Ազատան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Ազատան գյուղ.JPG
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես3,8 կմ²
ԲԾՄ1490 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն5017 մարդ (2013)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ կաթողիկե եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի
Տեղաբնականունազատանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 312[1]
##Ազատան (Հայաստան)
Red pog.png

Ազատան, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Մանթաշ գետի աջ ափին։ Գտնվում է մարզկենտրոնից՝ 8 կմ հարավ, մայրաքաղաքից 110 կմ հեռավորության վրա,բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1490 մ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում ունեցել է Գալդեմա, Գանդմա, Խըլի Ղարաքիլիսա, Խլի Ղարաքիլիսա, Խլի Ղարաքիլիսա Ներքին, Խլի Ղարաքիլիսա, Փոքր Ղարաքիլիսա անվանումները։ Ազատան է վերանվանվել 1945 թվականին։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խլի Ղարաքիլիսա անվան վերաբերյալ գոյություն ունի հետևյալ ժողողվրդական ստուգաբանությունը։ V-[VI դար]]երում գյուղում կառուցված եկեղեցու զանգն այնքան մեծ և հնչեղ է լինում, որ տագնապի ժամին հնչեցնելիս դրա ղողանջները տարածվում են ողջ Շիրակով մեկ` հասնում Կարս և Անի։ Երբ պարսից Նադիր շահը հայտնվում է Շիրակի կողմերում, հրամայում է իջեցնել զանգը և տեղափոխել այն Իրան։ Ճանապարհին զանգը սայլից շրջվում, գլորվում է բլուրն ի վար և խրվում է Կարկաչան գետի ճահիճների մեջ ու հավիտյան լռում` հսկա երախը պարզած դեպի երկինք։ Մի գիշեր գյուղի բնակիչները քահանայի խորհրդով պոկում են զանգի լեզվակը և թաքցնում՝ համարելով այն ժողովրդի գոյատևման խորհրդանշան։ Զանգի մասին պատմում են, որ այդ կողմերով անցնող յուրաքանչյուր անցորդ մի-մի քար է նետում նրա երախը նրա արձակված անսովոր ձայնը լսելու համար։ Եվ այսպես քարերից աստիճանաբար ծանրանալով՝ հսկա զանգը խրվում է ճահճուտի մեջ ու անհետանում։ Այս դեպքից հետո Ղարաքիլիսա գյուղի անվան վրա ավելանում է "Խլի" (խուլ) մասնիկը, դառնալով` Խլի Ղարաքիլիսա, այսինքն` խուլ կամ խլացած Ղարաքիլիսա։ Ղարաքիլիսա թուրքերեն բառ է և նշանակում սև եկեղեցի։ Այսպես են կոչել գյուղը այն պատճառով, որ նրա` կարմիր քարով կառուցված եկեղեցու եզրաքարերը եղել են սև։ Զանգի լեզվակը ներկայումս պահվում է գյուղի Սբ. Ստեփանոս հայ առաքելական եկեղեցում։ Այն ունի 1 մ 37 սմ երկարություն և կշռում է 72 կգ։ Խլի Ղարաքիլիսան ավելի ուշ կոչվեց նաև Փոքր Ղարաքիլիսա՝ տարբերելու համար Փամբակի Ղարաքիլիսայից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատան գյուղը Շիրակի լեռնահովտի ամենախոշոր և խիտ բնակեցված բնակավայր է եղել դեռևս XIX դարի սկզբից։ Գյուղի մոտ 1804 թվականին տեղի են ունեցել ռուս-պարսկական խոշոր բախումներ։ 1826 թվականին Խլի Ղարաքիլիսայում տեղի է ունեցել ահեղ ճակատամարտ պարսկական զորամիավորումների և գյուղի ազգաբնակչության միջև։ Պարսից շահ Հասան Խանը գյուղի վրա գրոհել է երկու ուղղություններով։ Գյուղի պաշտպանները թշնամու դեմ են հանել 500 հոգի, որոնք 120 ժամ շարունակ դիմադրություն են ցույց տվել հակառակորդին։ Սակայն հերոսական պաշտպանություն ցուցաբերած ազգաբնակչությունը չի կարողացել դիմադրել պարսկական բանակին, և գյուղն ամբողջությամբ վերածվել է ավերակների։ Բնակիչներից շատերը գերեվարվել, շատերն էլ զոհվել են, իսկ տները հրի են մատնվել։ Այս ամենը հիշատակվում է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում։ Աբովյանն անձամբ է այցելել գյուղ և իր աչքերով տեսել պարսիկների վայրագությունները և ղարաքիլիսեցիների հերոսական պաշտպանությունը։ Ազատանցիները 1918-1920 թվականներին հերոսական ինքնապաշտպանական կռիվներ են մղել թուրքերի դեմ՝ հնարավորություն տալով ազգաբնակչության հիմնական մասին տեղափոխվել առավել ապահով վայրեր։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 600-ից ավելի ազատանցիներ, որոնցից 332-ը չեն վերադարձել։ Նկարահանվել է նաև Ազատանի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատանն ունի բարեխառն լեռնային կլիմա։ Ձմեռները ցուրտ են և տևական։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են և համեմատաբար խոնավ։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 500-600 մմ տեղումներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ համայնքի վիճակագրական ծառայության տվյալների 2018 թվականին համայնքի բնակչությունը կազմել է 5688 մարդ։ Բնակիչների մի մասը 1915 թվականի Մեծ Եղեռնից հետո գաղթել և բնակություն է հաստատել Ազատանում։ Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1830 թվականներին տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի շրջանից և Կարսի մարզից։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 44%, կանայք՝ 56%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 29%, աշխատունակներ՝ 52%, հետաշխատունակներ՝ 19%[2]։ 1954 թվականից Հայաստանի տարբեր շրջաններից տեղափոխված եզդիները նույնպես հաստատվում են գյուղում։ Ներկայումս գյուղում կա շուրջ 50 եզդի ընտանիք։ Ազգաբնակչության մոտ 25%-ը կաթողիկներ են։ Ազատանի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի Բնակչություն
1831 1450 մարդ
1922 2940 մարդ
1959 3039 մարդ
1970 3616 մարդ
1979 3956 մարդ
1989 5616 մարդ
2001 5117 մարդ
2004 5175 մարդ
2012 5787 մարդ
2013 5017 մարդ


Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենիամին և Ազատան համայնքների ոռոգման համար նախատեսված ջրամբար

Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են։ Գյուղի շրջակայքում կան ավազի, բազալտի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Շիրակի ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 1958 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 550 և 624 հա։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ։ Նախկինում մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, հումքը վերամշակվում էր Սպիտակի շաքարի գործարանում։ Երկրաշարժի պատճառով գործարանը ամբողջովին ավերվել է, իսկ ցանքատարածությունները գրեթե ամբողջովին վերացվել են[2]։ Ազատանն ունի 1003 տնտեսություն։ Գյուղն ունի կաթնամթերքի և պանրի արտադրություն։

Ազատանի Սուրբ Ստեփանոս (Սբ.Հարություն) եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատանում իրար կից գործում են և' հայ Առաքելական, և' հայ Կաթողիկե եկեղեցիները։ Ազատանում Սուրբ Ստեփանոս հայ Առաքելական եկեղեցին կառուցվել է 1460 թվականին, վերանորոգվել է 1865 թվականին և 1999 թվականին վերածվել է Սուրբ Հարություն։ Այժմ կիրառվում է երկու անվանումն էլ` Ս.Հարություն և Ս. Ստեփանոս։ Գյուղի առաքելական հին եկեղեցին կառուցել են VII դարում, որից միայն պահպանվել է զանգի լեզվակը,որը պահվում է Սուրբ Ստեփանոս եկեղեցում։ Հայ առաքելական եկեղեցուց ոչ հեռու կանգուն է նաև XVIII դարում կառուցված սրբատեղի մատուռ։ Մատուռում է այժմ պահվում մետաղյա հսկա խաչ, որը պատկանել է համայնքի հին եկեղեցու զանգակատանը։ Ներկայումս երկու եկեղեցիներ էլ վերանորոգված են և գործում են։ 1980 թվականին բացվել է Հայրենական մեծ պատերազմում զոհված ազատանցիների հուշակոթողը (ճարտարապետ՝ Հակոբ Ջիվանյան

Ազատանի կաթողիկե եկեղեցին կառուցել է Տեր Գրիգորը 1848-1851 թվականից։ Եկեղեղին ունեցել է փայտյան նախատիպ, մոտ 35 տարի անց երկրաշարժից եկեղեցու գմբեթը խոնարհվում է, բայց հետո նորից են կառուցում գմբեթ։ 1946 թվականին եկեղեցին դառցնում են պահեստ և այն վերօծվում է 1998 թ. Տեր Նշան Արքեպիսկոպոսի կողմից, Իսկ մինչև օրս Հայ կաթողիկե համայնքը աշխույժ կատարում է իր գործունեությունը։ Եկեղեցին ունի երիտասարդաց և Տիկնանց Միություն։ Եկեղեցուն կից գործում է Կիրակնորյա դպրոցը։ Եկեղեցու զանգակատունը XIX դարի է։ Եկեղեցին կապեր ունի նաև Աղաջանեան ճամբարի հետ։ Եկեղեցին երիտասարդները Մասնակցում են կազմակերպելիք Երիտասարդական համայնքային օրերին։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատանն ունի երկու միջնակարգ դպրոց (առաջինն կառուցված 1867 թ.), մշակույթի տուն, գրադարան, պոլիկլինիկա, մանկապարտեզ, անասնաբուժարան և ֆուտբոլի մարզադաշտ։ Գործում է Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցը։ Հիմնովին վերանորոգված մշակույթի տանը գործում են Տիգրան Մեծ պարային համույթը և գոբելենի խմբակը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 http://shirak.mtad.am/about-communities/579/
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 7»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 18 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 97 CC-BY-SA-icon-80x15.png