Թռչնաբուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Hühnerhaltung traditionell.jpg

Թռչնաբուծություն, անասնապահության ճյուղ։ Զբաղվում է գյուղատնտեսական թռչունների բուծմամբ՝ դիետիկ ձու, թարմ միս, նաև աղվափետուր և փետուր ստանալու համար։ Որպես անասնապահության ճյուղ, թռչնաբուծության փոխադարձ կապի մեջ է բուսական մթերք և հումք արտադրող ճյուղերի, մասնավորապես, բուսաբուծության հետ։ Ունի տնտեսական բարձր արդյունավետություն, որը պայմանավորված է թռչունների կենսաբանական առանձնահատկություններով (վաղահասություն, բազմապտղություն, կերհատուցում են)։ Ձվատու հավերի ցեղերն սկսում են ձվարկել 5-6 ամսականում, առաջին տարում յուրաքանչյուր հավից ստացվում է մոտ 100 ձու, իսկ մեկ ածանից՝ 140-150 սերունդ։ Բարձր է նաև աճի տեմպը, մեկ օրական ճուտը կշռում է 35-36 գ, իսկ 70-75 օրականը՝ մինչե 1,5 կգ։ Կերակրման և պահվածքի բնականոն պայմաններում մսացու ճտերի (բրոյլեր) 1 կգ քաշի համար ծախսվում է 2,2-2,5 կգ կերամիավոր։ Բացի այդ, թռչունի սաղմը զարգանում է հիմնականում մոր օրգանիզմից դուրս, որն էլ հնարավոր է դարձնում արդիական մասշտաբներով կազմակերաել ճարպահանությունը (ինկուբացիան), անկախ տարվա եղանակից արտադրել թռչնաբուծական մթերք ու աճեցնել ճտեր մայրական հոտն անընդմեջ համալրելու համար։ Վայրի թռչունների ընտելացումն սկսվել է դեռես մեր թվարկությունից առաջ 4-ից 3-րդ հազարամյակում, Հնդկաստանում և Չինաստանում։ Աստիճանաբար ընտելացվել են հավը, աղավնին, սագը, բադը, հնդկահավը, ապա՝ խլահավը և լորը։ Ընտելացված թռչունների բազմացման, մթերատվության հատկանիշների աստիճանական բարելավման և սելեկցիայի միջոցով դրվել է թռչնաբուծության ճյուղերի և ուղղությունների հիմքը։ Թռչնաբուծությունն ընդգրկում է հավաբուծությունը, սագաբուծությունը, բադաբուծությունը, հնդկահավաբուծությունը, խլահավերի և լորերի բուծումը և ունի ձվային, մսային ու խառն ուղղություններ։ ԽՍՀՄ-ում թռչնաբուծությունը սկսել է զարգանալ 20-ական թվականներին, երբ կազմակերպվեցին կոլտնտեսային թռչնաբուծական ֆերմաներ, թռչնաբուծական ինկուբատորային կայաններ, ինկուբատորներ, 1925 թվականից՝ խորհրդային տնտեսություններ, իսկ 1930-1932 թվականներին՝ թռչնաբուծական ֆաբրիկաներ։ 1974 թվականին ձվի համախառն արտադրանքի ծավալով ԽՍՀՄ աշխարհում գրավել է առաջին տեղը, իսկ յուրաքանչյուր շնչին տարեկան բաժին է ընկել 160 ձու (աշխարհում միջինը՝ 85-90)։ Հայաստանում թռչնաբուծություն գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից։ Ըստ խեթական գրավոր հուշարձանների, դեռևս մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակում Հայկական լեռնաշխարհում տարածված են եղել ընտանի թռչունների առանձին տեսակներ (հավ, աղավնի են)։ Հայաստանում թռչնաբուծության զարգացման մասին տեղեկություններ կան Հերոդոտոսի, Քսենոփոնի, Ղազար Փարպեցու, Մովսես Խորենացու, Ղևոնդ Ալիշանի և այլոց աշխատություններում։ Թռչունների բուծման, խնամքի, կերակրման և այլ հարցեր ընդգրկված են «Դիրք վաստակոց» (11-ից 12-րդ դարեր) թարգմանական գրվածքում, Կովկասյան գյուղատնտեսական ընկերության հրատարակություններում (14-րդ դար)։ Թռչնաբուծությունը նոր նշանակություն ձեռք բերեց սովետական կարգերի հաստատումից հետո, երբ 1930-ական թվականներին կազմակերպվեցին կոլտնտեսություններ և սովետական տնտեսություններ։ 1949 թվականին ՀԽՍՀ տնտեսություններում կար ընդամենը 219 հազար, 1959 թվականին՝ 502 հազար, 1965 թվականին՝ մեկ միլիոն թռչուն։ 1964 թվականից թռչնաբուծությունը աստիճանաբար ինտենսիվացվում, մեքենայացվում ու ավտոմատացվում է՝ փոխադրվելով արդյունաբերության հիմքի վրա։ 1965 թվականին թռչունների ընդհանուր գլխաքանակը կազմել է 5,762, իսկ 1975 թվականին՝ 6561,3 հազար, 1975 թվականին արտադրվել է 350,3 միլիոն ձու։ 1975 թվականին գործում Էր 13 թռչնաբուծական ֆաբրիկա, 22 խորհրդային տնտեսություն և 19 թիկ։ Հանրային թռչնաբուծության վերելքին զուգընթաց զարգանում Է տնամերձ թռչնաբուծությունը։ 1975 թվականին ՀԽՍՀ-ում ձվի համախառն արտադրանքի կեսից ավելին ստացվել Էր տնամերձ թռչնաբուծությունիցից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 216 CC-BY-SA-icon-80x15.png