Սարուխան (Գեղարքունիքի մարզ)
Այլ գործածությունների համար այցելեք Սարուխան (Գեղարքունիքի մարզ) (այլ կիրառումներ)։
Գյուղ | |||
---|---|---|---|
Սարուխան | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Շրջան | Գավառի տարածաշրջան | ||
Գյուղ | Սարուխան | ||
Գյուղապետ | Լյովա Վոլոդյայի Աբրահամյան | ||
Հիմնադրված է | 1771 թ. | ||
Մակերես | 66,5203 կմ² | ||
ԲԾՄ | 1990 մետր | ||
Կլիմայի տեսակ | Բարեխառն, լեռնային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 8370 մարդ (2018) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | 264 | ||
Փոստային ինդեքս | 1214 | ||
| |||
Սարուխան գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Գավառ մարզկենտրոնից 7 կմ հարավ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Սարուխանի մշտական բնակչությունը կազմել է 8309, առկա բնակչությունը` 5572 մարդ[1]։ Գյուղի բնակիչները հայեր են[2], որոնց նախնիները 1830թ. եկել են Բայազետի Զանգիզոր և Սուրբ Օհան գյուղերից[3]։ Սարուխանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է Ք.ա. 2-1 հազարամյակներում կառուցված կիկլոպյան ամիոցի հարավարևմտյան կողմում Ք.ա. 1-ին հազարամյակում։ Ամրոցը` որի ավերակները նշմարվում էին Ծաղկավանքի բլուրի վրա, ունեցել է ստորերկրյա թունել դեպի մոտակա գետը։ Ամրոցը համարվել է Ռուսա 1-ին արքայի կողմից հիշատակված Վելակունի (Գեղարքունիք) երկրի 23 թագավորներից մեկի նստավայրը։ Գյուղի տարածքից հայտնաբերվել է արտաշիսյան սահմանաքար։ Ինչը վկայում է, որ Արտաշես 1-ին Բարեպաշտ արքայի օրոք (Ք.ա. 189-160թթ) այստեղ արդեն գյուղական համայնք է ձևավորված եղել։
Միջնադարում եղել է Գեղարքունիքի ամենախոշոր գյուղը, իսկ 17-րդ դարում եղել է գավառապետի նստավայրը։ Գավառապետ մելիքներից հայտնի են Մելիք Փարսադանը, Մելիք Մալխասը և Մելիք Մանուչարը։ Վերջինս անվանատուն է գյուղից արևելք ընկած լեռներին և հարակից Մանուչարի հովտին։ Իր աստվածահաճո գործերով հայտնի է եղել Մխիթար եպիսկոպոսը, ով Մելիք Փարսադանից հալածվելով հաստատվել է Սևանա կղզում և նշանակվել վանահայր։
Գյուղը մինչև 1928թ. կոչվել է Դալիղարդաշ, անուն որը եղել գյուղի հայ մելիքներից մեկի (Էհիի պապի) մականունը։ 18-րդ դարի կեսերին գյուղը հիմնովին ավերվել է լեզգիների կողմից։ 19-րդ դարի սկզբների Երևանի խանի ջանքերով այստեղ հաստատվել են քոչվոր թաթարներ, որոնք կլիմային չդիմանալով շուտով հեռացել են։
Սարուխանի ներկայիս բնակիչների նախնիները 116 տնտեսություն 700 շնչով եկել են Հին Բայազետի Զանկիզոր (Զանկյազուր) և Սրբահան (Սուրբ Օհան) գյուղերից 1830թ. հունիսին։ 1850թ. գյուղացիների ջանքերով բացվել է գյուղի առաջին դպրոցը, իսկ 1897թ. պետական երկդասյա դպրոց։
Սարուխանցիները աչքի են ընկել թե առաջին և թե երկրորդ աշխարհամարտերի տարիներին։ Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել են 1273 սարուխանցիներ որոնցից 440-ը չեն վերադարձել։ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Սարուխանը տվել է 3 գեներալ, 12 գնդապետ, 13 փոխգնդապետ և բազմաթիվ սպաներ։
Համայնքը ընդգրկված է Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիայում, ինչպես նաև միջհամայնքային միավորման անդամ է։ Բյուջետային ոլորտում ամեն տարի արձանագրվում են հաջողություններ։ Բյուջեի կատարողական մասը հասնում և գերազանցում է 100 տոկոսը։ Բնակչության հիմնական մասը զբաղվում է արտագնա աշխատանքով։ Մեծ տոկոս է կազմում գործազուրկների թիվը, աշխատատեղեր չլինելու պատճառով բարձրագույն կրթությամբ շատ մասնագետներ դուրս են մնացել աշխատանքային ոլորտից։
Կենտրոնական ճանապարհը ամբողջությամբ ասֆալտապատ է, հեռահաղորդակցության և տրանսպորտային կապը գտնվում է բավարար վիճակում։ Փողոցները լուսավորված են։ Կանոնավոր կերպով կատարվում է աղբահեռացումը։ Հիմնական խնդիրներից մեկը Մեծ Սպիտակասարից մինչև Սարուխան խմելու ինքնահոս ջրագծի կառուցումն է։
Գյուղն ունի երեք միջնակարգ դպրոց, արվեստի դպրոց, երկու մանկապարտեզ։ Վերանորոգվել են Մշակույթի տունը և Բժշկական ամբուլատորիան, որը սպասարկում է ոչ միայն Սարուխան, այլ նաև Լանջաղբյուր և Գեղարքունիք գյուղերի բնակչությանը։
Վերանորոգվել են 1893թ. կառուցված ս. Գևորգ եկեղեցին և 8-9դդ. Թուխ Մանուկ մատուռը։ Ընթացքի մեջ են ս. Աստվածածին եկեղեցու կառուցման աշխատանքները։ Սարուխանը տվել է գիտության, մշակույթի, արվեստի, զինվորական, քաղաքական, պետական և այլ ոլորտների բազում նշանավոր մարդիկ։
Նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լորիս Մուշեղի Կրոյան — հայ արձակագիր, դրամատուրգ, լրագրող, խմբագիր, ՀԺՄ նախագահ, ՀԳՄ անդամ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
Հայկազ Կարապետի Խաչատրյան — հայ նկարիչ, քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ, խորհրդային նշանավոր այլախոհ, Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիր։
Հենրիկ Հայրիկի Աբրահամյան — պետական և հասարակական գործիչ, լրագրող, բանասեր, պատմական գիտությունների թեկնածու։ Մահացել է Հայաստանի խորհրդարանի շենքում ահաբեկչության հետևանքով։
Հրանտ Խաչատուրի Հակոբյան — հայ փիլիսոփա, պատմաբան, ՀՀ վաստակավոր մանկավարժ։
Հրանուշ Հրանտի Հակոբյան — ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար (2008-2018)։ Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Նորիկ Խաչիկի Պետրոսյան — ՀՀ քաղաքական և հասարակական գործիչ։
Կարապետ Իգնաթևոսի Մանուկյան- (1913_2004թթ) Սարուխան գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի հիմնադիր և տնօրեն։
Աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարուխան գյուղը գտնվում է Գեղամա լեռների ստորոտում, հս. լ.40օ17՛ 21՛՛, ավ. ե. 45օ08՛03՛՛, Գավառագետի Գռիձոր և Չռիձոր վտակների միջև։ Հյուսիսից սահմանակից է Գանձակ, հարավից և հարավ-արևելքից` Լանջաղբյուր, հյուսիս-արևելքից`Կարմիրգյուղ, իսկ արևմուտքից` Գեղամա լեռներին։
Վարչական տարածքը 6652,03 հա է, որի մեծ մասը ալպյան արոտներ են։ Ռելիեֆը կտրտված է, ունի թեքություն արևելքից արևմուտք։ Կլիման չափավոր ցամաքային է, օդի հարաբերական խոնավությունը միշտ ցածր 35-50%։ Ամառը զով է, ձմեռը չափավոր ցուրտ։ Ջերմաստիճանի բացարձակ նվազագույնը դիտվել է հունվարին -32օC, իսկ բացարձակ առավելագույնը` 33օC, հուլիս-օգոստոս ամիսներին։ Ձնածածկույթի տևողությունը տատանվում է 90-200 օր։ Տարեկան տեղումների քանակը 400-500մմ։ Քամիները հաճախակի են, գերակշռող ուղղությունը` հարավ-արևմտյան։ Գյուղի կենտրոնական մասի ամենացածր կետում են գտնվում աղբյուրները`վայրկյանում 800-1000լ ելքով։ Այստեղից խմելու ջուրը պոմպերով մղվում է գյուղի թաղամասեր և հարևան Կարմիրգյուղ։ Սարուխանի տարածքում կան շինանյութի` բազալտ քարի, ավազի, կավի և այլ հանքավայրեր։ Գռիձորում կան հանքային բուժիչ ջրեր, որոնք չեն օգտագործվում։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս ունի երեք միջնակարգ դպրոց, գրադարան, 2 մանկապարտեզ, արվեստի դպրոց և մշակույթի տուն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 546
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 178. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արմենպրես, Սարուխան գյուղում կատարվել է Սուրբ Գևորգ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, 7 Մայիս, 2008
- Սարուխանի համայնապետարանի պաշտոնական կայք Archived 2020-11-26 at the Wayback Machine.
|