Գարեգին Նժդեհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարեգին Նժդեհ (այլ կիրառումներ)
Գարեգին Նժդեհ
Գարեգին Առաքել Եղիշեի Տեր-Հարությունյան
հունվարի 1, 1886(1886-01-01)[1] - դեկտեմբերի 21, 1955(1955-12-21) (69 տարեկան)
ԾննդավայրՌուսական կայսրություն Կզնուտ, Նախիջևան, Երևանի նահանգ
Ռուսական կայսրություն
Մահվան վայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Վլադիմիր, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՍպիտակաոր վանք և Գերեզման Գարեգին Նժդեհի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Հայաստանի Առաջին Հանրապետություն,  Լեռնահայաստան և  ԽՍՀՄ
Կոչումսպարապետ
ՊաշտոնՀայաստանի Հանրապետության հարավային ուժերի հրամանատար
Լեռնահայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Բալկանյան պատերազմ, 1912 թ., Առաջին համաշխարհային պատերազմի ռուս-թուրքական ռազմաճակատ՝ Արևմտահայաստանի ազատագրման ռազմագործողություններ՝ 1914-1917 թթ., Անիի ճակատամարտ
Ղարաքիլիսայի ճակատամարտ
Լեռնահայաստանի պաշտպանություն, 1921 թ.
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Պարգևներ
Գեորգիվյան խաչ 2-րդ աստ.
Գեորգիվյան խաչ 2-րդ աստ.
2-րդ աստ.
Գեորգիվյան խաչ 3-րդ աստիճանի
Գեորգիվյան խաչ 3-րդ աստիճանի
3-րդ աստ.
Սուրբ Վլադիմիրի շքանաշան 3-րդ աստիճանի
Սուրբ Վլադիմիրի շքանաշան 3-րդ աստիճանի
3-րդ աստ.
Սուրբ Աննայի շքանշան 4-րդ աստիճանի
Սուրբ Աննայի շքանշան 4-րդ աստիճանի
4-րդ աստ.
Բալկանյան ժողովուրդների հերոս
ՍտորագրությունИзображение автографа

Գարեգին Նժդեհ (ի ծնե՝ Գարեգին Տեր-Հարությունյան (դաս. ուղղ.՝ Գարեգին Տէր-Յարութիւնեան) կամ՝ Գարեգին Առաքել Եղիշեի Տեր-Հարությունյան, հունվարի 1, 1886, Կզնուտ, Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 21, 1955, Վլադիմիրյան ցենտրալ բանտ, Վլադիմիրի մարզ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ցարական բանակի սպա, հայազգի ռազմական և պետական գործիչ, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, իմաստասեր Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ։ Լեռնահայաստանի Հանրապետության առաջնորդ, թուրքական և բոլշևիկյան զինված ուժերի դեմ ռազմական գործողությունների հրամանատար։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին[2][3] Ռուսական կայսրությունում՝ Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ գյուղում։ Նժդեհը Եղիշե Տեր-Հարությունյանի և Տիրուհի Գյուլնազարյանի ընտանիքի չորրորդ զավակն էր։ Եղբոր անունը Լևոն էր։ Մանուկ հասակում կորցրել է հորը (հայրը՝ Եղիշեն, գյուղի քահանան էր) և մնացել մոր՝ Տիրուհու խնամքին։ Ընտանիքում եղել են չորս երեխա, Նժդեհը փոքրն էր։ 1919 թվականին Նժդեհը ամուսնանում է Գոհարիկ Դադայանի հետ։ Գոհարիկ Դադայանը աղի հանքերի տեր Պողոս Մելիք-Դադայանի դուստրն էր։ Գոհարիկ Մելիք-Դադայանը սովորել է Երեւանի Օրիորդաց վարժարանում։ 1920 թվականին ունենում են դուստր և անունը դնում Լիլիյա։ Հայաստանից հեռանալուց հետո Բուլղարիայում Նժդեհը ամուսնանում է երկրորդ անգամ Էփիմե անունով մի հայուհու հետ, 1922 թվականին ունենում զավակ՝ Վրեժ անունով։ Այլ երեխաներ չի ունեցել։

Սկզբնական կրթությունը ստացել է տեղի ծխական հայկական դպրոցում, որի փակվելուց հետո՝ Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել է Թիֆլիսի առաջին գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ՝ 17 տարեկան հասակից, միացել է հայ ազատագրական շարժմանը։ 1903 թվականին գիմնազիան ավարտելուց հետո գիմնազիայի ուղեգրով ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական բաժին և ուսանել է երկու տարի։ 1905 թվականին թողել է ուսումը և ամբողջովին նվիրվել ազատագրական շարժմանն ընդդեմ ցարիզմի ու սուլթանականության։ 1906 թվականին Ռոստոմի՝ Ստեփան Զորյանի օժանդակությամբ մեկնել է Բուլղարիա։ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման հայազգի ղեկավարների' Մուցիկի և Գագոյի միջնորդությամբ ընդունվել է Սոֆիայի սպայական դպրոցը։ Այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թվականին ստացել է ենթասպայի կոչում և վերադարձել է Հայաստան։

Զինվորական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նժդեհը 1900-ական թվականներին

1907 թվականին մտել է ՀՅԴ շարքերը և մասնակցություն ունեցել պարսկական հեղափոխական շարժման մեջ։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադարձել է Կովկաս և ձերբակալվել ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի՝ մեկնել է Բուլղարիա։

1912 թվականին, երբ սկսվել է Առաջին Բալկանյան պատերազմը, հայերի՝ Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության) բուլղարական բանակի կազմում ստեղծել է կամավորական վաշտ, որի հրամանատարն էր Անդրանիկ Օզանյանը, իսկ տեղակալը՝ Գարեգին Նժդեհը։ Նժդեհը այդ պատերազմի ժամանակ վիրավորվել է։ Հայկական վաշտը, աչքի ընկնելով մի շարք հաղթական մարտերով, հրաժարվել է մասնակցել Բալկանյան Երկրորդ պատերազմին (քանի որ այն վերածվել էր բալկանյան ժողովուրդների ներքին կռիվների, որն ի դեպ շատ «շահավետ» էր թուրքերի համար)։ Այդ կռիվների ժամանակ Նժդեհը վիրավորվել է, պարգևատրվել է շքերթային սրով, ստացել է ավագ սպայի (поручик) կոչում։ Զորացրվել է 1913 թվականին։

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադարձել է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։

1914 թվականին նշանակվել է կամավորական 2-րդ գնդի հրամանատար Դրոյի (Դրաստամատ Կանայան) տեղակալ։

1915 թվականի ապրիլին Նժդեհը Անդրանիկ Օզանյանի հայկական կամավորական ջոկատների կազմում մասնակցել է Դիլումնի ճակատամարտին, որը ղեկավարում էր հայկական կորպուսի հրամանատար գեներալ Թովմաս Նազարբեկյանը։

Ռուսատանի կայսեր 1915 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ, բանակի գլխավոր շտաբի 1915 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 563 հրամանով, ռազմական նախարար, զորքերի գեներալ Ա․Պոլիվանովի և գլխավոր շտաբի հերթապահ գեներալ-մայոր Ա․ Արխանգելսկու ստորագրությամբ սահմանվել է հրամանատարների կողմից տեղում կոչումներ շնորհելու պայմանները և կարգը։

Հայկական IV-րդ կորպուսի հրամանատար գեներալ Թովմաս Նազարբեկյանը ի կատար է ընդունել բանակի գլխավոր շտաբի հոկտեմբերի 25-ի թիվ 563 հրամանը և Դիլմունի ճակատամարտում օսմանյան բանակի դեմ տարած փայլուն հաղթանակի, բարձր կազմակերպչական ունակությունների համար 1915 թվականի նոյեմբերին սպա Գարեգին Տեր-Հարությունյանին՝ Նժդեհին, արժանացրել է ցարական բանակի կապիտանի կոչմանը։

1916 թվականին կամավորական 2-րդ գունդը լուծարվել է, և Նժդեհը իր ջոկատով անցել է Ալեքսանդրապոլ ու միացել Վան-Կոխպի ռազմաճակատի հատվածի հրամանատար գեներալ Թ․ Նազարբեկյանի IV կորպուսին։

1916-1917 թվականին օսմանյան բանակի դեմ տարած հաղթանակների, Կոխպի հայությանը փրկելու և անձնազոհության համար կապիտան Նժդեհը Թովմաս Նազարբեկյանի հրամանագերով արժանացել է Գեորգեւյան ոսկե խաչի 2-րդ և Գեորգեւյան արծաթե խաչի 3-րդ աստիճանի պարգևներին։ Այս պարգևները տրվում էին մարտում ցուցաբերած անձնազոհության համար։

1918 թվականի ապրիլին գեներալ Նազարբեկյանի IV կորպուսի կազմում որպես հայ-եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար կապիտան Նժդեհը վարել է Կարսի մարզի Ալաջա (հնում՝ Արջո–Առիճ) լեռան և Անիի հարակից տարածքների կռիվները օսմանա-թուրքական ջոկատների դեմ և ապահովել է հայկական զորամասերի անվտանգ նահանջը Կարսից դեպի Ալեքսանդրապոլ։ Նժդեհին հաջողվել է նաև Նիկողայոս Մառի կողմից Անիում պեղված որոշ արժեքավոր նյութեր և իրեր իր հետ տեղափոխել Ալեքսադրապոլ։

Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ՝ Նժդեհը իր խմբով նահանջել է Վանաձոր (Ղարաքիլիսա)։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Ղարաքիլիսայի եռօրյա հերոսամարտով հայությունը հաստատել է իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Ղարաքիլիսայում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է Նժդեհը) արժանացել է ամենաբարձր՝ քաջության շքանշանի։

1918 թվականի նոյեմբերին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով կապիտան Գարեգին Նժդեհը նշանակվում է Նախիջևանի զինորական ղեկավար։Դեկտեմբեր ամսին կապիտան Գարեգին Նժդեհը Նախիջևանում ստանձնում է իր պարտավորությունները։

Հայաստանի Առաջին Հանրապետություն և Լեռնահայաստանի Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Նժդեհը (նստած կենտրոնում) իր ջոկատով

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո՝ 1918 թվականի վերջին, Նժդեհը Հայաստանի կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թվականի օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։

Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվել վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությունը, Նժդեհը մերժել է այն, և, փոխարենը, սրբել է ու տեղահանել գավառի թուրքական բնակավայրերը։ Ըստ 1920 թվականի օգոստոսին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարի՝ Զանգերզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին կարմիր բանակի կողմից։ Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացել և գործի է դրել Դավիթբեկյան ուխտերը։ 1920 թվականի օգոստոսի 25-ին Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում Նժդեհի զինվորները ուխտ են արել Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։ Անհավասար մարտեր մղելով գերակշիռ 11-րդ կարմիր բանակի դեմ մինչև 1921 թվականը, նա լքել է Զանգեզուրը իշխանությունների կողմից երաշխիք ստանալուց հետո միայն, ըստ որի Սյունիքը մնալու էր Հայաստանի կազմում։ 1921 թվականին Նժդեհն իր զինակիցներով անցել է Պարսկաստան։ Այնտեղ մնալով 4 ամիս, նա շուտով հեռացել է Բուլղարիա։

«Ցեղակրոն» շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում Նժդեհը ձեռնամուխ է եղել Դաշնակցության դիրքերի ամրապնդմանը, ինչպես նաև Ցեղակրոն շարժման ծավալմանը՝ երկրի հայաշատ վայրերում Ցեղակրոն Ուխտեր հիմնելով։

1935 թվականին նա լույս է ընծայել «Ամերիկահայությունը - Ցեղը և իր տականքը» աշխատությունը, միաժամանակ նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոն շարժումը և այն դարձնել համագաղութային։

1937 թվականին Նժդեհը հայտարարել է Դաշնակցությունից հեռանալու մասին որոշումը։ 1938 թվականին, Կահիրեում գումարված ՀՅԴ 13-րդ Ընդհանուր ժողովը Նժդեհին կուսակցության շարքերից արտաքսելու մասին վճիռ է կայացրել։

1937 թվականին, Հայկ Ասատրյանի հետ, որը նույնպես հեռացել էր Դաշնակցությունից, Պլովդիվում սկսել են հրատարակել «Ռազմիկ» ազգայնական թերթը։

1937 թվականին Սոֆիայում լույս է տեսել Նժդեհի «Իմ պատասխանը» ուսումնասիրությունը՝ նվիրված Սյունիքի հերոսամարտին։

Այդ տարիներին Նժդեհի համար վերստին կարևորվել և հրատապ է դարձել հայությանը մոտեցող պատերազմին հոգեբանորեն նախապատրաստելու և նոր բարոյականով սպառազինելու խնդիրը։ Այդ նպատակով 1937-1938 թվականներին Հայկ Ասատրյանի, Ներսես Աստվածատուրյանի և այլոց հետ նախաձեռնում է Տարոնական շարժումը։

1938-1939 թվականներին լույս է տեսել շարժման «Տարոնի Արծիվ» պաշտոնաթերթը։

Ձերբակալություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նժդեհի գերեզմանը Վլադիմիրում, Ռուսաստան

Նժդեհն իր մասնակցությունն է բերել 1942 թվականի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված ու մինչև 1943 թվականի վերջը գործած Հայ Ազգային խորհրդի աշխատանքներին (խորհրդի նախագահն էր Արտաշես Աբեղյանը), որի օրգան «Ազատ Հայաստան»-ի փոխխմբագիրն էր (խմբագիր՝ Աբրահամ Գյուլխանդանյան

1944 թվականի սեպտեմբերին խորհրդային զորքերը մտել են Բուլղարիա։

Գիտեմ թե ինչ է սպասվում ինձ, բայց և այնպես որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիություն ունեմ օդանավով ինձ նետելու Վիեննա։ Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկվեն մեր կազմակերպությունները («Բուլղարիայի Ցեղակրոն Ուխտերը»)։ Մնալու ավելի լուրջ պատճառներ ունեմ... Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին...։
- Նժդեհ, 1944 թվականի սեպտեմբեր, ձերբակալությունից քիչ առաջ

Կասկածվելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ՝ 1944 թվականի հոկտեմբերի վերջերին խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվել է։ Նրան տեղափոխել են Բուխարեստ, իսկ այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկել Լյուբյանկա բանտում։ 1946 թվականի նոյեմբերին Նժդեհին Մոսկվայից ուղարկել են Երևան, ուր դատաքննությունը ավարտվել է 1948 թվականին. Նժդեհը դատապարտվել է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944 թվականից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին)։

Նժդեհի ձերբակալությունից հետո, ընտանիքը (կինը և զավակը) Սոֆիայից աքսորվել է Բուլղարիայի Պավլիկենի քաղաքը։

Գարեգին Նժդեհի գերեզմանը

1947 թվականին Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկել է հանդուգն մի ծրագիր. սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ «Հայկական իռեդենտա», որի նպատակը պետք է լիներ Արևմտյան Հայաստանի ազատագրումը և նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին։ Առաջարկության մեջ Նժդեհը հանգամանալից անդրադարձել է այդ կազմակերպության ստեղծման՝ պատմականորեն թելադրված անհրաժեշտությանը, նրա ապագա գործունեության ձևերին, կառուցվածքին և այլն։ Թեև Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրել էր խորհրդային ղեկավարներին և մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվել է։

1948-1952 թվականներին Նժդեհը գտնվել է Վլադիմիրի բանտում, այնուհետև՝ մինչև 1953 թվականի ամռանը՝ Երևանի բանտում։ Նժդեհին երկրորդ անգամ Երևան բերելը, ինչպես վկայում է նրա բանտակից Հովհաննես Դևեջյանը, պայմանավորված է եղել նրանով, որ Նժդեհը դիմում էր գրել խորհրդային ղեկավարությանը՝ առաջարկելով իր միջնորդությունը Դաշնակցության և խորհրդային իշխանության միջև հասկացողություն և գործակցություն ստեղծելու համար։ Այս խնդրի շուրջ երկար խոսակցություններ են տեղի ունեցել Հայաստանի անվտանգության նախարարի հետ, որոնց արդյունքում 1953 թվականին Նժդեհն ու Դևեջյանը Երևանի բանտից համատեղ նամակ են գրել Ս. Վրացյանին (որն այդ ժամանակ Դաշնակցության հետախուզական դպրոցի տնօրենն էր)՝ հորդորելով նրան մերձենալ ռուսներին հակաթուրքական հողի վրա։ Սակայն Մոսկվայում նպատակահարմար չեն համարել նամակն ուղարկելը և այն մնացել է որպես միայն փաստաթուղթ։

Այնուհետև Նժդեհին նորից տեղափոխել են Վլադիմիր, ուր և նա մահացել է 1955 թվականի դեկտեմբերի 21-ին։

Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին՝ եղբայրը՝ Լևոն Տեր-Հարությունյանը, Երևանից շտապ մեկնել է Վլադիմիր։ Նրան են հանձնել եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ։ Թույլ չի տրվել նաև մարմինը տեղափոխել Հայաստան։ Լևոնը կատարել է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տվել ու տախտակի վրա պատվիրել է ռուսերենով գրել՝ Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)։

Իր մահից տասնամյակներ անց՝ 1992 թվականի մարտի 30-ին, Նժդեհն անկախ Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից արդարացվել է, որի կարիքը երբեք էլ չի զգացել։

Հականժդեհյան քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական քաղաքականությունն ընդդեմ Նժդեհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական միջավայրի համար Նժդեհը բավականին ոչ միանշանակ ընկալվող կերպար է, ռուսական որոշ ուժեր նրան ներկայացնում են որպես «ֆաշիստ»[4]։

2016 թվականի մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության 98-ամյակի առթիվ Երևանում բացվել է Գարեգին Նժդեհի արձանը, ինչին հաջորդել են ռուսական լրատվամիջոցների քննադատական ելույթները. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Մոսկվան զարմացած է Երևանում ֆաշիստական գեներալի արձանի տեղադրմամբ»։

Ադրբեջանական քաղաքականությունն ընդդեմ Նժդեհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակահայկական քարոզչության մեջ Ադրբեջանի վարած քաղաքականության համար առանձնահատուկ կարևորություն ունի Գարեգին Նժդեհի դեմ արշավը[4]։

Հայկական որոշ ուժերի քաղաքականությունն ընդդեմ Նժդեհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի որոշ քաղաքական գործիչներ և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Գարեգին Նժդեհին համարում են «ֆաշիստ»։ Այդպիսի գործիչներից է Նիկոլ Փաշինյանի կառավարության ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը[4][5][6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Պարգև Տարի
Բուլղարիա Բուլղարիայի Թագավորություն Արիության շքանշան Արիության համար 16 նոյեմբերի, 1912
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն Սուրբ Վլադիմիր շքանշան 3 կարգի 1915, 1918
Սուրբ Աննա շքանշան 4 կարգի 1915
Սուրբ Գևորգի խաչ 3 կարգի 1916
Սուրբ Գևորգի խաչ 2 կարգի 1916

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Նժդեհը հեղինակել է բազմաթիվ գրքեր, որոնք հետագայում վերատպվել են։ Տարբեր հեղինակների

կողմից Գարեգին Նժդեհին և նրա գործունեությանն են նվիրված բազմաթիվ գրքեր։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին լինելով Բուխարեստում՝ Նժդեհը տեղի «Նոր Արշալույս» թերթում հանդես է եկել «Իմ խոսքը - Թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ» հոդվածաշարով։ Այդ տարիներին Նժդեհը հանգամանալից անդրադարձել է Սյունիքի կռիվների պատմությանը՝ 1923-1925 թվականներին ընդարձակ հոդվածաշարով հանդես գալով Բոստոնի «Հայրենիք» ամսագրում։

1924-1925 թվականներին նա հրապարակումներ է ունեցել Պլովդիվում լույս տեսնող «Հայաստան» դաշնակցական թերթում։ Մասնավորապես, 1924 թվականին այստեղ տպագրվել են առանձին գլուխներ նրա «Էջեր իմ օրագրեն»-ից, որը նույն տարի լույս է տեսել առանձին գրքույկով, Կահիրեում։

1926 թվականին Նժդեհը սկսել է հանդես գալ Սոֆիայում լույս տեսնող «Արաքս» թերթում, ուր տպագրել է նրա «Բաց նամակներ հայ մտավորականությանը» շարքը։

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավոյի (Ավետիս Թումանյան) հեղինակած «Նժդեհ» գրքի շապիկը
Գարեգին Նժդեհի «Հավատամք» գրքի շապիկը
  • Դաշնակցութեան պանթէոնը, Ալեքսանդրապոլ, 1917։
  • Զորաշարժային կանոնադրութիւն, Երևան, 1918։
  • Խուստուփեան կանչեր, Գորիս, 1921։
  • Էջեր իմ օրագրէն, Գահիրէ, 1924։
  • Որդիների պայքարը հայրերի դէմ, Սալոնիկ, 1927։
  • Բաց նամակ հայ մտաւորականութեան, Պէյրութ, 1929։
  • Ցեղի ոգու շարժը, Սօֆիա, 1932։
  • Ամերիկահայութիւնը. ցեղը և իր տականքը, Սօֆիա, 1935։
  • Իմ պատասխանը, Սօֆիա, 1937։
  • Բանտային գրառումներ, Երևան, 1993։
  • Զորաշարժային կանոնադրություն։ Խուստուփյան կանչեր, Երևան, 1993, 56 էջ։
  • Էջեր իմ օրագրեն։ Բաց նամակ հայ մտավորականության։ Որդիների պայքարը հայրերի դեմ, Երևան, 1998, 160 էջ։
  • Ցեղակրոնության ուխտ, Երևան, 1998, 16 էջ։
  • Ցեղի հավիտենական զենքը, Երևան, 1998, 87 էջ։
  • Ազատ Սիւնիք, Պէյրութ, 1999, 176 էջ։
  • Լեռնահայաստանի գոյամարտը, Պէյրութ, 1999, 44 էջ։
  • Ցեղի արթնություն, Երևան, 1999, 36 էջ։
  • Ամերիկահայությունը՝ ցեղը և իր տականքը, Երևան, 2000։
  • Ցեղի ոգու շարժը, Երևան, 2000։
  • Ցեղի ոգու շարժը։ Ամերիկահայությունը՝ ցեղը և իր տականքը, Երևան, 2000, 118 էջ։
  • Ցեղակրօնութիւնն իբր յաղթանակի զօրոյթ։ Ցեղային արթնութիւն։ Ինչ է ցեղակրօնութիւնը, Երևան, 2001, 48 էջ։
  • Հատընտիր, Երևան, 2001, 405 էջ։
  • Էջեր իմ օրագրեն։ Բաց նամակ հայ մտավորականության, Երևան, 2002, 52 էջ։
  • Երկեր, հատ. 1, Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., 2002, 532 էջ։
  • Երկեր, հատ. 2, Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., 2002, 504 էջ։
  • Նամականի (1920-1921), Երևան, 2002, 48 էջ։
  • Նորահայտ մասունքներ, Երևան, 2002, 20 էջ։
  • Մեծ գաղափար (նորահայտ մասունքներ), Երևան, 2003, 80 էջ։
  • Որդիների պայքարը հայրերի դէմ, Պէյրութ, 2005, 127 էջ։
  • Հատընտիր /երկրորդ լրացված հրատարակություն/, Երևան, 2006, 706 էջ։
  • Բաց նամակ Մայքլ Արլենին, Լոս-Անջելես, 2008։
  • Հայ ռազմիկին (Հաղթելու արվեստը), Երևան, 2010, 64 էջ։
  • Աշխարհայեցողություն, Երևան, 2011, 28 էջ։
  • Նորահայտ նամակներ, Երևան, 2011։
  • Գրական երկեր, Երևան, 2012, 216 էջ։
  • Բանտային կյանք։ Նամակներ։ Գրառումներ, Երևան, 2016, 187 էջ։
  • Որդիների պայքարը հայրերի դեմ, Երևան, 2020թ․, Նժդեհ Ռահվիրա հրատարակչություն։
  • Հիշի'ր պատերազմը։ Խուստուփյան կանչեր, Երևան, 2017 (2020,2024) 148 էջ, Նժդեհ Ռահվիրա հրատարակչություն։
  • Էջեր իմ օրագրեն։ Բաց նամակ հայ մտավորականության, Երևան, 2020 թ․, Նժդեհ Ռահվիրա հրատարակչություն։
  • Բանտային գրառումներ, Երևան, 2020թ․, Նժդեհ Ռահվիրա հրատարակչություն։
  • Ցեղակրոնություն, Երևան, 2020թ․, Նժդեհ Ռահվիրա հրատարակչություն։
  • Ասույթներ,ՄԱՍ Ա, Երևան, 2020թ․, Նժդեհ Ռահվիրա հրատարակչություն։
  • Ինչու պայքարեց Լեռնահայաստանը, Երևան, 2022թ․, ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆ ԳՐՔԱՇԱՐ, ՄԱՍ Ա, Նժդեհ Ռահվիրա հրատարակչություն։
  • Ազատ Սյունիք․ Երևան,2023,ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆ ԳՐՔԱՇԱՐ, ՄԱՍ Բ, Նժդեհ Ռահվիրա հրատարակչություն։
  • Garegin Nzhdeh Quotes, Yerevan,2024, Նժդեհ Ռահվիրա հրատարակչություն։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Նժդեհին նվիրված հուշակոթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Նժդեհի հավերժացումը հասարակական մակարդակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «ԱՐՏԱՎԱԶԴ (Օ․ ԶԱՐՄՈՒՆԻ), ԶՕՐ․ Գ․ ՆԺԴԵՀ (Մարդը եւ Մարտիկը), ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ՀԱՅՐԵՆԻՔ» մատենաշար, թիվ 16, «ՀԱՅՐԵՆԻՔ» ակումբ, Երեւան, 2008, էջ 215-238։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  3. Երեք փաստաթուղթ Գարեգին Նժդեհի 1914-1917 թթ. գործունեության մասին (ծննդյան 115-ամյակի առթիվ)։ Պատմա-բանասիրական հանդես, թիվ 1, 2001. էջ 250-255։
    Այս աղբյուրում ծննդյան օրը նշված է «20 հունվարի 1886 թ․», սակայն վստահելի է համարվում վերը նշված Օնիկ Զարմունիի գիրքը։
  4. 4,0 4,1 4,2 «Փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ու ադրբեջանցիները նույն բանն են ուզում» հոդված politik.am լրատվական կայքում, (արխիվացված 31․12․2021թ․):
  5. «ԿԳՄՍ փոխնախարարի համար, ով ի դեպ, նաև Պետրոս Ղազարյանի կինն է, Նժդեհը ֆաշիստ է, իսկ Թուրքիան կայսրություն, որի հետ պետք է ապրել» հոդված hayeli.am լրատվական կայքում, (արխիվացված 31․12․2021թ․):
  6. «Ես որպես հայ մարդ արգելում եմ Գարեգին Նժդեհի մասին խոսել ինչ– որ մի ֆաշիստական ակնարկով» հոդված news.am լրատվական կայքում, (արխիվացված 31․12․2021թ․):
  7. Երևան քաղաքի քաղաքային նշանակության փողոցների ցանկ
  8. Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվեց. բացումը կլինի մայիսի 28-ին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գարեգին Նժդեհ հոդվածին
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Գարեգին Նժդեհ
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Նժդեհ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Նժդեհ» հոդվածին։