Հովտաշեն (Շիրակի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովտաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Հովտաշեն | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Մակերես | 3.9 կմ² | |
ԲԾՄ | 1600 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 298[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 244[2] | |
|
Հովտաշեն (նախկին անվանումը` Ղութնիղշլաղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 20 կմ հարավ-արևելք, Մանթաշ գետի աջ ափին։ Վերանվանվել է Հովտաշեն 1948 թ. հուլիսի 15-ին[3]։
Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախկին անվան՝ Ղութնիղշլաղի բառակազմավորման ծագումնաբանական առումով բնորոշիչ տարրն է կազմում "ղութնի" բառը, որը յուրահատուկ է Սասնա բարբառին։ "Ղութնի" բառը նշանակում է "մետաքս" միայն Սասնա բարբառում, Արևմտահայաստանի այլ բարբառներում, այդ թվում նաև Կարսին բնորոշ Կարնո (Էրզրումի) բարբառում, հայերեն "մետաքս" բառի փոխարեն օգտագործվում են նաև ուրիշ այլալեզու անվանումներ՝ "խաս", "աբրեշում", "ղումաշ" (ռուս. - "ատլաս")։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այժմյան Հովտաշեն գյուղը հիմնադրվել է 1829 թ. ռուս-թուրքական պատերազմից հետո Էրզրումի նահանգից, ինչպես նաև Կարսից և շրջակա գյուղերից գաղթած հայերի կողմից։ XIX դարի վերջին քառորդից մինչև 1948 թ.-ը հայտնի է եղել Ղութնիղշլաղ անվամբ։
Գյուղի բնակեցման երկրորդ ալիքը տեղի է ունեցել 1877-1878 թ. ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ 1877 թ.-ին Բիթլիսի նահանգի Սասուն գավառի Քաղկիկ բերդաքաղաքից (Ծմակ, Սասունի բերդ, Դավթի բերդ) Մելքոն Դիլանյանցի գլխավորությամբ հարյուր սասունցի ընտանիք տեղափոխվել է՝ սկզբից մերձակա Մշո գավառի Խասգյուղ և հետագայում Կարսի մոտակայքում գտնվող Բերնա գյուղ - դեպի ռազմաճակատի գիծ՝ հայազգի ռուս գեներալներ Միքայել Լորիս-Մելիքովի և Արզաս Տեր-Ղուկասովի հրամանատարության ներքո գործող ռուսական բանակին ընդառաջ։
Մելքոն Դիլանյանցը, իր հովանավորության տակ գտնվող Սասունից տեղափոխված հարյուր ընտանիքից հավաքագրելով մեկական տղամարդ, իր ոչ կանոնավոր հարյուրակով մտնում է ռուսական Կուբանի կազակական զորքի Երկրորդ Խոպերյան գնդի կազմի մեջ՝ որպես կազակական միլիցիա ("միլիցիա" են կոչվել կազակներին աջակցող տեղաբնակ կամավորներից կազմված, կազակական զորքին բնորոշ զգեստի, զենքի ու ռազմարվեստի չափանիշներով ղեկավարվող ոչ կանոնավոր հեծելազորային կազմավորումները), ընտանիքների մնացյալ մասը տեղավորելով մարտադաշտերից հեռու գտնվող Շիրակի լեռնային մասում պատսպարված, այժմ Հովտաշեն կոչվող գյուղում։
Պատերազմից հետո Գեորգիյան ասպետ հարյուրապետ Մելքոն Դիլանյանցը Բայազետի և Կարսի ազատագրմանը մասնակցելու համար ստանում է անհատական ազնվականություն և նշանակվում Շիրակի "Ուեզդնի նաչալնիկ" ( հայերեն - "գավառի պետ, գավառապետ") պաշտոնին, որի իրավազորության շրջանակը այն ժամանակ միավորում էր շրջանային դատախազի և զինվորական կոմիսարի գործառույթները։ Շիրակում այդ պաշտոնը ժողովրդական լեզվով կոչվել է "գլավնի" (հայերեն - "գլխավոր"), իսկ Սասնա ծագում ունեցող հարյուրապետ Դիլանյանցը ժողովրդի շրջանում հայտնի է դառնում (Յուզբաշի/թուրք.-ից - "հարյուրապետ") Մելքոն" մականունով։ Արմատներով սասունցի Յուզբաշի Մելքոնից է ծագում Արթիկի շրջանում հայտնի Յուզբաշյանների տոհմը։ Յուզբաշի Մելքոնի ժառանգներից է գեներալ-մայոր, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը[4]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Հովտաշենի մշտական և առկա բնակչությունը կազմել են 294 մարդ[5]։ Գյուղը 1830 թ.-ին հիմնել են Կարսից գաղթածները։ Այդ ժամանակվանից մինչ օրս բնակիչները գրեթե ամբողջությամբ հայեր են[6]։ Հովտաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովտաշենում կան եկեղեցի և XVII դարի Սբ. Մինաս մատուռ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 448
- ↑ Гайк С. Котанджян ”Этнополитология конфликта. Основы военной политики и национальной безопасности Армении”. Ер., ИНСИ МО РА, 2010
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 759.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հովտաշեն գյուղի էջը CAA կայքում Archived 2011-08-20 at the Wayback Machine.
- Հովտաշեն գյուղի մասին Armeniapedia.org կայքում