Ասփա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասփա
Մահացել է 1311

Ասփա Դոփյան-Օրբելյանը (ծն թվ. անհայտ, †1311) եղել է Խաչենի իշխանուհի, պարոնուհի, Սյունիքի իշխանաց իշխան Տարսայիճ Օրբելյանի և Մինախաթունի դուստրը, ամուսնացել է Խաչենի իշխան Գրիգոր Բ-ի հետ, որը իշխում էր Ծարում (ներկայիս Վայկունիքը)։ Ամուսինների միջև, որոնց մասին հիացմունքով են խոսում ժամանակակիցները, եղել է պաշտամունքի հասնող սեր և մեծ նվիրվածություն։

Մինչ Գրիգոր Բ-ն հեռավոր վայրերում էր՝ պատերազմների մեջ, իշխանուհի Ասփան շենացնում էր երկիրը։ Իր արդար վաստակով գնել և ծաղկել է տվել «Թարգմանչաց» անունով հայտնի Ավետարանը, որի հիշատակարանի համաձայն Ասփան «... ամենայն բարեպաշտութեամբ զարդարեալ, զարդարեաց զանազան սպասուք և շինուածիւք զեկեղեցիս Հայաստանեայց»[1]։ Կառուցել է նաև մի կամուրջ Թարթառ գետի վրա՝ Խաթրավանքից ներքև և թողել հետևյալ արձանագրությունը.

Aquote1.png Կամաւն Աստուծոյ, ես Ասփա՝ դուստր մեծ իշխանին Տարսայիճին և Մինա Խաթունին և ամուսին հսկայազաւր իշխանին Գրիգորի՝ որդւոյ մեծ իշխանին Հասանայ, քաջ տեառն Աղուանից, կապեցի զխաչս, շինեցի զկամուրջս յիշատակ հոգւոց անցելոց, ներկայից և ապագայից[1]: Aquote2.png


Իշխանուհի Ասփան վախճանվել է 1331 թվականին՝ ապրելով «կարճօրյա կյանքով» և թաղվել է Խաթրավանքում՝ Դոփյանների տոհմական դամբարանում։ Իշխան Գրիգորը իր սիրելի կնոջ հանգստարանը զարդարել է ոսկով և արծաթով և եկեղեցիներին պատվիրել, որ նրա հոգու համար պատարագներ մատուցեն։

Աղբյուրներ, նշումներ և հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը X-XVI դարերում, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան 1975, էջ 316-320։
  1. 1,0 1,1 Մակար Բարխուդարյան, Արցախ, «Ամարաս» տպարան - Երևան 1996, էջ 187, 126։