Սևան (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սևան (այլ կիրառումներ)
Քաղաք
Սևան
Sevan new collection.jpg
Սևանա լճի տեսարան
Կոորդինատներ: 40°33′18″ հս․ լ. 44°57′13″ ավ. ե. / 40.55500° հս․. լ. 44.95361° ավ. ե. / 40.55500; 44.95361
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Գեղարքունիքի
Քաղաքապետ Սարգիս Մուրադյան
Հիմնադրված է 1842 թ.
Այլ անվանումներ մինչև 1935Ելենովկա
Տվյալ կարգավիճակում 1961 թվականից
ԲԾՄ 1 900 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 19 200[1] մարդ (2015)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն սևանցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 (261)
Փոստային ինդեքսներ 1501-1505
Սևանը
Պաշտոնական կայք sevancity.am/Pages/Home/Default.aspx
##Սևան (քաղաք) (Հայաստան)
Red pog.png

Սևանը քաղաք է Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի հյուսիսարևմտյան ափին, մայրաքաղաք Երևանից 66 կմ հյուսիս-արևելք և մարզկենտրոն Գավառից 35 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակերևույթից 1925 մ բարձրության վրա և զբաղեցնում է 17,75 քկմ տարածք[2]։ Ըստ 2011 թվականի մարդահամարի արդյունքների համայնքում բնակվում է 19229 մարդ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը 1842 թվականին հիմնադրել են եկվոր ռուս աղանդավորները և կոչել են Ելենովկա՝ ի պատիվ Պավել 1-ին ցարի դուստր Ելենայի։ 1935 թվականին այն վերանվանվեց Սևան։ 1961 թվականին բնակավայրին շնորհվեց շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ /մեկ ավանով և տասը գյուղով/, իսկ 1967 թվականին՝ հանրապետական ենթակայության։

Հայաստանի վարչատարածքային նոր բաժանմամբ Սևանը դարձավ ինքնուրույն համայնք և ներառում է Սևան քաղաքը, Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերը, Գագարին բնակավայրը։ 2005 թվականին հաստատվեցին համայնքի վարչական սահմանները, որի արդյունքում Սևան համայնքը զբաղեցնում է 1775.7 հա հողատարածք։

Համայնքի ղեկավար Գ. Մալխասյանի նախաձեռնությամբ 2003 թվականին ստեղծված «Սևան բարեգործական» հիմնադրամի կողմից իրականացված հեռուստամարաթոնների միջոցով հանգանակված գումարով իրականացվել են քաղաքապահպան ձեռնարկներ։

2012 թվականի նոյեմբերի 10-ին մեծ շուքով նշվեց քաղաքի 170 ամյակը։


Կրթության կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքային ոչ առևտրային 11 կազմակերպությունների՝ 5 նախակրթարանների, Հովհ. Այվազովսկու անվան արվեստի, երաժշտական դպրոցների, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի, Վ. Ստեփանյանի անվան Գրադարանների կենտրոնացված համակարգի /7 գրադարան/, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, համայնքային մշակութային կենտրոնի գործունեության շնորհիվ նախադպրոցական կրթության իրականացումը, մարզամշակութային առօրյան, երեխաների արտադպրոցական աշխատանքների կազմակերպումը իրականացվում է համակարգված ու նպատակային։

Համայնքում գործում են 6 հիմնական և 1 ավագ դպրոց, արհեստագործական ուսումնարան, քոլեջ, բժշկական ուսումնարան։ Սևանում է գտնվում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, որի բնագիտական թանգարանն էլ Սևանա լճի, տարածաշրջանի կենդանական և բուսական աշխարհի, ժողովրդագրության, ավանդույթների ամբողջական ցուցանմուշների և ցուցադրությունների եզակի վայր է։


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցյալ դարի 90-ական թթ-ին փակվեցին և սեփականաշնորհվեցին քաղաքի խոշոր ձեռնարկություններն ու գործարանները, որոնք այսօր չեն գործում։

Համայնքի բնակարանային տնտեսության պահպանումն իրականացվում է գործող 4 համատիրությունների միջոցով, որոնք ընդգրկում են 201 բազմաբնակարան շենք։

Ներկայումս զարգացման առաջնահերթություններից է փոքր և միջին բիզնեսի, զբոսաշրջության գործի զարգացումը, որոնց ուղղությամբ իրականացվում են ծրագրեր։ Բնակչության մի մասը զբաղված է կրթության, մշակույթի, ծառայությունների մատուցման ոլորտներում[3][4]։

Վերջին տարիների ընթացքում համայնքում միջազգային և տեղական կազմակերպությունների և համայնքային ներդրումների միջոցով իրականացվել են մի շարք ծրագրեր։ Համայնքում գործունեություն են իրականացնում մի շարք հասարակական կազմակերպություններ, ասոցիացիաներ, հիմնադրամներ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր աշխարհագրական դիրքով Սևանը Հայաստանի ամենալեռնոտ շրջաններից է. գտնվում է Արեգունի, Փամբակի և Գեղամա լեռնաշղթաների հանգուցակետում։ Համայնքն իր ափամերձ տարածքներով զբոսաշրջությամբ, հանգստի, առողջարանային հիանալի բնակավայր է։ Այն առանձնանում է ջրային ռեսուրսներով, բնապահպանական և մշակութային հուշարձաններով։

Բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ արևոտ օրերի քանակը հասնում է 250-ի։ Ամառային ամիսների ընթացքում օդի միջին ջերմաստիճանը տատանվում է 20 °C-30 °C։ Ձմեռները ձյունառատ են, իսկ ապրիլ-նոյեմբեր ամիսներին բավական ցուրտ է[2]։ Սևանի կլիման նման է Արևելյան Ֆինլանդիայի կլիմային։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևանում լույս են տեսնում «Սևան» թերթը, «Ափ» ամսագիրը, գործում է «Գեղամա» հեռուստաընկերությունը։ Համայնքային մշակութային կյանքի ռիթմն ապահովում են «Սևան» ժողովրդական ու «Սուինա-Սևան» ժամանակակից պարերի և «Ակորդներ» էստրադային համույթները։

Սևանի բնագիտական թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևանի բնագիտական թանգարանում ներկայացված են Սևանա լճի և նրա շրջակայքի, ֆլորայի և ֆաունայի, ինչպես նաև հայերի ավանդական կյանքի տարրերի երկրաբանական առանձնահատկությունները[2]։

Բուսաբանական այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբանական այգին գտնվում է ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա։ Այգում կարելի է գտնել եվրոպական և ասիական ավելի քան 420 բուսատեսակներ[2]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևանը գործնական-ընկերային ապակենտրոնացված հարաբերությունների ոլորտում ունի լուրջ հաջողություններ։

«Սևան-Գրենոբլ» քույր քաղաքներ համագործակցությունը ներառում է զբոսաշրջային, կրթական և առողջապահական ոլորտները՝ ամրապնդելով հայ-ֆրանսիական բարեկամությունը գործնական ծրագրերի տեսքով։

Սևանի և Լեհաստանի Բրոդնիցա քաղաքի միջև համագործակցության ոլորտներն են տեղական ինքնակառավարման մարմինների միջև փորձի և տեղեկատվության փոխանակումը, կրթության, մշակույթի և սպորտի բնագավառները, զբոսաշրջության և երիտասարդների փոխանակման ծրագրերի իրականացումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Գեղարքունիքի մարզի ուղեցույց, 2012 թ
  3. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 290. 
  4. Ա. Ա. Ասլանյան, Հ, Ղ Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ էջ 173. 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]