Գյուղը հիմնադրվել է 1829 թվականին։ Նախկինում ունեցել է Էլիազ, Էյլաս, Իփաքլու, Հաջի Այվազ անվանումները։ Դարակերտ է վերանվանվել 1978 թվականին։
Գյուղի մոտ է գտնվում անտիկ ժամանակաշրջանի՝ մ.թ.ա. I դարի հին բնակավայրի ավերակներ։ Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում` ծովի մակարդակից 840 մ բարձրության վրա։
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5°C: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Գյուղն ունի առկա 601 տնտեսություն, դպրոց, գրադարան, կապի հանգույց, բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 352 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 286 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, որոնք կազմում են 3 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։