Հովհաննես Կարապետի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Կարապետի վանք
ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՀՈՎՀԱՆՆՈՒ Ս. ԿԱՐԱՊԵՏ (3).jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԼուսաշող[1] և Շաղափ[2]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Ներկա վիճակկիսավեր
Ժառանգության կարգավիճակՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ13-րդ դար
Կառուցման ավարտ1301 թվական

Հովհաննես Կարապետի վանք, վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան ՀՀ Արարատի մարզում, այժմ լքյալ Զնջռլու գյուղի կողքին, Ուրծի լեռների հյուսիսային փեշին, Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIV դ. սկզբին, որպես տոհմական տապանատուն, հիմնադրել են Օրբելյան իշխանները: Վանքի Սպիտակավոր Ս. Աստվածածին եկեղեցին, ըստ Տիրացու գրչի փորագրած շին. արձանագրության, 1301 թվականին Կիրակոս Վարդապետի հսկողությամբ կառուցել է Իվանե Զաքարյանի դուստր, Ջալալ Օրբելյանի կին Գոնցան: Նա եկեղեցուն նվիրել է Քալաս գյուղը, հողեր, այգիներ, ջրաղացներ, ձիթհանք[3]: Վանքի Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, ըստ արձանագրության, 1301 թվականին կառուցել է Բուտ ճարտարապետը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով, խորանի երկու կողմում ուղղանկյուն, երկհարկ ավանդատներով, գմբեթավոր դահլիճ է, որի սլացիկ, գլանաձև թմբուկով գմբեթը պսակված է հովանոցաձև ծածկով։ Միակ արևմտյան շքամուտքի բարավորին և նրանից վեր՝ բարձրարվեստ հարթաքանդակներ են, որոնց հեղինակը Սարգիս վարդապետ նկարիչն է։ Բարավորին, ծաղկահյուս ֆոնի վրա պատկերված է Աստվածածինը Մանկան հետ, կողքերին` կանգնած հրեշտակներ: Վերևում, կամարակապ խորշում քանդակված է Քրիստոսը, շուրջը` չորս ավետարանիչների խորհրդանշաններ: Գմբեթի թմբուկին հապավումներով փորագրված են. արլ. նիստին` Կիրակոս, Բուտ, հվ - ին` Ջալալ, Գոնցա, հս-ին` Տիրացու (արմինը ջնջված է, հավանաբար` Սարգիս): Եկեղեցուց հարավարևմտյան, ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ (այժմ՝ քանդված) ժամատունն է (XIV դ.), որին արևմուտքից կից է երկհարկ եկեղեցի-դամբարանը (ավերված է զանգակատան ռոտոնդան)։ Միաբանության շենքերը (1896) կից են վանքի ուղղանկյուն պարսպին (1897)։ Պահպանվել են ջրմուղի և ջրամբարի մնացորդները։ Վանքի գերեզմանոցում կան հարուստ, նուրբ մշակված զարդաքանդակներով խաչքարեր և կենցաղային պատկերներով գերեզմանաքարեր։ 1346 թվականին Ջալալի և Գոնցայի որդի Էլիկում Օրբելյանը վանքին խոշոր նվիրատվություններ է կատարել: Ուրցաձորի Ս. Հովհաննես կարապետ վանքը հայկական միջնադարյան այն սակավաթիվ հուշարձանախմբերից է, որը պահպանել է ինչպես կառուցող մեկենասների, այնպես էլ ճարտարապետի, քանդակագործի, շինարարական աշխատանքների ղեկավարի, փորագրող գրչի անունները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png