Կապան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապան (այլ կիրառումներ)
Քաղաք | |||
---|---|---|---|
Կապան | |||
| |||
Տեսարաններ Կապանից | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] | ||
Համայնքի ղեկավար | Գևորգ Փարսյան | ||
Հիմնադրված է | 19-րդ դար թ. | ||
Առաջին հիշատակում | 5-րդ դար | ||
Այլ անվանումներ | մինչև 1990 — Ղափան | ||
Տվյալ կարգավիճակում | Քաղաք թվականից | ||
Մակերես | 36 կմ² | ||
ԲԾՄ | 910 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 42 600[2] մարդ (2016) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Կապանցի | ||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
Փոստային ինդեքս | 3310 | ||
Փոստային դասիչ | 3301–3308 | ||
Պաշտոնական կայք | kapan.am | ||
| |||
Կապան, քաղաք Հայաստանի Սյունիքի մարզի համանուն համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Վերջինիս մարզկենտրոնն է։ 2017 թվականի նոյեմբերից, իր մեջ միավորելով տարածաշրջանի գյուղական համայնքները, դարձել է Կապան խոշորացված համայնք։ Գտնվում է երկրի հարավ-արևելքում, Երևանից 320 կմ հարավ-արևելք, Ողջի գետի ափին, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, ծովի մակարդակից 910 մ բարձրության վրա, մշտական բնակչությունը 2015 թվականի դրությամբ՝ 42 700։ Քաղաքի անունը ծագում է «կապան» հասարակ անունից, որ նշանակում է «կիրճ, նեղ անցք երկու լեռների միջև», նաև «կիրճի նեղ մասում եղած ամուր դուռ»[4]։
Կապանն իբրև բնակավայր հայ պատմագրության մեջ հիշատակվում է դեռևս մեր թվարկության 5-րդ դարավերջից, որպես քաղաք՝ 10-րդ դարի վերջերից։ Խորհրդային շրջանում՝ 1938 թվականին, ստացել է շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ, 1963 թվականին՝ հանրապետական ենթակայության, եղել է Ղափանի շրջանի շրջկենտրոնը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավից և հյուսիսից շրջափակված է Մեղրու և Բարգուշատի լեռներով։ Քաղաքի տարածքում Ողջի գետը ընդունում է Վաչագան և Կավարտ վտակները։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապան քաղաքը Սյունիքի մարզկենտրոնն է։ Գտնվում է ծովի մակարդակից 705-1050 մ /միջինը 910 մ/ բարձրությունների վրա։ Հեռավորությունը մայրաքաղաքից 300 կմ է։ Առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարում։ Միջնադարում եղել է Սյունիքի թագավորության մայրաքաղաք։ Ավերվել է սելջուկների կողմից 1103 թվականին։ Ներկայիս Կապանը գտնվում է պատմական քաղաքից 10 կմ հարավարևելք Ողջի գետի և նրա Վաչագան, Կավարտ, Գեղանուշ վտակների ու Խուստուփ /3210 մ/ լեռան հարևանությամբ։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1938 թվականին։ 2016 թվականի հունիսի 1-ի գնահատմամբ ունի 43,2 հազար բնակիչ։
Կլիմայի վրա ազդող գործոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես ցանկացած տեղանքի, այնպես էլ Կապանի կլիմայի վրա ազդում է ինչպես ընդհանուր կլիմայական, այնպես էլ տեղական գործոններ։ Ընդհանուր գործոններից է նրա աշխարհագրական դիրքը։ Քաղաքը գտնվում է հս.լ.39օ12՛ վրա, այսինքն՝ մերձարևադարձային կլիմայական գոտու հյուսիսում, որտեղ ամռանը ակտիվանում են հարավից թափանցող արևադարձային տաք և չոր օդային զանգվածները, իսկ ձմռանը հյուսիսից եկող ցուրտ օդը։ Զգալի է նաև Կասպից ծովի ազդեցությունը։ Տեղանքը անհարթ է, բարձրությունների տատանումները գերազանցում են 300 մ-ը։ Հաճախ երբ բնակավայրի բարձրադիր մասերում ձմռանը ձյուն է տեղում, ապա ցածրադիր հատվածներում՝ անձրև։ Հարակից լեռնալանջերի թեքությունները, որոնք հասնում են 30-40 աստիճանների բուսածածկի հետ միասին ևս կլիմայաստեղծ ակտիվ գործոններ են։
Կլիմայական բնութագրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունվարյան բազմամյա միջին ջերմաստիճանը 0օC է, հուլիսյանը՝ 23-24 օC: Տարեկան միջին բազմամյա ջերմաստիճանը 11,5 օC: Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը դիտվել է հունվարին՝ -27 օC, իսկ բացարձակ առավելագույնը հուլիսին՝ +39օC: Տարեկան բացարձակ ջերմաստիճանի լայնույթը 66օC: Տեղումների բազմամյա միջին տարեկան քանակը 544 մմ է/նվազագույն տարեկան միջինը 380 մմ է/: Տեղումների ընդհանուր քանակի մոտ 55%֊ը գալիս է մարտ-հունիս ամիսներին, իսկ 17%֊ը՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ Ամենից տեղումնաշատ ամիսը մայիսն է, իսկ ամենից քիչ տեղումներ գալիս են դեկտեմբեր և օգոստոս ամիսներին։ Անսառնամանիք օրերի թիվը տատանվում է նվազագույնը 165-ից մինչև առավելագույնը 240 օրվա։ Ուժգին քամիներ հազվադեպ են լինում։ 15 մ/վրկ. և ավելի ուժգնությամբ քամիներ տարվա կտրվածքով կարող են դիտվել ընդամենը 2-3 օր։ Տիրապետող են հարավարևելյան և արևելյան ուղղության քամինները՝ 1-3 մ/վրկ միջին արագությամբ։
Կլիմայի հիմնական բնութագրիչներ | Հունվար | Փետրվար | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոստոս | Սեպտեմբեր | Հոկտեմբեր | Նոյեմբեր | Դեկտեմբեր | Տարեկան |
Օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանը օC | 23 | 26 | 29 | 32 | 35 | 38 | 40 | 39 | 38 | 35 | 29 | 26 | 40 |
Օդի բազմամյա միջին ջերմաստիճանը օC | 0 | 1, 6 | 5, 4 | 10, 7 | 15, 8 | 19, 6 | 23.3 | 22.7 | 18, 2 | 13 | 6.6 | 1.8 | 11.5 |
Օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը օC | -27 | -19 | -17 | -7 | -2 | 2 | 6 | 6 | -1 | -7 | -15 | -23 | -27 |
Տեղումների բազմամյա միջին քանակը
մմ |
26 | 30 | 57 | 72 | 100 | 70 | 32 | 26 | 33 | 40 | 34 | 24 | 544 |
Տարվա եղանակների հերթափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապան քաղաքը ընկած լինելով մերձարևադարձային և բարեխառն կլիմայական գոտիների սահմանագլխում ունի շատ հստակ արտահայտված տարվա եղանակների հերթափոխ։ Համառոտակի բնութագրենք այդ հերթափոխը.
- Ձմեռ-բնորոշվում է անկայուն եղանակներով։ Տեղումները հիմնականում գալիս են ձյան տեսքով, սակայն կայուն ձնածածկ չի առաջանում և այն ուղեկցվում է հալոցքներով։ Երբեմն ձյան շերտի բարձրությունը կարող է հասնել 25-50 սմ-ի, իսկ ձնածածկույթը պահպանվել՝ 3-ից 5 օր։ Ձմռանը տեղումները կարող են դիտվել նաև անձրևի տեսքով՝ կապված հարավարևմյան տաք և խոնավ օդային հոսքերի թափանցման հետ։ Սակայն հաճախ թափանցում են նաև արկտիկական չոր և սառնամանիքային օդ հյուսիսից, Սիբիրից, կամ կենտրոնական Ասիայի բարձր ճնշման մարզերից և առաջացնում բավականին ցուրտ և պարզկա եղանակներ։
- Գարուն-սկսվում է վաղ՝ փետրվարի կեսերից։ Բնորոշ են անկայուն եղանակներով։ Հաճախ են ամպամած և մառախլապատ եղանակները։ Դիտվում են ուշ գարնանային ցրտահարություններ, երբ արդեն ծաղկած են լինում ծառերը։ Ձյան տեսքով տեղումներ դիտվել են ապրիլ-մայիս ամիսներին։ Տեղումնաշատ սեզոնն է։ Երբեմն լինում են տեղատարափ անձրևներ և կարկուտ։
- Ամառ-Կապանում ամռանը շոգ է և չոր։ Երբեմն դիտվում են տեղատարափ անձրևներ, որոնք կարող են ուղեկցվել սելավային հոսքերով։ Օրինակ 1961 թվականի հուլիսի 21-ին մեկ օրվա ընթացքում տեղացել է 176 մմ տեղումներ, կամ ամբողջ տարվա տեղումների քանակի 1/3 մասը։
- Աշուն-երկարատև է՝ սեպտեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի կեսերը։ Բնորոշ են տաք եղանակները։ Երբեմն լինում են մառախուղներ և ցրտահարություններ։ Այս սեզոնին է գալիս տարեկան տեղումների մոտ 1/4-ը։ Կապանի կլիման նպաստավոր է արքայախնձորի/կորոլյոկ/, նռան, թզի, դեղձի, թթի, խաղողի մշակության համար։ Քաղաքի հյուսիսահայաց լանջերն ու գետահովիտները ծածկված են անտառներով և թփերով, որտեղ լավ աճում են ընկուզենին, տխլենին, հոննին, մոշենու թփերը։
Կապանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °F (°C) | 40 (4) |
43 (6) |
52 (11) |
64 (18) |
73 (23) |
81 (27) |
87 (31) |
87 (31) |
79 (26) |
68 (20) |
54 (12) |
44 (7) |
64.3 (18) |
Միջին ցածր °F (°C) | 26 (−3) |
28 (−2) |
35 (2) |
45 (7) |
53 (12) |
60 (16) |
66 (19) |
64 (18) |
58 (14) |
48 (9) |
38 (3) |
30 (−1) |
45.9 (7.8) |
Տեղումներ դյույմ (մմ) | 0.83 (21.1) |
0.98 (24.9) |
1.42 (36.1) |
1.93 (49) |
2.64 (67.1) |
1.65 (41.9) |
0.63 (16) |
0.71 (18) |
0.83 (21.1) |
1.34 (34) |
1.18 (30) |
0.83 (21.1) |
14.97 (380.3) |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապանի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 5-րդ դարի վերջերին։ Ըստ երևույթին, այդ ժամանակ Կապանը սովորական բնակավայր էր։ 10-րդ դարից սկսած մատենագիրների մոտ Կապանն արդեն հիշատակվում է որպես քաղաք։ Կապանը 10-րդ դարի վերջին (հավանաբար 998-1001 թվականներին) դարձել է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը։
Կապանն ուներ դիրքային մի շարք առավելություններ։ Նրա արևմտյան կողմում գտնվող Բաղաբերդ և Բաղակու քար բերդերը ապահովում էին քաղաքի անվտանգությունն արևմտյան և հյուսիսարևմտյան կողմերից։ Քաղաքի հյուսիսային կողմով անցնում է Կապան գետը, որն այդ մասում առաջացրել է խոր կիրճ՝ խիստ զառիվեր և անտառապատ լանջով, իսկ դիմացը մի քանի հարյուր մետրի հասնող ժայռ է։ Հարավային կողմով ձգվում էին Արևիքի բարձրաբերձ և ժայռոտ լեռները, որոնք անմատչելի էին դարձնում քաղաքը հարավային կողմից։ Այս է եղել պատճառը, որ քաղաքը հարավային և հյուսիսային կողմերից հարկ չի եղել պարսպապատելու։ Համեմատաբար դյուրին էր քաղաք մտնել արևելյան կողմից, այդ պատճառով էլ քաղաքի այս մասը պարսպապատված է եղել։
Արագ զարգացող Կապանը 9-րդ դարի դարի վերջին և 10-րդ դարի սկզբին վերակառուցել ու պարսպապատել է Ջվանշիր Սիսակյանի որդին՝ Ձագիկ Գ իշխանը։ X դարի վերջից դարձել է Սյունիքի իշխանանիստը, ապա՝ թագավորության մայրաքաղաքը։ 1103 թվականին սելջուկյան թուրքերը՝ Չորթմանի առաջնորդությամբ, համառ կռիվներից հետո, թափանցել են քաղաքի պարսպից ներս, սակայն, հազարավոր սպանվածներ թողնելով միջնաբերդի մոտ, ավերել են քաղաքը և նահանջել։ Հետագայում, աստիճանաբար լքվելով բնակիչներից, անշուքացել և դարձել է ավերակ։ 1103 թվականին Կապանն ավերման է ենթարկվում սելջուկների կողմից։ Այնուհետև Կապանը մի քանի դար շարունակում է իր գոյությունը, բայց արդեն իբրև ոչ քաղաք, այլ սովորական բնակավայր։ Կապանի բնակչությունը ըստ երևույթին միատարր չի եղել։ Նա ուներ հրեաների հատուկ թաղ[5]։
Կապանի մոտ գտնվող Հալիձորի բերդում տեղի են ունեցել ինքնապաշպանություններ 1720-ական թվականներին Դավիթ Բեկի մասնակցությամբ։ Վերջինիս պատվին քաղաքում դրված է մեծ արձան։
Հնամենի Կապանը 15-րդ դարի սկզբում ավերվել է, նրա անունը թուրքական աղավաղմամբ սկսեց արտասանվել Ղափան։ Այդ Ղափան անունն էլ ժառանգեց 19-րդ դարի 50-ական թվականներին այսօրվա քաղաքի տարածքում ձևավորվող նոր բնակավայրը, իսկ Հայաստանի անկախացումից հետո քաղաքը կրկին վերականգնեց իր պատմական Կապան անունը։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկին «Կատար» բնակավայրի տարածքում կանգուն է «Կատարի վանք» եկեղեցին։ Հիշարժան կառույցներից են Կատարավանք ամրոցը (X- XVIII դդ)՝ իր օժանդակ շինություններով, Կկոց Քար ամրոցը (X դ), Հալիձորի ամրոցը բազմաթիվ դամբարաններով։ 1723 թվականին Դավիթ Բեկի կողմից վերակառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Վահանավանք եկեղեցին ներկայացնում է իրենից մի վանական համալիր, իսկ Սուրբ Գրիգոր եկեղեցին աչքի է ընկնում բազմաթիվ տապանաքարերով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապանի ազգաբնակչության փոփոխությունը.[6]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1976 | 2001 | 2011 | 2016 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 196 | 2272 | 2658 | 8511 | 19315 | 36351 | 45711 | 43190 | 42600[7] | 42700 | 42600 | 42500 | 42500 | 42200 | 42100[8] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյունիքի մարզի համայնքների բյուջետային ընդհանուր եկամուտների կատարողականը, 2021 | ||||
---|---|---|---|---|
Քաջարան | 98.7 % | |||
Սիսիան | 94.4 % | |||
Տաթև | 91.5 % | |||
Տեղ | 89.8 % | |||
Գորայք | 83.5 % | |||
Գորիս | 81.7 % | |||
Մեղրի | 80.8 % | |||
Կապան | 74.6 % | |||
Աղբյուր՝ Սյունիքի մարզպետարան |
Կապանն արդյունաբերական կենտրոն է։ Տարածքը հարուստ է գունավոր մետաղների, պղնձի պաշարներով։ Հատկապես զարգացած է պղնձարդյունաբերությունը։ Ներկայումս շահագործվում է Կապանի պղնձի հանքավայրը։ Բնակչությունը զբաղվում է նաև գյուղատնտեսությամբ։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տեսարան Կապանից
-
Տեսարան Կապանից
-
Տեսարան Կապանից
-
Տեսարան Կապանից
-
Նորապսակների այգի
-
Հունան Ավետիսյանի հուշարձան
-
Ս․Մեսրոբ Մաշտոց եկեղեցի
-
Խուստուփ լեռ
-
Գարեգին Նժդեհի հուշահամալիր
-
Դավիթ Բեկի թաղամաս
-
Տեսարան Կապանից
-
Կապանի մշակույթի կենտրոն
-
Նորապսակների այգի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
- ↑ «Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2016 թ․ օգոստոս-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ Համայնքի մասին
- ↑ Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք». էջ 203-204.
- ↑ «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 107» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հուլիս-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության մշտական բնակչության թվաքանակը, էջ 5» (PDF). Վերցված է 2016 թ․ հուլիս-ին.
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ | 2020 թվականի հուլիսի 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ» (PDF).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|