Կարճաղբյուր, գյուղ Հայկական ԽՍՀ Վարդենիսի շրջանում, Սևանա լճի հարավարևելյան ափին, Վարդենիս-Երևան խճուղու մոտ, շրջկենտրոնից 13 կմ հարավ–արևմուտք։ Անասնապահական–ծխախոտագործական սովետական տնտեսությունը զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։ Կարճաղբյուրում են «Իշխան»-ի ձկնաբուծարանը և «Վարդենիս» հանգստի տունը։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի պալատ, 2 գրադարան, կինո, մսուր-մանկապարտեզ, բուժկայան։ Կարճաղբյուրի շրջակայքում կան բազմաթիվ հնագիտական հուշարձաններ, որոնցից հնագույնները համանուն գետի ձորակում սփռված ժայռապատկերներն են։ Գյուղից հարավ-արևելք գտնվում է «Բերդի դոշ» կոչվող կիկլոպյան ամրոցը (գրավում է 5 հեկտար տարածություն)։ Սարահարթի բարձրադիր մասում ընկած է միջնաբերդը՝ շրջապատված 4 մետր լայնությամբ պարսպով, ունի լայն մուտք, որի մոտ պահպանվել են երկու հզոր բուրգերի հետքեր։ Այս տարածքից հավաքած նյութերը հիմք են տալիս ենթադրելու, որ ամրոցն ու միջնաբերդը բնակեցված են եղել բրոնզի դարաշրջանից մինչև միջնադար։ Ամրոցից հարավ և հարավ-արևելք պահպանված են երկու դոլմեն։ Հարավային մասում կան նաև կենցաղային պատկերներով միջնադարյան դամբարանադաշտ և խոշոր ժայռաբեկորներից ու խաչքարերից կառուցված մատուռներ (անվանում են «Քարե դուռ»)։ Գյուղից 2 կմ արևմուտք, կոլտնտեսության արտերում, սփռված են մ.թ.ա. 3–րդ հազարամյակից մինչև 3–1–րդ դարերի դամբարանների խմբեր և մոտ 4 հեկտար տարածքով անտիկ ժամանակաշրջանի բնակավայր, որը կառուցված է եղել բավական կանոնավոր հատակագծով։
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Կարճաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 2337, առկա բնակչությունը` 2263 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց հիմնական մասի նախնիները 1829-1830 թթ. գաղթել են Արևմտյան Հայաստանից[3]։ Կարճաղբյուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 328)։