Մոշաղբյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Զնջռլուից)
Հովհաննես Կարապետի վանք

Մոշաղբյուր (Զնջռլու), ավերակ գյուղատեղի Հայաստանի Արարատի մարզի Լանջառ գյուղից մոտ 5 կմ հյուսիս-արևմուտք, դեպի Ս. Հովհաննես Կարապետ վանք տանող ճանապարհի ձախ կողմում, վանքից ոչ հեռու։

Գյուղատեղում և նրա շրջակայքում տարածվում են բազմաթիվ գերեզմանոցներ՝ մահարձաններով ու կոթողներով և առանձին՝ շքեղորեն քանդակազարդված խաչարձաններ. նկատելի են նաև սահմանանիշ քարեր։ Առանձնապես ընդարձակ է գյուղի հարավային կողմում գտնվող գերեզմանոցը, ուր կան բազմաթիվ մահարձան-խաչարձաններ, որոնք պատած են զանազան ձևերի նուրբ մշակված զարդաքանդակներով։ Հատկապես հետաքրքիր ու արժեքավոր են գերեզմանաքարերի վրա քանդակած կենցաղային պատկերները։ Այդ բոլորը վկայում են, որ Մոշաղբյուր եղել է Հայաստանի հնագույն և նշանավոր բնակավայրերից մեկը, որը մի քանի անգամ հիշատակվում է նաև Ս. Հովհաննես Կարապետ վանքի վիմագիր արձանագրություններում։ Համաձայն այդ արձանագրությունների՝ վանքի կառուցման ժամանակ՝ 1301 թ. Օրբելյան Ջալալ իշխանի կին Գոնցան իր հայրենի Մոշաղբյուր գյուղը նվիրել է Ս. Հովհաննես Կարապետ վանքին։ Սա նշանակում է, որ Մոշաղբյուր գյուղը գոյություն է ունեցել առնվազն 13-րդ դարում և պատկանել է Օրբելյան նշանավոր իշխանական տանը։

Գյուղատեղիի ընդարձակ գերեզմանոցում կան հատուկենտ արձանագիր խաչքարեր և տապանաքարեր։ Մի մահարձան-խաչքարի վրա և նույն խաչքարի հարավային կողի վրա գրված են. «Խաչս բարեխաս Ալդոնին. Թվ. ՋՂԹ (999+551=1550)» և «Աստուած ողորմի Տէր Կիրակոսին. Անդոն երիցին խաչս աւգնեա»։ Նույն խաչքարի առջևում եղած տապանաքարի հյուսիսային և հարավային կողերի վրա գրված են. «Ես Մարիանս զալաջով կանգնեցի զխաչս իմ որդի Ալդոնճանին» և «Այս է հանգիստ Մուրատին. Սաղիլմիղին»։ Եվս մի արձանագրություն կա վանքից դեպի արևելք, ձորակի ձախ եզրին գտնվող խաչարձանի վրա. «Ես Աթանաս երէց կանգնեցի խաչս յիշատակ ծնողաց իմոց»։ Սա նշանակում է, որ Մոշաղբյուր գյուղը գոյություն է ունեցել առնվազն մինչև 16-րդ դարի երկրորդ կեսը և, ինչպես տարածաշրջանի մյուս հայաբնակ գյուղերը, հավանաբար լքվել է 1604 թ. պարսից շահ Աբասի բռնագաղթի հետևանքով։ Հետագա դարերում շրջակայքում հաստատված թուրքական (թաթարական) բնակչության կողմից գյուղատեղին անվանվել է Զնջռլու։ Գյուղատեղին կրկին հայերով է բնակեցվել 19-րդ դարի սկզբներին, երբ այստեղ հաստատվել են Խոյից ու Սալմաստից տեղափոխված հայ բնակչությունը։ Ներգաղթած հայ բնակչության ջանքերով նոր կյանք է ստացել ոչ միայն Մոշաղբյուր գյուղը, այլև մոտական Ս. Հովհաննես Կարապետ վանքը, ուր 19-րդ դարի վերջերին շինարարական մեծ աշխատանքներ են իրականացվել։ Մոշաղբյուր հին գերեզմանոցի հյուսիսային կողմում մինչ օրս ավերակ պահպանվել է Ս. Սարգիս անունը կրող եկեղեցին՝ կառուցված տեղական կոպտատաշ քարերից։ Բազիլիկատիպ եկեղեցու միակ՝ հյուսիսային մուտքի վերին մասում պահպանվել է արձանագիր քարաբեկոր, որի համաձայն 1908 թ. տեղացի մի քանի անձանց ջանքերով վերանորոգվել է Ս. Սարգիս եկեղեցին։ Սա վկայում է այն մասին, որ մինչև այդ վերանորոգումը տեղում եղել է հին եկեղեցու ավերակներ, որը հավանաբար կործանվել է 1679 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով։ Մոշաղբյուր գյուղի հայ բնակչությունը 20-րդ դարի կեսերին տեղափոխվել է Արտաշատի շրջանի Նշավան գյուղ։

Զնջռլու գյուղատեղին Հայաստանի Կառավարության 29.07.2004 թ. N 1095-Ն որոշմամբ վերանվանվել է Մոշաղբյուր:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]