Արթիկ, քաղաք ՀայաստանիՇիրակի մարզում՝ մարզկենտրոնից 20 կմ հարավ-արևելք՝ 105 կմ դեպի հյուսիս-արևմուտք Երևանից։ Գտնվում է Արագած լեռան հյուսիսարևմտյան լանջին։ Քաղաքով անցնում է Մարալիկ-Արթիկ-Գյումրի երկաթուղին։ Տվյալ պահին երկաթուղու շահագործման կարգավիճակը անհայտ է։ Ավտոմոբիլային ճանապարհներով կապված է Երևան-Գյումրի, Գյումրի-Ապարան խճուղիների հետ։ Հարուստ է հրաբխային ծագում ունեցող շինանյութերով (տուֆ, պեմզա, բազալտ, խարամ)։
Քաղաքում գործում են «Արթիկտուֆ» կոմբինատը (1927 թ.) և արդյունաբերական այլ ձեռնարկություններ։ Տնտեսության կարևոր ճյուղերից է գյուղատնտեսությունը։ Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ և անասնաբուծությամբ։
Արթիկի շրջակայքը հարուստ է հայկական մշակույթի հուշարձաններով։ Հայտնաբերվել են դամբարանադաշտեր, կավանոթների, զարդերի, զենքերի հնագույն նմուշներ (մ.թ.ա. XIV - IX դարեր)։
Քաղաքն ունի Սուրբ Գևորգ կամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (VI դար), Սուրբ Աստվածածին (Սուրբ Մարինե, V դար), Սուրբ Ստեփանոս (Լմբատավանք, VI-VII դարեր) եկեղեցիները։ Քաղաքը հարուստ է միջնադարյան ժողովրդական ճարտարապետության նմուշներով՝ տուֆաշեն հսկայական ջրատար խողովակներով, ջրաղացների, գմբեթածածկ բնակելի տներով։