Օրբելյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox prétendant à un trône.png
Օրբելյաններ
Օրբելյաններ
Երկիր Զաքարյան իշխանապետություն
Տիրույթներ Սյունիք
Ծագում Մամիկոնյաններ
Տիտղոսներ Սյունիքի իշխան, իշխանապետ, իշխանաց իշխան
Հիմնադիր Լիպարիտ
Մեծագույն ներկայացուցիչ Բուրթել Օրբելյան
Վերջին ներկայացուցիչ Ռուստամ Օրբելյան
Հիմնում 13-րդ դար
Ավարտ 15-րդ դար
Ազգային պատկանելիություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն

Օրբելյաններ, իշխանական տոհմ Հայաստանում և Վրաստանում։ Ավանդությունն Օրբելյանների ծագումը վերագրում է Ճենաց աշխարհի թագավոր Ճենբակուրի փախստական ժառանգներին, որը Մամիկոնյաններից նրանց սերած լինելու վկայությունն է (որոշ ուսումնասիրողների կարծիքով, Օրբելյանները Գուգարքում հաստատված և քաղկեդոնականություն ընդունած Մամիկոնյանների մի ճյուղն են)։ Մոր կողմից Բագրատունիներից սերված Օրբելյանները, որ տիրույթներ ունեին Լոռիում և Ձորագետում, Հայաստանի արևելյան սահմանագլխին հայտնվեցին 12-րդ դարի վերջին։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ տոհմական պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, «Օրբել» (Օրբուլք) անունն առաջացել է (նախկին «ճենուլի» կամ «ճենուլքի» փոխարեն) Օրբեթ ամրոցում (այժմ՝ Վրաստանի Օրբեթի գյուղի մոտ) նրանց հաստատումից հետո։ Օրբելյանները բարձր դիրք են զբաղեցրել վրացական արքունիքում, վարել թագադիր ասպետի, սպարապետի և այլ պաշտոններ։

Ձգտելով պետական բարձրագույն իշխանության՝ ամիրսպասալար Իվանե Օրբելին 1177- 1178 թվականներին, թագաժառանգ Դեմնային (Դեմետրե) գահին բազմեցնելու պատրվակով, գլխավորել է վրացական ավատատիրական տների ապստամբությունը՝ Գեորգի III թագավորի դեմ։ Սակայն վերջինիս հաջողվել է ղփչաղների աջակցությամբ ջլատել ապստամբների զինված ուժերը, մեկուսացնել Իվանեին, ձերբակալել և կուրացնել նրան։ Իվանեի եղբայր Լիպարիտը, ով ռազմական օգնության խնդրանքով ներկայացել էր սելջուկյան Ելտկուզ Աթաբեկին, այնուհետև հաստատվել է Գանձակում։ Գեորգի III թագավորի մահից (1184) հետո, Լիպարիտի որդիներից մեկը՝ Իվանեն, վերադարձել է Գուգարք, Թամար թագուհուց ետ ստացել Օրբելիների տիրույթների մի փոքր մասը և Օրբեթ ամրոցը։ Լիպարիտի մյուս որդին՝ Էլիկումը 12-րդ դարի 70-ական թվականներին Ատրպատականի, Առանի և Նախճավանի կառավարիչ Մուհամեդ Փահլավանի կողմից նշանակվեց Երնջակ բերդի, Ճահուկ ավանի, Քալասրահի զորքերի գլխավոր։ Նա ամուսնացավ տեղական մեծահարուստ Աբաս Ճահկեցու և Սյունյաց Ստեփանոս եպիսկոպոսի քրոջ աղջկա՝ Խաթունի հետ, որը կարևոր դեր կատարեց նրա քաղաքական կողմնորոշման գործում։ Նա զոհվում է 1184 թվականին, Գանձակի ճակատամարտում։ Միակ որդին՝ Լիպարիտը, մոր հետ արգելափակվում է Նախճավանում։ Դրանով Օրբելյանների տոհմը բաժանվել է երկու ճյուղի (վրաց Օրբելիների և հայ Օրբելյանների)։

Սյունիքի իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1211 թվականին հայ-վրացական միացյալ ուժերը՝ Իվանե Զաքարյանի և վրաց թագաժառանգ Գեորգի Լաշայի գլխավորությամբ, ազատագրելով Սյունիքը, Էլիկումի որդի Լիպարիտին կալվածներ են շնորհել Վայոց ձոր և Գեղարքունիք գավառներում, ինչպես նաև Աղստևի հովտում։ Տիրելով այդ կալվածներին՝ Լիպարիտը հիմնադրել է Զաքարյան իշխանապետությունից վասալական կախվածության մեջ գտնվող Սյունիքի Օրբելյանների իշխանությունը։

Մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում, երբ սրվել են միջավատական հակասությունները, հզորացած Օրբելյանները հրաժարվել են ճանաչել Զաքարյանների գերագահությունը։ Ի պատասխան դրա, իշխանուհի Գոնցա և նրա դուստր Խոշաք Զաքարյաններին հաջողվել է մոնղոլական իշխանավորների միջոցով Օրբելյաններին զրկել որոշ տիրույթներից։

Սմբատ Օրբելյանը 1251 և 1256 թվականներին մեկնել է Կարակորում և Մանգու խանից ստացել «ինջու»-ական իրավունք (Սյունիքի Օրբելյանների իշխանապետությունը դարձել է անմիջապես մեծ խանին ենթակա քաղաքական միավոր, ուր վերացել է մոնղոլական հարկահավաքների մուտքը), որը նրան հնարավորություն է ընձեռել ընդարձակել քաղաքական ազդեցությունը, առաջնություն նվաճել Վայոց ձորում և հարակից գավառներում մրցակից տոհմի՝ Խաղբակյանների նկատմամբ, Սյունիքի սահմաններում հորջորջվել «իշխանաց իշխան» և անգամ «արքա»։

Սյունիքի Օրբելյանների իշխանապետությունն իր հզորությունը պահպանել է նաև Սմբատին հաջորդած Տարսայիճ Օրբելյանի օրոք (1273-1290)։ Նա կնության է առել զոհված Հասան-Ջալալ Դոլայի դուստր Մինախաթունին և դաշինք հաստատել Խաչենի իշխանության հետ, իշխանությունը տարածել գրեթե ողջ Սյունիքի վրա։ Օրբելյանները 1286 թվականին իրենց ձեռքն են վերցրել նաև Սյունիքի հոգևոր իշխանությունը, մետրոպոլիտ է օծվել Տարսայիճ իշխանապետի որդին՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը։ Օրբելյան տոհմի հոգևոր կենտրոններում՝ Տաթևում և Նորավանքում, ինչպես նաև ընդարձակ իշխանատիրույթի մշակութային մյուս օջախներում՝ Հերմոնում, Ցախաց քարում, Եղեգյաց անապատում, Մաքենյաց վանքում, Գնդեվանքում, Մամասի վանքում և այլուր, նրանց հովանավորությամբ ստեղծվեցին հարյուրավոր մեծարժեք ձեռագրեր։ Գլաձորի համալսարանի փակվելուց հետո, Օրբելյանների նպաստավորմամբ՝ բարձր տիպի միջնադարյան ուսումնական հաստատությունը վերաբացվում է Տաթևում և իր գործունեության ընթացքում հայ մշակույթի սպասավորների պատրաստման գործում անգնահատելի դեր կատարում։

Տարսայիճի ավագ որդու՝ Էլիկումի օրոք (1290-1300) Սյունիքի Օրբելյանների իշխանապետությունը տրոհվել է երեք մասի (նրա, եղբոր՝ Ջալալի և նրանց հորեղբորորդու՝ Լիպարիտի միջև)։ Էլիկում Օրբելյանի որդի Բուրթելին (Բուրթել Մեծ, Բուրթել Երկարակյաց, 1300-1349) հաջողվել է իր գահերեցության ներքո վերամիավորել մյուս իշխանությունները և ավատատերերի տրոհված զին․ ուժերը։ Նրա օրոք Սյունիքն ապրել է տնտեսական վերելք, աշխուժացել է մշակութային կյանքը։ Մետրոպոլիտներ Հովհաննես Օրբելու և Ստեփանոս-Տարսայիճի աջակցությամբ եռանդուն շինարարական գործունեություն է ծավալել ճարտարապետ Մոմիկը։ Կառուցվել են Արենիի սուրբ Աստվածածին եկեղեցին (1321), Եղեգիսի Զորաց տաճարը (1321), Սպիտակավոր Աստվածածինը (1322), Սելիմի իջևանատունը, Ամաղուի Նորավանքի կրկնահարկ դամբարան եկեղեցին (1339)։ 1340-ական թվականներին Բուրթելը նշանակվել է իլխանության մայրաքաղաքներ Սուլթանիայի և Թավրիզի քաղաքագլուխ-ամիրա։ Բուրթելի մահից հետո նրա ժառանգների միջև ծագած երկպառակությունները կրկին թուլացրել են Օրբելյանների իշխանապետությունը, որից օգտվելով, Խաղբակյանները փորձել են կրկին իրենց գերիշխանությունը հաստատել Վայոց ձորում։

Բուրթելի ավագ որդի Իվանեն (Ինանիկ) ստիպված է եղել գահանիստը Եղեգիսից տեղափոխել Որոտնաբերդ։ 1386 թվականին, երբ Լենկթեմուրի զորքերը երկար պաշարումից հեւոո գրավել են Որոտնաբերդը, Օրբելյանների Սյունիքի իշխանապետությունը դադարել է գոյություն ունենալուց։ Օրբելյանների իշխանազուններից քչերին է հաջողվել աննշան տիրույթներ պահպանել Սյունիքում։

15-րդ դարում, երբ Սյունիքը ռազմաբեմ է դարձել միմյանց դեմ պատերազմող թուրքմեն ցեղամիությունների՝ կարակոյունլուների, ակկոյունլուների և թեմուրյանների համար, Օրբելյաններից շատերը լքել են երկրամասը (1437 թվականին Վրաստան է գաղթել Բեշքեն Օրբելյանը՝ հետը տանելով շուրջ 6 հազար ընտանիք)։ Նրա դուստրը դառնում է վրաց թագուհի, իսկ որդի Ռուստամը, 1430-ական թվականներին դառնալով կարակոյունլուների ցեղապետ Կարա Իսկանդարի վեզիրն ու խորհրդականը, փորձել է վերականգնել Օրբելյանների իշխանապետությունը, սակայն այդ ծրագրի իրականացմանը խանգարել են թեմուրյան գահակալ Շահռուխի արշավանքները։ Այնուհետև Օրբելյանների տոհմն էական դեր չի խաղացել քաղաքական ասպարեզում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրբելյանների տոհմածառը ըստ Ղևոնդ Ալիշանի

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png