Հանքային ջուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հանքային ջուր, ստորգետնյա (հազվադեպ՝ մակերևութային) ջրեր, որոնք պարունակում են մեծ քանակությամբ կենսաբանորեն ակտիվ անօրգանական (սակավ՝ օրգանական) նյութեր և օժտված են յուրօրինակ ֆիզիկաքիմիական հատկություններով (բաղադրություն, ջերմաստիճան, ռադիոակտիվություն), որոնց շնորհիվ բուժիչ ազդեցություն են գործում մարդու օրգանիզմի վրա։ Օգտագործվում են որպես արտաքին ու ներքին բուժամիջոցներ։ Հանքային ջրի բաղադրությունը կախված է տարածքի երկրաբանական զարգացումից, տեկտոնական կառուցվածքի բնույթից, երկրաջերմային պայմաններից ևն, իսկ գազային բաղադրությունը՝ փոխակերպային և հրաբխային պրոցեսներից։

ՀՀ տարածքը հարուստ է քիմիական տարբեր բաղադրության հանքային ջրերով՝ «Արարատ», «Արզնի», «Բջնի», «Դիլիջան», «Լիճք», «Սևան», «Ջերմուկ» (ավելի քան 400 բնական ելքեր)։ Նշված ջրերի զգալի մասն առաջանում է փոքր և միջին խորություններում, երբեմն օժտված են թույլ ռադիոակտիվությամբ, ունեն 3-8 գ/լ միջին հանքայնացում։ Ջերմաստիճանը տատանվում է 4°C-ից (Գռիձոր), 64°C (Ջերմուկ) սահմաններում։ Հանքային ջուրն օգտագործվում են խմելու, լոգանքների, բոլոր տեսակի ցնցուղների, ինհալացիաների, ողողումների նպատակով, ստամոքսաղիքային ուղու, նյարդային համակարգի, երիկամների, միզուղիների և մի շարք այլ հիվանդությունների դեպքում։ Որոշ հանքային ջրերը զովացուցիչ, ծարավը հագեցնող և ախորժակը լավացնող միջոց են։

ՀՀ-ում հանքային ջրերի հիմքի վրա ստեղծվել են բազմաթիվ առողջարաններ, շշալցման գործարաններ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png