Հալիձորի բերդ (Հալիձորի Սուրբ Աստվածածնի կուսանաց անապատ), հայկական ճարտարապետական համալիր ՀայաստանիՍյունիքի մարզում, Ողջի գետի աջ ափին։ Կառուցվել է XVII դարի 1-ին կեսին, որպես անապատ։ XVIII դ. Դավիթ Բեկն այն վերակառուցել է բերդի, որն իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է նրա ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։ Շրջափակված է հատակագծում անկանոն քառանկյան ձև ունեցող (տեղանքից բխող) պարսպապատով, որի հարավարևմտյան անկյունում միակ, հատակագծում շրջանաձև բուրգն է։ Մուտքերը երկուսն են՝ հարավից և հյուսիսից։ Համալիրում չափերով և տեղադրությամբ գերիշխողը եկեղեցին է (թաղածածկ դահլիճի հորինվածքով, բեմի երկու կողմում՝ ավանդատներով), որին հարավից և հյուսիսից կից են թաղածածկ, երկհարկ շինություններ (առաջին հարկերը հավանաբար գավթի դեր են կատարել)։ Ամրոցի վերակառուցման ժամանակ պաշտպանական նկատառումներով եկեղեցու և կից երկհարկ շինությունների վերին հարկի կտուրները հավասարեցվել են՝ ստացված հարթակից գրոհող թշնամուն գնդակոծելու համար։
Այստեղ ժամանակին ամրացած է լինում Դավիթ Բեկը։ Պարսից շահի զորքերը ինչքան կռվում են, չեն կարողանում գրավել։ Շուն-Ֆրանգյուլը պարսիկներին հայտնում է գետնի տակով անցնող ջրի ճանապարհը։ Թշնամին գնում, կտրում է ջուրը։ Պաշարվածները ծարավից թուլանում են։ Մի գիշեր էլ նրանք գաղտնի ճանապարհով դուրս են գալիս բերդից։ Պարսից շահը հարձակվելով գրավում է դատարկ բերդը[1][2][3][4]։
↑Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
↑Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
↑Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
↑Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 49)։