Դավիթ Բեկ (գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Բեկ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Դավիթ Բեկ | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի | ||
Շրջան | Կապանի շրջան | ||
Գյուղապետ | Բենիամին Պողոսյան | ||
Մակերես | 23.08 կմ² | ||
ԲԾՄ | 1150 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 746 մարդ (2018) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | դավիթբեկցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
| |||
Դավիթ Բեկ, նախկինում Զեյվա, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, Կապանի շրջանում, մարզկենտրոնից 28 կմ հյուսիս-արևելք, Բարգուշատի լեռների հյուսիսային ստորոտում, Քաշունի գետի հովտում։
Տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի կազմում, Կապան քաղաքից 25 կմ հյուսիս արևելք, ծովի մակարդակից 1150 մ բարձրության վրա։ Գյուղը պայմանականորեն բաժանված է մի քանի շրջանների՝ վերին, ներկին, Ենգիջյա։ Դավիթ Բեկի մոտակայքում՝ անտառի եզրին, 1700 մ բարձրության վրա գտնվում է Կարմրաքար (Ղզլդաշ) հանգստյան տունը և ամառանոցը (գործում էր ՀՍՍՀ տարիներին)։ Հանգստյան տնից 3-4 կմ հյուսիս-արևմուտք կա ավերված եկեղեցի Բերդիկ ունունով և Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բերդիկ (Բիրդիք) գյուղի ավերակները։ Կանգուն են պարիսպների խոշոր և անտառ քարերով շարված հիմնապատերը։ Ենթադրվում է, որ դա Բաղքի Անդոկաբերդն է, որն ըստ Օրբելյանի պաշտպանական դեր է կատարել 7-12-րդ դդ[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը Դավիթ Բեկ է վերանվանվել 1949 թվականին։ Ըստ որոշ հեղինակների գյուղը հիմնադրվել է 18-րդ դարում, Դավիթ Բեկի ցուցումով՝ Ղարաբաղից տեղափոխված մի քանի ընտանիքների կողմից։ Սակայն տեղացիները նշում են, որ մինչև այդ էլ արդեն եղել է Զեյվա անունով բակավայրը։ Ասյտեղ եղել է նաև մուսուլմանական կառույց (գյուղացիները կոչում են շըխ), որի տեղում մինչ այդ եղել է կարմիր եկեղեցի։ Հետագայում՝ 19-րդ դ գյուղին են միացել շրջակա Տախ, Սիսավան (Ենգիջա), Ակն, Խաթուն, Փակահան, Բաղ գյուղերի բնակիչները։ 1915 թվականին գյուղում բնակություն են հաստատել նաև Վասպուրականից ներգաղթած ընտանիքներ։ Ինչպես գյուղացիներն են պատմում, Ղարաբաղից եկել են 7 տոհմեր՝ Դերանց, Պուղուսաց, Եղիազարաց, Մելքումաց, Ակուց, Մսկամաց և Տերեցվաց, որոնք իրենց հերթին ունեն ճյուղավորումներ։
1919-1921թթ գյուղը հիմնականում շրջապատված էր թուրքերով, որոնց հետ ընդհարումներ են եղել։ 1919 թվականի աշնան վերջին Գարեգին Նժդեհը իջևանել է գյուղում և գյուղի վաշտապետ նշանակել Մոսուց Բուղդանին, որը մինչև Նժդեհի գալը տեղում գլխավորում էր պայքարը։ Առաջին ընդհարումը եղել է Աին բնակավայրում։ Այնուհետև Նժդեհը գյուղացիների հետ թուրքերին քշել են գյուղի շրջակայքից մինչև Խոջանան։
1879 թվականին Դավիթ Բեկում է ծնվել ազգային-ազատագրական և քաղաքական գործիչ, առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը։ Արամը 1750-ական թվականներին Մարտակերտի շրջանի Հիլից գյուղից այստեղ տեղափոխված ընտանիքի սերունդներից է։ Սակայն նրանց ընտանիքը գյուղից տեղափոխվում է Շուշի, երբ Արամը դեռ փոքր էր։ Ինչպես գյուղացիներն են ասում պատճառն այն էր, որ հոր մահից հետո մայրն երկրորդ անգամ է ամուսնացել։ Այդպես Հովհաննիսյանը ազգանունը փոխարինվել է Մանուկյանով։ Արամ Մանուկյանի անունն է կրում գյուղի միջնակարգ դպրեցը, իսկ Հայաստանի առաջին հանրապետության 100-րդ տարեդարձի օրը գյուղում կանգնեցվեց նրա կիսանդրին։
Գյուղը մասնակցել է նաև հայ-ադրբեջանական պատերազմին՝ ռմբակոծվելով դեռևս 1992 թվականի հունվարից, որից վնասվեցին գյուղի որոշ տներ։ Իսկ ղարաբաղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհվեց 9 գյուղացի։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դավիթ Բեկի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 | 2018 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 714 | 761 | 859 | 815 | 931 | 800 | 809 | 771 | 746 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ, սովետական տարիներին նաև ծխախոտի մշակմամբ։ 1981 թվականին գյուղում բացվել է կոշիկի «Մասիս» արտադրական միավորման Ղափանի մասնաճյուղ (գործել է ՀՍՍՀ տարիներին)։ Ոռոգման նպատակով կառուցվել է ջրամբար։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դավիթ Բեկի արևելյան կողմում կա 10-րդ դարի կիսավեր մահարձան, նույն կողմում, 3 կմ հեռավորության վրա, «Տախ» եկեղեցին է համանուն ավերակ գյուղում, որի բնակիչները Դավիթ Բեկ են տեղափոխվել 19-րդ դարում։
Գյուղի մոտակայքով անցնող Քաշունի գետի վրա 1902 թվականին գյուղի բարերար Գևորգ Եղիազարյանը կառուցեց կամուրջ։
Գյուղում կա սրբատեղի՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Այն կառուցվել է 1866 թվականից, որի տարածքում նախկինում եղել է փայտե եկեղեցի։ Սուրբ Ստեփանոսը սովետական տարիներին փակ էր և օգտագործվում էր որպես պահեստ։ Հետագայում այն վերականգնվել և բարեկարգվել է գյուղացիների ջանքերով։
Գյուղն ունի ևս մեկ սրբատեղի՝ սուրբ Գայանե եկեղեցին, որը կառուցել է գյուղացի բարերար, մոսկվայաբնակ Միրիկ Մնացականյանը։ Բարերարը եկեղեցու հարևանությամբ կառուցել է նաև հանդիսությունների սրահ։
Եկեղեցիների հարևանությամբ կանգնած է հայրենական պատերազմին մասնակցած հերոսներին նվիրված հուշաքարը։ Պատերազմին մասնակցած գյուղացիներից 106 զոհվեցին ճակատում, մնացած 140-ին տարավ ժամանակը։
2011 թվականին Գագիգ Գևորգյանի հովանավորությամբ կանգնեցվեց հուշաքար նվիրված Ղարաբաղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհվեց 9 գյուղացիների հիշատակին։
2018 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության 100-րդ տարեդարձի օրը գյուղում՝ ՀՅԴ Արամ Մանուկյան կոմիտեի նախաձեռնությամբ և ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Գևորգյանի հովանավորությամբ կանգնեցվեց Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Արամ Մանուկյանի կիսանդրին։ Մտադրություն կա Արամի հայրական բնակարանը վերանորոգել ու վերածել տուն-թանգարանի։ Ըստ Կապանի Դաշնակցության «Արամ Մանուկյան» կոմիտեի պատանեկան կազմակերպության պատասխանատու Վահագն Մովսիսյանի, Գլենդելի հայ համայնքը հանգանակություն է խոստացել՝ կառուցելու տուն-թանգարանը ու մնում է միայն լուծել հողհատկացման հարցը[3]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն։ 1988։ էջ 669
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 54»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Հուլիսի 22
- ↑ Արամ Մանուկյանի հայրենի գյուղում կկառուցվի տուն-թանգարան