Jump to content

Դդմաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Դդմաշեն
40°34′19″N 44°48′44″E / 40.57194°N 44.81222°E / 40.57194; 44.81222
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքԳեղարքունիքի մարզ
ՀամայնքապետԱվետիս Ավետիսյան
Հիմնադրված է1828 թ.
Մակերես1,86 կմ²
ԲԾՄ1800 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2876[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս1508
Փոստային դասիչ1508
Դդմաշեն (Հայաստան)
Դդմաշեն (Հայաստան)
Դդմաշեն (Գեղարքունիքի մարզ)
Դդմաշեն (Գեղարքունիքի մարզ)

Դդմաշեն, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում[2]։

Հարևան Գեղամավան գյուղի հետ հիմնվել է Մակուի վերաբնակիչների կողմից 1828 թվականին։ Հայտնի է 7-րդ դարում կառուցված Սուրբ Թադևոս եկեղեցիով։

1970-ական և 90-ական թվականներին գյուղում գործել է ձիաբուծարան, որտեղ բուծվել են անգլիական զտարյուն ցեղի ձիեր։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, պատմական թանգարան, գրադարան, մշակույթի տուն, բուժ ամբուլատորիա։ Դդմաշենում է ծնվել կինոռեժիսոր Յուբիկ Մուրադյանը[3]։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի անվան ստուգաբանության վերաբերյալ կան տարբեր վարկածներ։ Ոմանք պնդում են, որ ձկնառատ Հրազդանի ափի Դդմաշենը Մակվից եկած հայերը կոչել են իրենց նախկին բնօրրանի՝ Դուդմա կամ Տուտմա (Դուդմա պարսկերեն նշանակում է ձուկ) անունով։ Սակայն ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի գտած 1494 թվականի մի ավետարանում ասվում է. «Արդ գրեցավ սուրբ ավետարանս ի գյուղս Դեմդեմաշեն, ընդհովանով սուրբ Աստվածածինս և Սևանա Սուրբ Առաքելոյն»։ Գիտնականի կարծիքով, Դեմդեմաշենը նույն Դդմաշենն է։ Դդմաշենցի հայտնի բանահավաք Գուրգեն Ստեփանյանը ժխտել է Երվանդ Լալայանի այն վարկածը, թե գյուղի անունը առաջացել է դդում բառից։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դդմաշենի ազգաբնակչության փոփոխությունը

Population sizeYear050010001500200025003000180018301860189019201950198020102040ԴդմաշենPopulation statistics
ՏարիԲնակչություն
1829 468 [4]
1897 1929 [4]
1926 2201 [4]
1939 2565 [4]
1959 1774 [4]
1970 2138 [4]
1979 2164 [4]
1989 2267 [4]
2001 2443 [4]
2011 2806 [5]

Պարսկաստանի Դիադինից և Մակվի շրջանի Տուտմա գյուղից 60 ընտանիք և Արևմտյան Հայաստանի՝ Բայազետի շրջակա գյուղերից 17 ընտանիք եկել են այստեղ, 1828 թվականին Հայաստանը Ռուսաստանի հետ միավորելու շրջադարձային ժամանակաշրջանում։ Դդմաշենի նորաբնակության օրերին գյուղից հեռացել են Կարափափախները։ Հինավուրց բնակավայրում իրենց քարավանը կանգնեցրել են նորեկները և սուրբ Աստվածածին եկեղեցին կոչել են սուրբ Թադեոս առաքյալի անունով։ Եկվորների թիվը կազմել է 468 մարդ։ Նրանց մեջ էին տարբեր արհեստներով զբաղվողներ։ Տանուտերը եղել է Օհան Միրզոյանը։ Գյուղացիները իրենց հետ բերել են 440 խոշոր, 502 մանր եղջերավոր անասուններ, 40 ձի և ավանակ։ Գործի են գցել գյուղի 2 ձիթհանները, վերանորոգել են քանդված 26 ջրաղացներից 5-ը։ Դրանցից էին Մակարի, Սաֆարի, Սեփոյի և ամենամեծը՝ Ասպատուրի ջրաղացը։ Դդմաշենցիները վարձով մշակել են արքունական հողերը։ 1873 թվականի համաձայն, գյուղի 100 ծխերում ապրել է 1236 մարդ, որից տղամարդ՝ 630, կին՝ 606:

1928 թվականին ստեղծվել է կոլտնտեսություն։ Սկզբում ընդգրկել է 17 տնտեսություն, նախագահը Ավետիս Ավետիսյանն էր։ Կոլտնտեսության գոյությունը կարճ է տևել, այն շուտով վերացել է։ Կազմվել է կաթնային արտել, ապա 1932 թվականին նորից ձևավորվել է կոլտնտեսություն, որի նախագահը եղել է Արմենակ Հայրապետյանը։ Կոլտնտեսության երկարամյա նախագահ է եղել Շավարշ Գրիգորյանը։

Դդմաշենցիների մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ աշխարահամարտի տարիներին ռազմաճակատ են մեկնել 538 դդմաշենցիներ, որոնցից 211-ը չի վերադարձել։ Դդմաշենից կռվին մասնակցել են մեկ մայոր, 4 կապիտան, 24 լեյտենանտ, 37 սերժանտ։ Բալաբեկ Ստեփանյանը գյուղգործիքների հայտնի վերանորոգող էր, լավ մասնագետ։ Զորակոչվել է՝ կնոջ հույսին թողնելով հինգ փոքրիկներին։ Կինը՝ Աննմանը, փոխարինել է ամուսնուն, ընդգրկվել է կոլտնտեսության աշխատանքներում։ Որբ զավակները պետական հովանավորությամբ հետագայում կիրթ մարդիկ են դարձել։

Սիմոն Հակոբյանը տրակտորիստ է եղել, մեկնել է բանակ, սովորել է տանկային ուսումնարանում, դարձել է կրտսեր լեյտենանտ։ Քաջ հրամանատարը զոհվել է մարտում։

Խաչիկ Յախանյանը մեկնել է կռվի առաջին գիծ։ Մարտի ժամանակ կարողացել է 12 ժամ կասեցնել հակառակորդի գրոհը և իր կյանքի գնով ապահովել է յուրայինների առաջխաղացումը։ Սուրեն Սեդրակյանը սովորել է Հրազդանում, դարձել է կուսշրջկոմի աշխատող, հետո Սևանի շրջկոմի քարտուղար, պատերազմի հենց առաջին օրերին կամավոր մեկնել է գործող բանակ։ Գրիգորյանը օդաչու է եղել, զոհվել է մարտում։ Քաջի մահով ընկել են Շավարշ Հակոբյանը, Հարություն և Վլադիմիր Գրիգորյանները, Գերասիմ Հունանյանը, Վանցետի Գալստյանը, Վարդան Մնացականյանը, Մանուկ Փանոսյանը և ուրիշներ։ Զոհվել են Արզուման Թադևոսյանի հինգ որդիներից չորսը։ Դդաշենցի Գագիկ Եղիազարյանի տասնութ տարին նոր էր լրացել, երբ կամավոր մեկնեց բանակ։ Կռվել է Վոլգայի ափին, մասնակցել է Դնեպրի, Վիսլայի և Էլբայի անցմանը։ Ռազմաճակատից վերադառնալով՝ բարձրագույն կրթություն է ստացել, դարձել է անվանի մանկավարժ։

Երկու բուհ և սպայական ուսումնարան ավարտած դդմաշենցի կապիտան Գուրգեն Ստեփանյանը Թամանյան դիվիզիայում վաշտի հրամանատար է դարձել, մասնակցել է մարտերին, հասել է Գերմանիա։ Ռազմաճակատից 1945 թվականի վերադարձից հետո զենքը փոխարինել է գրչով և աշխատել է շրջանի մի շարք դպրոցներում։

1860-ական թվականներից գյուղում գործել են գրագիտական խմբակներ, 1904 թվականին՝ երկդաս դպրոց, որի հովանավորներն են եղել Եգոր Կարապետյանը, Տեր Սահակ քահանա, Տեր Սողոմոնի Տեր Սահակյանը։ Ծխական մեկդասյա երկսեռ դպրոցը, որն ունեցել է 56 աշակերտ և մեկ ուսուցիչ, հիմնադրվել է 1908 թվականին գյուղի առաջադեմ մարդկանց՝ Ոսկան Հարությունյանի, Միսակ Հակոբյանի, Եգոր Կարապետյանի և Կոստան Պետրոսյանի ջանքերով։ 1909 թվականին ուսուցիչ են աշխատել Երևանի թեմական դպրոցի շրջանավարտները, որոնցից աչքի էր ընկնում վարժապետ Վռամշապուհ Զաքար Բարայանը։ 1912 թվականին եոամյա երկսեռ դպրոցում սովորել է 57 աշակերտ, այն տեղավորված է եղել խարխուլ շենքում։ 1915-1916 ուսումնական տարում ունեցել է 50 աշակերտ և մեկ ուսուցիչ, երկու տարի անց՝ երկու դասարան և երկու ուսուցիչ։ 1927-1928 թվականներին բացվել է թերի միջնակարգ դպրոց։ Դպրոցական նոր շենք է կառուցվել 1937 թվականին, երբ այն դարձել է միջնակարգ. առաջին տնօրենը եղել է Ռաֆիկ Մարկոսյանը։ 1939-1940 թվականներին կրթօջախը տվել է իր առաջին շրջանավարտներին։

Դդմաշենի սրբավայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ծառով ձոր - գտնվում է գյուղի հյուսիսային մասում։
  • Թուխ մանուկ - գտնվում է գյուղի կենտրոնում, փոքրիկ գետնափոր տնակ է, ներսում խաչքար կա։
  • Խաչեր - գտնվում է գյուղի հարավային մասում, մատուռի ներսում կանգուն խաչքար է տեղադրված։
  • Թաք խաչ - Ծաղկունք և Դդմաշեն գյուղերի դաշտավայրերը բաժանող տեղում մի փոքրիկ բարձունքի վրա։
  • Քրչկոտ խաչ - «Գեշքյաշվան» հանդամասում է։ Մեծ կարծր քար է, կողքին՝ մասրենու թփեր։
  • Զիարաթ - գտնվում է «Մեյրան» տանող ճանապարհին, Կաթ-կաթ աղբյուրից երկու-երեք հարյուր մետր դեպի սարի գագաթը։
  • Ծակ քար - Կաթ-կաթ աղբյուրի ձորի վերևի մասում մի հսկայական քար է։
  • Սուրբ Թադեոս առաքյալի եկեղեցի - գտնվում է փոստի շենքից 50 մ հեռավորության վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գեղարքունիքի մարզի մարդահամար
  2. Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  3. «The Pomegranate Trees․ Director Yubik Muradyan».
  4. 1 2 3 4 5 6 7 8 9 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 67. — 184 p.
  5. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դդմաշեն» հոդվածին։