Ծովինար (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ծովինար (այլ կիրառումներ)
Գյուղ
Ծովինար
Tsovinar 2.JPG
Ծովինարի տները
Կոորդինատներ: 40°09′39″ հս․ լ. 45°27′14″ ավ. ե. / 40.16083° հս․. լ. 45.45389° ավ. ե. / 40.16083; 45.45389
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Գեղարքունիքի մարզ
Մակերես 4,0 կմ²
ԲԾՄ 2000 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 5105[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Ծովինար (գյուղ) (Հայաստան)
Red pog.png
##Ծովինար (գյուղ) (Գեղարքունիքի մարզ)
Red pog.png

Ծովինար, վարչատարածքային միավոր Գեղարքունիքի մարզում։ Ծովինարի գյուղատարածքը ձգվում է Սևանա լճի հարավային ափամերձ գոտում, լճից մոտավորապես 2 կմ հեռավորության վրա, Վարդենիս տանող ճանապարհի մոտ, Երևանից՝ 145 կմ, Մարտունուց՝ 15 կմ հարավ-արևելք։ Գյուղը զբաղեցնում է շուրջ 4 կմ2 տարածք, բնակչությունը 2005 թ. դեկտեմբերի տվյալներով կազմում է 5104 մարդ։ Ծովինարի բնակատեղը ծովի մակարդակից բարձր է ավելի քան 2000 մետրով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովինարի տարածքը հին ժամանակներում մտնում էր Մեծ Հայքի Սյունիք նահանգի Գեղարքունիք գավառի մեջ։ Պատմական տարբեր շրջաներում այն Մարտունու տարածքի կազմում մտած եղել է Այրարատ նահանգի մեջ։

9-11-րդ դարերում Սևանի ավազանի վարչական կենտրոն եղել է Կոթ գյուղը, որը համընկնում է ներկայիս ներքին Գետաշեն գյուղի հետ։ Պատմական Կոթ գյուղն ընկած է եղել Դվին-Պարտավ առևտրական ճանապարհի վրա, խաղացել է Գեղամա երկրի առևտրական կենտրոնի դեր, ապրել զգալի զարգացում, առանձնապես նշանակալից դեր է ունեցել ձկնորսությունը։ Ծովինարը կապված է եղել Կոթի հետ, մյուս կողմից էլ ընկած լինելով Կոթ-Վարդենիս առևտրական ճանապարհի վրա, անկասկած մասնակից է եղել ժամանակի սոցիալ-տնտեսական անցուդարձին, ապրել ժամանակի չափանիշներով առաջխաղացում, ընդարձակվել, ընդգրկել մեծ քանակի բնակչություն։

9-13-րդ դարերում գյուղի տարածքը նվաճվել է սելջուկ-թուրքերի կողմից և կազմվել նրանց տիրապետության մի մասը։ Հետագա դարերում ենթարկվել է թուրք-պարսկական նվաճողների ասպատակություններին։ 1828 թ.-ին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված Թուրքմենչայի հայտնի պայմանագրով Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Ծովինարը Գեղարքունիք գավառի կազմով մտել է Երևանի նահանգի մեջ։

Գյուղի տարածքում չեն պահպանվել ավելի վաղ շրջանի հնագույն մարդկանց բնակատեղի հետքեր, բացառությամբ Ռուսա I-ի կառուցած Թեյշեբա՝ աստծո քաղաք (VIII դար մ.թ.ա) բերդ-ամրոցի ավերակների, բայց կան որոշակի տվյալներ, որոնք հաստատում են Ծովինարի տարածքի հնագույն բնակատեղի լինելու փաստը։ Գրավոր հին հիշատակությունը Ծովինարի՝ որպես պատմական բնակատեղի մասին, տալիս է Հայկական Արարատյան թագավորության գահակալ Ռուսա I-ի մ.թ.ա.VIII դարում թողած արձանագրությունը։

1555 թ.-ին ավարտվում է Հայաստանի նվաճման համար մղվող թուրք-պարսկական պատերազմների առաջին շարանը և կնքվում է ժամանակավոր բնույթի հաշտություն, որի համաձայն Հայաստանն առաջին անգամ բաժանվում է Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Բաժանման սահմանագիծը ճանաչվում է Հայկական պար լեռնաշղթան։ Պարսկաստանին անվանում են Շիրակը, Արարատյան դաշտը, Գուգարքը, Սյունիքը և Վասպուրականի արևելյան գավառները։ Սևանա ավազանում հաստատվում է Պարսկական իշխանություն։

1578 թ. Թուրքիան նորից պատերազմ է սկսում Պարսկաստանի դեմ, որն ավարտվում է 1590 թ. Պարսկաստանի համար ծանր պայմաններով։ Կնքված հաշտության համաձայն Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը և Ատրպատականը անցնում են Թուրքիային։ Դրանով էլ ավարտվում է թուրք-պարսկական պատերազմների երկրորդ շրջանը։ Պարսկաստանի նոր գահակալ Շահ Աբաս I1603 թ.-ին նորից գործի դրեց զենքը, սկսվեց թուրք-պարսկական պատերազմի երրորդ շրջանը, որն ընդհատումներով շարունակվեց մինչև 1639 թ.։ Այս պատերազմն ամենածանր ու ամենաողբերգականն է եղել հայ ժողովրդի համար։ Տեղի է ունեցել ամենասարսափելին, հայերի մասսայական բռնագաղթեցում, հայրենազրկում, երկրի հետագա պաշտպանության ջլատում։ Շահ-Աբաս I-ը գրավում է Երևանը 1604 թ.-ին, անցնում Արարատյան դաշտի և մերձակա շրջանների հայ բնակչության բռնի գաղտեցման դեպի Պարսկաստան։ Պասկական գահակալը ձգտում էր ամայացնել գրաված շրջանները, բնակիչներին դատապարտել մշտական բնակության Պարսկաստանում։ Տեղահանվեցին ու Պարսկաստան քշվեցին հարյուր հազարավոր հայեր։ Իր հնամենի ժողովրդի ստվար զանգվածից զրկվեց նաև Սևանա ավազանը, հայազրրկվեցին շատ բնակավայրեր, նոսրացավ երկրի բնակչությունը, ընկավ նրա հետագա պաշտպանության ուժը։ Հովհաննես Թումանյանը դառնությամբ պիտի նկարագրեր գաղթի տեսարանները, Ռափայել Պատկանյանն էլ գրել «Արաքսի արտասուքը»։

1639 թ. Կասրի–Շիրինի հաշտության պայմանագրով Հայաստանն երկրորդ անգամ է բաժանվում Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Պարսկաստանին անցնում են Գուգարքը, Շիրակի և Արշարունիքի մի մասը, Այրարատյան դաշտն իրեն հարակից գավառներով, Սյունիքը, Արցախը և Վասպուրականի արևելյան մասը։ Հին Ծովինարի բնակչության մեծ մասը նույնպես զոհ մնաց Շահ–Աբասի գաղթին։ Գյուղի վերջին մոհիկանները լքել են հայրենի օջախները 18–րդ դարի սկզբներին։ Ծովինարի տարածքում թուրք, քուրդ ու պարսիկ նստակյաց ցեղեր բնակություն չեն հաստատել, բայց սարվորական կյանքով, արոտավայրից արոտավայր եկել ու անցել են՝ խառնված իրենց ոչխարների հոտերին։ Հիմնականում եկել են գարնանը, գնացել են ուշ աշնանը։ Նույն կերպ է գյուղատարածքում հայտնվել քեօլանի կոչվող թուրքական ցեղախումբը, որն ըստ Մեսրոպ Սմբատյանցի տարածքում կատարած ուսումնասիրությունների կոտորվել է լեզգիների կողմից։ Նոր Ծովինարի հիմնադրման հարցի լուսաբանումը վերստին պահանջում է որոշակի նյութեր քաղել պատմական այն իրադարձություններից, որոնք կապված են 1826-1828 թվականների ռուս–պարսկական և 1828-1829 թվականների ռուս–թուրքական պատերազմների հետ։

Կովկասյան ռազմաճակատում այս անգամ էլ պատերազմի գլխավոր թատերաբեմը Հայաստանն էր։ Ինչպես միշտ այս շրջանում էլ հայ ժողովուրդը ռուսական զենքի հաղթանակի հետ էր կապում իր ազատագրությունը թե՛ օսմանյան, թե՛ պարսկական դեսպոտիզմից։ Ավելին, քան երբեք, լայն ծավալում ստացավ ժողովրդական շարժումն, որի արդյունքում ձևավորվող հայկական կամավորական ջոկատները թե՛ ռուսական զորամիավորումների շարքերում, թե՛ մեկուսի, մեծ դերակատարում ունեցան ռազմաճակատի բոլոր հատվածներում ռուսական զենքը փառքով պսակելու գործում։ Փոքրաթիվ ուժերով Շուշիի ինքնապաշտպանության հերոսամարտն Աբաս Միրզայի 60 հազարանոց բանակի դեմ հայ և ռուս ժողովուրդների անկոտրում կամքի դրսևորումն է, ռազմական արվեստի եզակի նմուշ։ Ընդառաջ գնալով ազգային ոգու զարթոնքին՝ հայոց ազգային գաղափարախոսության մտավորական ուժերը գործի դրեցին ազգի ներուժի գաղափարական, մարդկային և նյութական ռեսուրսները պատմական պահը լիարժեք օգտագործելու և իրենց դարավոր երազանքն իրականացնելու համար։ Ռուս–պարսկական պատերազմի առաջին օրերին ահազանգի նման հայոց աշխարհի վրա հնչեց Հայրապետ Ներսես Աշտարակեցու կոչը.

Aquote1.png Հասավ ժամը, երբ աչքով պիտի տեսնենք Արարատյան աշխարհի և հայոց ազգի ազատությունը։ Ոտքի կանգնեք հայոց քաջեր, թոթափեցեք պարսից լուծը, ուրախացրեք ալեզարդ Մասիսին, մի անգամ արյունով ներկեցեք հայրենի հողերը և ապա ապրեցեք ազատ։ Aquote2.png

Պատերազմում ծավալված հայոց աշխարհի չքնաղ Շուշիի արցախյան բնակչության հերոսական պաշտպանությունը,խլի–Ղարաքիլիսայի, Ջիվանբուլաղի, Օշականի ու Երևանի հերոսամարտերում հայ քաջորդիների սխրանքներն արագացրին պարսիկ խաների բռնակալական իշխանության վախճանը Արևելյան Հայաստանում։ Հիրավի ճշմարիտ է, փոքր ժողովուրդների ճակատագրում պատմական պահեր կան, որոնց նրանց հազարամյակների տարեգրությունից ջնջել չի լինի։ Այդպիսի պահերը վերածվում են ազգային սուրբ տոների ու դառնում ազգային երաժշտություն, հպարտություն, հոգեբանություն ու կերտվածք։ 1827 թ. հոկտեմբերի 1–ին գեներալ Պասկևիչը մտավ Երևան հայ ժողովուրդը աղ ու հացով դիմավորեց նրա մուտքը։ 1828 թ. փետրվարի 10-ին Թավրիզ քաղաքի մոտ գտնվող Թուրքմենչայ գյուղում ստորագրվում է ռուս–պարսկական հաշտության պայմանագիրը։ Ռուսաստանի կողմից այն ստորագրում է Ի.Պասկևիչը, իսկ Պարսկաստանի կողմից թագաժառանգ Աբաս Միրզան։ Պայմանագրի հանգուցային հարցն Արևելյան Հայաստանի միացումն էր Ռուսաստանին, պատմական մի ակտ, որի մեջ պետք է տեսնել հայ ժողովրդի փրկությունը։ Դրանից շատ չանցած Ռուսաստանի առաջ Կովկասյան ռազմաճակատում ծնկի եկավ Թուրքիան և 1829 թ սեպտեմբերի 2–ին Ադրիանապոլիս քաղաքում ստորագրվում է ռուս–թուրքական պայմանագիրը։ Ադրիանապոլսի պայմանագիրն ազատություն չի բերում արևմտահայերին։ Եվրոպական մեծ տերությունների ճնշման տակ, որոնք չէին ուզում Ռուսաստանի հզորացումը Թուրքիայի հաշվին, Արևմտյան Հայաստանը վերստին մնում է թուրքական հպատակության տակ։ Արևմտահայությունն, որն այդքան արյուն էր հեղեղել ու իր արյան գնով վառ հույսեր կապել ռուսների օգնությամբ ազատություն ստանալ, ապերախտ Եվրոպայի թուրքամետ հորջորջանքների պատճառով նորից հանձնվեց թուրք բարբարոսների դաժան զնդանին։ Հայերի համար Ռուսաստանն արեց այն ինչ կարողացավ, մեկ անգամ ևս հաստատվեց երկուստեք բարեկամության անշրջելիության որդեգրած սկզբունքը։ Թուրքմենչայի պայմանագրի 15-րդ հոդվածը մեկ տարվա, Ադրիանապոլսի պայմանագրի 13-րդ հոդվածը 1.5 տարվա ժամանակահատվածում թույլատրում է հայերին իրենց շարժական գուլքով անարգել գաղթել ռուսական տիրապետության սահմանները։ Պարսկաստանից 45 հազար, իսկ Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններից շուրջ 100 հազար հայեր գաղթեցին և վերահաստատվեցին ռուսական սահմաններում։ Ալաշկերտի, Վանի, Կարինի, Իգդիր տարածքներից 600 ընտանիք, շուրջ 5000 մարդ բնակություն է հաստատում ներկայիս Մարտունու տարածաշրջանում։ Հենց այս շրջանում էլ հիմնադրվում է նոր Ծովինարը։ Դա 1830 թվականն էր։ Առաջին եկվորների խումբը մուտք է գործել տարածք մայիսի 15-ին։ Ծովինարի ներկայիս բնակչության մեծ մասի պատմական հայրենիքն Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ շրջանն է՝ առավել ծավալի ընդգրկումով Յոնջալու գյուղը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կեսոյան Ռաֆիկ Ծովինար (պատմական ակնարկ) Եր.։ Գրական հայրենիք (Հայաստան) 2007 թ., 416 էջ։