Զովաբեր
Գյուղ | |||
---|---|---|---|
Զովաբեր | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Գյուղապետ | Արա Բաղդասարյան | ||
Հիմնադրված է | 1828 թ. | ||
Մակերես | 1,20 կմ² | ||
ԲԾՄ | 1773±1 մետր | ||
Կլիմայի տեսակ | Չափավոր ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1683[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Զովաբեր, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Գյուղը տարածված է Փամբակի լեռնաշղթայի հարավարևմտյան բազուկների ստորոտում, Հրազդան գետի վերին հոսանքի աջ ու ձախ ափերին։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1890 մ բարձրության վրա[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի բնակչությունն անցած 165 տարիների ընթացքում ավելացել է բացառապես բնական աճի հետևանքով, որի վրա էապես ազդել են բնակչության սոցիալ-տնտեսական պայմանները, երկրի քաղաքական իրավիճակը և օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ այլ գործոններ։ Հատկանշական է, որ բնակչությունը բոլոր տարիներին պահպանել է իր միատարր կազմը, գյուղում ապրել են միայն հայեր, շատ հազվադեպ դեպքեր են եղել, որ ժամանակավորապես բնակվել են 1-2 քրդեր, որոնք հարուստների մոտ անասնապահ կամ հոտաղ են եղել։
Գրեթե բոլոր տարիներին բնակչության մեջ գերակշռել է արական սեռը։ Միջին հաշվով տղամարդիկ կազմել են 51.7%, կանայք՝ 48.3%։ Այդ միտումը խախտվեց Հայրենական մեծ պատերազմից հետո, երբ գյուղի բնակիչների մեծամասնությունը ներգաղթեց Մակու քաղաքից ու նրա շրջակա գյուղերից, մասնավորապես Արտազ գավառի Ալաջուղ գյուղից։
Բնակչության աճը նվազել է միայն առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների տարիներին։ Այսպիսով, Առաջին համաշխարհային պատերազմի և քաղաքացիական կռիվների տարիներին գյուղի բնակչությունը նվազել է 76 մարդով։ 1931-1959 թվականներին ոչ միայն բնակչության աճ տեղի չունեցավ, այլև դրա թվաքանակը խիստ պակասեց` 1931 թվականի 1430 մարդուց հասավ 900-ի։
Այս տարիներին բնակչության միգրացիայի միտումը պետք է բացատրել կոլտնտեսային շարժման հետ. այս կամ այն չափով ունևորներին կուլակաթափ էին անում, նրանց նկատմամբ կիրառում էին զանազան սահմանափակումներ և քաղաքական տարբեր հոսանքներին մասնակից լինելու անհիմն մեղադրանքներ հարուցում, որի պատճառով մարդիկ հարկադրաբար հեռանում էին գյուղից։ Իսկ ավելի ուշ` Հայրենական մեծ պատերազմի տարիներին, ռազմի դաշտ մեկնեց բնակչության վերարտադրությունն ապահովող հիմնական կազմը` 400-ից ավելի զովաբերցիներ։
Ներքևի աղյուսակում բերված տվյալները խոսում են այն մասին, որ գյուղի բնակչությունը 165 տարում աճել 463 տոկոսով։ Գյուղը վերաբնակեցման առաջին տարիներին բաղկացած է եղել 56 ընտանիքից, իսկ այսօր` 165 տարի անց, գյուղում ապրում է 427 ընտանիք, 1570 բնակչով։
Զովաբերի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1831 | 1873 | 1886 | 1897 | 1908 | 1914 | 1916 | 1922 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչության թիվը | 339 | 598 | 905 | 989 | 1186 | 1237 | 1652 | 1161 | 1133 | 1412 | 900 | 1230 | 1299 | 1422 | 1603 | 1660 | 1683[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Դաշտավարությունը, միշտ էլ տուժել է կարկտահարությունից, որը գրեթե ամեն տարի կրկնվում է հունիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին` բույսերի ծաղկման, հասկակալման ու հասունացման շրջանում, բուսաբուծությունը հաճախ տուժում է երաշտից ու ցրտահարությունից։ Զովաբերցիները հիմնականում մշակում են կարտոֆիլ, լոբի, կաղամբ, վարունգ։
Բնական պայմաններ և ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման չափավոր ցամաքային է, երկրագործության համար ոչ այնքան նպաստավոր։ Տարեկան տեղումները 500-600 մմ են, ձմեռը երկարատև է, կայուն ձնածածկույթով, ամառը մեղմ է ու զով։ Առանց քամիների օրերը հազվադեպ են լինում։ Հյուսիսից թուխպ ամպերի ուղեկցությամբ հաճախ փչում են սառը քամիներ, իսկ հարավից` այսպես կոչված «Արանի չոր քամիները», որոնք արագորեն չորացնում են դաշտերն ու արոտները։ Տարեկան միջին ջերմությունը բարձրադիր վայրերում 2 °C է, ցածրադիր վայրերում` 6 °C: Հունվարի միջինը համապատասխանաբար -12-ից -7 °C է, հուլիսինը` +10-ից +20 °C:
Գյուղի լանդշաֆտին բնորոշ են բարձրադիր սարահարթները, էրոզիայի ենթարկված ուղղաձիգ լեռնալանջերը` ոչ շատ խոր ձորակներով, որոնցով ջուր է հոսում միայն ձնհալի ու հորդառատ անձրևների ժամանակ։
Չնայած բազալտ քարի առատությանը , գյուղացիներն այն որպես շինաքար գրեթե չեն օգտագործում` խիստ կարծր, դժվար մշակելի, ծանր ու հողմահարված լինելու պատճառով։
Պատմամշակութային կոթող[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում հայտնաբերվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի բնակատեղի։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Զովաբեր բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- World Gazeteer: Armenia(չաշխատող հղում) – World-Gazetteer.com
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 41, available online at the website of the Internet Archive:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Զովաբերի գյուղապետարանի պաշտոնական կայք»։ zovaber.am։ Վերցված է 2018 թ․ հունվարի 10(չաշխատող հղում)
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24
|