Տարսայիճ Օրբելյան
Տարսայիճ Օրբելյան | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | 1290 |
Ամուսին | Մինախաթուն |
Ծնողներ | հայր՝ Լիպարիտ Օրբելյան |
Երեխաներ | Ստեփանոս Օրբելյան, Ջալալ Օրբելյան և Ասփա |
Տարսայիճ Օրբելյան (անհայտ - 1290), Սյունիքի իշխանապետ 1273 թվականից։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Սմբատ Օրբելյանին։
Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի հայրը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում իշխել է Որոտան (Ծղուկ) գավառում։ Սյունիքի իշխանապետ դառնալուց հետո հաստատվել է Եղեգիս ավանում։ Կնության է առել զոհված Հասան-Ջալալ-Դոլայի դուստր Մինա խաթունին և ռազմական դաշինք հաստատել Խաչենի իշխանության հետ։ Խորասանում, Հյուսիսային Կովկասում, Ոսկե հորդայում, Եգիպտոսում և այլուր մասնակցել է Հուլավյանների մղած մարտերին, մեծ հեղինակություն ձեռք բերել իշխանական արքունիքում, վրաց Դեմետրե թագավորի հետ ճանաչվել հայ-վրացական միացյալ ուժերի գլխավոր հրամանատար։
Իսլամ ընդունած Թագուդարի (Ահմադ) և Արղունի միջև 1282-1283 թվականներին իլխանության գահի համար բռնկված պայքարի ժամանակ զինակցել է վերջինին և նրա հաղթանակից հետո իշխանապետությունը տարածել ողջ Սյունիքի վրա (այդ թվում նաև Գեղարքունիքի)։ Վրաց Դեմետրե թագավորը 1284 թվականին Տարսայիճ Օրբելյանին նշանակել է (մահացած Սադուն Արծրունու փոխարեն) իր տերության աթաբեկ (գահի խնամակալ) և ամիրսպասալար (սպարապետ)։ Օգտագործելով բարձր պաշտոնը և հեղինակությունը՝ Տարսայիճ Օրբելյանը Սյունիքի վանքերն ազատել է մոնղոլական հարկերից, նորոգել խարխըլվածները։ Եղբոր՝ Սմբատ Օրբելյանի գերեզմանի վրա (Նորավանքում) 1275 թվականին կառուցել է տվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Տարսայիճ Օրբելյանի իշխանապետական իրավունքները ժառանգել է ավագ որդին՝ Էլիկումը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986։
- Հովսեփյան Գ., Տարսայիճ Օրբելյանի և Մինա Խաթունի սերունդը, «Հասկ», 1948։
- Մանանդյան Հ., Երկեր, հ. 3, Երևան, 1977։
- Գրիգորյան Գ. Մ., Սյունիքը Օրբելյանների օրոք (13-15-րդ դարեր), Երևան, 1981։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 619)։ |