Փոքր Վեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Փոքր Վեդի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1831 թ.
Մակերես26,25 կմ²
ԲԾՄ820 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2772[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Փոքր Վեդի (Հայաստան)##
Փոքր Վեդի (Հայաստան)

Փոքր Վեդի, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Բիբլիական Արարատի ներքո, Արաքս գետի ձախ ափին, Երևանից 28 կմ հարավ-արևելք, մարզկենտրոնից հեռու է 10 կմ, ծովի մակերևույթից բարձր է 820 մ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Գյուղի նախկին անվանումը եղել է Քիչիկ Վեդի։ Քիչիկ Վեդին արաբերեն բառ է, որը նշանակում է փոքր տափաստան, հետագայում՝ թարգմանելով արաբերենից հայերեն, գյուղը կոչվել է Փոքր Վեդի։

Համայնքը սահմանակից է Թուրքիային և Շահումյան, Տափերական, Նոր Կյանք, Լուսառատ համայնքներին։ Գյուղի տարածքում է գտնվել Հայաստանի նախկին մայրաքաղաքներից մեկը՝ Արտաշատը։ Համայնքի տարածքին կից է պատմական Խոր Վիրապի վանքը։ 1922 թվականից գյուղը վերաբնակեցվել է 1915 թվականի Մեծ Եղեռնից մազապուրծ եղած հայ գաղթականներով՝ 12 տնտեսություններ, թվով 76 մարդ, Վանից, Մոկքից, Մամրտանից, Շատախից, Թիմարից, Գավաշից, Կարճկանից, Հակուկից, Հաղպակից։ 1946 թվականին գյուղ են ներգաղթել Իրանից, Իրաքից և Սիրիայից հայրենադարձած ընտանիքներ, ինչպես նաև 1988 թվականին Ադրբեջանից բռնագաղթված 175 ընտանիք։

1939թ-ից մինչև 1981թ. կոլտնտեսությունը ղեկավարել է Մարգար Պետրոսի Հովհաննիսյանը։ Մարգար Հովհաննիսյանը ընտրվել է ՍՄԿԿ 24-րդ համագումարի և ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով և մեդալներով։ Մարգար Պետրոսի Հովհաննիսյանի աշխատանքային գործունեության ընթացքում շքանշանների են արժանացել Փոքր Վեդի գյուղը և շատ առաջավոր կոլտնտեսականեր։

Գյուղում սկզբնական շրջանում կառուցվել են կավից տներ, տների տանիքները, պատուհանները և դռները ծածկել են եղեգնով, երբեմն էլ՝ ուռենու և բարդու ճյուղերով։ Գյուղի հողերը գերխոնավ և աղակալված են եղել, այդ պատճառով էլ միայն բրինձ են ցանել։ Հետագայում գյուղի բնակիչներով ձեռնամուխ են եղել ճահճուտների վերացմանը, ապա ցանել են բամբակ, ճակնդեղ, եգիպտացորեն և հացահատիկ։ Այնուհետև գյուղում կառուցվել են քարաշեն և բարեկեցիկ տներ։

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են համայնքի 95 անդամներ, որոնցից զոհվել և անհայտ կորել են 41-ը։ Արցախյան ազատամարտին մասնակցել են համայնքի 65 ազատամարտիկներ, որոնցից զոհվել են 4-ը, անհայտ կորել՝ 2-ը։ Համայնքում կան հայրենական և արցախյան պատերազմի զոհվածների և եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողներ։

Համայնքն ունի ըմբշամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ՝

  • Արմեն Մկրտչյան
    • 1990 ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն
    • 1993, 1994, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
    • 1996 Ատլանտայի -26 օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, սպորտի վարպետ
  • Ռուդիկ Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտի Խորհրդային միության բազմակի մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, միջազգային կարգի սպորտի վարպետ
  • Ազատ Շերոյան, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն
    • 2003 ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի չեմպիոն (Վետերանների)
    • 2010 ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի մրցանակակիր (Վետերանների), սպորտի վարպետ
  • Արմեն Շերոյան, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ գավաթի հաղթող
    • 2004 ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի չեմպիոն (Վետերանների)
    • 2006 ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր (Վետերանների)
    • 2007 ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր (Վետերանների)
    • 2010 ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր (Վետերանների), սպորտի վարպետ

1980-1990 թթ. գյուղում գործել է երգի-պարի «Արաքս» ժողովրդական համույթը, որը մեծ ճանաչում է ունեցել հանրապետությունում։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաբարձր ջերմաստիճանը + 40 °C, ցածրը՝ -30 °C, տարեկան տեղումների քանակը կազմում է 200 մմ։

Ունի սառնորակ աղբյուրներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Փոքր Վեդու մշտական բնակչությունը կազմել է 2772, առկա բնակչությունը՝ 2703 մարդ[1]։ Մինչև 1918-1920 թթ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[2]։ Փոքր Վեդու բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 166 639[2] 971 527 823 1359 2495 2853 3246 3091 2772[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր Վեդի համայնքն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, արվեստի դպրոց, մանկապարտեզ, բուժամբուլատորիա, դեղատուն, հայ փոստի բաժանմունք, խանութներ, գազալցակայան։

Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղից 37 կմ արևելք գտնվում է Ջղուն գյուղատեղին (9-14-րդ դդ., 18-19-րդ դդ.)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 204» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր Վեդի» հոդվածին։