Լուսաղբյուր (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուսաղբյուր (այլ կիրառումներ)
Գյուղ
Լուսաղբյուր
Արբանյակային պատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներՍվանվերդի
Մակերես21.7 կմ²
ԲԾՄ1470 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն716[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 242[2]
Լուսաղբյուր (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Լուսաղբյուր (Շիրակի մարզ) (Հայաստան)

Լուսաղբյուր, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 22 կմ հարավ-արևմուտք։ Ծովի մակարդակից 1470 մ բարձրության վրա։ Գյուղը հիմնադրվել է 1826-1829 թվականներին Արևմտյան Հայաստանի Մուշի և Բասենի գավառներից տեղահանված գաղթականների կողմից։ Առաջինը գյուղ է եկել Նավասարդ անունով մի մարդ իր ընտանիքով, որը եղել է ներկայիս Համբարյանների նախապապը։ Այնուհետև եկել են Յուզբաշոնք՝ ներկայիս Աղանիկյաններն ու Սմբատյաններն են։ 1915 թվականի եղեռնից հետո 1917 թվականից 1918 թվականին Մուշի Խարս գյուղից արտագաղթածները համալրել են գյուղի բնակչությունը, նրանց թվում այդ տարիներին արտագաղթել են նաև երջանկահիշատակ՝ Անդրանիկ Մարգարյանի պապերը։

1920-ական թվականներին գյուղն ունեցել է ավելի քան 300 տնտեսություն։ Գյուղը ունեցել է եկեղեցի, որը կառուցվել է 1860 թվականին։ 1925-1926 թվականներին գյուղում գործել են տնային դպրոցներ։ Այնուհետև գործել է տարրական դպրոց, մինչև 4-րդ դասարան։ 1939- 1940 թվականներին կառուցվել է Լուսաղբյուրի յոթնամյա դպրոցը։ Գյուղի բնակչությունն այդ տարիներին հիմնականում զբաղվել են հողագործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և այգեգործությամբ։ Գյուղում մշակել են մոտ 9 հա բանջարանոց, գործել է 2 ջրաղաց՝ Անդիկի և Համբոյենց ջրաղացը։ Մոտ 165 տարի առաջ գյուղում կառուցվել է 2 ձիթհանք։ Շինարարության համար փայտը բերել են սայլերով, Սարիղամիշից։ Համբոյենց ձիթհանքը գործել է մինչև 1973 թվականը։ Կոլտնտեսության տարիներին զբաղվել են նաև խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ։ Այդ տարիներին գյուղում գործել է ակումբ, գրադարան, մանկապարտեզ։ Մինչև 1960-ական թվականները գործել է նաև ստացիոնար հիվանդանոց- ծննդատուն։ Համայնքի տարածքով է անցնում Երևան –Թբիլիսի երկաթգիծը և Գյումրի-Արմավիր ավտոճանապարհը։ Հեռավորությունը մարզկենտրոնից 20 կմ է։ Հիմա գյուղն ունի միջնակարգ դպրոց՝ 182 աշակերտական տեղով, որը կառուցվել է 1990 թվականին և կատարվել է հիմնական վերանորոգում 2005 թվականին։ Կա մանկապարտեզ 50 երեխայի համար, որը ներկայումս չի գործում, ունի վերանորոգման կարիք։ Գյուղն ունի գրադարան 7463 կտոր գրքով, որը ևս ունի վերանորոգման կարիք։ Համայնքը գազաֆիկացված է, 3500 մ ներհամայնքային ճանապարհ ասֆալտապատված է։ Խմելու ջրի ներքին ցանցը չի գործում, որը համարվում է գյուղի հիմնական պրոբլեմը։ Լուսաղբյուր համայնքը հարևան համայնքների, նախկին շրջկենտրոնի և մարզկենտրոնի հետ կապող տրանսպորտի վիճակը լավ է[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիների մի մասը 1829-1830 թվականներին գաղթել է Մուշից և Բասենից, 1878 թ.՝ Կարսից և 1915-1918 թվականներին այլ տեղերից։

Լուսաղբյուրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 225 810[5] 1128 693 947 698 556 668[6] 567 536[7]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջակայքում տարածված են կրաքարերի, պեմզայի, սև տուֆի, ավազի և բազալտի պաշարներ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսաղբյուրում են գտնվում “Անձավաձոր” քարանձավը և “Սրբատեղ” մատուռը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. http://shirak.mtad.am/about-communities/624/
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 94» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 30-ին.
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 695
  7. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները