Հարժիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Հարժիս
Church in Harjis.jpg
Կոորդինատներ: 39°26′00″ հս․ լ. 46°13′18″ ավ. ե. / 39.43333° հս․. լ. 46.22167° ավ. ե. / 39.43333; 46.22167
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Սյունիքի
Գյուղապետ Սուրեն Հարությունյան
Առաջին հիշատակում մ.թ.ա. 1-ին հազարամյակ
Այլ անվանումներ Յայջի
ԲԾՄ 1730 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 1013[1] մարդ
Ազգային կազմ Հայեր,
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Հարժիս (Հայաստան)
Red pog.png

Հարժիս, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, մարզկենտրոնից 79 կմ հյուսիս, Որոտան գետի ձախափնյակում։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1700-1730 մ է, hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 24 կմ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

839 թ. Հարժիսը հիշվում է Սյունյաց եպիսկոպոս Դավթի կալվածագրում՝ իբրև Տաթևի վանքին հարկատու գյուղ։ Հարժիսը մեծ գյուղ է եղել Եռաբլրի սարահարթում՝ Գորիսից Երևան տանող մայրուղուց 6 կմ հարավ։ Գյուղը արևելքից, հյուսիսից և արևմուտքից շրջապատված է հրաբխային բլուրներով և սարերով՝ Հալիձորի թափա(բլուր), Մեծ թափա, Կայծակի հարվածած (Կայծակ թխած), Շինուհայրի թափա, Քար թափա, Չոբան թափա, Շիշ թափա, Խութիսի թափա։ Գյուղից Որոտանի ձորը տանող միակ ճանապարհը ժայռի արևմտյան եզրով իջնող, հիմնականում ոտքով անցանելի ուղին է։ Գյուղացիներն զբաղվել են անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Ակտիվ առևտուր են արել Նախիջևան, Արցախ, Գարդման տանող՝ աղի նշանավոր ճանապարհով անցնողների հետ այդ ճանապարհին կառուցված քարավանատան (Կոտրած քարվանսարա) միջոցով։ Ճիշտ նման քարավանատուն կա նաև Վարդենյաց լեռնանցքում, բարվոք վիճակում։

Հարժիսից արևելք գտնվող ձորի (հեղհեղատի) ձախ կողմում հետագայում բնակություն են հաստատել թուրքերը, որոնք գարնան և ամռան ամիսներին իրենց ոչխարի հոտերով գալիս էին այդտեղ՝ սարահարթի առատ բուսականությունից օգտվելու, իսկ ձմռանն իջնում էին Որոտանի ձորը։ Սարահարթում նրանց ապրելու տարածքը կոչվում է Վերին Քիրդեր (Վերին Քուրդլար), իսկ Որոտանի կիրճում նրանց բնակավայրը կոչվում է Ներքին Քիրդեր (Ներքին Քուրդլար)։ Այստեղ «Քիրդեր» բառը կապ չունի «քուրդ» բառի հետ։ Այս ձորում Որոտանի վրայի կամուրջը անվանում են Քրդիկի կամուրջ, որը կառուցել է Սյունյաց Քուրդ իշխանը ութերորդ դարում։ Կամրջից քիչ հեռու Ալան թագավորի պալատի ավերակներն են, որտեղ մի կոտորած եկեղեցի կա, մեջը՝ տապանաքար՝ «Գեղեցկատիպ և ծաղկափթիթ Ալան....,1324»։

Վերին Քիրդերում ապրող թուրքերը աչք ունեին Հարժիսի վրա, բայց վախենում էին նրա քաջ գյուղապետից։ Մի օր երեկոյան նրան հրավիրում են հյուրասիրության, հարբեցնում և քնեցնում են իրենց մոտ։ Առավոտյան գյուղապետը դուրս է գալիս տնից, նայում Հարժիսի կողմը և տեսնում հրդեհված գյուղ, ծխացող տներ։ Գյուղապետը տեղում մահանում է սրտի կաթվածից։ Գյուղից փրկվում է միայն մի աղջիկ, որը հետագայում բնակություն է հաստատում Կապանի Հալիձոր գյուղում, և մի տղա երեխա, որին թուրքերը վաճառել էին Նախիջևանում և, որի հետքերով գնալով, Տաթևի վանքի մի հոգևորական գտնում և հետ է վերադարձնում։ Հոգևորականը տղային բերում է Տաթևի վանք։ Երեխայի անունը Ղուկաս էր։ Ղուկասը հասունանում է։ Վանքում մտածում են նրան կուսակրոն դարձնել, բայց նրան Նախիջևանից բերած հոգևորականը չի համաձայնում. -Սրա հայրենական գյուղը ամայի է, ավեր։ Սրանով կենդանացնենք գյուղը։ Սակայն նրան Հարժիսի տարածք՝ սարահարթ չեն տանում։ Ուղղաձիգ ժայռի ստորոտին կառուցում են եկեղեցի (Սուրբ Մինաս) և քարակոփ մի տուն (Համբու ղաբը) ։ Ղուկասին ամուսնացնում են տաթևացի մի աղջկա հետ, բնակեցնում այդտեղ։ Հիմնվում է նոր գյուղ՝ Յայջի անունով։ Գյուղը չէր երևում ոչ սարահարթից, ոչ էլ Որոտան գետի ափով անցնող ճանապարհից։ Դա մի բնական թաքստոց էր՝ ժամանակի հրամայականով։ Յայջին ձևավորվել է 18-րդ դարի երկրորդ կեսին՝ մոտավորապես 1770-1780 թվականներին։ 1931 թվականի երկրաշարժից ավերվել է Յայջին՝ բարեբախտաբար առանց մարդկային զոհերի։ Սովետական կառավարության օգնությամբ գյուղացիները տեղափոխվել են սարահարթ՝ նախկին Հարժիս գյուղի տարածքը, դարձյալ Յայջի անունով, բայց արդեն անվտանգ, մինչև հորիզոնը ձգվող տարածքով։ Պլանային հատակագիծ են կազմում, կառուցում բարաքներ, որոշ թվով ընտանիքների տեղավորում, բայց առանց գոմի և մարագի։ Այդ պատճառով էլ գյողացիների հետագա կառուցումների արդյունքում խախտվում է հատակագիծը։ 1968 թ. գյուղը վերանվանվել է Հարժիս։

Այժմ Հարժիսում կա 160 ընտանիք՝ 1031 բնակչով։ Ավելի քան չորս անգամ շատ հարժիսցի ընտանիքներ կան Երևանում և այլուր։ Գյուղն ունի բուժկետ, մանկապարտեզ, 1954 թվականից՝ միջնակարգ դպրոց (մինչ այդ դպրոցը յոթնամյա էր), որի շրջանավարտներից շատերը ստացել են բարձրագույն կրթություն։ Նրանց թվում կան գիտության դոկտորներ, թեկնածուներ, արտադրության կազմակերպիչներ, առաջավոր աշխատողներ մայրաքաղաքում և այլ վայրերում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2001 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 831 մարդ[2]։

Հալիձորի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1886 1922 1931 1959 1970 1979 1989 2001 2004 2008
Բնակիչ 79 419 848 1108 952 903 739 721 831 960 1013

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի Սբ. Մինաս անունով եկեղեցի։

Հարժիսը (նախկինում՝ Յայջի) Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է։ Այդ են վկայում գյուղում և շրջակայքում գտնվող քարայրերը, դամբարադաշտերը (մ.թ.ա. 1-ին հազարամյակ), գյուղատեղիները (X-XVIII դդ), եկեղեցիները, ամրոցը (X-XVIII դդ.), հին կամուրջը (XIII դար) և բազմաթիվ խաչքարերով գերեզմանոցը։ Գյուղից հարավ գտնվում է հին գյուղատեղի և Հարժիսի եկեղեցին։

Հարժիս գյուղի մոտակայքում է գտնվում 1343 թ. կառուցված Հարժիսի (Յայջիի) քարավանատունը, որը միջնադարյան Հայաստանի նմանատիպ նշանավոր կառույցներից է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]