Վարսեր
Գյուղ | |||
---|---|---|---|
Վարսեր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Շրջան | Սևան | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ և Սևանի շրջան | ||
Հիմնադրված է | 1831 թ. | ||
Առաջին հիշատակում | 9-րդ դար | ||
Այլ անվանումներ | Չռչռ | ||
Մակերես | 11,6 կմ² | ||
ԲԾՄ | 1900-1950 մ | ||
Կլիմայի տեսակ | ցրտաշունչ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2017[1] մարդ (2008 հունվարի 1) | ||
Խտություն | 0.175 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 1515 | ||
| |||
Վարսեր, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում[2]։
Գտնվում է Հրազդանի ցամաքած հունի հովտում, լեռնալանջի վրա։ Նախկինում մտել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Գեղարքունի գավառի, այնուհետև Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի մեջ։ Մայրաքաղաք Երևանից գտնվում է 50 կմ հեռավորության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվան ստուգաբանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս մեր թվարկությունից առաջ այս տարածքում եղել է հին բնակատեղի։ Մի քանի տասնամյակ առաջ Հրազդան գետը հոսում էր այս գյուղի մատույցներով։ Հորդառատ գետի ջրերը այստեղ հասնելով մեծ սահանքին՝ գահավիժում էին բարձրաբերձ բարձունքից, զարնվում բազալտե ժայռերին և վերածվում ջրափոշու սպիտակ ամպի՝ շրջապատը լցնելով խուլ ու զարհուրելի դղրդյունով։ Բնության այդ հրաշքը իր հազարամյա գոյության ընթացքում մի քանի անգամ տարբեր առումներով հիմք է ծառայել գյուղի անվանակոչման համար։ Այս գյուղի պատմական անունը, որ գրավոր աղբյուրներից հիշատակվում է 10-րդ դարից, Վարսեր է։ Վարս նշանակում է ոչ հյուսածո, արձակ ծամ։ Ըստ մեզ հասած ավանդազրույցի, արաբական տիրապետության ժամանակներում մի քանի արաբ զորականներ այստեղ հետապնդել են մի գեղեցիկ հայուհու։ Վերջինս, խուսափելով հարբած զինվորներից՝ այլ բան չի գտնում նրանցից ազատվելու և իրեն նետում է գահավեժ անդունդը։ Հարազատները նրան փնտրելիս ջրվեժի անմատչելի քարերի արանքում նկատում են նրա մազերը՝ Վարսերը... Կան գյուղի անվանակոչման մի քանի այլ տեսակետներ։ Ըստ դրանցից մեկի, հավանական է, որ գյուղի անունը առաջացել է Վարսել բառից, որը նշանակում է ուժգնորեն հարվածելով՝ խփելով՝ թակով ծեծելով մտցնել (գետնի մեջ)։ Այստեղ ևս նկատի է առնվել ահռելի ուժով գետնի մեջ մխրճվող ջրի հարվածը։ Տեղացիները ջրվեժն անվանել են Չռռ, որից էլ գյուղը անվանակոչվել է Չռչռ։
Պատմական տեղեկանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարսեր գյուղը ունի դարերի պատմություն։ Վարսեր գյուղը, որպես բնակավայր, առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։ Մինչև 1947 թ. կոչվում է Չռչռ։ Սակայն գյուղն ունի ավելի վաղ պատմություն։ Դրա ապացույցն են 1960-ական թվականներին հարավ-արևմտյան մասում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերված հնագիտական նյութերը։ Դեռևս մ.թ.ա. այստեղ եղել է բնակատեղի։ 874 թվականին Վարսերը եղել է վանքապատկան գյուղ, պատկանելով Սևանա կղզու Սբ. Առաքելոց և Սբ. Աստվածածին եկեղեցիներին։ 925 թվականին վարսերցիները մասնակցել են արաբ Բեշիրի դեմ ուղղված հայոց Աշոտ Երկաթ թագավորի ճակատամարտին։ Այնուհետև Վարսերի պատմությունը հիմնականում կապված է վանքի գործունեության հետ։ Սակայն հետագա դարերում թուրք-թաթար և պարսկական նվաճումների ժամանակ գյուղի տարածքը 1600 թ-ից մինչև 1828 թվականը ամբողջովին ամայանում է։ 1828 թվականին ռուս-պարսկական պատերազմից հետո կնքված Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը անցնում է Ռուսաստանի տիրապետության տակ։ Պարսկաստանում ապրող հայերին իրավունք է տրվում իրենց շարժական գույքով տեղափոխվել ռուսական տիրապետության տարածքներ։ Այդ ժամանակ շուրջ 9 հայ ընտանիք վերաբնակեցվում է Զանգու գետի ափին և նախկին Վարսերի փլատակների վրա հիմնում նոր Չռչռ գյուղը։ Մինչև 1895 թվականը գյուղում տնտեսությունների թիվը հասնում է 64-ի։ Այդ ժամանակաշրջանում, Վարսերը և շուրջ 23 գյուղեր մտնում էին Դարաչիչակ գավառի կազմի մեջ։ 1936 թվականին (ըստ գյուղացիների թուրքերի կողմից) գյուղում կառուցվում է հիդրոէլեկտրոկայան և շուրջ 13 ջրաղաց, որոնք գործում են մինչև 1949 թվականը։
Հիշատակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարսերը հիշատակում են.
- Ստեփանոս Օրբելյանը (13-րդ դ) իր «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության մեջ, ըստ որի՝ Աշոտ Բ Բագրատունին (914-928 թթ.) այս գյուղը մի քանի այլ բնակավայրերի հետ նվիրել է սբ. Առաքելոց եկեղեցուն։
- Մուրացանը իր «Գևերգ Մարզպետունի» պատմավեպում։ Ըստ վեպի «Ծովամարտ» գլխի, քաջ վարսերցիները միանալով Աշոտ Երկաթի զորքերին պայքարել են թշնամու դեմ[3]։
- Եղիշե Չարենցը իր «Խմբապետ Շավարշը» պոեմում։ Պոեմի էպիկական հերոս Շավարշ Բասենցյանը, թուրքական հարձակումների ժամանակ գնում է Ելենովկա և այնտեղից Չռչռ։ Նրան իր համեստ խրճիթում դիմավորում է գյուղապետ Ավետիս բիձան։ Խմբապետը ականատես է լինում գյուղում կատարվող ոճրագործություններին։
- Լևոն Շանթը, իր «Հին Աստվածներ» դրամայում։
- Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանց Նախիջևանցի կաթողիկոսը, իր «Գեղարքունիք» տեղեկագրքում։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվականը | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2008 | 2010 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բ.Թ | 126 | 778 | 1225 | 1452 | 1458 | 1616 | 1474(295ընտ) | 1524(305ընտ) | 1738 | 2010 | 2017 | 1850(414ընտ) | 2024 | 2030(490ընտ) |
Բնակչությունը մեծ մասամբ հայ են, որոնց մի մասի նախնիները 1828 թ-ին գաղթել են Պարսկահայաստանի Խոյի ու Մակուի շրջանների գյուղերից և 1829 թ-ին Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից։ Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների գյուղում առկա բնակչությունը`1626 է, իսկ մշտական բնակչությունը`1738, որոնցից կանայք` 880 են, տղամարդիկ` 858-ը[4]։
Նշանավոր տոհմերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արդության տոհմ—միջնադարյան Հայաստանի հին, ազնվական ու նշանավոր տոհմերից մեկն էր 10-14-րդ դարերի հատվածում, որը համարվում էր Զաքարյան իշխանների հետնորդը։ Հիշատակվող ժամանակաշրջանում տիրում է Հայաստանի հյուսիսարևելյան շրջանի գյուղերին։ Այս տոհմից էր նշանավոր մանրանկարիչ Առաքել Գեղամեցին, ով իր հիշատակարաններից մեկում հաստատում էր իր ազնվական սերումը։ 16-17-րդ դարերում տոհմն արդեն կորցրել էր իր նախկին նշանակությունը։
- Մխարգրձելի և Դորգոլուկներ - միջնադարյան Հայաստանի հին ու նշանավոր տոհմերից, ովքեր 10-րդ դարում համարվում էին Զաքարյանների հետնորդները։
- Գափոենց տոհմ - Վարսեր գյուղի ամենամեծ տոհմն է։ Պապերը գաղթել են Պարսկահայքից դեռևս 1828 թվականին։ Տոհմի Նախապապ Գաբրիելը Մակուից վերադառնալիս գետից ջուր է ցանկացել վերցնել։ Այդ ժամանակ քուրդ ասքյարները նրան սպանել են, իսկ աղջկան առևանգել։ Գաբրիելի երկու որդիներից մեկը խմբից հետ է մնացել, գտել քրոջը և վերադարձել ու հաստատվել Զանգուի հովտում։
Տնտեսությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարսերցիները զբաղվում է գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և հողագործությամբ։ Անասնապահական տնտեսություններն զբաղվում են նաև հացահատիկի (գարնանացան գարի, ցորեն, հաճար), կերային կուլտուրաների (առվույտ, կորնգան) և կարտոֆիլի մշակությամբ։ 1991 թվականին անցել է գյուղացիական-մասնավոր և կոլեկտիվ տնտեսվարման։
Ճյուղի անվանումը | Համայնքի մարդկանց/ տնտեսությունների
ներգրավվածությունը ճյուղի մեջ | |
---|---|---|
1. | Անասնապահություն | 70% |
2. | Հողագործություն | 50% մշակում են վարելահողերի 30%-ը |
3. | Այգեգործություն | միայն տնամերձերում |
4. | Մեղվաբուծություն | 4-5 տնտեսություն |
Հողային ֆոնդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հողերի ընդհանուր մակերեսը 3694,89 հա, որից 1447.48 հա՝ վարելահող, 198.66 հա՝ խոտհարք, 1529.38 հա՝ արոտավայր։ Մշակվում է 332 հա վարելահող, որից 180 հա՝ գարի, 50 հա՝ աճար, 10 հա՝ ցորեն, 92 հա՝ կարտոֆիլ և 13 հա՝ բանջարաբոստանային կուլտուրաներ։ Մարզի հողային ծածկույթի էրոզիայի առավելագույն ցուցանիշները դիտարկվում են արևելյան և հյուսիսային հատվածներում՝ 46-70%-ի սահմաններում, առանձին հատվածներում այն նույնիսկ գերազանցում է 70%։
Անասնապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է կաթնատու և կաթնամսատու տավարաբուծությունը։ Կաթը մթերվում է, և ամբողջ արտադրության կեսից ավելին ենթարկվում է արդյունաբերական վերամշակման։ Գյուղում գործում է կաթի վերամշակման գործարան։
Խորոր եղջերավոր անասուններ
Դասակարգումը | Ֆերմաների
քանակը |
Գլխաքանակը |
---|---|---|
Խոշոր | 0/5 | 20 և ավելի |
Միջին | 15/3 | 10-20 |
Մանր | 356/348 | մինչև 10 |
Մանր եղջերավոր անասուններ
Տարածված է էքստենսիվ ոչխարաբուծությունը։ Քիչ թվով տնտեսություններ պահում են նաև այծեր։
Դասակարգում | Ֆերմերների քանակը | Գլխաքանակը |
---|---|---|
Խոշոր | 0/5 | 50 և ավելի |
Միջին | 15/3 | 20-50 |
Մանր | 256/348 | -- |
Բնակլիմայական պայմանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկած է Սևան քաղաքից փոքր-ինչ հարավ-արևմուտք, 3.6 կմ հեռավորության վրա, Հրազդանի ցամաքած հունի հովտում, լեռնալանջի վրա։ Լեռը տեղացիները կոչում են` Բարոժ։ Ռելիեֆը գերազանցապես լեռնոտ է, միայն արևմտյան մասն է հարթ։ Կլիման ձմռանը ցրտաշունչ է, իսկ ամռանը`զով։ Միջին տարեկան ջերմաստիճանը 6 °C է։ Ամենատաք ամիսը օգոստոսն է, երբ միջին ջերմաստիճանը 20 °C է, իսկ ամենացուրտը` հունվարը, երբ ջերմաստիճանը հասնում է մինչև -10 °C-ի։ Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 749 մմ։ Ամենախոնավ ամսին (մայիս) տեղումները կազմում են 109 մմ, իսկ ամենաչոր ամսին (օգոստոս)` 26 մմ։ Հողի սառցակալման խորությունը կազմում է 72 սմ, իսկ առավելագույնը` 114 սմ։ Քամիներն հիմնականում արևմտյան ու արևելյան են` 2,6-4,6 մ/վրկ արագությամբ։ Արևոտ օրերի թիվը ամռան ամիսներին տատանվում է 25,0% ի սահմաններում։ Ամենաբարձր կետը գտնվում է գյուղից 2,4 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը կազմում է 2281 մ։ Գյուղի հարավային մասից, շուրջ 6 կմ հեռավորության վրա ձգվում է Գեղամա լեռնաշղթան[5]։
Տարածքի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի սահմանները և դիրքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի ողջ տարածքը գտնվում է Հրազդան գետի նախկին հովտում և սահմանակից է հետևյալ համայնքներին.
- Արևմուտքից և հյուսիսից- Գեղամավան գյուղին (ընդհանուր երկարությունը 10154 մ է)
- Հյուսիս արևելքից- սահմանակից է Ծովագյուղ (ընդհանուր երկարությունը 2275 մ է)
- Անմիջապես արևելքից և հարավ-արևելքից - Սևան քաղաքին (ընդհանուր երկարությունը 3496 մ է)
- Հարավ-արևելքից և հարավից-Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղին (ընդհանուր երկարությունը 802 մ)
- Արևելքից-Լճաշեն գյուղական համայնքին (ընդհանուր երկարությունը 21229 մ է)
- Հարավից - Չկալովկա համայնքին (ընդհանուր երկարությունը 1326 մ է:)
Կառուցապատման համար նախատեսված հողատարածքները չի գերազանցում գյուղի տարածքի 4,85%-ը, իսկ մնացած հատվածները արժեքավոր գյուղատնտեսական հողեր են և արոտավայրեր։ Վերջին տարիներին բնակավայրը զարգացել է դեպի հյուսիս-արևելք, հարավ-արևմուտք և արևմուտք։ Գտնվելով լեռնային և բարձր լեռնային գոտում, գյուղը սարահարթային մասում հաշված գետահովտից, հասնում է 2200-2300 մ բարձրության։ 1997 թվականից Վարսեր գյուղի հսկողության տակ են գտնվում "Սևան" ազգային պարկի հողային ֆոնդի մի հատվածը[6]։
Գեոմորֆոլոգիական պայմանները և տարածքի երկրաբանական կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարսեր գյուղի տարածքը ընկած է Գեղամա լեռների, Փամբակ լեռնաշղթայի հյուսիսարևմտյան լանջերին, բավական պարզ ռելիեֆային պայմաններում։ Հիմնական հարթությունները գտնվում են գետի հունի դարավանդում, իսկ ընդհանուր առմամբ տարածքը ներկայացված է մինչև 15 աստիճան լանջերից և գետա-ձորակային համակարգից։ Ռելիեֆի նիշերը տատանվում են ոչ մեծ ինտերվալում՝ արևմուտք-հյուսիս-արևմուտքում 2010-2030, հարավ-արևելքում 2020-ից մինչև 2030, իսկ հյուսիս-արևելքում հասնում է մինչև 2040 մետրի։ Գյուղի տարածքի բարձրադիր հատվածներում մերկանում են ստորին չորրորդական ժամանակի անդեզիտներ, անդեզիտադացիտներ, բազալտները, որոնք ծածկում են տեկտոնա-հրաբխային զանգվածքներին։ Ալյուվիալ կուտակումները մեծ տարածքներ են զբաղեցնում։ 1981 թվականին Հայկական գեոդեզյական ինստիտուտի երկրաբանների կողմից, գյուղում անցկացվել է երկրաբանական ուսումնասիրություններ։ Կատարվել է հորատանցքերի հորատում, գրունտների ֆիզիկաքիմիական բնույթի որոշում։ Արդյունքում կազմվել է գյուղի երկրագիտական քարտեզը[7]։
Լանդշաֆտային գոտիների դասակարգումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարսեր գյուղի տարածքը ընկած է բնական լանդշաֆտային գոտում։ Հիդրոերկրաբանական տեսանկյունից առկա են գրունտային ջրեր։
Հաշվի առնելով բնակավայրի լանդշաֆտային գոտու լեռնայնությունը, հետագա դասակարգման տասքսոնոմիկ միավոր է ընդունվել լանդշաֆտի քաղաքաշինական օգտագործման ձևերը`
- կառուցապատված լանդշաֆտներ
- կառուցապատման ենթակա լանդշաֆտներ
- գյուղատնտեսական նշանակության հողահանդակներ
- անտառտնտեսության հողեր
- անօգտագործելի տարածքներ և ենթատարածքներ
Կառուցապատման ենթակա լանդշաֆտների օգտագործման ռեժիմը նախատեսում է`
- Կառուցապատման կանոնակարգում` բնակչության և կառուցապատման համապատասխան խտությունների կիրառումով։
- Հարմարավետ կապերի ստեղծումը։
- Ճարտարագիտական նախատեսման միջոցառումների կիրառում
- Տարբեր օբյեկտների և ենթակառուցվածքների սանիտարական գոտիների պահպանման պահանջների կիրառում, որը իր մեջ ընդգրկում է`
- ագրոտեխնիկական միջոցառումներ,
- մարգագետինների հողաբարելավման միջոցառումներ
- ջրատեխնիկական միջոցառումներ
Անտառտնտեսության գոտում նախատեսվում են`
- անտառածածկ տարածքների բարենպաստ պայմանների ստեղծում
- անտառների բոնիտետի բարելավվում
Էկոլոգիական հիմնախնդիրները և շրջակա միջավայրի պահպանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտադրական համալիրի ամբողջական քայքայման, արտադրության, ընդ որում վտանգավոր արտադրական օբյեկտների բացակայության պայմաններում բնակավայրում էկոլոգիական վիճակի սրություն չկա։ Համայնքի տարաբնակեցման համար պիտանի տարածքներում տարանջատված են տարբեր քաղաքաշինական-տնտեսական յուրացվածություն ունեցող գոտիներ, սակայն տարերային կառուցապատման համար հաճախ` քաղաքաշինական զարգացման ռեժիմի սահմանափակումները հաշվի չեն առնված, որը հանգեցրել է նաև էկոլոգիական հավասարակշռության խանգարման։ Սակայն ինչպես ողջ մարզում, այնպես էլ համայնքի կամ նրան կից տարածքներում տրանսպորտային ենթակառուցվածքների տեղադրվածությունը բնակեցման համար պիտանի տարածքներում, բնության հատուկ պահպանվող տարածքների առկայությունը (արգելավայրեր, արգելոցներ, ազգային պարկ), գեոդինամիկ պրոցեսների (սահքեր, հեղեղներ), առկայությունը, Սևանա լճի էկոլոգիական իրավիճակը, ապօրինի կառուցապատումները նվազեցրել են գյուղատնտեսական, հատկապես` դաշտավարության նպատակներով օգտագործվող հողատարածքները։ Վարսեր բնակավայրի համար` արժեքավոր գյուղատնտեսական հողերի, տնկովի անտառային զանգվածի առկայության, տարածքի քաղաքաշինական-տնտեսական անհամամասն յուրացվածության պատճառով։ Տարաբնակեցման համալիրը կարող է մասամբ զարգանալ մեծ թեքություն ունեցող, գյուղատնտեսության համար ոչ պիտանի տարածքներում` շրջակա միջավայրի պահպանության, ինժեներական նախապատրաստման միջոցառումների, կենսագործունեության համար հարմարավետ միջավայր ստեղծելու նկատառումով։ Վարսեր բնակավայրի տեղանքի և շրջակա միջավայրի տարրերի նկարագրությունը, ինչպես նաև բնակչության կենսագործունեության ազդեցության վերլուծությունը ցույց է տալիս, որ բնապահպանական իրավիճակը հիմնականում բարվոք է։ Զարգացման ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվող ազդեցության գնահատումը նույնպես հիմնված է գոյություն ունեցող իրավիճակի և միջոցառումների ազդեցության հետևանքների համադրման և համեմատական վերլուծության վրա։ Ըստ նախորդ բաժիններում բերված հաշվարկների արդյունքների և ցուցանիշների, զարգացման ծրագրի իրականացման արդյունքում շրջակա միջավայրի վրա բեռը չի ավելանա[8]։
Տարածքի ճարտարագիտական կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարսեր գյուղի տարածքը ըստ ճարտարագիտական ենթակառուցվածքների պաշտպանական միջոցառումների կարելի է բաժանել երեք մասի`
- Առաջին մաս—կառուցապատման համար բարենպաստ տարածք է համարվում, որը ընդգրկում է գյուղի բուն տարածքի 50 % և ունի առավելապես 3-8 աստիճան թեքություն։
- Երկրորդ տեղամասը—կառուցապատման համար պայմանական բարենպաստ տարածք է, որը ընդգրկում է գյուղի տարածքի 35 % և ունի 5-8 աստիճան թեքություն։
- Երրորդ մաս—կառուցապատման համար անբարենպաստ տարածք է, որը զբաղեցնում է գյուղի տարածքի 15 % և ունի 8-12 աստիճան թեքություն։
Ճարտարագիտական ենթակառուցվածքներ
- Բնակավայրը խմելու ջուր ստանում է երկու 750 մ³ ՕԿՋ–ներից, որոնք գտնվում են 1961 մ նիշի վրա։ Գյուղն ունի խմելու ջրի ցանց, իսկ խողովակների մի մասը ժամանակի ընթացքում մաշվել են ու վնասվել են։ Բնակչության ջրապահանջը կազմում է 400 մ³ /օր + 329 մ³/օր հաշված անասունների, մեքենա-մեխանիզմների և չնախատեսված ծախսերի ջրապահանջը։ Միջին վայրկենական ծախսը կազմում է 8.4լ/վրկ
- Բնակավայրի տարածքով է անցնում Սևան-Երևան կոլեկտորը։ Տնտեսական, արտադրական և կոյուղու կեղտաջրերի մի մասը միացված են կոլեկտորին, իսկ մնացած մեծ մասը հողամասերում փորված հորերին։ Ջրահեռացման նորման ընդունվել է 8.4 լ/վրկ կամ 729 խմ/օր։ Գյուղը չունի ընդհանուր կոյուղու համակարգ և յուրաքանչյուրը անհատապես ինքն է լուծում իր խնդիրները։
- Վարսեր բնակավայրում տնամերձերը և գյուղատնտեսական հողերը ներկա դրությամբ ոռոգվում են գյուղից վերև գտնվող ջրամբարից։ Նախատեսվում է բարելավել ոռոգման ցանցը։
- Ներկայումս Վարսերում ջերմամատակարարում գոյություն չունի։ Դպրոցների և մանկապարտեզների տարածքներում կառուցված կաթսայատուների մի մասը չեն գործում։ Մշակույթի կենտրոնի, գյուղապետարանի շենքը ջեռուցվում են գազի վառարաններով։ Անհատական տները ջեռուցվում են սովորական և գազային վառարաններով։ Սխեմայով կենտրոնական ջեռուցում և տաք ջրամատակարարում է նախատեսվում կուլտուր-կենցաղային, հասարակական և արտադրական շենքերի համար, որոնց ջերմամատակարարման կարիքները բավարարելու համար նպատակահարմար էր վերանորոգել մեկ ընդհանուր կաթսայատուն։ Գյուղի հեռանկարային զարգացման համար նախատեսված մեկ և երկու բնակարանանոց տները կունենան տեղական ջեռուցում և տաք ջրամատակարարում։ Ջեռուցման համար դրսի օդի հաշվարկային ջերմաստիճանն ընդունվել է ≤ 8 0 C:
- Վարսեր բնակավայրը ներկայումս գազաֆիկացված է։ Թաղամասերում կան գազաբախշիչ կետեր։ Ներկա դրությամբ շարունակվում է գյուղի բնակչությանը գազամատակարարման ցանցով ապահովելու գործընթացը։
- Գյուղի կառուցապատված մասը էլեկտրաֆիկացված է։ Ներկայումս գյուղի էլեկտրոմատակարարումը կատարվում է ենթաշրջանի 10 կվ օդային ցանցից։ Բարձր լարման օդային ցանցի երկարությունը կազմում է 2.2 կմ։ Համաձայն “Հայէլեկտրոցանցեր” ընկերության կողմից տրված տեղեկանքի, Վարսեր գյուղի էլեկտրամատակարարման սխեման կազմելու է 500 կվտ տրանսֆորմատորային հզորություն։ Ցածր լարման օդային գծերի (0.4 կվ) ցանցի երկարությունը 6.8 կմ է։ Օդային գծերը տարված են ալյումինե լարերով՝ փայտյա հենարանների վրա, իսկ նոր կառուցվող թաղամասերում՝ ե/բ հենարաններով։ Արտաքին լուսավորության ցանցը անցկացվելու է ցածր լարման գծերի հենարանների վրա[9]։
Կենսաբազմազանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարսեր գյուղի շրջակայքին բնորոշ է մարգագետնատափաստանային, անտառային-դարչնագույն և գորշ անտառային հողերի առկայությունը։ Հիմնական ծառատեսակներից տարածված են ուռենին, բարդին, սոճին, թեղին, արջընկույզը և մրգատու ծառատեսակները (խնձորենի, բալենի, սալորենի, տանձենի, ընկուզենի, մամուխը, մասրենին)։ Թփատեսակներից տարածված են` չիչխանը, ազնվամորին, հաղարջը, տեղ-տեղ նաև բարբարիսը։ Գյուղի բարձրադիր գոտիները բնութագրվում են ալպիական բուսականությամբ, որոնք օգտագործվում են որպես արոտավայր։ Մյուս բուսական գոտին մերձալպիանն է։ Դրանց համար բնորոշ են բարձրահասակ բուսականությունը` հատիկաբուսային տարբեր կանաչները։ Տարածված բուսատեսակներից է` այծամորուք, անճիտան, առյուծագի (մեղրածուծային), աստղաբույս, ավելուկ, արմավաթուփ, աղվեսագի, ձիասամիթ (բոխի), բոխնի (դեղատու), գնարբուկ, դաղձ, երիցուկ (դեղատնային), եզան լեզու, եղինջ, լերդախոտ, լոշտակ, խնկածաղիկ, մատուտակ, ոզնենի (կլորագլուխ), ուրց, ուրցադաղձ, վիրախոտ, տատրակ, հավախոտ, սրոհունդ, եղիսպակ, սիբեխ։
Կաթնասուններից լայն տարածում ունեն` սովորական դաշտամուկը, գորշ գերմանամուկը, սովորական խլուրդը, որոնք ապրում են ժայռերի, քարակույտերի վրա և չվարած հողաշերտերի մացառուտների մեջ։ Տարածքում անհամեմատ քիչ են հանդիպում աքիսները։ Մեծ տարածում ունեն սողունները, հիմնականում` ճարպիկ ժայռային մողեսները։ Հրազդանի կիրճում տարածված են օձերի որոշ տեսակներ։ Լեռնային գոտիներում հանդիպում են` աղվեսներ, գայլեր, իսկ թռչուններից`արծիվներ, հոպոպներ, խաղտտիկներ, դեղնափոր սարյակներ, ծիծեռնակներ։
-
Փափկամարմիններ
Պատմական կոթողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի 1 միջնակարգ դպրոց, 1 մշակույթի տուն, 2 գրադարան, 1 մսուր-մանկապարտեզ, 1 բուժկայան, կենցաղսպասարկման տաղավար։ Ունի անշուք եկեղեցի՝ Սբ. Ստեփանոս անունով (կառուցված 19-րդ դարում), որի պատերի մեջ ագուցված են 12-14-րդ դարերի բարձրարվեստ խաչքարեր։ Գերեզմանոցում կան 1593, 1661, 1679, 1705, 1708 թվականների խաչքարեր ու գերեզմանաքարեր։ Գյուղն ունեցել է հին ջրանցք։ Գյուղում կան հուշարձան-կոթողներ նվիրված արցախյան ազատամարտի հերոսներ` Վահան Աղամալյանին և Ռաֆիկ Պետրոսյանին։ 2013 թվականին օծվեց Սբ. Գրիգոր Նարեկացի մատուռը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տ. Մարկոս եպս. Հովհաննիսյանի ձեռամբ։ 1970-ական թվականներին կառուցվել է երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշահամալիր։
Հին ջրանցքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարսեր գյուղի տարեց բնակիչների հետ ունեցած զրույցներից և ջրային տնտեսության մասնագետների տեղեկանքներից պարզվեց, որ ջրանցքի մնացորդները գոյություն ունեն «անհիշելի» ժամանակներից։ Եղած տեղեկությունները վերջին հարյուրամյակում ջրանցքը վերականգնելու փորձերին, վերաբերող կցկտուր հիշողություններ են։ Վարսերի ոռոգիչ ջրանցքը կառուցվել է 990-ական թվականներին և գործել հավանաբար մինչև 1550-ական թվականները։ Սնվում էր Հրազդան գետից և հոսում Վարսերով, Գեղամավանով և Բալթիձոր կոչվող վայրով։ Ջրանցքը երկար մոտ 6500 մ էր և ոռոգում էր մոտ 3000 հա հողատարածություն։ Ըստ մասնագիտական հաշվումների` շինարարության վրա կատարվել է մոտ 40000 մ³ հողային և 25000-30000 մ³ ժայռային աշխատանք։ Ջրանցքը լավ է պահպանված և հատկապես տպավորիչ է 1 մեծ ոլորանի հատվածում, որտեղ այն անցնում է ժայռեղեն կտրվածք ունեցող բազալտե լավային հոսքի տակով։ Այնուհետև ջրանցքը հասնում է Վարսեր գյուղ, ուր նրա հունի վրա կառուցված են բազմաթիվ հին շինություններ։ Մինչև գյուղի կենտրոն, ջրանցքի մի մասը լավ տեսանելի է, իսկ այնտեղից մինչև դպրոցի նորակառույց շենք ջրանցքի հատվածներ չեն պահպանվել։ Հունի լայնությունը մոտ 8 մ է։ Ջրանցքի խորությունը հաշված կից հողաթմբից կազմում է 1,7-1,8 մ։ Վարսերի ջրանցքը 2300 մ երկարությամբ հատվածում 100 մ-ին ունի 0,1 մ միջին անկում, 8-9 մ³ աշխատանքային միջին մակերես, վայրկյանում մոտ 8 մ³ թողունակություն։ Ջրանցքի անբարենպաստ երկրաբանական պայմանները անխուսափելի պետք է դարձնեին ջրի մեծ կորուստները, և ստորին հգոսանքում ջրի առավելագույն քանակությունը կարող էր լինել 5-6 մ³: Ջրանցքի լքման ամենահավանական ժամանակահատվածը կարելի է համարել 14-րդ դարի երկրորդ կեսը և 15-րդ դարի սկիզբը, երբ թյուրքական ցեղերը, մասնավորապես Լենկթեմուրի արշավախմբերը մեծ ավերածություններ հասցրին երկրին[10]։
Վարսերի ջրամբարը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարսեր գյուղի ծայր արևելյան եզրին, Հրազդանի ցամաքած հունի վրա է գտնվում գյուղի արհեստական ջրամբարը։ Ջրամբարն ունի ավելի քան 230 մ երկարություն, ներքին մասում`50 մ, իսկ վերին հատվածում`35 մ լայնություն, կենտրոնում մոտ 4 մ առավելագույն խորություն, և 35-40 հազար մ³ տարողություն։ Սնվում ջրանցքից, որտեղ նրա բարձրությունը հասնում է 1909 մ-ի։ Հատկանշական է հողապատնեշի կենտրոնական մասի խորը լվացվածությունը (մոտ 2 մ), որն առաջացել է ջրանցքի անօգտագործելի դառնալուց հետո։ Ջրամբարի հարավարևելյան եզրին բացված է նորագույն ժամանակների քարհանք (հիմա լքված), որով ավերվել է ջրամբարի փոսորակի մի մասը։
Չռչռ-հէկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրազդան գետի հին հունը ջրամբարի տեղամասից մինչև Վարսեր գյուղի հյուսիսարևմտյան եզրը ունի մեղմ լանջերով հովտի ձև, որտեղ գտնվում է Չռչռ ջրվեժը։ Այստեղ, խորհրդային տարիներին` 1934 թ.-ին, կառուցվել է Չռչռ-հէկը, որը սնվում էր Հրազդան գետի ջրերով։ Հրազդանի հին հունի առանձնահատկությունները և ջրամբարի առկայությունը ցույց են տալիս, որ ջրի ազատ ելքը Սևանա լճից եղել է ջրանցքի թողունակությունից փոքր, ըստ երևույթին ոչ ավելի 5—6 մ³/վրկ։
-
Չռչռ-հէկի գլխավոր մասնաշենք
Վարսերի լճային գոգավորությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոմաձորի գոգավորությունից արևմուտք ոչ շատ պարզ, բայց որոշակիորեն առանձնանում է մի երրորդ՝ Վարսերի գոգավորությունը, որը նույնպես հարավից եզրափակվում է հրաբխային կառուցվածքի աղեղնաձև բլրաշարով։ Գոգավորությունների այս շարքին զուգահեռ հարավում առանձնանում են երկու այլ գոգավորություններ։ Լճի մակարդակի ժամանակակից իջեցումներից հետո բացվել է երկրորդ գոգավորության հարավային եզրը կազմող աղեղնաձև բլրաշարը։ Դրանցից արևելյանն ունի պարզ արտահայտված սահմաններ և մինչև 1950 թ. լցված էր լճի ջրերով, կազմելով Սևան քաղաքի ծոցը։ Այս գոգավորությունները նույնպես եզերվում են հրաբխային բլրաշարերով։ Նշված կառուցվածքային միավորները, այսպիսով, կազմում են մի ընդհանրություն և ծագումնաբանորեն կապված են աղեղնաձև բլրաշարերով տեղադրված նորագույն հրաբխային փոքր կենտրոնների գործունեության հետ, որոնց արտավիժումներն ուղեկցվել են երկրակեղևի համապատասխան ճկումներով։ Այն բնորոշ է Վարսեր գյույի տարածքին և հնում Սևանա լճի ջրերի բարձր մակարդակի շնորհիվ ստեղծվել է Սևանա լճի Վարսերի լճային գոգավորությունը։
Սրբավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օխնություն» -սրբավայրը գտնվում է գյուղի հյուսիսում
- «Նարեկ» -հնագույն սրբավայրը կառուցված է Սբ. Գրիգոր Նարեկացի մատուռի հարևանությամբ։
- «Ծաղկավանք» -ձորի արևմտյան եզրին
- «Խաչեր» -գտնվում է ձորի արևելյան եզրին
- «Ժամ» -Սբ. Ստեփանոս եկեղեցին
- Սբ. Գրիգոր Նարեկացի մատուռ
Սկսած 1902 թվականից Վարսեր գյուղն ունեցել է 1 վարդապետ և 2 քահանա:
Սբ. Ստեփանոս եկեղեցին
[խմբագրել | խմբագրել կոդը]Սբ. Ստեփանոս կիսավեր եկեղեցին թվագրված է որպես 19-րդ դարի կառույց։ Նրա պատերի մեջ ագուցված են 12-ից 14-րդ դարերի բարձրարվեստ խաչքարեր։ Ըստ երևույթին եկեղեցու տեղում հնում եղել է միջնադարյան եկեղեցական այլ կառույց, որի աստիճանավոր պատվանդանն է միայն պահպանվել։
Գերեզմանատունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցուն կից հին գերեզմանատանը կան մի քանի անշուք խաչքար, առանց արձանագրության, հարթ և օրորոցաձև մի քանի տապանաքար` թվագրված 1593, 1661, 1679, 1705, 1708 թթ-ին։ Ավերվել է աթեիստ բոլշևիկների կողմից։
Խաչքարը | թվագրման
թվականը |
Գտնվելու վայրը և դիրքը |
---|---|---|
տապանաքար Խեչումի | 17դ | եռհարկանի տապանաքար, գերեզմանոցի կենտրոնում, եկեղեցու շրջակայքում |
տապանաքար Մարանի | 1654թ | եկեղեցու հարակից գերեզմանատանը, զույգ խաչքարերից ձախակողմյանը |
տապանաքար Սարգսի | 1691թ | եկեղեցու հարակից գերեզմանատանը, զույգ խաչքարերից աջակողմյանը |
տապանաքար Գրիգորի | 1688թ | եկեղեցու հարակից գերեզմանատանը |
տապանաքար Սարուխանի | 1691թ | եկեղեցու հարակից գերեզմանատանը |
տապանաքար Պետրոսի | 1693թ | եկեղեցու հարակից գերեզմանատանը |
տապանաքար Բարսեղի | 17-18-րդ դար | եկեղեցու հարակից գերեզմանատանը |
տապանաքար Առաքելի | 1704թ | եկեղեցու հարակից գերեզմանատանը |
տապանաքար տեր Հովհաննեսի | 1709թ | եկեղեցու հարակից գերեզմանատանը, եռհարկանի |
խաչքար | 15-16-րդ դար | կիսով խրված հողի մեջ, զույգ խաչքարերից աջակողմյանը |
խաչքար | 15-րդ դար | կիսով չափ խրված հողի մեջ |
խաչքար | 14-15-րդ դար | կիսով չափ խրված հողի մեջ, զույգ խաչքարերից ձախակողմյանը |
տապանաքար | 1722թ |
Ծաղկավանք մատուռը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է գյուղի արևմտյան եզրին, կիսավեր է, որտեղ գտնվում են անթվակիր մի քանի խաչքար։ Վերականգնվել է 1984 թվականին։ Խաչքարերից մեկը շրջված վիճակում ագուցված է եկեղեցու հյուսիսային պատին, իսկ մնացածը պատրաստված են բարձրարվեստ, տաշված բազալտե քարերից, վերջերս տեղափոխվել և տեղադրվել են պատվանդանի վրա։ Սրանց մեջ կա խաչքարի վիմագիր մի բեկոր, բայց բարձրարժեք է դրանցից հին, պարզ ոճով քանդակված մի խաչքար, որը թվագրվում է 995 թվականին և պատրաստված է հայոց Աշոտ Ա Բագրատունու կնոջ` Կատրանիդե Ա թագուհու պատվերով, ոմն Խաչիկի կողմից։ Այտեղից ահա մի արձանագրություն.
ԵՍ ԽԱՉԻԿ(Ս), ՈՐ ԱԾԻ ԶԱՌՈՒԱ Ի ՀԱՐԵՍ ՀՐԱՄԱՆՈՎ ԿԱՏԹԱՆԻԴԵԻ ՀԱՈՑ ԹԱԳՈՒՀՈՅ ՔՍ ԱԾ ՈԳՆԵ ԻՆՁ։ ՆԽԴ(995 )
Սբ. Գրիգոր Նարեկացի մատուռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մատուռ-սրբավայրը կառուցվել է հնագույն սուրբ Նարեկ սրբավայրի հարևանությամբ։ Կառուցումը սկսվել է 2010 թվականին, բարերար Ազատ Պետրոսյանի և նրա որդիների հովանավորությամբ։ Օծվել է 2012 թվականի հուլիսի 25-ին, Գեղարքունյաց թեմի առաջնորդ ՆՍՕՏՏ Մարկոս եպիսկոպոս Հովաննիսյանի ձեռամբ։ Մակուի շրջանից Վարսեր գաղթելու ժամանակ բարերարների պապերն իրենց հետ բերել են հայոց սուրբ գիրք Նարեկը և մատյանի պահպանության համար ստեղծել են սրբավայրը։ Խորհրդային տարիներին սուրբ գիրքն անհետացել է, սակայն մատուռը պահպանել է իր նշանակությունը։ Մատուռը կառուցվել է Կոտայքի մարզի գլխավոր ճարտարապետ Վաչիկ Թադևոսյանի նախագծով։
«Խաչեր» Մատուռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է ձորի արևելյան եզրին։ Կառուցվել է 2009 թվականին, Վարսերի բնակիչներ Գեղամ և Վահագ Առաքելյանների ջանքերով։ Կառուցողներն են` Սուրիկ Պողոսյանն ու Լյովա Գալստյանը։ Մատուռում կան 10-11-րդ դարում թվագրվող խաչքարեր, որոնք նաև ագուցված են մատուռի պատերի մեջ, որի համար էլ մատուռը ստացել է «Խաչեր» անվանումը։
Աշխարհագրական օբյեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլուրներ և լեռներ | հանդեր | աղբյուրներ | կիրճեր և ձորեր |
---|---|---|---|
Խառնարան բլուր | Բեսեդկա (Տաղավարաց) | Քոսաղբյուր | Վերին սար ձոր |
Կարմիր լեռ | Պոլ փոշտ (Թիկնահանդ) | Հրազդանի կիրճ | |
Սուրբ լեռ | Դոլդարոգ (Ճամփեզրյա) | ||
Կլոր դար բլուր | Հագոյի չնգլ(Հագոյի քարուտ) | ||
Ցլուգլուխ լեռ | Անկի լանջեր | ||
Բարոժ(Արեգի) լեռ | Առյուծաձոր | ||
Սևսար բլուր | Բլիժնի (Մերձահանդ) | ||
Պեշկեր (Փուռք) | |||
Արեգունի | |||
Խորեր | |||
Սաքոյի | |||
Սարի հետև | |||
Միկանցե(Վերջնահանդ) |
Դպրոցը
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին գյուղում գործել է եռամյա դպրոց։ Ներկայումս դպրոցը կոչված է ի պատիվ արցախյան ազատամարտի հերոս Ռաֆիկ Պետրոսյանի։ Այն նախատեսված է 350 աշակերտի համար, սակայն ներկայումս ունի 157 աշակերտ։ Երիտասարդների կեսից ավելին ուսումը շարունակում են բարձրագույն ուսումնական հաստատություններում, առավելապես` ԵՊՀ-ում, ԵՊԲՀ-ում, Ոստիկանության ակադեմիայում, ԵՊԼՀ-ում և ՀՊՃՀ-ում։ Դպրոցի սաները 2014 թվականի սեպտեմբերի 15-ին մասնակցեցին «Հայ ասպետ» գիտամարտին և հաղթանակ տարան (68 միավոր)`ցուցաբերելով ազնիվ ու հիանալի խաղ, իսկ թիմի ավագը մասնակցեց «Ասպարեզ խաղին»։ Դպրոցի ավագ դասարանների աշակերտները ակտիվ մասնակցում են «Հուսո ճանապարհ» հասարակական կազմակերպության և Գեղարքունյաց թեմի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կազմակերպած միջոցառումներին ու սեմինար-քննարկումներին։ Մեծ մասնակցություն են ցուցաբերում նաև առարկայական օլիմպիադաներին` արժանանալով հանրապետական ու մարզային փուլերի մրցանակների և դրամական պարգևների։ Իսկ տարրական և հիմնական դպրոցի դասարանի աշակերտները հատուկ մրցանակներով և գավաթներով են վերադառնում «Մեղու», «Կենգուրու» և ֆիզկուլտուրայի տարածքային մրցույթ-օլիմպիադաներից։ Գյուղում գործում է «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղը, որի ղեկավարն է Վահե Հարությունյանը։ Արդեն մի քանի տարի է որ երեխաներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում կազմակերպության կազմակերպած միջոցառումներին։ Միջոցառումների կեսից ավելին նվիրված է հայրենասիրության, ռազմահայրենասիրության դաստիարակությանը, ինքնաճանաչողության, ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության քարոզչությանը, իսկ մյուս մասը` մշակույթի, արվեստի, սպորտի, բնապահպանության, կրթության, գիտության, և այլ բնագավառներին։
Նշանավոր մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաքել Գեղամեցի (ծն.և մահվ. թիվն անհայտ) - XVI դ. վերջի և XVII դ. 1-ին կեսի հայ մանրանկարիչ, ծաղկող։ Գեղարքունիքի Վարսեր գյուղից տեղափոխվել և ստեղծագործել է Կարինի գավառի Թըվանճ գյուղում։ 1576-1632 թթ.-ին Առաքելի պատկերազարդած ձեռագրերից ութ Ավետարան (ձեռ. № 4100, 7555, 7633, 7634, 7646, 7869, 8931, 10805) և մեկ Սաղմոսարան (ձեռ. № 2660) պահվում են Մատենադարանում, որոնց բնորոշ են մարդկային ֆիգուրների պատկերման սխեմատիզմը, զարդաձևերի առատությունը, գունագեղությունը։
- Խաչիկ Մաթևոսյան(1916 թ, Վարսեր - 1944 թ, Մինսկ) - Կարմիր բանակի ավագ լեյտենանտ։ Ավարտել է Վարսերի եռամյա դպրոցը, այնուհետև փոխադրվել է Բելառուս և սովորել Մինսկի Մ. Կալինինի անվան հետևակային զինվորական ուսումնարանում։ Մասնակցել է ֆիննական պատերազմին, 1940 թ. նշանակվել դասակի, որոշ ժամանակ անց՝ 37-րդ հրաձգային դիվիզիայի 247-րդ վաշտի հրամանատար։ Մարտական ուղին ավարտել 1944 թվականին։
- Սոս Մովսիսյան (10 նոյեմբեր, 1923, Վարսեր) - խմբագիր, հրատարակիչ, վաստակավոր ժուռնալիստ, հրապարակախոս, թարգմանիչ։ 1962-1966 թ. ՀԿԿ Կենտկոմի մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության սեկտորի վարիչ։ 1966-67-ՀԿԿ Կենտկոմի հրատարակչության տնօրեն։ 1967-1981 թ ՀՀ ՄԽ կից հրատպետկոմի նախագահի տեղակալ։ 1981-1991 թթ. «Լույս» հրատարակչության տնօրեն։ 1999 թ. մինչև հիմա Հայաստանի գրահրատարակիչների ազգային միության նախագահ։ ՀՀ մշակույթի բնագավառում ունեցած իր զգալի ծառայությունների համար պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության ՈՍԿԵ մեդալով[11]։
- Միքայել Խաչատրյան (հունվարի 1, 1941, Վարսեր) - ՀՀ ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ համալսարանի) քոմփյութերային համակարգերի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ, ՀՀ ԳԱԱ-ի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1985-1999 թթ. ավագ գիտաշխատող է աշխատել ՀԽՍՀ ԳԱ Հաշվողական կենտրոնում։ 1986-1999 թթ. համատեղությամբ դոցենտ է աշխատել Հայաստանի Պետական ճարտարագիտական hամալսարանի Հաշվողական համակարգերի մաթեմատիկական ապահովման ամբիոնում։
- Ալեքսանդր Հակոբյան (1949 թ, դեկտեմբերի 2/ գ. Վարսեր) - Ուկրաինայի Սևաստոպոլ քաղաքի հայ համայնքի և հայ մշակութային միության նախագահ, տեղի հայկական եկեղեցու և դրան կից հայկական դասարանի հիմնադիր, գործարար։ Ավարտելով միջնակարգ դպրոցը`անցել է ծառայության Ուկրաինայի ռազմածովային նավատորմում և շուրջ 47 տարի ապրում և ղեկավարում է տեղի հայ համայնքը։
- Կառլեն Սարգսյան (1950 թ, գ. Վարսեր) - Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի տեղակալ, դատախազ։ 1995 թվականի հունիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով ստացավ ՀՀ արդարադատության նախարարության զինվորական փոխգնդապետի կոչում։
- Կարինե Բաղդասարյան (1957 թ) - ՀՀ վարչական դատարանի դատավոր։ 2001 թվականին աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։ 2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։ 2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավոր։ 2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր[12]։
- Արսեր Ադամյան ( սեպտեմբերի 26, 1967 թ) - ՀՀ Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ։ 2012-2013 թթ.` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։ Այնուհետև ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ, իսկ 2013-2014 թթ.` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։ ՀՀ ոստիկանության պետի 2014 թ. հունվարի 8-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնին[13]։
- Մերի Մանուկյան - Երևանի պետական համալսարանի նուրբ օրգանական քիմիայի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դասախոս, ՀՀ ԳԱԱ-ի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու։ Ավարտել է Վարսերի միջնակարգ դպրոցը և ընդունվել ՀՊՄՀ-ի քիմիայի և էկոլոգիայի ֆակուլտետը` ավարտելով այն 1997 թվականին։ Հեղինակ է մեկ գիտական ատենախոսության, երկու գրքի։ Մասնակցել է բազմաթիվ մրցույթների և ստացել մրցանակներ ու պատվոգրեր։
- Տ. Նշան քահանա Ալավերդյան (ավազանի անունը՝ Գևորգ) ծնվել է 1981 թ. հունվարի 17-ին )) - Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Նոր Նորքի Առաջին զանգվածի նորակառույց Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, քահանա, քրեակատարողական հիմնարկների հոգևոր հովիվ՝ այցելու սարկավագ։ 1987-1998 թթ. սովորել է Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում։ 1998-2007 թթ. սովորել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում։ 2003 թ. դեկտեմբերի 25-ին ձեռամբ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռնադրվել է սարկավագ։ 2014 թ. սեպտեմբերի 21-ին ձեռամբ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի ձեռնադրվել է քահանա[14]։
- Հերմինե Պետրոսյան (1986 թ., օգոստոսի 26/ գ. Վարսեր) - ասմունքող, հաղորդավար, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային դրամատիկական թատրոնի դերասանուհի։ Ավարտել է Վարսերի միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։
Արցախյան ազատամարտի մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աղամալյան Խաչիկ - ծնվել է 1973 թվականի մայիսի 5-ին Վարսեր գյուղում։ Մասնակցել է Արցախի Ֆիզուլիի շրջանի մարտական գործողություններին և հերոսաբար նահատակվել 1993 թվականի ապրիլի 29-ին Հորադիզ գյուղում։
- Աղամալյան Վահան - ծնվել է 1973 թվականին Վարսեր գյուղում։ Մասնակցելով արցախյան հերոսամարտին` պաշտպանել է ՀՀ սահմանները և զոհվել ՀՀ սահմանամերձ գոտում մարտական գործողությունների ժամանակ 1994 թվականի ապրիլի 29-ին։ Նրա պատվին գյուղում տեղադրվել է հիշատակը հավերժացնող հուշարձան-կիսանդրի։
- Պետրոսյան Ռաֆիկ - ծնվել է 1940 թվականի մարտի 3-ին Վարսեր գյուղում։ Մասնակցել է արցախյան ազատամարտի Լաչինի ազատագրման մարտական գործողություններին և զոհվել 1992 թվականի դեկտեմբերի 18-ին Լաչինի շրջանում։
- Մանուկյան Տիգրան - ծնվել է 1956 թվականին Վարսեր գյուղում։ Մասնակցել է արցախյան ազատամարտի Շուշիի ազատագրման մարտական գործողություններին։ Երկրապահ կամավորական ջոկատի անդամ, ազատամարտիկ Տիգրան Միհրանի Մանուկյանը 2017 թվականի մայիսի 20-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվեց Շուշիի ազատագրման համար մեդալով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սբ. Ստեփանոս եկեղեցու խորանը/ պահպանված 6 խաչքարերով
-
Սբ.Ստեփանոս եկեղեցի
-
Բարձրարվետ խաչքար, Սբ.Ստեփանոս եկեղեցու խորանից
-
Խաչքար Սբ. Ստեփանոս եկեղեցուց/ 12-13 դդ./ագուցված բեմի ճակատին, 4 խաչքարերից աջից 2-րդը
-
Խաչքար Սբ. Ստեփանոս եկեղեցուց/13-րդ դար/ագուցված բեմի ճակատին, 4 խաչքարերից աջից 4-րդը
-
Խաչքար Սբ. Ստեփանոս եկեղեցուց /12-րդ դար/ եկեղեցու հարավարևելյան անկյան մոտ, հենած քարաբեկորին, ստորին մասը չի պահպանվել, վերին աջ անկյունը` կոտրված
-
Խաչքար Սբ. Ստեփանոս եկեղեցուց/ 16-17-րդ դար/ Արտաքուստ կանգնեցված եկեղեցու պատի մոտ
-
Խաչքար Սբ. Ստեփանոս եկեղեցուց/ 12-13-րդ դար/ Ագուցված եկեղեցու հարավային ավանդատան պատի մեջ
-
Ծաղկավանք
-
Անթվակիր խաչքար Ծաղկավանքից
-
Խաչքար Ծաղկավանքից/ 15-րդ դար/ խրված հողի մեջ, վերին աջ անկյունը` կոտրված
-
Խաչքար Ծաղկավանքից/ 995 թվական/ ամրացված բեմին պատվիրատու՝ Կատրանիդե հայոց թագուհի (Գագիկ Ա Բագրատունու տիկինն է)
-
Խաչեր մատուռ
-
Խաչքար/ Խաչեր մատուռից
-
Խաչքար Խաչեր մատուռի ներսում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 41, available online at the website of the Internet Archive:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գեղարքունիքի մարզի մարդահամար
- ↑ Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ «Գևորգ Մարզպետունի — Գրապահարան». grapaharan.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Հայերէն բառարաններ». www.nayiri.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Varser» (շվեդերեն). 2016 թ․ նոյեմբերի 12.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Arlis». www.arlis.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Ինժեներական գեոդեզիայի ամբիոն | Ճարտարապետության Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարան». nuaca.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «"Sevan" National Park». www.sevanpark.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Հայաստանի էլեկտրական ցանցեր». Electric Networks of Armenia. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան». nayiri.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Блог Соса Мовсисяна». sos-movsisyan.livejournal.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Դատավորներ - Վարչական դատարան -». www.court.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «http://persons.anau.am». persons.anau.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ Qahana.am, Արարատյան Հայրապետական Թեմ |. «Տ. Նշան քահանա Ալավերդյան (հոգևոր հովիվ) | Qahana.am». www.qahana.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
|