Վեդի (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վեդի
Vedi town.jpg
Կոորդինատներ: 39°54′36″ հս․ լ. 44°43′48″ ավ. ե. / 39.91000° հս․. լ. 44.73000° ավ. ե. / 39.91000; 44.73000
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Արարատի
Քաղաքապետ Վարուժան Բարսեղյան
Տվյալ կարգավիճակում 1995-ից թվականից
Մակերես 22.9 կմ²
ԲԾՄ 850±1 մետր
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 11 600[1] մարդ (2015)
Խտություն 3,714 մարդ/կմ²
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն վեդեցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 (234)
Փոստային ինդեքս 0601
Պաշտոնական կայք ararat.gov.am/about-communities/71/ (հայ.)
##Վեդի (քաղաք) (Հայաստան)
Red pog.png

Վեդի (նախկինում՝ Բեյուկ Վեդի, Բեյուք Վեդի, Բոյուք Վեդի, Վեդի Մեծ, Վեդի Վերին, Վետե, Վետի), քաղաք Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում։ Վեդի է վերանվանվել 1946 թ-ին։ Վեդին ունի իր օրհներգը,որը գրվել է 2007 թ. Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի առաջարկությամբ։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անվան ծագման մասին կան բազմաթիվ վարկածներ. ըստ առաջին վարկածի՝ քաղաքի անվանումը առաջացել է պարսկերենից և նշանակում է կիրճ։ Քաղաքի կարգավիճակ ստացել է միայն 1995 թվականի վարչատարածքային բաժանման ժամանակ. մինչ այդ ունեցել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ։

Քաղաքի օրհներգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեդին օրներգ ունի։ Խոսքերի հեղինակը Ս.Հակոբյանն է, երաժշտությունը՝ Թ.Ստամբոլցյանի։

 Սրբազան հողում հայրենի,
 Այգիներով, արտերով ոսկի,
 Արարատյան հողում գեղանի ՝
 Քաղաքը մեր կոչվում է Վեդի:
 Դու ծաղկիր, չքնաղ մեր բնօրրան,
 Թող հզորանա մեծն Հայաստան
 Փառք քեզ, Վեդի, փառք հավիտյան:
 Դարեր ես ապրել հավատով,
 Վեդեցու անխոնջ աշխատանքով,
 Ամենուր ժպիտն է ծիրանի,
 Բուրմունքը գինու, խաղողի:

Հիմնադրման թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեդի քաղաքի հիմնադրման տարեթվի մասին ստույգ տեղեկություններ չկան։ Նրա մասին առաջին հիշատակությունները գալիս են դեռևս ուրարտական ժամանակներից[2]։ Առաջին անգամ Վեդին հիշատակվում է 13-րդ դարում Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Սիսական աշխարհի» աշխատության մեջ,երկու հիշատակություն ՝ Նորավանքի , և մեկի՝ Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքի արձանագրություններում։ Մինչև 17-րդ դարը եղել է մեծ բնակավայր։ Ըստ ռուս աշխարհագետ Ի. Շոպենի, բնակավայրը 1830 թվականին ունեցել է Վերին Վեդի անվանումը։ 19-րդ դարի կեսին ուներ եկեղեցի, ապրում էին 240 տուն թաթար և 12 հայ ընտանիք։1828 թվականին Վեդի բասարի մահալում Մակուի շրջանից վերաբնակվել են 1170 շունչ հայեր՝ 640- ը՝ Դավալուում(Արարատ գյուղ) և 530 -ը ՝ Վեդիում։ 1849 թվականից մտել է Երևանի նահանգի մեջ, 1918թ-ից որպես առանձին գավառ, իսկ 1929 թվականին գավառը վերացվել է , և ստեղծվել է Վեդու շրջանը՝ Բոյուք Վեդի շրջկենտրոնով։ Վեդիի համար հայացման գործընթացը սկսվել է 1940- ական թվականներին։1958 թվականին ունեցել է 4500 բնակիչ։ 1962 թվականին բնակավայրը ստանում է ավանի կարգավիճակ, 1996թվականից՝ քաղաքի։

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տեղանքը հարթ է,թույլ թեքված դեպի արևմուտք։ Բուն կենտրոնական մասում գտնվում է հարթեցված գագաթով մոտ 10 մ հարաբերական բարձրությամբ երկրաբանական ավելի հին ապարներից կազմված բլուր։ Ծովի մակերըույթից ունի մոտ 900 մ բարձրություն։ Վեդի քաղաքը գտնվում է Երևան-Իրան , Երևան-Արցախ միջպետական ճանապարհից 8 կմ արևելք, Վեդի գետի ստորին հոսանքում։ Տեղակայված է Միջինարաքսյան գոգավորությունում, Վեդի գետի ձախափնյա սարավանդում, Երևանից 48 կմ հեռավորության վրա։ Անմիջապես քաղաքի կողքին է գտնվում Գոռավան անապատը։

Վեդին գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտում ,որտեղ ձևավորվել է կլիմայի չոր,խիստ ցամաքային տիպը։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, նվազագույն ջերմաստիճանը դիտվել է - 32 °C։ Կայուն ձյունածածկույթ ձևավորվում է ոչ ամեն տարի։ Բնորոշ է ջերմաստիճանային շրջադասությունը: Ամառը շոգ է, տևական ՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմաստիճանը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Բնորոշ են լեռնահովտային քամիները,որոնք մեղմացնում են քաղաքի ամառային տապը։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Վեդիում բնական լանդշաֆտը կիսաանապատային է։ Հումուսից աղքատ գորշ հողերը վերածվել են կուլտուր ոռոգելի հողերի:[3]։

Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 200-250 մմ է։

Քաղաքի միջով է հոսում Վեդի գետը, բացի այդ կան նաև ստորգետնյա հանքային ջրերի պաշարներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչների նախնիների մի մասը 1915-1920 թվականներին գաղթել է Արևմտյան Հայաստանի Վանի, Շատախի, Մուշի նահանգներից, իսկ նոր ժամանակներում՝ Մարտունու, Սիսիանի և Եղեգնաձորի շրջաններից։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի 1831 1897 1937 1959 1970 1989 2015
Բնակչություն 1 244 2 798 2 830 3 581 6 165 10 757 11 600

1988-1989 թվականներին Ադրբեջանում կազմակերպված Սումգայիթյան ջարդերի հետևանքով քաղաք են գաղթել շուրջ 561 մարդ։ Ըստ 2009 թվականի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 13242 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 52%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 29%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 60%, հետաշխատունակները՝ 11%[4]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի 2 միջնակարգ և 1 ավագ դպրոց, գրադարան, երաժշտական դպրոց, ուսումնարան, քոլեջ, 4 մանկապարտեզ, մարզադպրոց, մշակույթի պալատ,գեղարվեստի դպրոց։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեդին ունի զարգացած գյուղատնտեսություն, որն ունի մերձքաղաքային տնտեսության ուղղվածություն, այսինքն մատկարարում է գյուղատնտեսական թարմ մթերքներով նաև մայրաքաղաքին։ Շոգ կլիմայի շնորհիվ գյուղատնտեսական հողահանդակները պարտադիր ոռոգման կարիք ունեն։ Ունի ոռոգման խիտ ցանց և օգտագործվում է Ազատ գետի, Արտաշատի ջրանցքի և ստորգետնյա՝ արտեզյան ավազանի ջրերը։

Գյուղատնտեսական նշանակության հողերը զբաղեցնում են համայնքի վարչական մակերեսի մոտ 75 %՝ 1740 հա։ Հիմնական ուղղությունը խաղողագործությունն է և պտղաբուծությունը։ Զբաղվում են նաև այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ։

Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Վեդիում գործում է Վեդիպլաստ իրերի գործարանը,որը հիմնադրել է Արմեն Պողոսյանը։ Գործում են նաև մեկ տասնյակից ավելի մանր արտադրամասեր,տրավերտինի քարի հանքը,Վեդիշինը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • World Gazeteer: Armenia – World-Gazetteer.com
  • Սամվել Հակոբյան «Արարատի մարզ» ,Երևան,2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]