Կոթ, Ադյաման (թուրք, նվաճողները վերանվանել են այսպես, ադը-յաման անունը սոսկալի է), միջնադարյան ավան Սյունյաց նահանգիԳեղարքունիք գավառում, Գեղամա (Սևան) լճի հարավային ափին (այժմյան Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղի տեղում)։ 9-10 դարերի առևտրական կարևոր հանգույց էր Դվին-Պարտավ քարավանային ճանապարհին, ինչպես նաև Բագրատունիների արքունական ձկնորսարանը։ Իշխան Գրիգոր Սուփանի (9 դ. վերջ - 10 դ. սկիզբ) թողած վիմագիր հիշատակարանը ցույց է տալիս, որ Կոթը նրա տոհմական իշխանանիստն էր։ Կոթի մասին այլ տեղեկություններ չեն հանդիպում։ Կոթի Սբ. Աստվածածին պարսպավոր եկեղեցին (հայտնի է նաև Կոթավանք անունով) կառուցել է Գրիգոր Սուփանը։ Պատերը կոպտատաշ, ճեղքված բազալտից են, որոշ մասեր՝ կոփածո վեմերից։ Քանդված են գմբեթը և ծածկը։ Եռաբսիդ, արևմուտքից ուղղանկյուն խաչաթևով, չորս անկյուններում կիսաշրջանաձև աբսիդներով, երկհարկ ավանդատներով (երկրորդ հարկերը թաքստոց են ծառայել) կառույցն արտաքուստ ուղղանկյուն է։ Արլ. ավանդատների մուտքերը հյուսիս և հարավ աբսիդներից են, իսկ արևմտյաններինը՝ ուղղանկյուն խաչաթևից։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավից և արևմուտքից։ Եռանկյունաձև զույգ խորշերով մշակված է միայն արևելյան ճակատը։ Դեկորատիվ հարդարանքի սակավաթիվ տարրերից են գմբեթակիր կամարների՝ գնդիկներով և հորիզոնական ելուններով ձևավորված իմպուստները, լուսամուտների պարզունակ բարավորները։ Եկեղեցու հորինվածքը Սյունիքի ճարտարապետական դպրոցի նվաճումներից է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 506)։