Վեդի (քաղաք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վեդի (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Վեդի | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արարատի մարզ | ||
Քաղաքապետ | Վարուժան Բարսեղյան | ||
Տվյալ կարգավիճակում | 1995-ից թվականից | ||
Մակերես | 5,6 կմ² | ||
ԲԾՄ | 850±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 11 600[1] մարդ (2015) | ||
Խտություն | 3,714 մարդ/կմ² | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | վեդեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (234) | ||
Փոստային ինդեքս | 0601 | ||
Պաշտոնական կայք | vedicity.am | ||
| |||
Վեդի, քաղաք Հայաստանի Արարատի մարզում։ Վեդի է վերանվանվել 1946 թվականին։
Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի անվան ծագման մասին կան բազմաթիվ վարկածներ. ըստ առաջին վարկածի՝ քաղաքի անվանումը առաջացել է պարսկերենից և նշանակում է կիրճ։ Քաղաքի կարգավիճակ ստացել է միայն 1995 թվականի վարչատարածքային բաժանման ժամանակ. մինչ այդ ունեցել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ։ Նախկինում՝ Բեյուկ Վեդի, Բեյուք Վեդի, Բոյուք Վեդի, Վեդի Մեծ, Վեդի Վերին, Վետե, Վետի։
Քաղաքի օրհներգը[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեդին օրներգ ունի։ Խոսքերի հեղինակը Ս.Հակոբյանն է, երաժշտությունը՝ Թ.Ստամբոլցյանի, գրվել է 2007 թվականին, Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի առաջարկությամբ։
Հիմնադրման թվական[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեդի քաղաքի հիմնադրման տարեթվի մասին ստույգ տեղեկություններ չկան։ Նրա մասին առաջին հիշատակությունները գալիս են դեռևս ուրարտական ժամանակներից[2]։ Առաջին անգամ Վեդին հիշատակվում է XIII դարում Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Սիսական աշխարհի» աշխատության մեջ, երկու հիշատակություն ՝ Նորավանքի, և մեկի՝ Զնջռլուի Սուրբ Կարապետ վանքի արձանագրություններում։ Մինչև XVII դարը եղել է մեծ բնակավայր։ Ըստ ռուս աշխարհագետ Ի. Շոպենի, բնակավայրը 1830 թվականին ունեցել է Վերին Վեդի անվանումը։ XIX դարի կեսին ուներ եկեղեցի, ապրում էին 240 տուն թաթար և 12 հայ ընտանիք։1828 թվականին Վեդի բասարի մահալում Մակուի շրջանից վերաբնակվել են 1170 շունչ հայեր՝ 640-ը՝ Դավալուում և 530 -ը՝ Վեդիում։ 1849 թվականից մտել է Երևանի նահանգի մեջ, 1918 թ-ից որպես առանձին գավառ, իսկ 1929 թվականին գավառը վերացվել է, և ստեղծվել է Վեդու շրջանը՝ Բոյուք Վեդի շրջկենտրոնով։ Վեդիի համար հայացման գործընթացը սկսվել է 1940-ական թվականներին։ 1958 թվականին ունեցել է 4500 բնակիչ։ 1962 թվականին բնակավայրը ստանում է ավանի կարգավիճակ, 1996 թվականից՝ քաղաքի։
Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի տեղանքը հարթ է, թույլ թեքված դեպի արևմուտք։ Բուն կենտրոնական մասում գտնվում է հարթեցված գագաթով մոտ 10 մ հարաբերական բարձրությամբ երկրաբանական ավելի հին ապարներից կազմված բլուր։ Ծովի մակերըույթից ունի մոտ 900 մ բարձրություն։ Վեդի քաղաքը գտնվում է Երևան-Իրան, Երևան-Արցախ միջպետական ճանապարհից 8 կմ արևելք, Վեդի գետի ստորին հոսանքում։ Տեղակայված է Միջինարաքսյան գոգավորությունում, Վեդի գետի ձախափնյա սարավանդում, Երևանից 48 կմ հեռավորության վրա։ Անմիջապես քաղաքի կողքին է գտնվում Գոռավան անապատը։
Վեդին գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտում, որտեղ ձևավորվել է կլիմայի չոր, խիստ ցամաքային տիպը։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, նվազագույն ջերմաստիճանը դիտվել է - 32 °C։ Կայուն ձյունածածկույթ ձևավորվում է ոչ ամեն տարի։ Բնորոշ է ջերմաստիճանային շրջադասությունը: Ամառը շոգ է, տևական՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմաստիճանը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Բնորոշ են լեռնահովտային քամիները, որոնք մեղմացնում են քաղաքի ամառային տապը։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Վեդիում բնական լանդշաֆտը կիսաանապատային է։ Հումուսից աղքատ գորշ հողերը վերածվել են կուլտուր ոռոգելի հողերի[3]։
Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 200-250 մմ է։
Քաղաքի միջով է հոսում Վեդի գետը, բացի այդ կան նաև ստորգետնյա հանքային ջրերի պաշարներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչների նախնիների մի մասը 1915-1920 թվականներին գաղթել է Արևմտյան Հայաստանի Վանից, Շատախից, Մուշից, իսկ նոր ժամանակներում՝ Մարտունու, Սիսիանի և Եղեգնաձորի շրջաններից։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | 1831 | 1897 | 1937 | 1959 | 1970 | 1989 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակչություն | 1 244 | 2 798 | 2 830 | 3 581 | 6 165 | 10 757 | 11 600 |
1988-1989 թվականներին Ադրբեջանում կազմակերպված Սումգայիթյան ջարդերի հետևանքով քաղաք են գաղթել շուրջ 561 մարդ։ Ըստ 2009 թվականի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 13242 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 52%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 29%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 60%, հետաշխատունակները՝ 11%[4]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունի 2 միջնակարգ և 1 ավագ դպրոց, գրադարան, երաժշտական դպրոց, ուսումնարան, քոլեջ, 4 մանկապարտեզ, մարզադպրոց, մշակույթի պալատ, գեղարվեստի դպրոց։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեդին ունի զարգացած գյուղատնտեսություն, որն ունի մերձքաղաքային տնտեսության ուղղվածություն, այսինքն մատկարարում է գյուղատնտեսական թարմ մթերքներով նաև մայրաքաղաքին։ Շոգ կլիմայի շնորհիվ գյուղատնտեսական հողահանդակները պարտադիր ոռոգման կարիք ունեն։ Ունի ոռոգման խիտ ցանց և օգտագործվում է Ազատ գետի, Արտաշատի ջրանցքի և ստորգետնյա՝ արտեզյան ավազանի ջրերը։
Գյուղատնտեսական նշանակության հողերը զբաղեցնում են համայնքի վարչական մակերեսի մոտ 75 %՝ 1740 հա։ Հիմնական ուղղությունը խաղողագործությունն է և պտղաբուծությունը։ Զբաղվում են նաև այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ։
Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Վեդիում գործում է Վեդիպլաստ իրերի գործարանը, որը հիմնադրել է Արմեն Պողոսյանը։ Գործում են նաև մեկ տասնյակից ավելի մանր արտադրամասեր, տրավերտինի քարի հանքը, Վեդիշինը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վեդի քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Արարատի մարզ)
- Վեդի քաղաքի մուտքի հուշարձան
- Հայոց ցեղասպանության հուշարձան (Վեդի)
- Վեդի քաղաքի գրադարան
- Վեդի գետի ավազանի բրածո ֆաունա
- Վեդու մշակույթի տուն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9
- ↑ Վեդի քաղաք
- ↑ Արարատի մարզպետարան
- ↑ Վեդի
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- World Gazeteer: Armenia – World-Gazetteer.com
- Սամվել Հակոբյան «Արարատի մարզ», Երևան, 2010
|
|