկինում ունեցել է Չանախչի[1], Չանախչի Ներքին, Դաշտամեջ, Սովետաշեն անվանումները։ 1948 թվականից կոչվել է Սովետաշեն, իսկ 1991 թվականին, ի հիշատակ Պարույր Սևակի, վերանվանվել է Զանգակատուն։
Գյուղը վերաբնակեցվել է 1828-1830 թթ. Թուրքմենչայի պայմանագրի համաձայն՝ Պարսկաստանի Խոյ-Սալմաստ գավառի Հավթվան գյուղից գաղթած մի քանի ընտանիքներով։ Գյուղը որպես բնակավայր ավելի հին է։ Այդ է վկայում գյուղի տարածքից հայտնաբերված խաչքարը, որը մինչ օրս հայտնաբերված ամենահին խաչքարն է (5-րդ դար)։ Գյուղի հյուսիս արևմտյան մասում, բարձրադիր բլրի վրա գտնվում է հանրապետական նշանակության հուշարձան՝ 19-րդ դարի գերեզմանոցը։ Գերեզմանոցում գերակշռում են տարբեր չափերի անմշակ գերեզմանաքարերը, հանդիպում են նաև մշակված խաչաքանդակներով, ծաղկաքանդակներով, ինչպես նաև մարդկային ուրվագծերով գերեզմանաքարեր։ Գերեզմանոցում կան նաև մի քանի խաչքարեր, որոնք 1940 թվականին բերվել են մոտակա Հորթուն բնակավայրից։ Հորթուն գյուղում է գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցին։ Զանգակատուն գյուղից հարավ, Գենուտի լեռների լանջերին գտնվում են Պարսատիկ, Սմբուլ, Քարաղբյուր գյուղատեղիների հետքեր՝ գերեզմանաքարերով և խաչքարերով։ Նրանցից մեկի վրա գրված է. «Այս է տապան Մայր Խաթունի»[2]:
Զանգակատունը հայտնի է որպես բանաստեղծ, գրականագետ Պարույր Սևակի ծննդավայր։ Զանգակատանը՝ Պարույր Սևակի տուն-թանգարանի հարևանությամբ՝ իր առանձնատան բակում թաղված է Պարույր Սևակը։
Գյուղը տեղադրված է Արաքսի ձախակողմյան վտակ Արածո գետի ձախ ափին, Գեղամա լեռնաշղթայի հարավային լանջին։ Ծովի մակարդակից ունի մոտ 1650 մ բարձրություն։ Նրա վարչական տարածքը ներառում է ծովի մակերևույթից 1400 մ-ից մինչև 2947 մ բարձրության վրա գտնվող բազմաթիվ լեռներ ու բարձունքներ։
Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռը տևական է, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -8-ից -12 °C, հուլիսյան միջինը՝ +20-ից +30 °C է։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Տեղումների միջին քանակը 400-600 մմ է։ Հաճախ են չորային, երաշտի տարիները։ Գյուղի թիկունքում՝ Հորթուն կոչվող տարածքում կառուցվել է 2 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբար ոռգման նպատակով։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 209 | 1129 | 619 | 1124 | 814 | 968 | 972 | 1142 | 1159 | 1218 | 2819 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի առկա 358 տնտեսություն։ Բնակիչները բոլորը հայեր են, գյուղում ազգային փոքրամասնություններ չկան։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու այգեգործությունն են։ Գյուղում շատ են խնձորի, տանձի, ընկուզենու այգիները։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Համայնքում գործում է մանկապարտեզ, մեկ միջնակարգ դպրոց։ Համայնքն ունի մշակույթի տուն, գործում է բուժական ամբուլատորիա։ Համայնքն ապահովված է ֆիքսված և բջջային հեռախոսակապով, գործում է փոստային բաժանմունք։